Մէկ այլ Սասուն` Պոլսի կեդրոնում

Սոֆիա Յակոբեան

 

«1968-ին էր: Մեր կողմից 3 մարդ սպանուեց, մենք էլ քրտերից 3-ին սպանեցինք: Եկեղեցին մզկիթի վերածեցին առանց մեզ հարցնելու, մարդկանց հողատարածքները գրանցեցին ուրիշների անունով, մինչեւ հիմա դատարանում է գործը: Մենք դուրս եկանք գիւղից 1990-ականներին, մնացողներն ասացին` իսլամի հերն էլ անիծած, գրէք իսլամ, մենք մեզ գիտենք: Դեռ իրար մէջ են աղջիկ առնում-տալիս»:

 

Բացի պատմական Սասունից եւ Հայաստանի` սասունցիներով բնակեցուած մի շարք շրջաններից աշխարհում կայ եւս մէկ վայր, որտեղ կարող ես զգալ ու ապրել Սասունը` սակայն առանց լեռների ու Սասունի սառնորակ ջրի:
Սթանպուլի Սամաթիա թաղամասում յայտնուելն ինձ համար նմանւում է բարդ համակարգչային խաղի, որի ընթացում փորձում ես դուրս գալ լաբիրինթոսից, բայց ապարդիւն:
«Քա՛, վայ ո՞ւր կ’երթաս ըդմալ, լա՛օ». վերջ, այս անգամ էլ ետին փողոցներով անցնելը չփրկեց, առաջին սասունցի տանտիկինն արդէն նկատել ու պատշգամբում ձեռքի հրամայական նշանով կանչել
է ինձ ներս, նշանակում է` մինչ երեկոյ դժուար դուրս պրծնենք այստեղից:
Եւ այդպէս շարունակ
. օրական առնուազն 5-6 սասունցի ընտանիք ձեզ գրեթէ բռնի ուժով կը կերակրի սասունցիական բլղրէ կլոլակով, թթուով, տապակած բանջարով ու տոլմայով: Մերժումներն այստեղ չեն ընդունւում, իսկ երբ զրոյցը սկսւում է համեմուել «Էրգրի» մասին պատմութիւններով` 15 բաժակ թէյն ու սասունցիական գաթան միայն յանուն խօսակցութիւնը երկարացնելու դառնում են հանդուրժելի:
Իսկ պատմութիւնները Սամաթիայում, ի
՛նչ խօսք, առաւել թարմ են ու կենդանի:
Սթանպուլի շուրջ 50 000-անոց հայ համայնքի մէջ քրիստոնեայ սասունցիները «ամենանորերն են»` Արեւմտեան Հայաստանից ամենավերջին դուրս եկածները:
Ցեղասպանութիւնից յետոյ Սասունի լեռներում մնացած հայերի կղզիակներից 1970-80-ականներին ինտենսիւացած գաղթի ալիքի հիմնական պատճառների մասին պատմելիս սասունցիները չեն երկարացնում. եկեղեցի, հայկական դպրոց, ազգականութիւն:
Այն պարագայու
մ, երբ մինչ 1970-ականները Մարտինից եւ Տիարպեքիրից քահանաներին իրենց գիւղերում ընդունող ու Սասունում ծածուկ պսակ եւ կնունք իրականացնող սասունցիները աւելի ուշ զրկուեցին նաեւ այդ հնարաւորութիւնից, մինչեւ վերջ իրենց գիւղերում մնալու համար յամառածները գիւղից դուրս գալու որոշումն ընդունելիս Պոլիս եկան գրեթէ միաժամանակ ու միասին:
Հողերի, ոչխարների ու երիտասարդ աղջիկների համար անընդհատ քիւրտ ու արաբ հարեւանների հետ բախումների մէջ գտնուող սասունցի հայերից նրանք, ովքեր ընտրեցին կրօնը շարժուեցին դէպի Սթանպուլ: Սովորաբար ընտանիքից մէկը`
յաճախ դա լինում էր կրտսեր որդին, տունն ու հողատարածքը մահմետականներին չյանձնելու համար մնում էր գիւղում` ընտրելով ֆիզիքական գոյատեւման միակ ձեւը` մահմետականութեան անցնումը:
«Դէ երբ ազգականդ գնում է, ոչ ոք չի ուզում առանձին մնալ, սասունցիների սովորութիւնն է` չգիտե՞ս, մէկն ուր գնաց` բոլորը ետեւից», դէպի Սթանպուլ իր ընտանիքի գաղթի մասին պատմում է
Սարինը, ով կարօտով է յիշում Սասունի իր մանկութիւնը, միեւնոյն ժամանակ յիշելով այնտեղ թողած աւագ քրոջը, ում առեւանգել էին քրտերն ու մահմետականացրել:
«36 տարի է քրոջս հետ իրար չենք տեսել», նշում է
Սարինը, ում ամէն Կիրակի կարելի է գտնել Սամաթիայի Սուրբ Գէորգ եկեղեցում:

Սարինի պէս շատ կանայք կան եկեղեցում կանգնած, ովքեր առնուազն մէկական քոյր, մօրաքոյր կամ հօրաքոյր են թողել Սասունի իրենց գիւղում: Սա էլ դէպի մեծ քաղաք գաղթի եւս մէկ ենթապատճառ:
Այն դէպքում, երբ Հայաստանից եկած ընկերներիցս մէկը 21 տարի առաջ Սասունի Արխունդ գիւղից Սթանպուլ եկած Արետը ոգեւորուած պատմում է հայ ֆիտայիներից Գէորգ Չաւուշին նուիրուած Հայաստանում անցկացուող ամենամեայ տօնակատարութեան մասին, Արետը պատմում է ոչ այնքան վաղ անցեալի ցաւոտ կէտերից մէկի` Արխունդի նորագոյն դիմադրութեան մասին:
«1968-ին էր: Մեր կողմից 3 մարդ սպանուեց, մենք էլ քրտերից 3-ին սպանեցինք: Եկեղեցին մզկիթի վերածեցին առանց մեզ հարցնելու, մարդկանց հողատարածքները գրանցեցին ուրիշների անունով, մինչեւ հիմա դատարանում է գործը: Մենք դուրս եկանք գիւղից 1990-ականներին, մնացողներն ասացին` իսլամի հերն էլ անիծած, գրէք իսլամ, մենք մեզ գիտենք: Դեռ իրար մէջ են աղջիկ առնում-տալիս»:
Եւ այսքանից յետոյ բոլորովին զարմանալի չէ, երբ Սթանպուլի եկեղեցիներում սասունցիների հարսանիքների ժամանակ կարող էք տեսնել խաչ կրող հիւրերի կողքին գլխաշորով ծածկուածների, յարութների կողքին ահմետների, վարդուհիների կողքին կիւլպահարների: Անկախ կրօնական ու տարածքային այս բաժանումների` սասունցիները որոշել են արհամարհել նաեւ այդ սահմանները եւ շարունակում են ազգակցական կապերը նոյնիսկ եթէ երկու եղբայր դաւանում են տարբեր կրօնների:
Սասունի աւելի քան 18 գիւղեր վերջնականապէս հայաթափուել են միայն 1980-ականների երկրորդ կէսին` Պոլսում նրանց նախորդել էին պիթլիսեցիները, տերսիմցիները, մալաթիացիները, սեբաստացիները, կեսարացիները: Սասունցիների` ամենավերջինը Պոլսի գալու պատճառով է, որ «գաւառացի» պիտակը պոլսահայ հասարակութեան մէջ դեռ ամուր մնում է դրոշմուած վերջիններիս ճակատին:
Ասել, որ սասունցիներն ամբողջովին ինտեգրուել են պոլսահայ հասարակութեանը` սխալ կը լինի: Սակայն պնդել, որ Սթանպուլեան պայմանները թոյլ են տալիս ամբողջովին պահպանել Սասունում եղած կենսակերպն ու սովորոյթները` նոյնպէս սխալ կը լինի:
Յամնայնդէպս, ինչպէս նշում է Սասունի Կուսգետ գիւղից 40 տարի առաջ Սթանպուլ եկած Զարիֆ մօրաքոյրը` Սթանպուլի վարձով բնակարաններում մի թախտը 5 հոգով կիսելը, մէկ զէյթունը 4 մասի բաժանելն ու Սթանպուլի թաղամասերում թուրքերէն չիմանալու պատճառով մոլորուելու օրերն այլեւս անցեալում են սասունցիների այս սերնդի համար, որոնք թէեւ խորը հոգոցով ու կարօտով են յիշում հայրենի գիւղերը, սակայն դրանից յետոյ էլ անմիջապէս ձեռքը թափահարելով «Իդա մնաց տաճիկներուն, լա՛օ» ասելով նորից խորասուզւում են Պոլսի ինտենսիւ առօրեայի իրենց բաժնի մէջ:

