Իրական Եւ Վիպական Դրօն

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Tro - Copy

Դր0

«Ես չեմ ճանչնար, Արամի մահից յետոյ ուրիշ ոեւէ մէկին, որ Հայաստանում այդ օրերին աւելի ժողովրդական լինէր, աւելի համակրանք վայելէր, աւելի սիրուէր ժողովրդի բոլոր խաւերի կողմից, քան Դրօն՝ ընկեր Դրօն: Տիտղոս չունէր նա: Տիտղոսը երէք տառից էր բաղկացած՝ԴՐՕ, կամ շատ-շատ ԸՆԿԵՐ ԴՐՕ: «Ընկեր» բառի ամենամտերիմ ու հարազատ իմաստով»:
Սիմոն Վրացեան

19րդ դարավերջի եւ 20րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական պայքարի պատմութիւնը հարուստ է նուիրական անուններով, որոնցից յատկապէս Նիկոլ Դումանի, Աղբիւր Սերոբի, Անդրանիկի, Հրայր Դժոխքի, Գեւորգ Չաւուշի, Քեռու, Եփրեմ խանի (1), Սեբաստացի Մուրադի եւ Սեպուհի ներկայութիւնը կարող է պատիւ բերել մարտական խիզախումների նոյնիսկ ամենահարուստ պատմութիւնն ունեցող ժողովրդին: Գործի ու գաղափարի դիւցազունների այդ փաղանգում իր անուրանալի տեղն ունի առասպելական Դրօն՝ Դրաստամատ Կանայեանը՝ «… քաջերուն մէջ շքեղօրէն քաջը եւ հերոսներուն մէջ կախարդօրէն հերոսը …» (2), իբրեւ 20րդ դարասկզբի հայոց դիւցազնապատումի կրտսեր արքայազնը: Սակայն քաջութիւնը, լինելով Դրոյին բնութագրող հիմնական գծերից մէկը, որը խոստովանել են նոյնիսկ նրա գափարական հակառակորդները (հմմտ. «Իսկ Դրօն, իգդիրցի այդ խմբապետը // Որ եղել է հերոս, անվախ տեռորիստ … » (3)), խիստ անբաւարար է առհասարակ Դրօ երեւոյթը ճանաչելու եւ արժեւորելու համար: Դրոյի ժամանակաշրջանը քաջերի ժամանակաշրջան էր, եւ քաջութեան պակաս չէր զգացւում …

Դրոյի կենսագրութեան հայաստանեան փուլը՝ գաղափարական ահաբեկիչից մինչեւ ռազմական նախարար, տեւել է շուրջ տասնհինգ տարի՝ 1905-1920 թթ.: Այդ ընթացքում նրա ղեկավար մասնակցութեամբ ձեռքբերուած յաղթանակներից ու գործերից իւրաքանչիւրը (հայ-թաթարական ընդհարումներ, իբրեւ գնդի հրամանատար՝ 1914-16 թթ. մասնակցութիւն կամաւորական կռիւներին, Երեւանի նահանգի թուրքական տարրի «խաղաղեցում» 1917-18 թթ., Բաշ-Ապարանի հերոսամարտ, հայ-վրացական պատերազմ, Զանգեզուրի մահմեդական ապստամբ օջախների ճնշում եւ Ղարաբաղեան «էքսպեդիցիայ» 1920 թ., Սուրմալուի ճակատամարտ եւն) բաւարար էր, որպէսզի նրա անունը փառքով պսակուէր հայոց պատմութեան մէջ, իսկ իր գործունէութիւնն ամբողջութեամբ եւ առհասարակ նրա բացառիկ ներկայութիւնը հայութեան փոթորկուող կեանքում իրաւունք են տալիս նրան դասելու մեր հազարամեայ պատմական երթի Մեծ երախտաւորների շարքում: Կարծում ենք՝ լիովին իրաւունք ունէր Ս. Վրացեանը, երբ Դրոյին Արամ Մանուկեանի հետ համարում էր «գլխաւոր կերտիչն ու ոգին նորածին պետութէան» (4), որովհետեւ այն գործունէութիւնը, որ ծաւալեցին «Երեւանի նահանգի զինուորական կոմիսար» Դրոյի գլխաւորած զօրաջոկատները 1917-18 թթ., բացառիկ նշանակութիւն ունեցաւ Արեւելեան Հայաստանի տարածքում իրադարձութիւնների յետագայ զարգացումների առումով: Ըստ էութեան, Մայիսեան հերոսամարտերում մեր յաղթանակների, հետեւաբար նաեւ անկախ պետականութեան հիմնադրման նախադրեալները ստեղծուեցին հէնց այդ ընթացքում: Չլինէր ներքին թշնամուն (թուրքերին) զսպող այդ երկաթեայ բռունցքը, երկիրը պարզապէս կը պայթէր ներսից եւ այլեւս անկարելի կը լինէին Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը:
Դրօն պարզապէս «քաջ խմբապետ» չէր, այլ ա՛յն խմբապետը, որի ռազմագիտական ձեռնարկումներին ամենայն լրջութեամբ էին վերաբերւում ցարական բանակի փորձառու գեներալները, ինչպէս զօրավարներ Թ. Նազարբեկեանն ու Հախուերդեանը, ովքեր առհասարակ մեծ վերապահումով են վերաբերուել մեր միւս անուանի խմբապետներին, այդ թւում՝ Անդրանիկին՝ որպէս զինուորական գործչի (5). «Դրօն անունով խմբապետ էր, կոչումով յեղափոխական, հմտութէամբ ու փորձառութէամբ՝ զինուորական»,- գրել է Ս. Վրացեանը (6): Դրօն նաեւ ա՛յն խմբապետն էր, որը ազգային իշխանութեան ներկայացուցիչների եւ կադրային զինուորականների, այդ թւում՝ անուանի զօրավարների հետ յարաբերութիւններում զսպում էր միւս խմբապետներին: Այնինչ, եթէ հաւատանք Չարենցին, Դրօն վախենում էր Շաւարշի շուրջը խմբուած զինուորներից՝ իգդիրցի Եգորից, Ղարսեցի Յարոյից, Մշեցի Թաթիկից ու «Սաքոյից Ղաչաղ» (7): Ստացւում է՝ ա՛յն Դրօն, որին յարգել, որի հետ հաշուի են նստել, որից, մեղմ ասած, նաեւ զգուշացել են թէ՛ խմբապետները եւ թէ՛ կադրային զինուորականները, որից պատկառել է նոյնիսկ հեղինակութիւններ չճանաչող Անդրանիկը (8), այդ նոյն Դրօն իբրեւ թէ վախեցել է կամաւորական կռիւների բովով անցած եւ բարոյալքուած մի քանի զինուորից:

Ի դէպ, ինչպէս յուշագրական, այնպէս էլ պատմագիտական աշխատութիւններում ոչ հազուադէպ խօսուել է Դրօ-Անդրանիկ իբրեւ թէ լարուած յարաբերութիւնների մասին: Ըստ իրազեկ աղբիւրների, այդ խօսակցութիւնները խիստ չափազանցուած են, եթէ չասենք, որ իրականութեան հետ գրեթէ կապ չունեն: Հանգամանքների բերումով մեր երկու մեծ հերոսները երբեմն յայտնուել են «բարիկադի» տարբեր կողմերում, բայց դրա պատճառները անձնական չէին: Այդպիսի մի դրուագ է 1919 թ. Ապրիլի 20ին Ծիծեռնակաբերդի բարձունքից Հայաստանի կառավարութեան շէնքը գնդակոծելու Անդրանիկի փորձը, որը կասեցւում է Դրոյի շնորհիւ: Չնայած որ ակադեմիկոս Հ. Սիմոնեանը Անդրանիկի յետքայլը բացատրել է Երեւանից նրան ընդառաջ եկած պատուիրակութեան հաշտութեան խնդրանքներին տեղի տալով (9), մեր կարծիքով, սակայն, ով ծանօթ է 1916ից ի վեր ազգային իշխանութիւնների հետ յարաբերութիւններում Անդրանիկի դրսեւորած վարքագծին, կ’ընդունի, որ նրան կանգնեցրել է առաջին հերթին Դրոյի ուղարկած նամակը: Անդրանիկը, քաջատեղեակ լինելով Դրոյի կարողութիւններին, ռազմիկի իրեն բնորոշ սուր զգացողութեամբ արագ ըմբռնել է պարտութեան անխուսափելիութիւնը, եթէ փորձեր իր սպառնալիքն իրագործել (10):

