Հայրենիքում արցախահայութեան անվտանգ ապրելը հնարաւոր է միայն Արցախի ճանաչման պարագայում․ Արցախի ԱԺ խմբակցութիւններ

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնները յայտարարութիւն են տարածել, որում ասուած է․

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան ընդունումից անցել է մէկ տարի, սակայն ցայսօր  շարունակւում է Ադրբեջանի հայատեաց քաղաքականութիւնը Արցախի  ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով և արհամարհելով  ՌԴ ուժերի խաղաղապահ առաքելութիւնը:

Խուճապային  մթնոլորտ ստեղծելու և Արցախի Հանրապետութիւնը  հայաթափելու նպատակով ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է թիրախաւորել բնակավայրերն ու քաղաքացիական անձանց։

Անպատժելիութիւնից ոգևորուած՝ Ադրբեջանը ս.թ. նոյեմբերի 8-ին զինուած ներթափանցում կատարելով, կրկին  ահաբեկչութիւն իրականացրեց ռուս խաղաղապահների վերահսկողութեան ներքոյ գտնուող Շուշի-Բերձոր ճանապարհահատուածի Շուշիի մօտակայքում ջրամատակարարման  աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչի արդիւնքում  սպանուել է 22-ամեայ երիտասարդ, 3 անձ էլ հրազէնային վնասուածքներով հոսպիտալացուել են:

Նման գործելաոճը վկայում է, որ հայրենիքում արցախահայութեան անվտանգ և արժանապատիւ ապրելու իրաւունքի իրացումը հնարաւոր է միայն Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման պարագայում։

Խստօրէն դատապարտում ենք նման յանցաւոր արարքները և պահանջում պատշաճ քննութիւն և համարժէք քայլերի ձեռնարկում:

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին, ԱՀ զինուած ուժերին և այլ ուժային կառոյցներին՝ քաղաքացիական բնակչութեան նկատմամբ պարբերաբար իրականացուող ահաբեկչական  գործողութիւնները կանխելու նպատակով դիմել կոշտ միջոցների։

 

ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն

ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութիւն

ԱՀ ԱԺ «Արդարութիւն» խմբակցութիւն

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցութիւն

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցութիւն»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.