ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի ելոյթը Հալէպի մէջ կայացած ՀՅԴ 124-ամեակի հանդիսութեան


– Հալէպ, 17 Դեկտեմբեր 2014 –

Ամէն անգամ, երբ Դաշնակցութեան օրույ առիթով պէտք է խօսք ասեմ, երկմտում եմ՝ խօսե՞լ կատարուած աշխատանքների մասին թէ` ոչ: Մտածում եմ` հնարաւո՞ր է արդեօք օրույ խօսքի տրամաբանութեան սահմաններում, նոյնիսկ հպանցիկ անդրադառնալ կատարուած բազմերես, ծաւալուն աշխատանքների անգամ խորագրերին:

Եւ մի՞թէ դրա անհրաժեշտութիւնը կայ: Այդ ե՞րբ ենք խօսել մեր արածների մասին, այդ ե՞րբ ենք պարծեցել մեր գործերով: Մանաւանդ, որ այն, ինչ արուել է, արուել է բաց ու թափանցիկ, արուել է ձեր աչքի առջեւ: Լաւ, թէ վատ, կարող եք որոշել եւ վստահ եմ, արդէն որոշել եք ինքներդ: Ուստի անցնենք առաջ` աւելորդ ժամանակ չվատնելով էժան քարոզչութեան վրայ:

Մեր օրը շատ նման է մեր ժողովրդի օրին. լաւ օրի է մեր ժողովուրդը, լաւ ու յաջող ենք նաև մենք, դժուարութիւններով լեցուն է մեր ժողովրդի կեանքը, նոյնն է մեր վիճակը։ Դա թերեւս այդպէս է, որովհետեւ մեր գոյութեան իմաստը, ուժի միակ աղբիւրը մեր ժողովուրդն է։

Իսկ ժողովրդի այսօրուայ օրը մեկ բառով կարելի է բնութագրել իբրեւ հակասական: Բարդ, դժուարութիւններով լեցուն, բայց միաժամանակ յուսալի:

Այս վիճակին ոմանք նայում են հոռետեսօրէն, ամէն ինչ տեսնում են սեւ, դառնանում են ու չարանում, ոմանք էլ անիմաստ լաւատես են` նայում են գունաւոր ակնոցներով ու եղած-չեղածի համար ծափահարութիւններ շռայլում։ Կան նաեւ երրորդները, ովքեր համակերպւում են եւ դիտորդի դեր ստանձնում:

Բայց մենք՝ Դաշնակցութիւնը այդ խմբերից և ոչ մէկին չի պատկանում… մենք երբեք չենք եղել եւ չենք լինելու համակերպուողի եւ դիտորդի կարգավիճակում: Մենք ունենք նպատակ, ծրագիր և պայքարի կամք` այդ նպատակն ու ծրագիրը իրականութիւն դարձնելու համար: Մեր կեանքում առկայ դժուարութիւնները, բացասական երևոյթները, նոյնիսկ ժամանակաւոր ձախողումները մեզ համար յուսահատութիւն և նահանջի կամ ծայրայեղական հակազդեցութիւնների պատճառ չեն դառնում: Նման երեւոյթները, հակառակը, մղում են ճիգ ու ջանք թափելու, քրտնաջան աշխատանքի եւ պայքարի: Միեւնոյն ժամանակ, մենք հեռու ենք ձեռքբերումներով ու փոքրիկ յաղթանակներով ոգեւորուելուց: Քանզի գիտակցում ենք, որ դրանք ընդամենը մի քայլ են դէպի հայ ժողովրդի այն ապագան, որը մենք կերտում ենք:

Ակ՚ներեւ է, որ մենք ապրում ենք մի բարդ ժամանակաշրջանում, ուր աշխարհը այնքան է փոքրացել, որ ամ՚էն ինչ դարձել է մեզ հասանելի, ամէն ինչ ազդում է մեր կեանքի վրայ: Բայց միեւնոյն ժամանակ աշխարհն այնքան է մեծացել, որ ցանկացած հարց առնչւում է մի շարք համընդհանուր հարցերի և այլեւս անհնար է մեկուսանալով ամեն ինչից, հաշվի չնստելով ոչ մեկի հետ «սեփական գլխիդ ճարը տեսնել»։

Միջազգային քաղաքականութեան հակադրութիւնների խորացման ժամանակաշրջան ենք ապրում։ Սառը պատերազմ յիշեցնող ժամանակաշրջան։

