Մի շերեփ լոյս
- (0)

Օրն աւարտուել էր, գիշերն իր սեւ թաւշեայ քօղով ծածկել էր պատուհանիցս այն կողմ երեւացող նեղլիկ փողոցը, որտեղ իրար նայող շէնքերի պատուհաններից հատ ու կենտ երեւացող լոյսերը կարծես գիշերուայ մթում շաղ տուած աստղեր լինէին, որ տեսել էին փողոցի անցուդարձը, գիտէին ամէն անցորդի անգամ քայլուածքը, լսել էին նրանց ուրախ ու տխուր պատմութիւնը։
-Ինչպէ՞ս է փողոցի անունը,- հարցրեցի։
-Պուրճ Համուտի նշանաւոր Արաքս պողոտան է։ Քիչ մը անդին Քառասուն Մանկանց եկեղեցին ու դպրոցն է։
«Վասն հաւատքի նահատակուած քառասուն մանկունք», մտքերով նայեցի լուսնին՝ արծաթափայլ ու խորհրդաւոր, որ գիշերուայ լռութեան խորքում գծել էր անձայն փողոցի ուրուագիծը։
Լուսինը նայում էր վերից, հին ու իմաստուն, նա տեսել էր աշխարհում ամէն բան։
Նրա խաղաղ լոյսն ասես ուզում էր խօսել մտքերիս հետ, պատմել անցեալի մասին, գուցէ իմ, գուցէ ուրիշի, յիշել մոռացուածն ու չմոռացուածը։
Պատուհանների թոյլ լույսերը կարծես լուսնի հետ կռուի մտած, լուսնից փորձում էին խլել ուշադրութիւնս, բայց միտքս նրա հետ էր, ի՞նչ ունեն պատմելու…
Յանկարծ նկատեցի մի կին, որ մտածեցի սիրիացի գաղթական է, (այդ օրերին քաղաքը լեցուն էր սիրիացի գաղթականներով), երեք փոքրիկներով, ծուարել է շէնքի անկիւնում եւ փորձում էր մեղմել գրկում հազիւ լացող փոքրիկի ձայնը, իսկ շուրջը նստած երկու փոքրիկները՝ ձեռքերին պարզել էին պնակներ՝ սպասելով, ով կը գթայ մի շերեփ ճաշ։
Հասկացայ, ի՞նչ էին ուզում պատմել լուսինը։
Չէ՞ որ նա տեսել էր հայ որբուկներին, տեսել նրանց աչքերի խոր ու անծայր լռութիւնը, տեսել նրանց կարօտով ու սպասումով անցնող մանկութիւնը, տեսել նրանց ամէն օր մարող կամ ծնուող մի երազանք ու դարձել նրանց անաստղ աչքերի փայլող լոյսը, նրանց կարօտ սրտի յոյսի շողը, գիշերուայ խաւարի մէջ նրանց ճանապարհը լուսաւորողը։
Աշխարհը չափազանց դաժան ու ծանր թուացող որբուկներին լուսինը շշուկով ցոյց էր տուել, որ ամենամութ գիշերում անգամ լոյս կայ, երկնքից ժպտացել նրանց ու իր անհաս լոյսով օգնել էր որբուկներին գտնել ջերմ ձեռքեր, հոգատար ժպիտ, տաքուկ անկիւն, պնակ մը կերակուր, գթութեան խաչ…
Լուսինը պատմում էր ու պատմում…
Լսւում էր գիշերուայ վերջին շնչառութիւնը, պատուհանների լոյսերը խլացել էին դանդաղ բացուող լուսաբացի գոյների մէջ։ Նեղլիկ փողոցն արթնացել էր քնից, լցուել աղմուկով։ Արեւն, ինչպէս օրհնութիւն, ողջունում էր նոր օրուայ գալուստը, որին այնպէ՜ս անհամբեր սպասում էի ես։
Խճողուած ու աղմկոտ փողոցի խաչմերուկին հպարտ ցուցանակն էր, որ նշում էր այն ճանապարհը, որ տանում է դէպի գթութիւնը բիւրեղեայ սիրտ՝ Լիբանանի Օգնութեան Խաչ։
Այս տաքուկ դռներից ներս որքա՜ն ցաւացող սրտեր դարման են գտել, որքա՜ն հոգսեր են թեթեւացել, որքա՜ն մարած լոյսեր վառուել, որքա՜ն անօթեւաններ օթեւան ունեցել, ջերմութեամբ լցուել, եւ որքա՜ն որբուկներ իրենց սրտում ապրելու ուժ ու հաւատ գտել…