 


Չափից դուրս զգուշաւոր ու փակ կենսակերպ վարող համայնքային այս կղզիակի մէջ հայերը մինչ օրս ամուսնանում, հանգստանում, ընկերութիւն են անում միասին ու անգամ կառուցում իրենց ամառանոցները իրար կողք` Մարմարայի ափին, հին Ռոտոսթօ շրջանում` Սթանպուլից մէկուկէս ժամ հեռաւորութեան վրայ:
Պոլիս ամենավերջինը եկածները, սակայն, Պոլսի ժամանակակից հայ համայնքի ամենապատկառելի թուաքանակն ունեցողներն են:
«Ըհը, ասում եմ չէ, եկեղեցու ամբողջ փողոցը փակ է, հաստատ սասունցու հարսանիք է, ազգով-ցեղով գրաւել են», ծիծաղելով ասում է Սամաթիայում ծնուած արմատներով եոզկատցի տիկին Մատլէնը` Սուրբ Գէորգ եկեղեցու դիմաց աշխատող հացթուխին:
Եթէ ասենք հարսանիքների հիւրերի միջին թուաքանակը 1000 է` չենք սխալուի:
Սասունի հայերի միութիւնում պաշտօնապէս գրանցուած անդամների թիւը խափուսիկ է, ընտանիքից սովորաբար մէկն է պաշտօնապէս գրանցւում որպէս միութեան անդամ` ընդհանուր թուով միութեան միջոցառումներին աքթիւ մասնակցում է 8000-ից աւելի սասունցի, իսկ Սթանպուլում քրիստոնեայ սասունցիների թիւը դրա կրկնակին է:
Սասունի հայերի միութեան մասին խօսելիս երեւի թէ առաջին բանը, որ յիշւում է, դա նրանց` «Համահայկական խաղերին» աքթիւագոյն մասնակցութիւնն է: Նուազագոյնը 300 հոգի, այո՛, «Համահայկական խաղերին» Թուրքիայի պատուիրակութիւնից ամենամարդաշատ խումբը Արեւմտեան Հայաստանի առաջին պաշտօնական «պատուիրակն էր» ՀՀ-ում 2011 թ.-ից սկսած:
2011 թ.-ին առաջին անգամ «Համահայկական խաղերին» 300 հոգանոց թիմով ներկայացած ու ֆութպոլի առաջնութեան գաւաթը նուաճած Սասունի թիմը վարակիչ օրինակ դարձաւ նաեւ Թուրքիայում մնացած եւ Սթանպուլից դուրս գոյատեւող արեւմտահայութեան համար: Մինչ այդ «Համահայկական խաղերում» Թուրքիայի պատուիրակութեան կազմում միայն Սթանպուլի թիմին տեսնելու սովոր երկրպագուների աչքերը 2015 թ.-ին ֆիքսեցին արդէն մէկը միւսի ետեւից երեւանեան մարզադաշտում վստահ քայլող պիթլիսեցիներին, մշեցիներին, տիգրանակերտցիներին, մուսալեռցիներին, վանեցիներին եւ այլոց:
Բանն այն է, որ սասունցիներն այս հարցում առաջինը յանդգնեցին կոտրել` «Թուրքիայի մէջ միայն Պոլսում է, որ հայեր են մնացել» կարծրատիպը: Դէ իսկ «Համահայկական խաղեր»-ին առաջին մասնակցութիւնից յետոյ իրադարձութիւնների գլխաօտոյց զարգացումն բնական ու սպասելի էր. ազգակցական կապերի փոխադարձ վերականգնումներ Թալինից, Աշտարակից ու Էջմիածնից մինչեւ Սասուն ու Սթանպուլ, ամուսնութիւններ, Երեւանում գնուած բնակարաններ, հողատարածքներ ու աշխատանքային համագործակցութեան ամենալայն կապեր:
«Դէ, համ էլ գալիս ենք մեր տղաներին Հայաստանում նշանենք` նոր վերադառնանք», ժպիտով ասում է Սասունի հայերի միութեան արդէն նախկին նախագահ Արամ Տեմիրը:
Ակամայից յիշում եմ 2014 թ.-ը, երբ պարոն Տեմիրի հետ Երեւանում զրուցում էինք գալիք «Համահայկական խաղերի» մասին եւ վերջինիս կողքին նստած էր Տերսիմի հայերի միութեան նոր նախագահը, ում պարոն Տեմիրը ջերմեռանդօրէն փորձում էր համոզել, որ Արեւմտեան Հայաստանի բոլոր գաւառների անունները պէտք է ներկայանան «Համահայկական խաղերին» Երեւանում, ու կարեւոր չէ, թէ քանի մարզիկով:
Աւելի ուշ պէտք է տեղեկանայի, որ մեր հանդիպումից օրեր առաջ Տերսիմի հայերի միութեան նախագահի մկրտութեան արարողութիւնն էր հենց Երեւանում, կնքահայրը` Սասունի միութեան` սասունցի Արամ Տեմիրը:

Սասունցիների նման առաջնորդական աքթիւութիւնից ու «քթներն ամէն տեղ խոթելու» սովորութիւնից բոլորը չէ, որ գոհ են Պոլսում:
«Ահա, տե՛ս, չորբաճը Ափիկի ռեստորաններն են», Սթանպուլի կեդրոնական Իսթիքլալ պողոտայով անցնելիս ասում է սասունցիների միութեան երիտասարդական թեւի ներկայացուցիչներից մեր ընկեր, Սասունի Կոմեկ գիւղում ծնուած եւ 1986 թ.-ին մահմետական հարեւանների կողմից հօր սպանութիւնից յետոյ Սթանպուլ տեղափոխուած Զեքին ու պատմում երկարամեայ դատական քաշքշուքների մասին, որոնք սասունցիները դեռ աւարտին չեն հասցրել. «Մենք ասում ենք` այդքան տարածք ունես, համայնքը մանկապարտէզի շէնք չունի` մէկի վրայից ձեռքդ քաշիր, չեն ուզում: Մեր խելառ սասունցիները որ չխառնուեն` այս գործերի յետեւից ընկնող շատ չկայ», շարունակում է Զեքին:
Ինքը շատ մեծ ոգեւորուածութեամբ չէ, որ ստանձնել է միութեան մէջ իր պաշտօնը` ճիտին պարտքն է` «պէտք է տէր կանգնել համայնքին, եղած-չեղածին»:
Միեւնոյն ժամանակ յաւելում է, որ միութեան ամենաաքթիւ ու զարգացած կողմը սպորթային ու մշակութային միջոցառումներն են, որոնք հակուած են համայնքային կապերը աքթիւացնելու, հայ երիտասարդներին մի գաղափարի շուրջ միաւորելու ու հայերէն շփումը պահելու: Մինչդեռ միութեան ամենաթոյլ օղակը երեւի բանաւոր հարուստ պատմութեան արխիւացման ու Սասունում առկայ նիւթական մշակոյթի պահպանման հարցերն են, որոնց իրականացման համար ամենամեծ խնդիրը համապատասխան քատրերի ու ժամանակի սղութիւնն է:
Սասունցիների միութեան արդէն նախկին նախագահ Արամ Տեմիրն ինքը վերջին տարում սեփական նախաձեռնութեամբ յանձնել է իր պաշտօնը առաւել երիտասարդ սերնդի ներկայացուցչի` Ալէն Բաղին, ով իր վրայ էր վերցրել «Համահայկական խաղերում» Սասունի եւ Պիթլիսի թիմերի կազմակերպչական գրեթէ բոլոր հարցերը:
«Հերթը երիտասարդներինն է, սերունդ է փոխուել, ժամանակներն են փոխուել, բայց մենք էլի նրանց կողքին ենք, ամէն հարցում մեր աջակցութիւնը կը զգան», ասում է պարոն Տեմիրն, ով օրեր առաջ է վերադարձել իր հերթական հայաստանեան ճանապարհորդութիւնից:
«Առաջին բանը, որ լսում էինք Հայաստանում՝ այդ ինչո՞ւ հայերէն չէք խօսում, դու ի՛նչ հայ, որ հայերէն չգիտես»: Մի անգամ Թալինի գիւղերից մէկում հիւր էինք, ներկայ էր նաեւ Ստեփան Պօղոսեանը: Այդ հարցն այնտեղ էլ հնչեց: Եւ ասողներն էլ մարդիկ էին, որոնք սասունցիներ են, իմ միս ու արիւնն են», յիշում է Արամ Տեմիրը, ում համար տարիներ առաջ Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ տեղի ունեցած այդ դէպքը յիշւում է մինչ օրս:
Սասունի Բադրմուտ գիւղում ծնուած, ընտանիքի հետ միասին որոշ ժամանակով Բադրմուտից ոչ այնքան հեռու գտնուող Խնձորիք գիւղում պատսպարուած, յետագայում Սիրիայում ու Լիբանանում իր ազգականներին գտած ու կապը վերականգնած եւ ի վերջոյ Սթանպուլում գաղթական սասունցիների հիմնած միութեան նախագահութիւնը ստանձնած Արամ Տեմիրը փաստում է, որ լեզուի մասին «փշոտ» հարցը միակն է, որին ի պատասխան չի կարողացել չսրտնեղել ու անգամ վրդովուել:
«Այդ օրը Թալինում սեղանից վեր կացայ ու ասացի՝ մենք 100 տարի ձեզանից յետոյ մնացինք այդ լեռներում՝ չորս կողմը քրտեր, ու հայ մնացինք: Ոչ մէկը մեր տեղը չիմացաւ: Հիմա Հայաստանում եմ, ձեր դուռն եմ եկել, եկել եմ իմ եղբայրներին փնտռեմ, դուք ինձ ասում էք՝ հայերէն ինչո՞ւ չես խօսում, քեզնից ի՛նչ հայ: Մի պահ սառեցին, քար լռութիւն տիրեց: Պարոն Պօղոսեանը ասաց՝ նա ճիշդ է ասում», յուզմունքով յիշում է պարոն Տեմիրը, ում պատմութիւնը ճշդութեամբ արտացոլում է Արեւելեան Հայաստանից Սփիւռք ու Արեւմտեան Հայաստան ձգուող ու պատռուած շղթայի բեկորներն ու դրանց՝ թէկուզ հոգեւոր վերամիաւորման սպասումը, ինչպէս նաեւ այդ սպասման մէջ առանձնայատուկ դիրք գրաւող յամառագոյն, մի քիչ փոթորկուն, մի քիչ զգացմունքային ու կոշտ, բայց երբեք խռովել չիմացող սասունցիների դիրքը, որոնց լեռներից իջնելուց յետոյ չի փոխել ո՛չ Սթանպուլեան քաոսը, ո՛չ էլ դժուարութեամբ, բայց ժամանակին հասած նիւթական հսկայ յաջողութիւնները:
Հայկական դպրոց այդպէս էլ չգնացած, բայց «հայերէնի գինը» իրենց երեխաներին Սթանպուլի հայկական վարժարաններում գրանցելու համար Սասունից Սթանպուլ երբեմն ոտաբոպիկ հասնելով, Պոլսի հայկական եկեղեցիների աստիճանները չոքեչոք բարձրանալով, գիշերը պոլսահայ ոսկերիչների արհեստանոցներում լուսացնելով, իսկ ցերեկը փոքր քոյր-եղբայրներին կամ երեխաներին հայերէնի դասերի համար Սթանպուլի միւս ծայրը հասցնելով վճարած սասունցիների սերնդի մի քանի ներկայացուցիչ Սթանպուլի «Փակ շուկայի» ոսկերչական խանութների հսկայական պողոտայի սրտում գտնուող արհեստանոցում նստած միաժամանակ պատմում են, որ եւ Հայաստանում եւ Սփիւռքում իրենց դեռեւս օտար են ընկալում, սակայն «փոքր ազգ ենք ու իրարից հաշիւ պահանջելու, իրարից երես թեքելու ո՛չ ժամանակ , ո՛չ էլ ճար ունենք»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.