Հայաստանը թուրքական Սցիլլայի ու ռուսական Քարիբդայի միջև
Մնացական Ռ. Խաչատրեան,
ռազմական պատմաբան,
ՀՀ ԶՈՒ պահեստազօրի գնդապետ
Լեհ ազգայնական զօրավար Յուզեֆ Պիլսուդսկին դեռ 1-ին Աշխարհամարտի աւարտից յետոյ մշակել էր Բալթիկ և Սև ծովերի միջև գտնուող մի շարք երկրների՝ իր հայրենի Լեհաստանի շուրջ միաւորման և Արևելեան Եւրոպայում, փաստացիօրէն, ուշ միջնադարեան Ռեչ Պոսպոլիտայայի, այսինքն՝ աւատատիրա-միապետական-շլեախտայա-հանրապետական լեհ-լիտուական ունիայի լայնածաւալ սահմաններով պետութեան իւրօրինակ վերածնման մի շատ հետաքրքիր ծրագիր:
Անշուշտ, Արևմտեան մի շարք հզօր ուժերի այդ ծրագիրը հետաքրքիր էր առաջին հերթին նրանով, որ վերականգնեալ Ռեչ Պոսպոլիտայան կամ, լաւ ևս՝ ՙՙծովից ծով Լեհաստանը՚՚ իրենց շատ յարմար դաշնակից էր դառնում ու, միաժամանակ՝ Գերմանիային ու Ռուսաստանին իրարից զատող ու զսպող լուրջ գործօն: Ի դէպ, Ինտերմարիումը կամ Միջծովեան համադաշնութիւնը կարո՛ղ էր և կարո՛ղ է լուրջ զսպող գործօն դառնալ նաև Թուրքիայի նկատմամբ…
Ըստ իս, ինչ-որ տեղ ՙՙԻնտերմարիում՚՚ ծրագրի վերագործարկման առաջին գործնական քայլերից մէկը կարելի է համարել Վիշեգրադեան խմբի ստեղծումը 1991թ. փետրուարի 15-ին, որի շնորհիւ Գերմանիայի և Ռուսաստանի, իսկ աւելի ճիշտ՝ այն ժամանակ իր քաղաքական կեանքի վերջին ամիսներն ապրող ԽՍՀՄ-ի, միջև ստեղծուեց աւելի քան 533 հազ. քառ. կմ տարածքով և ներկայումս մօտ 64 մլն բնակչութիւն ունեցող լեհ-չեխո-սլովակա-հունգարական պետութիւնների քառեակը (V4)…
Ցաւօք, ՙՙծովից ծով՚՚, այսինքն՝ Բալթիկայից մինչև Սև ծով տարածուող Լեհաստանի՝ 20-րդ դարի առաջին քառորդում առաջ քաշուած ամբիցիոզ ծրագիրը տապալուեց 1939թ. սեպտեմբերի 1-ին, երբ լեհական պետութեան վրայ արևմուտքից յարձակուեց նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան, իսկ ապա՝ երկու շաբաթ ուշացումով, Վարշաւայի մօտ հիտլերեան բանակների դէմ մաքառող Լեհաստանի դէմ արևելքից գրոհի անցաւ ինտերնացիոնալ-սոցիալիստական Ռուսաստանը, որն այն ժամանակ կրում էր Խորհրդային Միութիւն յոյժ խորհրդաւոր անուանումը…
Այդ միութիւնն այդ ժամանակ, ի դէպ ունէր ոչ թէ 15, այլ 16 միութենական հանրապետութիւն: Իսկ ինչո՞ւ… Քանզի Կարելիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետութիւնը այդ ժամանակ հեռատեսօրէն վերանուանուել էր Կարելա-ֆիննական խորհրդային սոցիալիստական (միութենական) հանրապետութեան, վերածուելով հարևան Ֆինլանդիայի դէմ ագրեսիայի, նրանից մի համեղ պատառ պոկելու (Վիբորգը և այլն), իսկ հնարաւորութեան դէպքում նաև կլանելու ռազմաքաղաքական և, ինչ-որ չափով՝ միջազգային-իրաւական ՙՙբազայի՚՚…