Իսկ անձնապէս նրանց միջեւ եղել է փոխադարձ համակրանք:

Չարենցը իր հերոսի՝ խմբապետ Շաւարշի անունից Դրոյին վերագրում է նաեւ նենգ, դաւադիր էութիւն (հմմտ. «Ո՞վ գիտէ Դրոյին: Ո՞վ գիտէ: // Կարող է սարքել հազար դաւ: Դրօն: // Դժուար է կռուել հետը: // Չուզեց խաթրով անի – կ’անի զօռով: // Կը հանի իր վրէժը: » (11)): Յատկանիշներ, որոնք առհասարակ խորթ են եղել իրական Դրոյին: Ընդհակառակը, ըստ ժամանակակիցների վկայութիւնների՝ Դրօն օժտուած էր բարձր ասպետականութեամբ: Յայտնի է, որ սկզբունքային հարցերի շուրջ նա հակասութիւններ է ունեցել կուսակցական-պետական առանձին ղեկավար գործիչների, այդ թւում՝ Ռուբէն Տէր-Մինասեանի հետ: Բացառուած չէ, որ այդ հակասութիւններն ինչ որ չափով նաեւ անձնական նստուածք տային նրանց մէջ, որը եւս մարդուն խորթ զգացում չէ, սակայն Հայաստանի խորհրդայնացումից յետոյ (1920 թ. Դեկտեմբերի 2), երբ մինչեւ բոլշեւիկեան Յեղկոմի ժամանումը Դրոյի ձեռքում էր փաստական իշխանութիւնը, նա շտապեց երկրից դուրս բերել առաջին հերթին այդ գործիչներին, քանզի գիտէր, որ մայիսեան խռովութիւնները ճնշելու պատճառով բոլշեւիկները նրանց դէմ յատկապէս տրամադրուած էին եւ ձերբակալելու դէպքում չէին խնայի (12): Մի բան, որն ակնյայտ դարձաւ Բիւրոյ-կառավարութեան վարչապետ Հ. Օհանջանեանի օրինակով. վերջինս ստոյգ մահուանից խուսափեց միայն Փետրուարեան ապստամբութեան շնորհիւ:

Խորհրդային պատմագրութեան մէջ Դաշնակցութիւնը եւ նրա նշանաւոր խմբապետները նոյնացուել են մաուզերիզմի հետ: Նոյնացնողները, ի հարկէ, գիտէին, որ իրենք զբաղուած են պատմութեան կեղծարարութեամբ (այդպիսին էր խորհրդային քարոզչամեքենայի պահանջը. դրա դասական նմուշը 1920ական թթ. այսպէս կոչուած անաստասմիկոյեանական տրամաբանութիւնն է): Չարենցի պոէմում, ի պատիւ մեծ բանաստեղծի, այդպիսի նոյնացում չկայ: Դրօն մաուզերիստ չէ: Ընդհակառակը, նա պայքարում է մաուզերիզմի դէմ, որի ներկայացուցիչներն էին տուեալ դէպքում խմբապետ Շաւարշն ու իր «տղերքը», որոնց նմանները կարող էին «կառքից իջեցնել» մինիստրին, «դէմքին թքել» ու «նստել նրա կառքը» (13): Դրոյի երկաթեայ բռունցքը սաստում էր հէնց այդպիսիներին: Չսաստէ՞ր: Ներքին ու արտաքին թշնամիների դէմ շարունակական պատերազմների մէջ գտնուող երկիրը, որի հետեւանքը զինուած խմբաւորումների համատարած ներկայութիւնն էր, փորձում էր վեր բարձրանալ աւերակների միջից, դառնալ համայն հայութեան երազանքների հայրենիքը: Իսկ կը դառնա՞ր, եթէ ազատագրական պայքարում շատ թէ քիչ վաստակ ունեցող իւրաքանչիւր ոք շաւարշային վարքագիծ դրսեւորեր եւ մնար անպատիժ: Հետեւաբար շաւարշներին զսպելը անխուսափելի անհրաժեշտութիւն էր, որը եւս հանգամանքների բերումով ծանրացել էր Դրոյի ուսերին, բայց վերջինիս «գաղտագողի հնձելու» մեղադրանք ներկայացնելը (թէկուզեւ Շաւարշի անունից) առնուազն իրականութեան խեղաթիւրում էր եւ որեւէ աղերս չունի ասպետական խառնուածքով Դրոյի, այսինքն՝ իրական Դրոյի հետ:

Բայց եւ այնպէս, «հոգեբանական դրամայի» չարենցեան հանգուցալուծումը իրականութեան տրամաբանութեան մէջ է. Շաւարշը չէր կարող Դրոյի հրամանն անտեսել ոչ միայն այն պատճառով, որ գիտէր՝ անպատիժ չի մնայ, այլեւ այն պատճառով, որ Դրոյի կողքին էին նաեւ Շաւարշի «կնքահայր» խմբապետ Սմբատի նման գաղափարական եւ հոգեկան բարձր նկարագրով ռազմիկները, որոնք իրենց հերթին լրացուցիչ արգելք էին շաւարշիզմի ճանապարհին (14):
Չնայած որ Դրոյի ողջ կեանքը նման էր փոթորկուած ովկիանոս դուրս եկած նաւի, բայց եւ այնպէս նրա որոշ դրուագները յատկապէս փոթորկուն էին: Այդպիսին էր նրա եւ համախոհների՝ Գ. Նժդեհի եւ միւսների «համագործակցութիւնը» նացիստական Գերմանիայի հետ: Այս պատմութեան վիպական արտացոլումը տեղ է գտել Վ. Ոսկանեանի «Շշուկների Մատեան» տաղանդաւոր վէպում. «Զօրավար Դրոյի զէնքերը» հատուածը Դրոյի այդ շրջանի գործունէութեան միֆականացուած պատումն է: Նացիստական Գերմանիայի հետ Դրոյի «համագործակցութիւնը», թերեւս, նրա անդադրում կեանքի ամէնից բարդ եւ խնդրահարոյց դրուագն է, որը սկզբնապէս ոչ միանշանակ է ընդունուել նաեւ ՀՅԴի շարքերում (15): Դրա գնահատականը միանշանակ չէ նաեւ «Շշուկների Մատեան»ում: Դրոյի կերպարի շուրջ վէպում ստեղծուած դրական խորհրդաւորութիւնը առնուազն վկայում է նրա անձի նկատմամբ Եւրոպայի, մասնաւորապէս՝ Ռումինիայի հայութեան մէջ եղած մեծ համակրանքի մասին, բայց դա չի խանգարում, որպէսզի հեղինակը, այնուամենայնիւ, վերապահումով, եթէ չասենք՝ քննադատաբար վերաբերուի նացիստական Գերմանիայի հետ նրա «համագործակցութեանը»: Ըստ հեղինակի, Դրոյի՝ այդ համագործակցութեամբ պայմանաւորուած նպատակները, այն է՝ « … գերմանացիների գրաւած Եւրոպայի հայերին պաշտպանելն ու բոլշեւիկների գրաւած Հայաստանն ազատագրելը» իրականութիւն չդարձան (16): Այս ձեւակերպումը ճշմարտանման լինելով, սակայն, ամբողջ ճշմարտութիւնը չէ: Նախ, դա իրողութիւնների վիպական, այլ ոչ թէ քաղաքագիտական եւ պատմագիտական գնահատական է, երկրորդ՝ նրանում բացակայում է երրորդ խնդիրը՝ հայկական լեգէոն կազմակերպելու քօղի տակ գերմանական ռազմաճամբարներից ազատել անմարդկային պայմաններում գտնուող եւ ստոյգ մահուան դատապարտուած հայ (խորհրդահայ) ռազմագերիներին: Այդ «համագործակցութեամբ» Դրօն իր համախոհների հետ փրկել է շուրջ 40 000 հայի կեանք (17): Միթէ՞ դա փոքր նպատակ էր: Ինչ վերաբերում է բոլշեւիկներից Հայաստանը ազատագրելուն, ապա առաջնահերթ խնդիր էր, նախ, Գերմանիայի միջոցով զսպել Թուրքիայի ախորժակը, որը, լինելով գերմանացիների դաշնակիցը Երկրորդ աշխարհամարտում, յարմար պահի էր սպասում Խորհրդային Հայաստան ներխուժելու եւ 1915ին անաւարտ մնացածն աւարտին հասցնելու համար …
Ի տարբերութիւն «Խմբապետ Շաւարշի» հեղինակի, նկատելի է, որ «Շշուկների մատեան»ի հեղինակը փորձել է հնարաւորինս անկողմնակալ լինել Մեծ հայի մասին իր գնահատականներում: Կարծում ենք՝ ասուածի վկայութիւններն են «Զօրավար Դրոյի զէնքերը» հատուածը եզրափակող հետեւեալ տողերը. « … Ինչ վերաբերում է Դրոյի զէնքերին, եթէ գոյութիւն են ունեցել կամ որեւէ տեղ թաղուած են, դրանք օգտակար եղան գէթ պատրանքներով սնելու համար նրանց, որոնց համար այլեւս ոչ մի յոյս չկար: Ինչը որ այդ ժամանակների համար քիչ բան չէր» (18):
Դրոյի մէջ զարմանալի կերպով համադրուել են յանդուգն քաջութիւնը եւ իրատեսութիւնը: Ասուածի վկայութիւններն են, մի կողմից, միայն հայկական կամաւորական գնդերի ուժերով դէպի Տարօն արշաւելու նրա ծրագիրը 1915 թ., որը չիրագործուեց գնդերի հրամանատարների միջեւ անհամաձայնութեան, ինչպէս նաեւ առհասարակ ռուսական զօրքերի անակնկալ նահանջի պատճառով, միւս կողմից՝ 1918ին ռուսական զօրամասերի հեռանալուց յետոյ ռազմաճակատի գիծը կրճատելու եւ խորացուած պաշտպանութիւն կազմակերպելու առաջարկութիւնը (իսկ դա նշանակում էր հրաժարուել Արեւմտեան Հայաստանի ազատագրուած տարածքներից): Այդ օրերին այդպիսի առաջարկութիւն կը յանդգնէր անել միայն Դրօն, որովհետեւ ոչ ոք չէր կարող կասկածի տակ դնել նրա ո՛չ քաջութիւնը եւ ո՛չ էլ հայրենասիրութիւնը, բայց, միեւնոյն է, այդ առաջարկութեան նշանակութիւնը չընկալուեց ժամանակի պատասխանատուների կողմից, որի պատճառով շատ մեծ էր նաեւ Արեւելեան Հայաստանը կորցնելու վտանգը, եթէ չլինէին մայիսեան յաղթանակները եւ առհասարակ տարածաշրջանում չփոխուէր աշխարհաքաղաքական իրավիճակը:
Դրոյին բնորոշ էին ռոստոմեան տիպի գործնական մտածողութիւնը եւ տիրական ազդեցութիւնը զինակիցների շրջանում. «Դրոյի խօսքը օրէնք էր բոլորիս համար»,- գրել է խմբապետ Մարտիրոս Աբրահամեանը (19):

Չնայած որ Դրօն նախորդ դարի Հայոց ազատամարտի եւ առհասարակ հայկական իրականութեան այն մեծերից է, որոնց գործունէութիւնը շատ է լուսաբանուել եւ արժեւորուել, մեր կարծիքով, սակայն, նրա գործի իրական՝ համազգային չափանիշներով գնահատումը մեծ հաշուով դեռեւս տեղի չի ունեցել: Դրոյի մեծութեան իրական գիտակցումը առայժմ մնում է կուսակցական-պատմագիտական նեղ շրջանակների սեփականութիւնը: Մի հանգամանք, որը, նրա առաւելութիւնը լինելով, ցաւօք, դարձել է նաեւ «խոցելի» կողմը (20): Ում համար արժէք են անկախ պետականութիւնը եւ ազատ հայրենիքը, նա կը հասկանայ, թէ ովքեր են Դրոները, իսկ ով կրողն է «ամբոխային տրամաբանութեան», Դրոները նրա համար միայն բախտախնդիրներ են, ովքեր խռովում են իր ճորտային անդորրը: Դրօ երեւոյթը գնահատելու համար կարեւոր է ընդունել առնուազն մի բան. Բագրատունիների թագաւորութեան կործանումից ի վեր Հայաստանի առաջին հանրապետութեան կերտումը հայ ժողովրդի մեծագոյն նուաճումն է, իսկ Դրօն, Արամ Մանուկեանի հետ միասին, այդ հանրապետութեան «գլխաւոր կերտիչն» է:

