ԱՅՐՈՒԱԾ ՀՈՂ․ ԱՐՑԱԽԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՄԷԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Արցախեան երկրորդ պատերազմի տարելիցին JAMnews-ը ներկայացնում է իր լրագրողի նիւթը, որը լուսաբանել է ռազմական գործողութիւնների ընթացքը 2020 թ-ի աշնանը։ Արթուր Խաչատրեանն այցելել է նոյն վայրերը, որտեղ եղել է պատերազմի ժամանակ, և պատմում է իրավիճակի մասին՝ մէկ տարի անց։
2020 թ-ի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցաւ այն, ինչը ահով սպասում էր, առանց չափազանցութեան, Արցախի Հանրապետութեան ողջ բնակչութիւնը։ Առաւօտեան ժամը 7-ին պատերազմ սկսուեց։ Եւ բոլորը առաջին իսկ րոպէներից հասկացան, որ դա սահմանային հերթական միջադէպներից չէ, որոնք վերջին տարիներին յաճախացել էին։
Պատերազմն, ըստ էութեան, մեկնարկեց մայրաքաղաքի և միւս բնակավայրերի ռմբակոծմամբ։ Մէկ ժամ անց Պաշտպանութեան բանակը հաղորդեց․ Ադրբեջանը յարձակուել է հանրապետութեան զինուած ուժերի դիրքերի վրայ շփման գծի ողջ երկայնքով։ Այդպէս սկսուեց 21-րդ դարի ամենաարիւնահեղ պատերազմը տարածաշրջանում։
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔ՝ «ԿԵԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ»
Հասկանալու համար, թէ ինչ դրութեան մէջ է յայտնուել Արցախը պատերազմից յետոյ, բաւական է անցնել Լաչինի միջանցքով։
Այն ապահուում է ցամաքային կապը Հայաստանի և Արցախի միջև։ Ճանապարհի այդ վեց կիլոմետրանոց հատուածը 1992 թ-ի մայիսից մինչև 2020 թ-ի նոյեմբեր վերահսկում էր ԼՂՀ-ն։ 2020 թ-ի նոյեմբերից Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգութիւնն ապահուում են ռուս խաղաղապահները։
Միջանցքին չհասած՝ դեռ Հայաստանի տարածքում, ցուցանակ կայ՝ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ»։ Միայն թէ հիմա այս խօսքերը տեղացիների մօտ դառնութիւն են առաջացնում և դեռ չմարած յոյս, որ դեռ ամէն ինչ վերադառնալու է ի շրջանս իւր։
Երբեմնի աշխոյժ մայրուղում հիմա կարելի է սակաւաթիւ մեքենաներ նկատել։ Իսկ միջանցքի ամենասկզբում ռուսերէնով մէկ այլ ցուցանակ է երևում՝ «Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատուութեան գօտի է»։
Ռուս խաղաղապահների լաւ ամրացուած հսկիչ անցակէտերը տեղադրուած են հինգ կիլոմետրը մէկ։ Դրանք արգելւում է նկարահանել։ Սիրալիր երիտասարդ զինուորները խնդրում են ցոյց տալ փաստաթղթերը, երբեմն ստուգում են նաև մեքենաների բեռնախցիկներն ու բարի ճանապարհ մաղթում։
Այնպիսի տպաւորութիւն է, որ ամէնուր օտարման գօտի է․ լքուած գիւղեր, պատերազմից մնացած խրամատներր և բեկորների հետքեր՝ ասֆալտին և տների դարպասներին։
Սակայն, ինչպէս խոստովանում են միջանցքով անցնող հայերը, նրանց համար ամենածանր տեսարանը բացւում է Շուշիի մօտ, որի անկմամբ աւարտուեց Արցախեան երկրորդ պատերազմը։ Քաղաքին մօտենալիս հեռւում աչքի է ընկնում մեծ շինհրապարակ․ Ադրբեջանն արագացուած տեմպերով կառուցում է ճանապարհներ և թունելներ։
Քաղաքի մօտ տեղակայուած է միջանցքի վերջին ռուսական անցակէտը, իսկ հինգ մետրի վրայ ադրբեջանցի զինուորներ են։ Բերդի վրայ հայկական «Շուշի» անուանումը փոխարինուել է քաղաքի ադրբեջանական անուանումով՝ «Շուշա», իսկ ադրբեջանական դրօշի կողքին ծածանւում է նաև թուրքականը։
Հակամարտ կողմերի դիքերն այժմ տեղակայուած են Շուշիի և Ստեփանակերտի միջև, որոշ հատուածներում՝ միմեանցից մի քանի տասնեակ մետրի վրայ։ Արցախի մայրաքաղաքն այժմ փաստացի շփման գծի մօտ է։
ԱՇԽՈՅԺ և ԽԱՂԱՂ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ
Եթէ մարդ պատահմամբ Ստեփանակերտում յայտնուի և նախապատմութիւնը չիմանայ, հազիւ թէ կռահի, որ դեռ մէկ տարի առաջ քաղաքի վրայ տեղում էին ժամանակակից օպերատիւ-մարտավարական հրթիռային համալիրների և համազարկի հրթիռային համակարգերի դաժան հարուածներ։
Ստեփանակերտը փաստացի գրեթէ ամբողջութեամբ վերականգնուել է։ Այժմ այստեղ արագացուած տեմպերով նոր բնակելի համալիրներ են կառուցում՝ տեղահանուածներին բնակարանով ապահովելու համար։ Նրանց թիւը հասնում է մի քանի տասնեակ հազարի։ Մի մասն Արցախ է վերադարձել և մինչ օրս ապրում է հիւրանոցներում և հանրակացարաններում։ Միւսները մնացել են Հայաստանում։ Իսկ երրորդներն ընդհանրապէս Ռուսաստան են մեկնել։
Ստեփանակերտն էլի նոյն մաքուր և հաճելի քաղաքն է՝ երեկոյեան սրճարաններով և լուսաւորուած շատրուաններով։ Մայրամուտին կենտրոնն աշխուժանում է, սակայն ռեստորաններից բարձր երաժշտութիւն չի լսւում, մեքենաները քաղաքում հանգիստ են երթևեկում, իսկ մարդիկ կարծես ամաչում են լիաթոք ծիծաղել։
Պատերազմի հետքերը շէնքերի վրայ գրեթէ վերացուել են, սակայն մարդկանց հոգում վէրքերը դեռ թարմ են։ Այստեղ իւրաքանչիւր ընտանիք կորցրել է հարազատի, մերձաւորի կամ ընկերոջ։
Երբեմնի աշխոյժ շուկայում վաճառողներն այժմ հայեացքով փնտրում են սակաւաթիւ գնորդների։ Նախկինում այստեղ էին գալիս հիւրեր Հայաստանից և անգամ զբօսաշրջիկներ այլ երկրներից։
Հիմա շարժը նուազագոյն է, խոստովանում է Դոնարա Բարսեղեանը, որն աւելի քան 10 տարի է՝ հենց շուկայում թխում է արցախեան աւանդական «ժենգեալով հացը»․
«Պատերազմից մէկ ամիս անց մարդիկ շատ պակասեցին։ Քչերն են գալիս, ոմանք ընդհանրապէս մեկնում են։ Նախկինում լաւ էր։ Մարդիկ շատ էին»։
Տիկին Դոնարան շուկայից չի հեռացել անգամ պատերազմի ժամանակ։ Օրուայ առաջին կէսին նա «ժենգեալով հաց» էր թխում և անվճար բաժանում զինուորներին։ Յետոյ գնում էր՝ կրկին կանաչի հաւաքելու։ Տարիների ընթացքում նա քաղաքի իւրօրինակ խորհրդանիշն է դարձել։ Բոլորը գիտեն․ ինչ էլ լինի, Դոնարան միշտ տեղում է։
«Մարդկանց համար հիմա ծանր է։ Պետութիւնը ֆինանսական օգնութիւն տրամադրեց, լաւ էր, բայց դա քիչ է։ Արտագաղթ է սկսուել հանրապետութիւնից։ Ոմանք այստեղ են գալիս՝ մեծ պայուսակներ գնելու։ Ասում են, որ Ռուսաստան են մեկնում։ Բայց կան նաև մարդիկ, որոնք վերադառնում են։ Մարդիկ վախենում են, որ կրկին պատերազմ կը սկսուի։ Ռուսներն ասում են՝ քանի դեռ այստեղ ենք, ապահով էք։ Բայց ի՞նչ ապահով», — ասում է Դոնարան։
ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ ԿԸ ՄՆԱՆ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Ռուս խաղաղապահներին այստեղ շատ լաւ են վերաբերւում, և մարդիկ յոյս ունեն, որ նրանց առաքելութիւնը կ’երկարաձգուի։ 2020 թ-ի նոյեմբերի 10-ի յայտարարութեան համաձայն՝ եթէ տեղակայումից 5 տարի անց կողմերից ոչ մէկը չառաջարկի դադարեցնել առաքելութիւնը, ռուս խաղաղապահները կը մնան։ Բայց ինչ է լինելու 2025 թ-ին, այստեղ դեռ ոչ ոք չգիտի։
Արցախի արտգործնախարար Դաւիթ Բաբայեանն ասում է, որ Ադրբեջանն արդէն հող է նախապատրաստում խաղաղապահ առաքելութիւնից հրաժարուելու համար․
«Ընդհանուր առմամբ, մարդիկ վստահում են խաղաղապահներին։ Եւ դա դուր չի գալիս Ադրբեջանին և Թուրքիային։ Այդ պատճառով էլ նրանք ամէն կերպ փորձում են վարկաբեկել ռուս խաղաղապահներին։ Տարբեր ձևերով։ Այժմ փորձում են ցոյց տալ, թէ Ռուսաստանի և Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը համընկնում են, ամէն ինչ արդէն որոշուած է, և Ադրբեջանն իր վերահսկողութեան տակ է առնելու ողջ Արցախը, և ոչ ոք դրան չի խանգարելու։ Բայց մենք Ռուսաստանին բարեկամ երկիր ենք համարում»։
Սակայն նոյնիսկ ռուս զինուորների ներկայութիւնը չի կանխում հրադադարի ռեժիմի խախտման դէպքերը։ Ճիշտ է, պատերազմից յետոյ լուրջ միջադէպեր չեն գրանցուել, սակայն ժամանակ առ ժամանակ կրակոցներ լսւում են, դրանց հետևանքով նոյնիսկ վիրաւորներ կան։ Գնդակոծւում են նաև բնակավայրերը։
Կարմիր Շուկայ գիւղն այժմ յայտնուել է շփման գծում, թէև պատերազմից առաջ այն խորը թիկունքում էր։ Ադրբեջանական դիրքերը տեղակայուած են տներից ընդամէնը մի քանի կիլոմետր հեռաւորութեան վրայ։ Պատերազմից յետոյ Կարմիր Շուկայի ուղղութեամբ մի քանի անգամ կրակել են։ Զոհեր չեն եղել, բայց տեղացիների համար ծանր է այդ պայմաններում ապրելը։ Չնայած դրան՝ գրեթէ բոլոր բնակիչնեը գիւղ են վերադարձել ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ։
«ԱՊՐԵԼ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀՈՂՈՒՄ»
Մնալ, թէ՞ գնալ․ սա թերևս գլխաւոր հարցն է, որն իրենց տալիս են Արցախի բնակիչները։ Պատերազմից յետոյ այստեղ արդէն ուրիշ իրավիճակ է, չկայ կայունութիւն, վաղուայ օրուայ նկատմամբ վստահութիւն։ Բնակիչները վստահ են, որ գնդակոծութիւններով և տարբեր սադրանքներով Ադրբեջանն ուզում է էլ աւելի խորացնել անկայունութիւնն ու մնացած բնակիչներին ստիպել հեռանալ։
Ժիւլիեթա Յարութիւնեանը համաձայնում է հարցազրոյց տալ երկար համոզելուց յետոյ։ Նրա որդին տանը թողել էր կնոջը, հինգ երեխաներին և որպէս կամաւոր մեկնել պատերազմ։ Կռուել է մինչև վերջին օրը։ Ժիւլիեթան ամուսնու հետ պատերազմի օրերին Հայաստան էր տեղափոխուել։ Վերադարձել է հրադադարի մասին փաստաթղթի ստորագրումից մի քանի օր անց։
