ՀՀ նախագահի պատասխանը Էրտողանի հրաւէրին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը` ի պատասխան Թուրքիոյ նախագահ Ռեճէփ Թայիպ Էրտողանի նամակին, ուր Թուրքիոյ նախագահը Հայաստանի Հանրապետութեան Նախագահին կը հրաւիրէ Ապրիլ 24-ին ներկայ ըլլալու Թուրքիոյ մէջ Կալիփոլիի ճակատամարտի հարիւրամեակի յիշատակի հանդիսութիւններուն, պատասխան նամակ գրած է։ Ստորեւ նամակը։
Յարգելի պարոն Նախագահ,
Ստացայ Կալիփոլիի ճակատամարտի հարիւրամլակի յիշատակի միջոցառումներին մասնակցելու՝ ինձ ուղղուած Ձեր հրաւէրը:
Յիրաւի, Առաջին աշխարհամարտը մարդկութեան պատմութեան ամենազարհուրելի էջերից է, որ միլիոնաւոր անմեղ մարդկային կորուստների և ճակատագրերի խեղման պատճառ դարձաւ:
Կալիփոլիի ճակատամարտի մասնակից էր նաև Օսմանեան կայսրութեան զօրքերի հայազգի հրետանաւոր, կապիտան Սարգիս Թորոսեանը. սպայ, որ նուիրուել էր կայսրութեան պաշտպանութեան ու անվտանգութեան ապահովմանը և հաւատարիմ ծառայութեան ու սխրանքների համար Օսմանեան կայսրութեան կողմից արժանացել էր ռազմական պարգևների: Մինչդեռ, նոյն թուականին իր գագաթնակէտին հասած՝ Օսմանեան կայսրութեան կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապէս ծրագրուած և իրականացված զանգուածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսեանին: Ցեղասպանութեանը զոհ գնացած մեկուկէս միլիոն հայերի թւում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանուեցին, իսկ քոյրը մահացաւ Սիրիայի անապատում:
Հենց նախադէպը չունեցող այդ կոտորածի արդիւնքում էր, որ Ռաֆայէլ Լեմքինը ստեղծեց «ցեղասպանութիւն» եզրոյթը, և դրա անպատժելիութիւնն էր, որ հող նախապատրաստեց Հոլոքոստի և Ռուանտայում, Քամպոջայում ու Տարֆուրում ցեղասպանութիւնների համար:
Ըստ Ձեզ՝ Կալիփոլիի մարտերը ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ աշխարհի համար պատերազմից ծնունդ առած բարեկամական յարաբերութիւնների առանձնայատուկ օրինակ են, իսկ ճակատամարտի դաշտը՝ պատերազմի դառը ժառանգութեան մասին յիշեցնող խաղաղութեան և բարեկամութեան յուշարձան: Մի կողմ թողնելով բոլորին քաջ ՚յայտնի Կալիփոլիի ճակատամարտի նշանակութիւնը կամ Թուրքիայի վիճահարոյց դերակատարութիւնը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում՝ անհրաժեշտ է յիշել, որ խաղաղութիւնը և բարեկամութիւնն առաջին հերթին պէտք է հիմնուած լինեն սեփական անցեալի հետ առերեսման խիզախութեան, պատմական արդարութեան, ինչպէս նաև համամարդկային յիշողութեան՝ ոչ թէ ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրայ:
Աւա՜ղ, Թուրքիան շարունակում է ժխտողականութեան իր աւանդական քաղաքականութիւնը և տարեցտարի «կատարելագործելով» պատմութեան աղճատման իր գործիքակազմը՝ Կալիփոլիի մարտերի հարիւրամեակն այս տարի առաջին անգամ նշում է Ապրիլի 24-ին, այն դէպքում, երբ դրանք սկսուել են 1915 թուականի մարտի 18-ին և շարունակուել մինչև 1916 թուականի Յունուարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Կալիփոլիի ցամաքային մարտերը սկսուել են ապրիլի 25-ին: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթէ ոչ համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև յիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ աւելի կարևոր պարտականութիւն ունէր սեփական ժողովրդի և ողջ մարդկութեան հանդէպ, այն է՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը:
Ուստի, խորհուրդ կը տայի համաշխարհային խաղաղութեանն ուղղուած Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղերձ յղել աշխարհին՝ ոգեկոչելով մէկուկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը: Իւրաքանչիւրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթիւրումից զերծ իրական պատմութիւնը՝ այդ կերպ կանխելով ոճրագործութիւնների կրկնութիւնն ու հող նախապատրաստելով ազգերի, յատկապէս հարևան ազգերի միջև մերձեցման և հետագայ համագործակցութեան համար:
Յ.Գ. Ձերդ Գերազանցութիւն, դեռևս մի քանի ամիս առաջ հրաւիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թուականի ապրիլի 24-ին միասին յարգելու Հայոց ցեղասպանութեան անմեղ նահատակների յիշատակը: Մեզ մօտ ընդունուած չէ հիւրընկալուել հրաւիրուողին՝ առանց սեփական հրաիէրի պատասխանը ստանալու: