Արցախի Ապրիլեան Պատերազմի դրուագներ. Վաշտի հերոսական մարտը
Վաշտի հրամանատար, աւագ տեղակալ (lieutenant) Յարութիւն Նալբանդեանը ներս է մտնում հիւանդանոցի հիւանդասենեակ: Նրա աջ ձեռքին վիրակապ կայ: Հագին զինուորական համազգեստ է, որ կարծես յուշում է` նա չի համակերպւում իր հիւանդի կարգավիճակին հետ: Նստում է պատուհանի մօտ: Պատասխանում է որպիսութեան մասին իմ հարցերին, իսկ խորքում իր մտքերի հետ է, իր տղաների ու իրենց կռուի, իր ապրած քառօրեայ պատերազմի հետ:
-Մարտական հերթապահութիւն իրականացնող իմ վաշտը առաջինն է իր վրայ վերցրել հակառակորդի գերազանցող ուժերի հարուածը,- նոթատետրի թերթի վրայ գծագրելով հարաւ-արեւելեան ուղղութեամբ մարտական դիրքերը,- ասում է հրամանատարը:
-Ինչպէ՞ս կազմակերպեցիք վաշտի պաշտպանութիւնը,- հայեացքս ուղղելով գծապատկերին` հարցնում եմ հրամանատարին:
-Ապրիլի 2-ի գիշերուայ ժամը 1:00-ի սահմաններում հեռախօսագիր ստացանք, որ զգուշացնում էր սպասուող հետախուզախափանարար ներթափանցման մասին: Նման հաղորդագրութիւններ ամէն օր էինք ստանում,- խզուած ձայնով պատմում է աւագ տեղակալը:- Ականանետի նշանառուին խնդիր առաջադրեցի` ջերմատեսիլ սարքով դիտարկել դիրքի մօտակայ բարձունքի` Լիալիա-Իլիագիի մերձակայքը: Զինծառայողը, սակայն, դիտարկման արդիւնքում շարժ չնկատեց: Մինչեւ գիշերուայ ժամը 4-ը իրավիճակը հանգիստ էր: Դիրքի աւագը` Ադամ Սահակեանը, զեկուցեց, որ հերթափոխը կատարուել է: Ընդամէնը հինգ րոպէ էր անցել, մէկ էլ հակառակորդը գործի դրեց հրետանին` թիրախաւորելով վաշտի հրամանատարական դիտակէտից մինչեւ դիրքն ընկած հատուածը: Օդային կապով տղաներիս հրահանգաւորեցի մտնել նախատեսուած թաքստոց: Դիրքում հերթապահությունը շարունակում էին դիտորդները, որոնք էլ նկատեցին յարձակուող հակառակորդին: Դիրքի աւագը այդ մասին զեկուցեց ինձ, ես էլ՝ գումարտակի հրամանատարին: Բաց ճանապարհով անմիջապէս որոշեցի հրամանատարական դիտակէտից օգնութեան հասնել դիրքի իմ զինուորներին: Տեղ հասնելուն պէս՝ դիտարկում կատարեցի: Հակառակորդն առաջացել էր միջդիրքային տարածքով, հասել Լիալիա-Իլիագի բարձունք եւ, զբաղեցնելով նպաստաւոր դիրք, գնդացիրներից ու «Մուխա» տիպի նռնականետներից կրակ էր վարում խրամաբջիջների ուղղութեամբ: Նրան աջակցում էր հրետանին: Անձնակազմն անցել էր շրջանաձեւ պաշտպանութեան: Ժամկէտային զինծառայող Ադամ Սահակեանը ղեկավարում էր մարտը փորձառու զինուորականի համարձակութեամբ ու վարպետութեամբ: Անձնակազմը գործում էր ըստ մարտական հաշուարկի` առանց իրարանցման: Հիացած էի իմ զինուորներից իււրաքանչիւրով: Կրակում էին ու կրակում: Տղաներս ոգեւորուած էին, նրանց աչքերը կայծեր էին արձակում: Հակառակորդի հարիւրից աւելի յատուկ ջոկատայիններն արդէն խոցուած էին: Մարտը շարունակւում էր: Զինուորներից երեքին ուղարկեցի հրամանատարական դիտակէտ` պահուստային զինամթերքը դիրք հասցնելու համար: Երկար մարտից յետոյ մարտապաշարը վերջանալու վրայ էր:
Ինձ կապի միջոցով տեղեկացրին, որ դիրքի անձնակազմին օգնութեան է շտապում զօրամասի հինգ սպաներից բաղկացած խումբը` փոխգնդապետներ Ալեքսան Առաքելեանը, Օնիկ Գրիգորեանը, Ռոման Պօղոսեանը, գնդապետ Սուրէն Մելքումեանը եւ աւագ տեղակալ Մաքսիմ Գրիգորեանը: Ոգեւորուեցինք: Սանհրահանգիչ, ժամկէտային զինծառայող Սաշա Գալստեանին հրահանգաւորեցի նպաստաւոր դիրք զբաղեցնել գետնատնակի մօտակայքում եւ «Ուտիոս» տիպի գնդացրով կրակ վարել հակառակորդի ուղղութեամբ: Նա գերազանց կատարեց իր խնդիրը եւ ճնշեց հակառակորդին, նրա դիպուկ կրակի շնորհիւ ապահովուեց օգնական ուժի անվնաս ժամանումը: Տեղ հասնելուն պէս խումբը միանգամից նետուեց մարտի: Սպաների ժամանումից կէս ժամ էր անցել, երբ տեղեկացայ, որ սանհրահանգիչը գլխից ծանր վիրաւորուել է: Կապի միջոցով փորձեցի կազմակերպել նրա տարհանումը, սակայն կրակն ուժգին էր: Բժիշկները չկարողացան մօտենալ:
Դիրքից հրամանատարական դիտակէտ տանող ճանապարհը կրակի տակ էր, ուստի որոշեցի ինքս գնալ զինամթերքի ետեւից: Տեղ չհասած՝ հանդիպեցի վիրաւոր սանհրահանգչիս: Նրա կողքին էին երեք զինուորները, որ շարունակում էին մարտ վարել: Յանձնարարեցի վիրաւոր Սաշային հասցնել մօտակայ բլրի ետեւում սպասող մեքենային: Յոյս ունէի, որ դեռ հնարաւոր է փրկել զինուորիս կեանքը: Սակայն Սաշան չփրկուեց…
Հրամանատարը լռում է: Լռում է երկար: Եւ շարունակում է, երբ իմ հայեացքը հանդիպում է նրա աչքերին:
-10-20 րոպէ էր անցել: Պէտք է վերադառնայի դիրք, սակայն աւագ տեղակալ Մաքսիմ Գրիգորեանը կապի միջոցով տեղեկացրեց, որ դիրքում բոլորը զոհուել են, որ յանկարծ այնտեղ չգնամ: Մաքսիմի հետ կապն ընդհատուեց: Չէի կարող համակերպուել մտքի հետ՝ տղաները չկան: Ընդամէնը րոպէներ առաջ բոլորը ողջ եւ առողջ էին: Ինչ գնով էլ լինէր՝ պէտք է բարձրանայի դիրք: Հասայ գետնատնակ: Այդտեղ հանդիպեցի փոխգնդապետ Օնիկ Գրիգորեանին: Նա ասաց, որ հակառակորդը խրամատով իջնում է մեր ուղղութեամբ: Դիրքաւորուել եւ նորից մարտի բռնուել` սա մեր որոշումն էր: Սակայն Օնիկը չհասցրեց, վիրաւորուեց եւ գլորուեց ձորը: Թշնամին ինձ չէր նկատել, փորձում էր արագ լիցքաւորել զէնքը: Ընդամէնը հինգ փամփուշտ ունէի: Մենահատ կրակոցով ոչնչացրի զինընկերոջս հրազէնային վիրաւորում հասցրած յատուկ ջոկատայինին: Այնուհետեւ խոցեցի չորս մեթր հեռաւորութեան վրայ երեւացող հակառակորդի եւս երկու զինծառայողների: Զէնքս այլեւս չկրակեց: Ուզում էի վերցնել Օնիկի` խրամատում մնացած ինքնաձիգը, սակայն հակառակորդն ինձ թիրախաւորեց, ապա եւ կրակեց: Վիրաւորուեցի: Գլորուեցի ձորը: Մտածեցին` զոհուել եմ, եւ չշարունակեցին հետապնդել: Օնիկն ինձնից 10 մեթր հեռաւորութեան վրայ էր` ամբողջութեամբ արեան մէջ: Հանեցի զրահաբաճկոնը: Վիրաւոր ընկերոջս գրկած 30 մեթր առաջ վազեցի, սակայն նա խնդրեց, որ կանգ առնեմ: Ինձ յանձնարարեց. «Որդուս` Յովիկիս կը փոխանցես, որ ընտանիքի եւ հայրենիքի համար այսուհետ ինքն է պատասխանատու»:
Հենց այդ պահին էլ հակառակորդը նկատեց ինձ եւ բարձունքից գնդացրով կրակ բացեց իմ ուղղութեամբ: Վրիպեց: Առաւօտեան 9:30-ին արդէն գումարտակի հրամանատարական կէտում էի: Այստեղ մտածում էին, թէ միւս՝ բարձունքի թիկունքում գտնուող դիրքի զինուորներս զոհուել են: Բայց ես գիտէի, որ տղաներն այնտեղ են: Մարտի ժամանակ կապի միջոցով լսում էի, թէ ինչպէս է դիրքի աւագը` Գուրգէն Յովհաննիսեանը, ղեկավարում անձնակազմը: Նրանք աջակցում էին հարեւան դիրքում ամրացածներիս` մէկը միւսի ետեւից շարքից հանելով ուսապարկերով բարձունք զէնք տեղափոխող հակառակորդի զինծառայողներին: Միայն այդ դիրքի մատոյցներում ոչնչացուել է 50-ից աւելի թշնամի: Ես գիտէի, որ հնարաւոր չէ բարձունքի թիկունքում գտնուող դիրք զինամթերք հասցնել, քանի որ ճանապարհը կրակի տակ էր: «Նահանջե՛լ», հրամայեցի կապի միջոցով: Ի պատասխան, դիրքի աւագն ասաց. «Ես դիրքս չեմ թողնի»: Նորից գոռացի` «Նահանջէ՛ք», իսկ Գուրգէնը նորից հակաճառեց. «Պարո՛ն հրամանատար, մենք մեր դիրքը չենք տալու»: Նրանք նահանջեցին միայն վեց ժամ անց, երբ այլեւս անիմաստ էր այդտեղ մնալ: Այսօր նոյն տղաները մարտական հերթապահութիւն են իրականացնում մէկ այլ կարեւոր կէտում:
Ինչ վերաբերում է բարձունքի թիկունքում գտնուող N մարտական դիրքին, ապա դասակի հրամանատար, աւագ տեղակալ Աշոտ Շահբազեանը օդային կապով տեղեկացրեց, որ բոլորը զոհուել են, եւ իրենք կռիւը շարունակում են երկուսով: Ցաւօք, ժամեր անց զոհուեց նաեւ Աշոտը, իսկ նրա կողքին կռուող զինուորը վիրաւոր հասաւ գումարտակի հրամանատարական կէտ:
Օրեր անց Յարութիւն Նալբանդեանին եւս մէկ փորձութիւն էր սպասում: Ապրիլի 11-ին նա պիտի յաղթահարէր իր զոհուած ընկերների աճիւնները ճանաչելու դժուարին գործը: Այդ մասին նա չի պատմում, այդ մասին նա հրաժարւում է խօսել:
-Տղաները իմ յիշողութեան մէջ կը մնան այնպիսին, ինչպիսին մարտի ժամանակ էին` խրոխտ, համարձակ, աննկուն, զէնքերը ձեռքներին: Նրանք փառահեղ էին կռուում: Նրանք հաւատացած էին իրենց ուժին եւ չնահանջեցին: Մենք մարտի բռնուեցինք մի գումարտակի հետ, որի անձնակազմը գործում էր թմրադեղերի ազդեցութեան տակ, որի կազմում միայն փորձառու զինուորականներ էին: Չեմ կարող ասել, թէ հակառակորդի մարտավարութիւնը սխալ էր: Թշնամին միայն մէկ բան հաշուի չէր առել, որ տակաւին պատանի մեր զինուորը այդպէս կը դիմադրի: Նրանք մտածում էին, որ կէս ժամուայ ընթացքում կը գրաւեն դիրքն ու կը շարունակեն առաջխաղացումը, բայց այդպէս չեղաւ: Իմ վաշտը հիւծեց նրանց գումարտակի ուժը, խափանեց առաջխաղացման նրանց ծրագիրը: Հակառակորդը ո՛չ հոգեբանօրէն, ո՛չ ֆիզիքապէս պատրաստ չէր չորս ժամ տեւողութեամբ մարտի…
Ես հիմա միայն մի բան եմ ուզում, որ իմ վաշտի փրկուած տղաներին խրախուսեն, հերոսացնեն: Նրանք իրենց ուժերից շատ աւելի մեծ գործ են կատարել, նրանք հերոսներ են:
Մենք դեռ երկար զրուցում ենք: Իսկ երբ ուզում եմ լուսանկարել աւագ տեղակալին, նա ոտքի է կանգնում. «Միայն ոչ հիւանդասենեակում, ես շարքում եմ, ես դեռ հաշիւներ ունեմ մաքրելու հակառակորդի հետ»:
Շուշան Ստեփանեան
«Հայ Զինուոր»