Այն հասկանալիօրէն չի կարող չազդել մեր տարածաշրջանի վրայ, ուր առկայ են չլուծուած խնդիրներ, եւ ուր կայ շահերի բախում: Ուստի մենք պարտաւոր ենք հաշուի առնել մեծ հակադրութիւնների մէջ ներքաշուելու և օգտագործուելու հաւանականութիւնն ու վտանգը։

Սակայն զուգահեռաբար, երբ խնդրոյ առարկա է ՀՀ եւ ԼՂՀ համապարփակ եւ հավասարակշռուած անվտանգութեան համակարգի պահպանման հրամայականը, Հայաստանը չի կարող հաշուի չնստել գերտէրութիւնների շահերի հետ, եթէ անգամ դրանով ընկնում է արտաքին որոշակի ճնշումների տակ:

Այստեղ է, որ մեծապէս կարեւորւում է ճիշդ մանեւրելու, ճկուն եւ իրատեսական քաղաքականութիւն վարելու կարողականութիւնը: Այդ հնարաւորութիւնը Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող են ձեռք բերել միայն երկրի ներսում կայուն քաղաքական, ընկերային, տնտեսական վիճակ ապահովելու ճանապարհով: Այլընտրանք պարզապես չկայ:

Դժբախտաբար այստեղ ամէն ինչ չէ, որ լաւ է: Հայաստանի ներքաղաքական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։ Գիտակցաբար չեմ ուզում աւելորդ անգամ ևս անդրադառնալ երկրի ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին, մեզանում առկայ բացասական երևոյթներին:

Վստահ եմ այնքան շատ էք լսել այդ մասին, որ ասածս ոչ մի բան չի աւելացնելու: Իսկ եթէ փորձեմ արդարացումներ փնտռել բացարձակ մռայլ տպաւորութիւնների համար, կեղծաւորութիւն արած կը լինեմ, ուստի կը խուսափեմ դրանից եւս: Միայն պիտի բաւարարուեմ փաստելով՝ երկրում առկայ այդ մտահոգիչ պայմանները նպաստաւոր հող են ստեղծում հասարակական արդարացի դժգոհութեան, քաղաքական անկայունութեան և առճակատման համար։ Եւ սրանից լաւագույնս փորձում են օգտուել այնպիսի ուժեր, որոնց համար մեր ժողովրդի ծանր վիճակը լոկ միջոց է իրենց անձնական, խմբակային շահերի ապահովման համար։

Հայաստանի ներքաղաքական նման իրավիճակի հիմնական պատճառը քաղաքական դաշտի անկատարութիւնն է եւ գաղափարազրկութիւնը:

Սա, ինչ խօսք, ձեռնտու է որոշ օտար ուժերին: Եւ զարմանալի չէ, որ այս պայմաններում նրանցից իւրաքանչիւրը ձգտում է ամրապնդել սեփական դերակատարութիւնը: Դա անում է` ներքին կացութիւնը սրելով, նորանոր ինտրիգներ հրահրելով, մի կողմից թոյլ տալով, որ Հայաստանը վարի արտաքին փոխլրացնող և հաւասարակշռող քաղաքականութիւն, իսկ միւս կողմից մխրճելով պետութիւնը ներքին առճակատման մէջ, կամ յաւելեալ կախման վիճակի մէջ դնելով մի բևեռից, եւ կամ հասունացնելով մի նոր «գունաւոր յեղափոխութիւն»։

Բացի վերոնշեալ բացասական զարգացումներից, հարկ է նկատի առնել ադրբեջանաթուրքական տանդեմի ակնյայտ քաղաքական յաջողութիւնները մեզ համար կենսական երեք ուղղութիւններում. ԵՄ խորհրդարանական կառոյցներ, ՆԱԹՕ եւ Ադրբեջան- Ռուսաստան երկկողմ յարաբերութիւններ:

Այս բարդ միջազգային, տարածաշրջանային եւ ներքին քաղաքական իրավիճակում և ձեզ ծանօթ ազգային ժառանգութլամբ, մենք փորձ ենք անում որակական մի վիճակից անցում կատարել դէպի որակական մի այլ վիճակ` ազգովի ունենալով հարցեր, որոնք պէտք է լուծենք միմեանց օգնելով, ամբողջացնելով, ինչու չէ` իրար հետ մրցելով, եղած սխալները քննադատելով, այդ սխալները սրբագրելու ելքեր գտնելով: Սակայն այդ ամէնը պէտք է անենք այնպէս, որ «ունքը շտկելու տեղ աչքը չհանենք»։