Նոյն կարգավիճակն ունէին նաև Բելառուսիան ու Ուկրաինան, որպէս միութենական հանրապետութիւններ, և իրենց յատկացուած դերը խաղացին, Լեհաստանի արևելեան կէսը զաւթելու ժամանակ, ինչը Ստալինի ռեժիմը լկտիաբար անուանեց Արևմտեան Բելոռուսիայի և Արևմտեան Ուկրաինայի ազատագրում…
Ի դէպ, հենց նոյնպիսի ռազմաքաղաքական և միջազգային իրաւական ՛՛բազայի՛՛ դեր էր խաղում Ուկրաինական ԽՍՀ-ի մերձդնեստրեան, աւելի ճիշտ՝ Դնեստի ձախափնեայ շրջանների վրայ կազմաւորուած Մոլդովական ինքնավար ԽՍՀ-ն, որի հիման վրայ պէտք է ստեղծուէր Մոլդովական միութենական ԽՍՀ-ն, այսինքն՝ ագրեսիայի պէտք է ենթարկուէր մէկ այլ հարևան պետութիւն՝ մոլդաւացիների և վալախների համատեղ պետական կազմաւոորումը՝ Ռումինիայի Թագաւորութիւնը…
Սակայն նայենք մեր տարածաշրջանին: Այդտեղ էլ առկայ էր այսպէս կոչուած Ադրբեջանական ԽՍՀ-ն, որին յատկացուած էր այն ժամանակուայ Պարսկաստանից, այսինքն՝ այժմեան Իրանից իսկական Ադրբեջանը, այսինքն՝ Ատրպատական-Մարաստանը խլելու ռազմաքաղաքական և միջազգային իրաւական հիմնաւորում հանդէս գալու դերը…
Հարկ եղած դէպքում, հարևանների դէմ ագրեսիայի համար Կրեմլը միշտ էլ չի զլացել օգտագործել նաև Հայաստանին ու Վրաստանին, և յատկապէս շահագործել է հայ ժողովրդի միամիտ հաւատն ու Մոսկովիայի կողմից մշտապէս արհամարուած հաւատարմութիւնը դէպի քրիստոնէա-ուղղափառ մշակոյթի կրող համարուող Ռուսաստանը: Դրա վառ օրինակը 1945-1953թթ. ԽՍՀՄ-Թուրքիա, իսկ աւելի ճիշտ՝ Արևմուտք-ԽՍՀՄ աշխարհաքաղաքական խաղն էր, որտեղ Կրեմլի տէրերը ցոյց տուեցին թէ՛ իրենց ցինիզմը (շնականութիւնը), թէ՛ իրենց վախկոտութիւնը աւելի հզօր ուժերի հանդէպ… Ի դէպ՝ ցոյց տուեցին նաև իրենց անսահման տմարդիութիւնը, որին զոհ գնաց ո՛չ միայն հայրենաբնակ ու աշխարհասփիւռ հայ ժողովրդի չարաշահուած հաւատն առ խորհրդա-ռուսական արդարացիութիւնն հայութեան հանդէպ, այլև՝ Թուրքիայից հայկական հողերը հետ գրաւելու համար հնարաւոր խորհրդա-թուրքական պատերազմին իր մասնակցութիւնը բերելու նպատակով Բուլղարիայում խորհրդային ռազմական հակահետախուզութեան ՍՄԵՐՇ ծառայութեանը յանձնուած Գարեգին Նժդեհը…
Խորհրդային կամ բոլշևիկեան պետութիւնը 1939թ. հերթական անգամ բաժանման ենթարկեց իր հարևանին՝ Լեհաստանին, դրանով իսկ, անշուշտ, վաստակելով լեհ ժողովրդի անկեղծ ատելութիւնը և, միաժամանակ հսկայական նպաստ բերելով 2-րդ Աշխարհամարտի սանձազերծման դիւային գործին…
Սակայն, նացիստական Գերմանիայի հետ համատեղ Լեհաստանի, և ընդհանրապէս Արևելեան ու ԿԵնտրոնական Եւրոպայի, այդ թւում՝ մերձբալթեան հանրապետութիւնների, ինչպէս նաև Ռումինիայի, Բալկանների ու Ֆինլանդիայի բաժանման, բզկտման կայսերապաշտական ծրագիրն իրագործելուց առաջ խորհրդային պետութիւնը նմնատիպ սցենար էր փորձարկել դրանից դեռ երկու տասնամեակ առաջ՝ 1920թ….