Անցնում էի սենեակից սենեակ, այնտեղ մեկդարեայ գթութեան խաչն էր, այդ սենեակներում Աստծոյ պարգեւ մարդկային խիղճն էր, բարիութիւնը, որ սրտէ սիրտ փոխանցուելով՝ դարձել էր կանթեղ, հաւատո ջահ, գծել իր անշեղ ուղին՝ ժողովրդիս հետ, ժողովրդիս համար։
Եւ ահա մի սենեակ, որտեղ լսում եմ հոգուս հարզատ կրկնուող մի բառ՝ ընկերուհի։ ԼՕԽ-ի Շրջանային վարչութեան սենեակն է, ուր աշխոյժ աշխատանքային քննարկում էր։
Իրենց ազնիւ ու անկեղծ նուիրուածութեամբ, արդէն դար է այս հայուհիները պահել ու փոխանցել են գթութեան փարոսը, եղել են ջատագովներ մեր ինքնութեան պահպանման, մեր մշակոյթի տարածման, դարձել հայուհու իրական խորհրդանիշ։
-Գթութեան խաչը զոհողութեան եւ համբերութեան միասնութիւնն է, լոյս՝ յուսահատութեան մէջ,- ասում է Շրջանային վարչութեան ատենապետուհին՝ Սիլվա Սապունճեանը, եւ շարունակում,- ԼՕԽ-ի աշխատանքը պարզապէս օգնութիւն չէ. հոգու ջերմութիւն է, ժամանակի ու հոգատարութեան նուիրում։
-ԼՕԽ-ի աշխատանքը մարդկային կարեկցանք է, մի տեսակ նման է անտեսանելի աղօթքի,- յաւելում է Սեւան Կարապետեանը։
-Սա «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կեդրոնն է, իսկ սա «Վարդուհի Տեկիրմէնճեան» խոհանոցը,- ներկայացնում էին ընկերուհիները։
Խոհանոցում ճաշ էր պատրաստւում՝ «Պնակ մը կերակուր»…
Զգացի ինչպէս անցեալը ներկայ դարձաւ, լսեցի ինչպէս են այդ պատերը՝ որբուկների ձայնով պատմում պնակ մը կերակուրի համը, նրանց խոր հայեացքում տեսայ անցեալի բոլոր խօսքերն ու չասուած յոյզերը, զգացի նրանց մեղմացած ցաւը, բուժուած վէրքը, տեսայ որբուկների դէմքին ժպիտ, որ ասում էր՝ գտել եմ մօրս։
Ուրախութիւնս ու յուզմունքս միախառնուել էր. ես տեսայ եւ լսեցի անձնուէր հայուհիների սրտով ու հոգով նուիրումը ԼՕԽ-ի առաքելութեանը, իր ժողովրդին, մարդուն՝ առհասարակ։
Օրը վերջանում էր, արեւածագի շողերը աստիճանաբար թուլանում էին։
Պատուհանից շշնջում էր նեղլիկ փողոցի քամին՝ ծածուկ խօսքեր հասցնելով հեռաւոր անցեալից, ուր որբուկները քայլում էին՝ սրտերում ուժեղ մի հաւատ, որ պէտք է ապրել, իսկ ձեռքերին սեղմած իրենց մանկութեան ուրախ ու տխուր յիշողութիւնները, որոնց վկան էր եղել լուսինը, որ թողել էր նրանց համար լուսէ հետքեր գիշերուայ մթութեան մէջ։
Արմինէ Մուքոյեան
2025 թ.
Յետ գրութիւն.
Յատուկ շնորհակալութիւն նուիրեալ ՀՕՄ-ուհիներ՝ Նելլի Վէքիլեանին, Սիլվա Սապունճեանին, Իսկուհի Գաբլանեանին, Սեւան Կարապետեան Ադամեանին, Սիլվա Գարակէօզեանին, Սիլվա Կիւլտալեանին, Սարին Յարութիւնեանին, Թալին Ուրիշեանին, Ազատիկ Տաղլեանին, Անի Աւետանեանին, Լոռի Եագուպեանին եւ Մարալ Երէցեանին, ջերմ հիւրընկալութեան եւ Լիբանանի Օգնութեան Խաչի բեղուն գործունէութեանը ծանօթացնելու համար։