«Մենք այստեղ ապրելու ենք, իրենց նման հազարն էլ լինի՝ ապրելու ենք։ Սա մեր նախնիների հողն է։ Միայն թէ նրանց դիրքերը շատ մօտ են։ Լաւ կը լինէր, որ մի քիչ հետ տանէին։ Որովհետև, երբ կրակում են, միանգամից Կարմիր Շուկային են հարուածում»։
Սակայն, բնականաբար, զօրքերը ոչ ոք ետ չի քաշելու։ Այս գիւղի բախտը դեռ բերել է։ Հարևան Թաղավարդը երկու մասի է բաժանուել՝ հայկական և ադրբեջանական։ Կողմերի դիրքերը հենց տների արանքով, տեղ-տեղ դրանք մօտաւորապէս քսան մետր հեռաւորութեան վրայ են։
Ի տարբերութիւն Թաղավարդի և Կարմիր Շուկայի՝ Մարտունին ապրում է համեմատաբար հանգիստ կեանքով։ Ադրբեջանական դիրքերն այստեղ կարելի է տեսնել միայն հեռադիտակով։
Մարտունին պատերազմի օրերին դաժան հրետակոծութեան էր ենթարկւում։ Իսկ այժմ այստեղ անսովոր լռութիւն է։ Կեանքը վերադարձել է իր բնականոն հուն, թէև շատերի դէմքին նոյն տխրութիւնն է։
Քաղաքի կենտրոնում լռութիւնը խախտում են դաշնամուրի, թաւջութակի և ջութակի հնչիւնները։ Երաժշտական դպրոցը լի է աշակերտներով, անգամ՝ շաբաթ օրը։ Նրանց թիւն աւելացել է պատերազմից յետոյ, երբ այստեղ են տեղափոխուել Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած բնակավայրերի բնակիչները։
«Պատերազմը հարուածեց գրեթէ բոլոր ընտանիքներին։ Աղասեանների ընտանիքում երկու եղբայր են զոհուել։ Մէկը 2016 թ-ի պատերազմի հերոս էր և մեր աշակերտը։ Դա ողբերգութիւն է, դժուար է բառերով նկարագրել։ Զոհուած հայր ու որդի կան», — ասում է դպրոցի տնօրէն Ալվինա Բաղդասարեանը։
Նա արդէն երրորդ պատերազմի վէրքերն է վերապրում։ Ինչպէս գրեթէ բոլոր տղամարդիկ, նրա ամուսինն ու որդին էլ էին կամաւորագրուել։ Մարտունին դիմացել է հակառակորդին գրոհին, թէև պատերազմի սկզբնական շրջանում Ադրբեջանը փորձում էր պաշտպանական գիծը ճեղքել հենց այս ուղղութեամբ։
Արդեօ՞ք կարող է չորրորդ պատերազմը լինել։ Կարող է, ասում է Ալվինան։ Սակայն, միևնոյն է, չի պատրաստւում հեռանալ․
«Խօսք անգամ չի կարող լինել, որ մենք երբևէ պէտք է անվերադարձ կորցնենք Արցախը։ Այդպէս չպիտի լինի։ Այդ տրամադրուածութեամբ էլ ժողովուրդը ապրում է, մտածելով, որ հրաշքի նման մի բան պիտի լինի, ու նոյնիսկ մեր կորցրած հողերը պիտի ետ վերադարձնենք, և մենք պիտի ապրենք նորից առաջուայ նման»։
Արցախի՝ հայկական վերահսկողութեան տակ մնացած տարածքը գործնականում ամբողջութեամբ կտրուած է Հայաստանից։ Սակայն պաշտօնական Երևանը չի պատրաստւում հրաժարուել Արցախի կարգավիճակի հարցից։
Այժմ՝ պատերազմից մէկ տարի անց, տեղի իշխանութեան գլխաւոր խնդիրը Հայաստան տեղափոխուածներին Արցախ վերադարձնելն է։ Նրանք կարծում են, որ տասնեակ տարիներ կը պահանջուի զարգացման նախապատերազմեան տեմպերին վերադառնալու համար։ Իսկ հասարակ մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի պէտք է պատրաստ լինել պատերազմի, նրանք վստահ են, որ այն անխուսափելի է։
Արթուր Խաչատրեան
JAM News