Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ուղերձը Պաքուի հակահայկական ջարդերուն 30-րդ տարելիցին առթիւ
Պաքուի ջարդերուն 30-րդ տարելիցին առթիւ վարչապետ Նիկոլ Փաշինեան ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանի եւ բարձրաստիճան այլ պաշտօնեաներու հետ այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր` յարգանքի տուրք մատուցելու ոճրագործութեան զոհերուն յիշատակին, եւ ծաղկեպսակ տեղադրեց զոհերու յիշատակը յաւերժացնող յուշարձաններուն դիմաց:
Ստորեւ կը ներկայացնենք վարչապետին ուղերձը.
Յարգելի հայրենակիցներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք Ատրպէյճանի մայրաքաղաք Պաքուում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգուածային տեղահանումների զոհերի անմար յիշատակը: 30 տարի առաջ միջազգային հանրութիւնն ականատես եղաւ ու դատապարտեց Պաքուում հայ բնակչութեան ջարդերը:
Սումկայիթի ոճրագործութիւնից յետոյ թափ հաւաքող բռնաճնշումների եւ էթնիկ զտումների քաղաքականութեան հետեւանքով, 1990 թուականին Պաքուի 250 հազարանոց հայկական համայնքից մնացել էր միայն 35-40 հազարը՝ հիմնականում տարեց եւ անօգնական մարդիկ: Նրանց հետագայ ճակատագիրն աւելի ողբերգական էր: Հարիւրաւոր սպանուածներ, խեղուածներ եւ անհետ կորածներ, տասնեակ հազարաւոր փախստականներ. այսպիսինն էր շուրջ մէկ շաբաթ Պաքուում մոլեգնած հակահայկական ջարդերի հետեւանքը:
Պաքուի հայերը որեւէ սպառնալիք չէին հանդիսանում Ատրպէյճանի, նրա իշխանութիւնների կամ քաղաքական ուժերի համար: Նրանք միայն ցանկանում էին շարունակել ապրել իրենց եւ իրենց նախնիների ծննդավայրում: Այնուհանդերձ Ատրպէյճանի կողմից նրանք ընկալւում էին սպառնալիք միայն իրենց էթնիկ ծագման պատճառով:
Հայերը Պաքուում ապրել էին դարեր շարունակ եւ այդ քաղաքին տուել իրական բազմամշակութային դիմագիծ: 19-րդ դարում նրանք մեծագոյն աւանդ են ունեցել քաղաքի նաֆթարդիւնաբերութեան հիմնադրման եւ զարգացման գործում: Անգնահատելի է հայութեան դերը քաղաքի զարգացման գործում նաեւ խորհրդային տարիներին:
Դէպքերից 30 տարի անց Ատրպէյճանում գոյութիւն չունի Պաքուի հակահայկական ջարդերի զոհերի հանդէպ որեւէ յարգանք եւ կարեկցանք: Այն սակաւաթիւ ձայները, որոնք քաջութիւն են ունեցել անգամ գրական ստեղծագործութիւններում յիշատակել Պաքուի հայերին բաժին հասած ողբերգութիւնը, գամուել են անարգանքի սիւնին եւ պաշտօնապէս հռչակուել դաւաճան:
Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդէպ հաշուեյարդար տեսած ջարդարարները դասւում են Ատրպէյճանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարւում են Ատրպէյճանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան դէմ պայքարի փառապանծ էջ:
Ցաւով պէտք է արձանագրենք, որ անցած երեք տասնամեակն Ատրպէյճանում չի դարձել վերաիմաստաւորման, զղջման եւ հաշտութեան հասնելու ժամանակաշրջան:
Այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչութեանը բնաջնջելու փորձի, մարդասպանութեան համար պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման եւ հերոսացման, 2016 թ. Ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց եւ անօգնական մարդկանց դաժան խոշտանգման եւ սպանութեան: Հայատեացութիւնը դարձել է Ատրպէյճանի պետական քաղաքականութիւնը եւ հաւատամքը:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր, մենք մեր երախտագիտութիւնն ենք յայտնում բոլոր միջազգային կառոյցներին եւ խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանգել եւ փաստագրել են այս իրադարձութիւններին՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցոյց դնելով:
Գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի յիշատակի առջեւ, ես ամենայն պատասխանատուութեամբ յայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարաւորութիւն չենք տալու: Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախի Հանրապետութիւնը եւ ողջ աշխարհասփիւռ հայութիւնը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյութեան եւ խաղաղ զարգացման իրաւունքը իր պատմական հայրենիքում, այդ թուում՝ Արցախում: