Հատրութի շրջանի 48 հայկական բնակավայր էթնիկապէս «մաքրուել» են հայկական ներկայութիւնից․ ՄԻՊ
Ատրպէյճանցիները քանդում և ոչնչացնում են հայկական գերեզմանատները, իսկ գերեզմանաքարերն օգտագործւում են որպէս շինանիւթ ճանապարհներ կառուցելու համար։
ԵՐԵՒԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. 44-օրեայ պատերազմի հետևանքով Հատրութ քաղաքի ու համանուն շրջանի հայ բնակչութիւնն ամբողջութեամբ ենթարկուել է էթնիկ զտման։ Facebook-ի իր էջում այս մասին գրել է Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը։
Նա նշել է, որ արդէն մէկ տարի է՝ Արցախի Հանրապետութեան կարևորագոյն շրջան Հատրութն օկուպացուած է Ատրպէյճանի կողմից։
Ստեփանեանը յիշեցնում է, որ մինչև Արցախը Խորհրդային Ատրպէյճանին բռնակցելը Հատրութը բնակեցուած էր բացառապէս հայկական բնակչութեամբ։ Սա փաստագրուած է բազմաթիւ պատմական աղբիւրներում և նիւթերում։ ԱՀ Հատրութի շրջանը կազմող բնակավայրերը խորհրդային տարիներին կազմում էին ԼՂԻՄ Հատրութի շրջանը, որի 15․000 բնակչութեան 90 տոկոսից աւելին, 1979 թուականի մարդահամարի տուեալներով, հայեր էին։
ՄԻՊ-ը շեշտում է՝ Հատրութի խաղաղ բնակչութիւնը, քաղաքացիական ենթակառուցուածքներն ու հումանիտար նշանակութեան կառոյցները Ատրպէյճանական ԶՈւ–ի կողմից դիտաւորեալ և ոչ խտրական հարուածների են ենթարկուել ագրեսիայի հէնց առաջին օրից։ Շրջանից 32 քաղաքացիական անձինք են զոհուել Ատրպէյճանական զինուած ուժերի հրթիռահրետանային հարուածների, խոշտանգումների և կտտանքների հետևանքով։
Պաշտպանը յիշեցնում է նաև 73-ամեայ Բենիկ Յակոբեանի ու 25-ամեայ Եուրի Ադամեանի մասին, որոնք գերեվարուելուց յետոյ ցուցադրաբար սպանուել են Հատրութ քաղաքի հրապարակում։
Օկուպացիայի հետևանքով շրջանի 14000 բնակիչները տեղահանուել են, կորցրել իրենց պատկանող շարժական ու անշարժ գոյքը, աշխատանքն ու ամբողջ ունեցուածքը։
Մինչև Ատրպէյճանական օկուպացիան շրջանում գործում էր 6 մանկապարտէզ և 26 դպրոց։ Պաշտպանն ահազանգում է՝ ոչնչացման և վերացման վտանգի տակ են յայտնուել հայերի ստեղծած նիւթական և ոչ նիւթական մշակութային արժէքները, 500-ից աւելի նշանակալի պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, սրբավայրեր։
«Ատրպէյճանական իշխանութիւններն ամենաբարձր մակարդակով պղծում են շրջանի բնիկ հայկական բնակչութեան ստեղծած հոգևոր-մշակութային արժէքները։ Այդ մասին է վկայում նաև սոցիալական ցանցերում լայնօրէն տարածուած տեսանիւթը, որում Ատրպէյճանի նախագահը ցուցադրաբար հրահանգում է Ծակուռի գիւղի եկեղեցուց հեռացնել հայկական գրութիւնները»,- նշում է պաշտպանը։
Նրա խօսքով՝ մշակութային արժէքների պահպանութեամբ զբաղուող հայկական և միջազգային կազմակերպութիւնների հետազօտութիւնները վկայում են, որ Հատրութի բոլոր բնակավայրերում հայկական գերեզմանատները քանդւում և ոչնչացւում են, իսկ գերեզմանաքարերն օգտագործւում են որպէս շինանիւթ ճանապարհներ կառուցելու համար։
Արցախի մարդու իրաւունքների պաշտպանը շեշտում է՝ Հատրութի և Արցախի այլ օկուպացուած բնակավայրերի հայ բնակչութեան իրաւունքների լայնածաւալ խախտումների վերաբերեալ արձանագրումներն ու բազմաթիւ ահազանգերն օկուպացիայից մէկ տարի անց էլ դեռևս չեն արժանացել միջազգային կառոյցների, առանձին պետութիւնների և իրաւապաշտպան կազմակերպութիւնների պատշաճ ուշադրութեանն ու գնահատականին։
Նա նկատում է՝ միջազգային հանրութիւնն ուղիղ պարտաւորութիւն և պատասխանատուութիւն ունի ապահովելու շարունակուող օկուպացիայի տակ գտնուող հայկական բնակավայրերի բնակչութեան իրաւունքների պաշտպանութիւնն ու նրանց վերադարձը հայրենի բնակավայրեր։