Ադրբեջանցի Դիւերսանտը Պատմել Է Հայ Պատանու Սպանութեան Մասին


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Նիուզ».- Ադրբեջանական հետախուզական-դիւերսիոն խմբի անդամ Շահբազ Գուլիեւը որոշ մանրամասներ է պատմել ԼՂՀ Շահումեանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականեանի սպանութիւնից:
Յիշեցնենք, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում Հոկտեմբերի 27ին սկսուել է ադրբեջանական հետախուզական-դիւերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի դատավարութիւնը, որն ընթանում է ԼՂՀ առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան դատարանում՝ դատաւոր Անատոլի Թադեւոսեանի նախագահութեամբ:
Չնայած ցուցմունքների անհետեւողականութեանն ու խառնափնթորութեանը, ինչի պատճառը հիմնականում ռուսերէնի վատ իմացութիւնն է, Գուլիեւը յայտնել է, որ Ասկերովի հետ ծանօթացել է 1992թ. Լաչինում: Ծանօթութիւնից յետոյ Գուլիեւը կէս տարի Լաչինի հիւանդանոցում բուժեղբայր է աշխատել, յետոյ աշխատանքի է անցել Մարտակերտում, այնուհետեւ՝ Միրբաշիրում: 1990ականների վերջին Գուլիեւը մեկնել է Ռուսաստան աշխատելու: Այնտեղ բանտում 6 տարի է անցկացրել ինչ որ կողոպուտի համար, որն իր աւտոմեքենայով էր կատարուել, սակայն յետոյ արդարացուել է: Պերմում Գուլիեւը ծանօթացել է 2004թ.ից իր կինը դարձած Ալբինայի հետ: Նոյն թուին նա վերսկսել է ծանօթութիւնը Ասկերովի հետ, որն առաջարկել է գնալ Ղարաբաղ:
«Բաքու վերադառնալուց յետոյ ես խիստ կարիքի մէջ էի», գանգատուել է Գուլիեւը: Հասան Հասանովի հետ Գուլիեւը ծանօթացել էր 2013ին: Ուշագրաւ է, որ Հասանովը ներկայացել էր որպէս Ադիլ: Նա էլ հէնց բերել էր զէնքը, որով համախոհները ուղեւորուել էին Ղարաբաղ:
«Նրանք ինչ որ բան էին նկարահանում: Ես չգիտեմ եւ ինձ հետաքրքրիր չէր», յայտարարել է Գուլիեւը: Այնուհետեւ մեղադրեալը մանրամասն պատմել է, թէ ինչպէս է խումբը շրջանով գնացել, գիշերել գետերի մօտ, մրգեր հաւաքել: Մի օր Դիլհամը հիւանդացել է: Երբ նա կրկին իրեն լաւ է զգացել, խումբն առաջ է շարժուել: Սմբատ Ցականեանի առեւանգման պահը Գուլիեւը չի տեսել: Որոշ ժամանակ անց (ըստ քննութեան՝ Սմբատ Ցականեանը դիւերսանտների մօտ է մնացել Յուլիսի 4-7ը) Ասկերովը յայտարարել է, որ «տղային պէտք է սպանել»: Գուլիեւը նաեւ պնդում է, որ չի տեսել սպանութեան պահը: Ըստ նրա՝ ինքը շրջուել է կրակոցի ձայնից եւ տեսել, որ տղան ընկած է ճանապարհի մէջտեղում: Գուլիեւը չի տեսել՝ ով է կրակել: Յատկանշական է, որ ըստ քննութեան, զէնքերի վրայ խլացուցիչներ են եղել: Ըստ Գուլիեւի՝ Հասանովը եւ Ասկերովը վիճել են, սակայն չգիտի՝ ինչու: Մեղադրեալը նաեւ պատմել է, թէ ինչպէս են գողացուել զինուորական հագուստը եւ փաստաթղթերը, ինչպէս նաեւ մի ցլիկ:
Խումբը հասել է Քարվաճառ: Այստեղ Ասկերովը տեսախցիկով քաղաք է գնացել, սակայն նրան նկատել են: Նրանք փորձել են թաքցնել հետքերը: Նրանք շան հետ կանգնած մի տղայ են տեսել, որին Գուլիեւը խաբել է, թէ իբր ինքը Վրաստանից է, անունն էլ Ալեքսէյ է: Ընդառաջ է դուրս եկել տղայի հայրը, թէյ կամ սուրճ առաջարկել: Այնուհետեւ եւս երկու տղամարդ են յայտնուել, մէկը՝ զինուորական հագուստով, միւսը՝ քաղաքացիական: Ըստ Գուլիեւի՝ քաղաքացիական հագուստով մարդը յարձակուել է իր վրայ, դրանից յետոյ ինքը ոչինչ չի յիշում:


Leave a Comment

You must be logged in to post a comment.