Ծանօթագրութիւններ

1. Եթէ միւս անունները արդէն բաւականաչափ յայտնի են ընթերցողին, ապա նոյնը չի կարելի ասել պարսկական սահմանադրական յեղափոխութեան հերոս եւ փաստական ղեկավար Եփրեմի (Եփրեմ Դաւթի Դաւթեան) մասին, որովհետեւ նրա մարտական կենսագրութիւնը յանկարծակի ընդհատուեց իր սրընթաց վերելքի ընթացքի մէջ՝ 1912 թ.: Եփրեմի մեծութեան վկայութիւններից մէկը Դ. Վարուժանի «Եփրեմ» բանաստեղծութիւնն է՝ գրուած հերոսի նահատակութեան առիթով:
2. Տե՛ս Համլէտ Գէորգեան, Դրօ, Եր., 2014, էջ 892:
3. Եղիշէ Չարենց, Խմբապետ Շաւարշը // Երկերի ժողովածու 4 հատորով, հ. 2, Եր., 1986, էջ 199:
4. Տե՛ս Ս. Վրացեան, Մրրկածին Դրօն // նոյնի՝ Կեանքի Ուղիներով, հ. IV, Պէյրութ, 2007, էջ 177:
5. Տե՛ս Թ. Նազարբեկեանի անտիպ յուշերը, ՎԷՄ, 2019 թ., թիւ 1, էջ 287, ՎԷՄ, 2019 թ., թիւ 3, էջ 213:
6. Ս. Վրացեան, նշվ. աշխ., էջ 179:
7. Տե՛ս Եղիշէ Չարենց, նշվ. աշխ., էջ 198:
8. Տե՛ս Ս. Վրացեան, նշվ. աշխ., էջ 175:
9. Տե՛ս Հրաչիկ Սիմոնեան, Անդրանիկի Ժամանակը, գ. Բ, Եր., 1996, էջ 574:
10. Տե՛ս Ս. Վրացեան, նշվ. աշխ., էջ 179,- Վարդգէս Ահարոնեան, Անդրանիկ. Մարդը եւ Ռազմիկը, Եր., 2019, էջ 308-326, Համլէտ Գէորգեան, նշվ. աշխ., էջ 462-469:
11. Տե՛ս Եղիշէ Չարենց, նշվ. աշխ., էջ 199:
12. Տե՛ս Ս. Վրացեան, նշվ. աշխ., էջ 192:
13. Տե՛ս Եղիշէ Չարենց, նշվ. աշխ., էջ 200:
14. Խմբապետ Շաւարշի նախատիպը Շաւարշ Բասենցեանն է, իսկ «կնքահայր» Սմբատի նախատիպը՝ խմբապետ Սմբատ Բարոյեանը (Մախլուտօ): Փետրուարեան ապստամբութեանը յաջորդող քառասնօրեայ քաղաքացիական կռիւների ժամանակ խմբապետ Շաւարշը եղել է Սմբատ Բարոյեանի (Վարիչ Սմբատ) օգնականը Ղամարլուի ռազմաճակատում:
15. Տե՛ս Վ. Նաւասարդէան, Դրոյի գործը՝ բ. Աշխարհամարտի Օրերուն // Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութէան, հ. Դ, 1995, էջ 339-347:
16. Վարուժան Ոսկանեան, Շշուկների Մատեան, Եր., 2014, էջ 188:
17. Տե՛ս Ս. Վրացեան, նշու. աշխ., էջ 212:
18. Վարուժան Ոսկանեան, նշվ. աշխ., էջ 206:
19. Տե՛ս Մարտիրոս Աբրահամեան (Բաշգառնեցի Մարտիրոս), Իմ Յիշելի Յուշերը, Եր., 2016 թ., էջ 244:
20. Այդ առումով Դրօն նախանձելի վիճակում է, եթէ նրան համեմատում ենք, օր., Քրիստափոր Միքայէլեանի, Ս. Զաւարեանի եւ Ռոստոմի հետ, որոնց գործը ծանօթ չէ ոչ միայն հայութեան լայն շրջանակներին, այլեւ՝ մտաւորականութեանը: Անուններ, որոնք հայոց պատմութեան նոր շրջափուլի իրական դարբիններն են, եւ առանց որոնց ո՛չ Անդրանիկը կը լինէր Անդրանիկ, ո՛չ Արամը՝ Արամ եւ ո՛չ էլ Դրօն՝ Դրօ:

 

«ԴՐՕՇԱԿ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.