Մենք անցման շրջանում ենք, մեզ պէտք է ներազգային ակտիվ մթնոլորտ, սակայն այն հեռու պէք է լինի անհանդուրժողականութիւնից, բացասական էներգիայից, թոյնից ու թշնամանքից։ Աշխատանքով, պայքարով պէտք է հարթենք մեր զարգացման ուղին։ Մեզ օդի պէս անհրաժեշտ է ակտիվ, բայց դրական մթնոլորտ։

Անցման այդ փուլը կաեանալու է նոր Սահմանադրութեան ընդունումով: Եկէք արձանագրենք, որ մեզ պատմական հնարաւորութիւն է ընձեռված: Նոր Սահմանադրութեան ընդունումով է, որ երկրում մենատիրութիւնը, անձի իշխանութիւնը պէտք է փոխարինուի հաւաքական իշխանութեամբ, իսկ թէ որքանով այդ իշխանութիւնը կ՚արտայայտի ժողովրդի կամքը, արդէն յաջորդ քայլն է, որի մասին մենք պէտք է մտածենք: Իսկ առայժմ եկէք ընդունենք, որ ներքաղաքական եւ հասարակական հակադրութիւնների ներդաշնակման եւ ժողովրդի ներուժի ճիշդ կազմակերպման համար նախեւառաջ անհրաժեշտ է կառավարման խորհրդարանական համակարգի որդեգրումը:

Նոր Սահմանադրութիւնն է, որ պէտք է երաշխաւորի երկրում ստուերային իշխանութեան բացառումը` տնտեսական լինի այն թէ քաղաքական, առճակատման մթնոլորտի ու «գունաւոր յեղափոխոթիւնների» բացառումը։ Նոր Սահմանադրութիւնն է, որ երկիրը պէտք է դնի զարգացման, ժողովրդավարութեան ու սոցիալական արդարութեան ուղու վրայ։

Չէի կամենայ, բայց ստիպուած եմ անդրադառնալ նրանց, ովքեր դէմ են նոր Սահմանադրութեանը: Ես ցաւով եմ նշում, որ նրանք ոչ միայն խաբում են իրենք իրենց, այլեւ փորձ են անում ապակողմնորոշել ժողովրդին` իրենց «վերարտադրման» եւ այլ հեքիաթներով: Նրանք ինքներն իսկ լուրջ չեն վերաբերւում իրենց փաստարկներին ու հենց այդ պատճառով խուսափում են ցանկացած քննարկումից ու բանավեճից:

Բայց միով բանիւ նրանք մեր քաղաքական դաշտի մի բաղկացուցիչ մասն են, եւ մեր պարտքն է յարգանքով վերաբերուել նրանց ու յարգանքով էլ թոյլ չտալ, որ ոչ իրենք շեղուեն ճիշդ ուղուց, ոչ էլ , առաւել եւս, ժողովրդին շեղեն: Եւ մենք դա անպայմանօրէն կ՚անենք:

Ինչպէս առիթ ունեցայ վերը նշելու, Հայաստանի ներքաղաքական խնդիրների հիմնական պատճառը քաղաքական ուժերի անկատարութիւնն է ու գաղափարազրկութիւնը:

Մենք հիմնականում գործ ունենք ոչ թէ քաղաքական ուժերի այլ սոսկ անհատների ու անձերի ստեղծած կազմակերպութիւնների ու նրանց շուրջ համախմբուած մարդկանց հետ։

Քաղաքական դաշտի գաղափարականացումը լուրջ անհրաժեշտութիւն է։ Եւ Դաշնակցութիւնը, ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա, պատրաստ է օրինակ ծառայել:

Քաղաքական կեանքի գաղափարականացման, ներհասարակական զարգացումներն արիւնալի ցնցումներից զերծ պահելու հրամայականով, ՀՅԴ-ն պէտք է իր ընթացիկ քաղաքական ուղեգծի հենք շարունակի համարել երկրի քաղաքական կառուցուածքի արմատական եւ հիմնարար փոփոխութեան պահանջը: Մեր գործընկեր քաղաքական կուսակցութիւնների հետ մեր յարաբերութիւնները կառուցելիս առաջնային պիտի համարենք հենց վերոնշեալը:

Անցման այս շրջանում եւ տարածաշրջանային ներկայ պայմաններում, որեւէ արկածախնդիր քայլ յղի է անկանխատեսելի հետեւանքներով, ուստի թէ իշխանութիւնները եւ թէ ընդդիմութիւնը պէտք է առաւել քան զգօն լինեն, իսկ հակառակ պարագայում պարագլուխները անձամբ ժողովրդի, հայրենիքի, պատմութեան եւ մեր առաջ պատասխանատու են համարուելու:

Այդուամենայնիւ, այսօր այսպէս Հայոց ցեղասպանութեան 100 – ամեակի շեմին մենք աշխարհին ներկայանում ենք հետևեալ իրավիճակով. Հայոց զոյգ պետականութեամբ։ Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում Արցախ-ՀՀ-Սփիւռք համախմբուածութեամբ: Համոզուած եղէք, սա բաւարար նախապայման է առաջ գնալու եւ յաջողելու: Եւ եթէ Հայաստանում անցման շրջանը կարելի է բնորոշել՝ անցում դէպի զարգացման ժամանակաշրջան, ապա Հայոց ցեղասպանութեան պայքարում՝ անցում դէպի պահանջատիրութիւն։

Բոլորս միասին մեծ անելիք ունենք։ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ամենուր ակտիվացել է, այլևս միջազգային ասպարէզում մենք մենակ չենք, այլ ամենուր բախւում ենք այդ հզօր տանդեմի հակազդեցութիւնը: Անհրաժեշտ է վերակազմակերպել սփիւռքեան մեր հնարաւորութիւնները և մեր պետութեան համագործակցութեամբ ծաւալել նոր որակի աշխատանք։

Հայկական Սփիւռքը ունի քաղաքական, բարոյական մեծ նշանակութիւն և դերակատարութիւն հայկական ռազմավարութեան մէջ։ Կազմակերպուած Սփիւռքը, նոր սերնդի հայեցի դաստիրակութիւնը ու համախմբումը համահայկական հարցերի շուրջ մեր ուժի բաղկացուցիչ մաս է… ուստի նոր շունչ, նոր թափ պէտք է հաղորդել Սփիւռքի նպատակային վերակազմակերպման գործին։

Ելոյթիս այս հատուածում ուզում եմ անդրադառնալ սուրիահայ իրականութեանը: Հաւատացեք, չափազանց դժուար է խօսք ասել սուրահայերին, մանաւանդ այստեղ, Սուրիայում: Ես շատ լաւ հասկանում եմ, որ այն, ինչի կարիք հիմա ունէք, խօսքը չէ:

Բայց եւ այնպէս…

Երբեմն պատահում է այնպէս, որ դու յայտնւում ես իրադարձութիւնների յորձանուտում, պայքարի կիզակէտում, որոնք քոնը չեն: Դու այստեղ ոչ մի առնչութիւն ու շահ չունես, բայց հետեւանքները ցաւալիօրէն կրում ես:

Սուրիային պատերազմ է պարտադրուել, Սուրիան ու սուրիացին այս պարտադրուած պատերազմում շահ չունեն: Իրենց Աշխարհի «տէր» համարողները, փորձում են տարածաշրջանային խամաճիկ «տէր»եր սնանել. Գինը վճարում են ժողովուրդները, ու այս ամէնի շարքում նաեւ մենք` հայերս:

Դուք միշտ կանգնած եք եղել եւ շարունակում էք կանգնած մնալ այս երկրի անկախութեան, հողային ամբողջականութեան ու օրինականութեան կողքին: Կանգնած էք եղել հաւատարմութեամբ ու քաղաքացիական պատասխանատուութեամբ: Դուք եղել էք Սուրիայի պարտաճանաչ քաղաքացիներ ու Սուրիայի ժողովրդի բարօրութեան, զարգացման, ազատութեան ու միասնականութեան ջատագովը: Փառք ու պատիւ Ձեզ:

Այս փորձութիւնից, պարտադրուած այս պատերազմից, անկասկած, դուրս էք գալու պատուով ու համեմատութեան մէջ նուազագոյն կորստով:

Հայկական դիմադրութեան ճակատի մէկ ուղղութիւնը անցնում է հայկական Հալէպի միջով: Սա դիմադրութեան այն ճակատն է, որտեղ իւրաքանչիւր հայ, հայկական իւրաքանչիւր հատուած ու կազմակերպութիւն յանձնառութիւն պէտք է ունենայ, եւ բացակայութիւնը այս պայքարից համազօր է դասալքութեան:

Մեզ համար ամէն ինչից վերն ու ամէն ինչից կարեւորը սուրիահայութեան ֆիզիքական անվտանգութիւնն ու պատուով այս դժուարութիւնների յաղթահարումն է: Եւ դա բոլորի հոգսն ու նպատակն է: Հայ ժողովուրդը մէկ բռունցք պիտի լինի, իբրեւ կազմակերպական միասնական մէկ մարմին աշխատի, որպէսզի հնարաւոր դառնայ, սուրիահայը յաղթահարի իր գոյապահպանման մարտահրաւէրները, որպէսզի բոլոր-բոլորը` աշխարհը հասկանայ մեր` սուրիահայութեան իրավիճակը, մեր կաշկանդումները, սահմանափակումներն ու իւրայատկութիւնները:

Այո մենք ազգովի ամէն ինչ պէտք է անենք, կարելիութիւններ, հնարաւորութիւններ գոյացնելով, քաղաքական-յարաբերական ընդհանուր աշխատանք ծաւալելով, որպէսզի պարտադրուած կռւում, ուրիշի կռւում ոչ միայն չվտանգուի մեր ֆիզիքական գոյութիւնը, այլեւ մեր պատիւը: Եւ դրա միակ գրաւականը մեր համախմբուածութիւնն է, մեր խիզախութիւնը եւ մեր արմատների ամրութեան գիտակցումը:

Մեր ժողովուրդը անընդհատ փորձութիւններ է յաղաթահարում. Հայրենիքում եւ հայրենիքից դուրս: Ես հասկանում եմ, որ հեշտ է ասել` դժուար է դիմանալ, բայց միեւնոյն է պէտք է ասեմ` դիմացէք: Այս փորձութիւնն էլ կը յաղթահարուի:

Գօտեպնդուէք նրանով, որ ձեր թիկունքում մի ամբողջ ազգ է կանգնած աշխարհի ամենաազդեցիկ վայրերում, գօտեպնդուէք, որ ձեզանից ոչ շատ հեռու ձեր անկախ հայրենիքն է, որը հատու քայլեր է վերցնում համահայկական օրակարգերի լուծման ի խնդիր:

Գօտեպնուէք, այս ժամանակահատուածի մեր ազգային ձեռքբերումներով ու հզօրութեամբ:

Մեր ազգային այս ժամանակահատուածը բնորոշուելու է, յիշուելու է 42 հազար քառակուսի քիլոմեթր, ազատ ու անկախ Արցախով ու Հայաստանի Հանրապետութեամբ:

Յիշուելու է Հայոց Ցեղասպանութիւնից փրկուած արեւմտահայութեան սերունդների հերոսական աշխատանքով, հզօրացած եւ իր ուժը գիտակցող, համախմբուած հայկական Սփիւռքի մեծ ներուժով: Յիշուելու է Հայաստանի Հանրապետութիւն-Արցախ-Սփիւռք անքակտելի միասնութեամբ:

Սիրելիներ,

Այսօր մեք հաւաքուել ենք նշելու մեր կազմակերպութեան` ՀՅԴ 124-րդ տարելիցը:

124 տարի մեր կուսակցութիւնը վերը նշուած տեսլականով է գործել: Հաւատացել ու հաւատում ենք, որ քայլ առ քայլ հասնելու ենք մեր հայրենիքի ամբողջական անկախացմանը, մենք մեր սերունդների իրաւունքի հաշուին ոչինչ չենք զիջելու, պայքարել ու պայքարելու ենք յանուն արդար ազատ Հայաստանի կառուցման, ուր ժողովրդավարութիւնը, մարդկային իրաւունքների յարգումն ու քաղաքակրթական միւս արժէքներ բնականօրէն ընդունուած են լինելու եւ հիմք են հանդիսանալու մեծ ազգային նպատակի շուրջ համայն հայութեան համախմբման եւ զօրակցութեան համար:

Դրա երաշխիքը մեր անկախացած եւ ուժեղացող պատականութեան գոյութիւնն է:

Ոչ ոք թող ոչինչ չխնայի ապահովելու համար հայրենիքի անվտանգութիւնը, զարգացումն ու ամրապնդումը: 


Leave a Comment

You must be logged in to post a comment.