Խոսքն, իհարկէ, վերաբերւում է բոլշևիկա-քեմալական կամ ռուս-թուրքական այն խայտառակ և ապօրինի համաձայնութեանը, որն իրագործուեց Հայաստանի առաջին Հանրապետութիւնը ոչնչացնելիս և նրա մարմինը բզկտելիս… Մի կողմից Անտանտի և նրա դաշնակիցների, այդ թւում՝ Հայաստանի Հանրապետութեան, միւս կողմից՝ պարտութիւն կրած Օսմանեան Թուրքիայի միջև ստորագրուած Սևրի 1920թ. օգոստոսի 10-ի պայմանագրով, ինչպէս նաև՝ ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրաւարար վճռով պաշտօնական Երևանին de-jure (իրաւաբանօրէն) մասամբ1 (90 հազ. քառ. կմ) անցած Արևմտեան Հայաստանը բոլշևիկա-քեմալական համաձայնութեամբ թողնուեց Թուրքիային: Դեռ աւելին՝ վերջինիս յանձնուեցին Արևելեան Հայաստանի մասը կազմող Կարսի մարզն ու Երևանի նահանգի Սուրմալուի (Իգդիրի) գաւառը: Չբաւարարուելով նոյնիսկ դրանով՝ օսմանցիների ու քեմալականների դաշնակից ու հովանաւորեալ ՙՙԱդրբեջան՚՚ կոչեցեալ արհեստածին կազմաւորմանը յանձնուեցին նաև Արցախն ու Նախիջևանը, դեռ չասած Գարդմանի մասին… Եւ եթէ չլինէր Նժդեհի գլխաւորած սիւնեցիների հերոսական զինուած դիմադրութիւնը՝ նույն բախտին կարժանանար նաև Զանգեզուրը…
Ռուս-թուրքական կամ բոլշևիկա-քեմալական այդ հակահայ խայտառակ գործարքն իր ձևակերպումն ստացաւ 1921թ. մարտի 16-ի Մոսկուայի տխրայռչակ պայմանագրով, որի անունն իսկ արգահատանք է առաջացնում՝ ՙՙբարեկամութեան և եղբայրութեան պայմանագիր՚՚… Այո՝ ռուս-թուրքական, իսկ աւելի ճիշտ՝ բոլշևիկա-քեմալական բարեկամութեան ու եղբայրութեան… Եւ այդ երկու բորենիների բարեկամութեան ու եղբայրութեան անկեղծութեան աստիճանը պարզ երևաց 1941-1942թթ., երբ նացիստական Գերանիայի փաստացի դաշնակից Թուրքիան 26 դիւիզիաներից բաղկացած գրեթէ կէս միլիոնանոց մի բանակ էր կենտրոնացրել Արաքսի ու Ախուրեանի ափերին՝ խորհրդային Հայաստանի դէմ, որպէսզի Ստալինգրադի ընկնելու դէպքում գրոհի ԽՍՀՄ-ի հարաւկովկասեան տարածքներ վրայ, ոչնչացնի արևելահայութեանը, դուրս գայ Կասպիցի ափերը, նուաճելով Բաքուի նաւթահանքերը և շարունակի առաջ խաղալ դէպի Հիւսիսային Կովկասի, Վոլգայի, Ուրալի, Կենտրոնական Ասիայի թիւրքախօս ժողովուրդների տարածքները՝ միանալու հիտլերեան բանակներին և մեծապէս նպաստելու խորհրդային և ընդհանրապէս ամէն տեսակի Ռուսաստանի ոչնչացման հիտլերա-համաթուրանական պլանների իրականացմանը…
Սակայն առաւել մեծ արգահատանք է առաջացնում այն փաստը, որ ռուսական կողմը, չնայեած 2015թ. նոյեմբերի 23-ին իր Սու-24 ինքնաթիռի՝ թուրքական կողմից խփուելու և դրան յաջորդած ռուս-թուրքական լարուածութեան փաստին, այդպէս էլ չցանկացաւ միակողմանիօրէն դենոնսացնել 1921թ. մարտի 16-ի Մոսկուայի հակահայ այդ պայմանագիրը, որի մեծագոյն զոհն է Հայաստան պետութիւնը…
Կրեմլի արտաքին քաղաքական նման պնդաճակատութիւնը ոչ միայն հիասթափութիւն է առաջացնում հայութեան լայն շրջանակներում, այլև մղում է նրանց դէպի քաղաքական գիտակցութեան նոր մակարդակ: Գումարուելով 2016թ. ապրիլի 2-5-ը տեղի ունեցած Քառօրեայ պատերազմի ժամանակ, դրանից առաջ և դրանից յետոյ պաշտօնական Մոսկուայի խաղացած՝ հայկական կողմի համար չարագոյժ դերի այս կամ այն չափով ըմբռնմանը, Մոսկուայի 1921թ. մարտի 16-ի պայմանագրի՝ ռուսական կողմից չվերանայուելու յստակ ուղղուածութիւնը յուշում է հայութեան լայն շրջանակներին, որ Ռուսաստանը պարզապէս շարունակում է դեռ 18-րդ դարից իր վարած նենգ քաղաքականութիւնը հայ ժողովրդի նկատմամբ: Յիշենք, որ 1724թ. Պետրոս 1-ին ցարի կառավարութիւնը օսմանեան կայսրութեան հետ պայմանագիր կնքեց, դրանով իսկ բախտի քմահաճոյքին թողնելով կամ օսմանեան բանակների յարձակման պահին դաւաճանաբար լքելով Սիւնիքի, Արցախի, Նախիջևանի ու Արարատեան երկրի ապստամբական հայկական ուժերին…
Մէկ անգամ չէ, որ հայ ժողովուրդը համոզուել է կամ գոնէ կարող էր համոզուել ռուս-թուրքական հակամարտութեան մէջ հայ ժողովրդի ռուսասիրութիւնը բորբոքելու, չարաշահելու և արիւնակզակ թուրքական գազանի առջև հայերին մենակ թողնելու ռուսական պետութեան վարած լոբանով-ռոստովսկիական դիւանագիտութեան խորը ցինիզմի մէջ…
Սակայն 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի առաջին տասնամյակներում Կրեմլի կառավարողները աւելի հմուտ ու նենգ քաղաքական խաղեր են վարել ու վարում Հայաստանում…
Դեռ 1990-1991թթ. նրանք Երևանում իշխանութեան բերեցին ռուսական յատուկ ծառայութիւնների ծրագրերն իրականացնող անձանց… Եւ իշխանութիւնը ՀՀ-ում 1991-ից մինչև 2016թ., այսինքն՝ քառորդ դար շարունակ, մնում է Կրեմլի փաստացի կամ պաշտօնական գործակալների ձեռքին…
Ահա ինչու 2016թ. ապրիլեան Քառօրեայ պատերազմում այնքան տարօրինակ իրադարձութիւններ տեղի ունեցան… Ահա ինչու պաշտպանութեան նախարար
Ս. Օհանեանը այդ պատերազմից քիչ օրեր անց դեռ վստահ էր կամ իրեն վստահ էր ցուցաբերում, թէ ՀՀ ՊՆ-ում որևէ կադրային փոփոխութիւն չի լինելու, իսկ Ս. Սարգսյանի գլխաւորած պետական-քաղաքական ղեկավարութիւնը այդ պատերազմից 45 օր անց միայն խոստովանեց 800 հեկտար հայրենի հող թշնամուն զիջելու փաստը… և այլն, և այլն…
