Ինչպէ՞ս Են Վարնկաթաղի Բարձունքը Յետ Բերել ՀՅԴ Կամաւորները

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ

Ընդամէնը մէկ ժամ կարողացաւ թշնամին գրաւած պահել Վարնկաթաղի բարձունքը: Մատաղիսից դէպի Տօնաշէն հատուածի լեռնագագաթների պաշտպանութեան համար պատասխանատու Դաշնակցութեան կամաւորները անմիջապէս էլ յետ վերցրին այն: 24 տղաներ, այդ թւում վաշտի հրամանատարը` Ճուտ Մհերը (Մհեր Յարութիւնեան), յաւերժացան բարձունքի համար պայքարում:

Հոկտեմբերի 4-ի գիշերով էին ՀՅԴ «կամաւորական շարժում» ՀԿ-ի կամաւորները զբաղեցրել այդ տարածքի դիրքերը: Երկու օր անց` հոկտեմբերի 6-ի առաւօտեան, թշնամին գրոհեց ու վերցրեց Վարնկաթաղի բարձունքը: Մէկ ժամ էլ չանցած` դաշնակցական կամաւորներն ու Մարտակերտի տիվիզայի յատուկ նշանակութեան վաշտի տղաները համատեղ գրոհով արդէն այն յետ էին վերցրել:

Զոհերին հնարաւոր եղաւ կրակի գօտուց դուրս բերել միայն հոկտեմբերի 10-ին, երբ հրադադարի փորձ եղաւ: Վիրաւորներին աւելի շուտ ոտքով հանեցին, մեքենաներ բարձրացնելն անհնար էր:

Հրամանատարը` Ճուտ Մհերը, զոհուեց խնդիրը կատարելուց` բարձունքը յետ վերցնելուց յետոյ, երբ վիրաւորի վրայ թեքուած փորձում էր սրսկել: Արկը հէնց կողքին էր պայթել ու հարուածել նրան:

«Հոկտեմբերի 4»-ին, երբ բարձրացանք, դիրքերը համարեա դատարկ էին: Դիրքեր բարձրանալու ամբողջ ընթացքում ռմբակոծութիւն էր, երեւի տեղեկութիւն էին ստացել, որ համալրում է գալիս: Մեքենան խփուեց, որի մէջ զինամթերքն էր: Հրետանային բոլոր միջոցներով ռմբակոծում էին: Այդ բարձրանալու ընթացքում ունեցանք 2 վիրաւոր: Արդէն հասկացանք, որ հրետանու նշանառութեան տակ ենք, բայց տէ հրաման էր, պիտի բարձրանայինք ու վերջ` հասնէինք մեր տեղերը: Անծանօթ տարածք էր, բայց քանի որ նախապէս փոքրիկ հետախուզութիւն էր արուել մեր հրամանատարութեան կողմից, կարողացան ճիշդ ուղեկցել մեզ, ճիշդ դասաւորումներ անել», «Երկիր»-ին պատմեց ՀՅԴ կամաւորական Գէորգ Յակոբեանը:

Տարածքը կարեւոր էր, քանի որ Մատաղիսից եկող հարուածի դէմն էր փակում: Եթէ թշնամին դա գրաւէր, ճանապարհն արդէն բացուելու էր Մաղաւուզով դէպի Մարտակերտ քաղաք, եւ արդէն անկասելի էր դառնալու նրանց առաջընթացը. դէպի Սարսանգի ջրամբար մի ահռելի կորուստ էր սպասւում, նաեւ «եղնիկներ» զօրամասն էր շրջափակման մէջ ընկնելու:

Սարսափելի եղանակ էր` մառախուղ, մանր անձրեւ, ցեխ, շարժուել հնարաւոր չէր: Այդ տարածքը առաջնագիծ չէր եղել եւ կահաւորուած դիրքեր չկային: Հէնց իրենք խրամատներ փորեցին, դիրքաւորուեցին:

Հոկտեմբերի 6-ի առաւօտեան կրակոցներ ու տղերքի բարձր աղաղակները լսեցին: Վաշտի հրամանատարը Գէորգենց դասակի յետ էր դիրքաւորել. նրանց հետ էր մնացել, որ Մատաղիսից բարձրացող ճանապարհը վերահսկի: Հարուածի հաւանական ուղղութիւններից էր: Սպասում էին, որ թշնամին ճանապարհից պիտի գայ, բայց երեւի նրանք էլ էին հասկացել, որ իրենց այդտեղ սպասում են, այդ պատճառով էլ փոխել էին մտադրութիւնն ու սարի վրայից յարձակուել` պռօշեանցիների դասակի ուղղութեամբ` հեռուստաաշտարակի հատուածում:

Կրակոցների ու աղաղակների վրայ հրամանատարը հրազդանցի Ռազմիկ Խաչատրեանի, Վաչագան Երիցեանի ու մի քանի այլ տղաների հետ բարձրացաւ վերեւ: Բարձրանալիս ասաց` ուշադիր եղէք` յաջորդ հարուածն այստեղ է լինելու:

Ռազմիկը յիշում է, որ առաւօտ շուտ էր` լոյսը դեռ չբացուած: Մհերը, որն անընդհատ կապի մէջ էր առաջին դասակի հետ, այդ ժամանակ ինչքան փորձում էր կապի դուրս գալ, կապի դուրս չէին գալիս:

«Իրար հետ բարձրացանք: Երբ արդէն պիտի մօտենայինք` մի քանի մեթր էր մնում, որ հասնենք, տեսնում ենք` մի հոգի կանգնած է, տէ մառախուղ էր, անձրեւ էր, շատ վատ եղանակ էր, ցուրտ, մի կերպ էր երեւում դիմացդ: Էնտեղ մէկը հայերէն ձեն էր տալիս` «Եկէք, եկէք», Մհերը զգաց, որ սրանք ոնց որ հայեր չեն, ինձ ձեն տուեց` կանգնի, կանգնի: Էդ մեր կանգնելը, իրենց այդ կողքերից ելնելը, իրենց լեզուով գոռգոռալը ու կրակելը մէկ եղաւ: Մի կերպ հասցրինք մեզ գլորուելով գցել ձորը», պատմեց Ռազմիկ Խաչատրեանը:

Վազելով շուտ գնացել են, որ մեր միւս տղերքին էլ ասեն` մօտիկ են արդէն, եկել են: Մհերը հրամայել է շրջանաձեւ պաշտպանութիւն կազմել, որ բարձրանան սարը:

«Արդէն պատրաստւում էինք, թէ ո՛վ որտեղ ի՛նչ անի, ո՛ր դիրքը նստի, ով է բարձրանում, ոնց է լինում, էդ ընթացքում Ղարաբաղի յատուկ ջոկատայինների տղերքից եկան մի 4-5 հոգի: Մհերը ձայն տուեց` ո՞ւր էք գնում, ասացին` վերեւը ինչ-որ դէպք է պատահել, գնում ենք տեսնենք` ինչ է եղել: Մհերը կանչեց` բերեց մօտիկ, բացատրեց` ի՛նչ է եղել, որ` մենք գնացել ենք, արդէն իրենք են էնտեղ, սենց միամիտ գնալ պէտք չէ, կը գնաք` կը կոտորուէք: Իրենց հրամանատարի հետ կապուեց ռացիայով, պայմանաւորուեցին, որ եթէ բարձրանում են սարը գրաւելու, ինքն է առաջնորդելու», պատմեց Ռազմիկը:

Այդ ընթացքում արդէն մեր ջոկատին է տեղեկութիւն հասնում, որ վերեւը տղերքը մարտի մէջ են, յիշեց նա, մեր հրամանատարը վիրաւորուել էր` ընկեր Հարմիկ Յովսէփեանը, Մխիթար Մխիթարեանն էր փոխարինում, ճանապարհի կէսին Մխոն էլ եկաւ, միացաւ իրենց:

«Բարձրանալիս հրետանին է աշխատել, իրենց դիպուկահարը, իրենց ՊԿ-ն: Երբ հասանք բարձունքի գլուխը, դիպուկահարը խփեց` մեր տղերքից մի երկու հոգու վիրաւորեց, վիրաւորներին իջեցրել ենք, տեսել ենք թուրքերին արդէն շատ մօտիկ հեռաւորութիւնից, սաղին պատշաճ կերպով յանձնել ենք հողին, այն դէպքում, որ իրենք լաւագոյն զէնքերով` գիտէք ինչպէս են սպառազինուած եղել: Մեր զինամթերք բերող մեքենային խփեցին իրենք, մենք ունէինք էն, ինչ որ ունէինք, ինչ որ մեզ հետ տարել էինք: Հիմա մեր պատմածը ոնց որ մի քիչ երեւակայանի նման է, բայց իրականում մենք ունեցել ենք էն, ինչ ունեցել ենք, առանց ճոխ յարմարանքների: Դրանց յատուկ ջոկատայիններին Աստծու ձեռքով յետ տուեցինք ու կարեցանք էդ բարձունքը յետ բերել», պատմեց Վաչագան Երիցեանը:

Հրամանատարը` Ճուտ Մհերը, միշտ զօրքի դէմից էր գնում ու ասում էր` անկապ չկրակէք, տեսէք` նոր կրակէք` պատմում է Վաչագանը:

Հոկտեմբերի 6-ին, մինչեւ դուրս գալը, որպէսզի տղաներին գօտեպնդի, Մհերը սկսել էր երգել իր մշտական երգերից` «Թնդաց մոսինը Գէորգ Չաւուշին, որ խրախուսեց իր ընկերներին: Տղե՛ք, ջա՜ն տղեք, մի խնայէք թուրքին, Գետին փռեցէք թուրք մեծ պետերին»:

Մհերն էն կերպարն էր, որ կենդանի յետ չէր դառնայ այդտեղից, եթէ էդ բարձունքը չվերցնէր` վստահեցնում են զինակից ընկերները:

«Խստապահանջ էր: Օրինակ, մի օր մի փոքր կրակ էր վառել, թէյ էր պատրաստում, էլի, որ գնանք, խմենք, հերթով կանչում էր` այդ թէյը տալիս: Ես փորձեցի, իբր, մի փոքր խորամանկութիւն անել, հա՛մ տաքանալ, հա՛մ էլ թէյը խմել, հասայ կրակին, թէ չէ` լցրեց, տուեց ձեռքս, ասաց` տէ հիմա վազելով յետ դարձիր, մտիր քո խրամատը, չայդ խմիր: Ասում եմ` մի փոքր տաքանամ, էլի, ասաց` ո՛չ, ո՛չ, ստեղ դու եկել ես պարտականութիւն կատարելու, ստեղ քո համար չայնի չի, ընդամէնը դիրք է, որտեղ չայը խմում ես հէնց տաքանալու համար: Յետոյ ասաց` էս կրակի մօտ էլ թողէք մենակ ես մնամ, որովհետեւ էն անտէրը վերեւից որ տեսաւ այս ծուխը, ինչքան շատ մարդ տեսաւ, էնքան աւելի վատ է», պատմեց Գէորգ Յակոբեանը:

Ճուտ Մհերը նրա հարսանիքի ու որդու կնունքի կնքահայրն էր, բայց անգամ նրա համար որեւէ բացառութիւն չկար: Ասում է` բացակայութիւնն անտանելի է, ընտանիքի անդամ էր: Նրա մասին հիմա էլ ինչ խօսում են, ծիծաղում են:

Մարտադաշտում, սակայն, անճանաչելի էր դարձել, ոնց որ ուրիշ մարդու հետ շփուէիր. առօրեայում բարի, կենսուրախ, սիրում էր ընկերներին ամէն ստից բանի համար հաւաքել իրար գլուխ ու իրեն յատուկ հումորներով ուրախութիւն կազմակերպել: Իսկ մարտադաշտում Մհերին, որ յիշում է` նրա կեցուածքը, հրամանները, կատարած քայլերը, սկսում է հաւատալ, որ Սասունցի Դաւիթը յօրինուածք չէ, իսկական է: Եթէ այդպիսի մարդ կայ, որին իր աչքով տեսել է, ուրեմն այնպէս էլ կարող էր լինել, հաւանաբար Դրոն, Նժդեհն էլ այդ տեսակի մարդիկ էին:

15-16 տարեկան է եղել Մհերը, երբ 1988 թուականից միացել է շարժմանը: 1989-ից ՀԱԲ-ի շարքերում ՀՀ սահմանամերձ շրջաններում էր` Վարդենիս, Նոյեմբերեան, յետոյ արդէն ՀԱԲ-ի լուծարումից յետոյ, երբ Դաշնակցութիւնը վերահաստատուել էր Հայաստանում եւ ստեղծում էր ջոկատներ, Մհեր Յարութիւնեանն էլ միւս տղերքի հետ անդամակցեց Հրազդանի ջոկատին, եւ այդ ջոկատի հետ գնաց Շահումեան, Գետաշէն` Թաթուլ Կրպէյեանի հրամանատարութեամբ: 2016 թ.-ի քառօրեային եւս նոյն կազմով էին, վաշտի հրամանատարը` Ճուտ Մհերը:

Եւ ահա Վարնկաթաղի կռուին` հոկտեմբերի 6-ին, բարձունքը գրաւելուց յետոյ վիրաւորին առաջին օգնութիւն ցոյց տալիս նա զոհուեց: Քանի որ առաջին պատերազմից մեծ փորձ ունէր` առաջին օգնութիւնն ինքն իր ձեռքով էր կազմակերպում, իր մօտ եղած միջոցներով սրսկումներ էր անում, մինչեւ օգնութիւնը հասնէր:

Մի տղայ կար` Նարեկը, «Աման, աման, թուրքի մաման» գոռալով շրջում էր: Վարնկաթաղի կռուին նա էլ զոհուեց:

Այդտեղ անմահացաւ Գէորգ Հաճեանը` լիբանանահայ օփերային երգիչը, խմբավարը, որը մինչեւ պատերազմն էլ պարբերաբար շրջում էր առաջնագծի դիրքերով ու իր հայրենասիրական երգերով դաստիարակում տղաներին:

Այս պատերազմին մարտական ընկերները յիշում են` ինչքան կազմակերպուած էր, «ուստավի մարդ էր»` ասում են:

«Կարգ ու կանոն պահող մարդ էր, կարգուկանոն թելադրող, փակագծերից դուրս չէր շփւում, ինքն իր շրջագիծը ունէր, հացը, ջուը ամբողջն ինքն էր կազմակերպում: Երգում էր շատ իր հայրենասիրական երգերից», պատմում է Վաչագան Երիցեանը:

Օփերային երգչին փորձել էին թոյլ չտալ բարձրանալ դիրքեր` ոտքերի խնդիր ունէր, բայց նա պնդել էր, ո՞վ կարող էր հակառակուել:

Վարնկաթաղում անմահացաւ նաեւ քանատահայ գործարար Քրիստափոր Արթինը, որը վերջին տարիներին հաստատուել էր Կապանում` ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկեան» կոմիտէի անդամ էր: Զինակիցները յիշում են` ինչքան համեստ էր, ինչքան հայրենասէր:

24 հայորդի կեանքի գնով պահեցին Վարնկաթաղի բարձունքը: Իրենցից տասն անգամ աւելի թշնամուն հաշուած մարդկանցով ջարդել էին, կէսին փախուստի մատնել ու բարձունքը յետ էին վերցրել:

«Դա միակ ելքն էր, որովհետեւ եթէ մի քիչ էլ երկար մնային, մենք ներքեւում կա՛մ պիտի մնայինք, ջարդուէինք, կա՛մ պարզապէս դուրս գայինք: Բայց դուրս գալու միտք չունէինք: Մենք արդէն լարուած` սպասում էինք, որ մեր ուղղութեամբ են գալու: Բայց որ բարձունքը տղերքը վերցրին, սրանք երեւի հասկացան, որ չէ, մեր ուղղութեամբ գալն էլ իմաստ չունի», պատմեց Գէորգ Յակոբեանը, որն ինքը եւս վիրաւորուել էր` չհասկանալով էլ ինչ արկից, որովհետեւ այնքան բան էր գալիս իրենց ուղղութեամբ, որ դժուար էր տարանջատելը:

Ռմբակոծութիւնը անընդհատ էր շարունակւում, որ օգնութիւն չգայ, բայց եկաւ օգնութիւնը` համալրում ունեցան մեր մարտիկները: Ազրպէյճանցիները դրանից աւելի էին կատաղել, որ բարձունքը վերցուեց, ու այդ ժամանակ արդէն օդուժ էին օդ բարձրացրել:

Վարնկաթաղի բարձունքն այսօր հայկական զինուժի վերահսկողութեան տակ է. եթէ կայ վճռակամութիւն` պահելու երկիրը, ապա պահում են, հակառակը չի լինում:

«Երկիր»

Leave a Comment

You must be logged in to post a comment.