Սակայն, ամենահետաքրքիրը դեռ առջևում է…
Յամենայն դէպս, Քառօրեայ պատերազմում Ռուսաստանի չարաբաստիկ դերից բացայայտումից յետոյ էլ, Մոսկուայի վասալները, որոնք իրենց ՀՀ քաղաքական-ռազմական ղեկավարութիւն են անուանում, առանց վարանելու ստորագրեցին ՀՕՊ պայմանագիր նո՛յն այդ Ռուսաստանի հետ, դրանով իսկ Հայաստանը հակաօդային պաշտպանութեան գծով լիովին վերահսկելի, ուստի և կախեալ դարձնելով նենգ եու դաւադիր պաշտօնական Մոսկուայից…
Մինչ Եւրոպայի ժողովուրդները փորձում են միասնական ճակատ կազմել ագրեսիւ արտաքին քաղաքականութեան ուղին ոտք դրած Ռուսաստանի դէմ, չանտեսելով նաև Ինտերմարիում ծրագիրը, ըստ որի հնարաւոր է Լեհաստանի շուրջը Արևելեան, Կենտրոնական և Հարաւ-արևելեան Եւրոպայի երկրների համադաշնութեան ստեղծումը, պաշտօնական Երևանը աւելի է ուժեղացնում Մոսկուայի ներկայութիւնը ՀՀ-ում, աւելի ձգելով հայկական անկախ պետականութեան պարանոցին նետուած մահուան օղակը…
Այնինչ ներկայումս տարածաշրջանում իր հզօրութեամբ աչքի են ընկնում ԱՄՆ-ն և իր եւրոպական դաշնակիցները: Ամերիկա-արևմտաեւրոպական ռազմաքաղաքական հզօրութիւնը բաւարար է ո՛չ միայն Թուրքիային, այլև՝ Ռուսաստանին զսպելու համար… Որոշ նշաններ կան, որ պաշտօնական Վաշինգտոնը լուրջ փոփոխութիւնների է ենթարկում տարածաշրջանում իր քաղաքականութիւնը, որի անուղղակի արտայայտութիւններից մէկն էլ գերմանական բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանութեան վերաբերեալ 2016թ. յունիսի 2-ի բանաձևի ընդունումն էր… Այս նոյն քաղաքականութեան համատեքստում պէտք է դիտարկել նաև Արևմուտքի հզօրագոյն քաղաքական ուժերից մէկի՝ համայն կաթոլիկ և արևմտաքրիստոնէական աշխարհի առաջնորդներից մէկի՝ իրաւականօրէն ընդամէնը Վատիկան փոքրիկ պետութեան գահակալի, բայց փաստացի՝ համաշխարհային հզօրագոյն ուժերից մէկի ղեկավարի՝ Հռոմի Պապի 2016թ. յունիսեան այցը Հայաստանի Հանրապետութիւն…
Ուստի, հաշուի առնելով Արևելեան Եւրոպայում Ռուսաստանի դէմ Ինտերմարիում (փաստացի՝ ՙՙծովից ծով Լեհաստան՚՚) ծրագրի գործադրման հաւանականութիւնը, հայերս պէտք է ինքներս էլ ունենաք և գործի դնենք մեր համապատասխան ծրագրերը՝ մեր ազգային պետական շահերի պաշտպանութեան և առաջ մղման համար…
1 Իր տարածքի մօտաւորապէս ¼-ով, այսինքն՝ 25%-ով: