«Հայաստան-Սփիւռք» Համահայկական 5րդ Համաժողովի Ընդունած Յայտարարութիւնը
Հայաստան-Սփիւռք 5րդ համաժողովը, որը կայացաւ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի նախաշեմին, վերստին հաստատեց, որ Հայաստան-Արցախ-Սփիւռք գործակցութեան յետագայ ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համազգային առաջնահերթութիւնների յստակեցման եւ իրականացման գործընթացին, հայ ժողովրդի անվտանգ գոյատեւմանը, ազգային շահերի ու նպատակների շուրջ հայութեան համախմբմանը:
1.- Ողջ հայութիւնն իր միասնական ջանքերը պէտք է նպատակաուղղի.
– Հայաստանի Հանրապետութեան առաւել զօրացմանը, յետագայ առաջընթացին եւ ապահովութեանը.
– Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի եւ միջազգային իրաւունքի հիման վրայ լուծմանը.
– Սփիւռքի առաւել կազմակերպմանը.
– Ազգային ինքնութեան պահպանմանը եւ աշխարհասփիւռ հայութեան ներուժի համախմբմանը.
– Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը, դատապարտմանը եւ հետեւանքների վերացմանը.
– Հայ եկեղեցու շուրջ հայութեան համախմբմանը,
– Արտակարգ իրավիճակներում յայտնուած հայերի օգնութեանն ու աջակցութեանը:
Մենք՝ համաժողովի մասնակիցներս, նկատի ունենալով աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանի մարտահրաւէրները՝ հռչակում ենք հետեւեալ համազգային առաջնահերթութիւնները՝ որպէս Հայաստան-Սփիւռք գործակցութեան գաղափարական հենք.
1.1.- Հզօր եւ ապահով Հայաստանի կառուցում
Մենք հաստատում ենք, որ միասնական ջանքերով շարունակելու ենք կառուցել ապահով Հայաստան՝ առաւել անվտանգ եւ հզօր դարձնելով այն:
Հայաստանը համայն հայութեան Հայրենիքն է, եւ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը, համահայկական ծրագրերի իրականացումը հնարաւոր են միայն հայութեան մտաւոր, նիւթական եւ կազմակերպչական կարողութիւնների ու հնարաւորութիւնների մէկտեղմամբ, քանզի Հայրենիքի զարգացման, անվտանգութեան համար պատասխանատուութիւն կրում է ամէն մի հայ՝ անկախ բնակութեան վայրից:
Հայաստանում աղքատութեան եւ արտագաղթի մակարդակի կրճատման կարեւոր ճանապարհը պետական-վարչական, ընկերային եւ տնտեսական՝ գիւղատնտեսութիւն, զբօսաշրջութիւն, առեւտուր, սպասարկում, տեղեկատուական տեխնոլոգիաներ, սննդարդիւնաբերութիւն, էկոլոգիա, հանքարդիւնաբերութիւն, էներգետիկա, քաղաքաշինութիւն եւ այլ բնագաւառներում իրականացուող բարեփոխումների շարունակականութիւնն է, գործարար միջավայրի բարելաւումը, ներդրումների ծաւալների աւելացումը, աշխատատեղերի ստեղծումը, աւելի մեծ թուով սփիւռքահայերի ներգրաւումը տնտեսութեան մէջ եւ նրանց շահ ստանալու համար պայմանների ապահովումը:
Մեր միասնութեան գերխնդիրը պէտք է լինի ապագայ սերունդներին թողնել զարգացած եւ ժողովրդավարական, հզօր եւ ապահով Հայաստան:
1.2.- Անկախ եւ անվտանգ Արցախ
Մենք հպարտ ենք Արցախում ապրող մեր ժողովրդի խիզախութեամբ եւ տոկունութեամբ:
Համաժողովրդական ազատագրական պայքարի շնորհիւ Արցախի ժողովուրդը 23 տարի շարունակ կառուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը՝ հիմնուած միջազգային իրաւունքի նորմերի եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքի վրայ:
ԼՂՀ ընկերային-տնտեսական խնդիրների լուծումը իրականացուել եւ իրականացւում է նաեւ սփիւռքահայութեան նպատակային աջակցութեան շնորհիւ:
Մենք միասնաբար պայքարելու ենք՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական-դիւանագիտական հարթութեան վրայ լուծելու համար եւ սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ միջազգային իրաւունքի՝ ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման սկզբունքի հիման վրայ:
Ողջ հայութիւնը հնարաւոր բոլոր միջոցներով պայքարելու է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականութեան, ուժի կիրառման սպառնալիքի ամէնօրեայ դրսեւորումների, հայկական սահմանների նկատմամբ ոտնձգութիւնների եւ ռազմատենչ կեցուածքի դէմ:
Մենք մեր երախտագիտութիւնն ենք յայտնում տարբեր երկրների նահանգային, քաղաքային իշխանութիւններին, որոնք ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը, ինչը վկայում է այդ իշխանութիւնների եւ ժողովուրդների արդար դիրքորոշման եւ բարի կամքի, ինչպէս նաեւ տեղերում հայկական կառոյցների նպատակային աշխատանքի մասին, որը պէտք է ընդլայնուի եւ շարունակական դառնայ:
Մենք եւս մէկ անգամ վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը մեր պատմական հայրենիքի մասն է, եւ նրա ճակատագիրը բախտորոշ նշանակութիւն ունի ողջ հայ ժողովրդի համար, ուստի մեր պայքարը կը շարունակուի մինչեւ ղարաբաղեան հիմնախնդրի արդարացի եւ վերջնական կարգաւորումը:
1.3.- Կազմակերպուած Սփիւռք
Մենք՝ համայն հայութեան ներկայացուցիչներս, հաստատում ենք, որ հայ ժողովրդի եւ Հայաստանի պատմական զարգացման ներկայ հանգրուանին Սփիւռքը կարեւորագոյն գործօն է թէ՛ Հայ Դատի պայքարին աւելի մեծ թափ հաղորդելու, թէ՛ Հայաստանի Հանրապետութեան եւ ԼՂՀի համար կենսական նշանակութիւն ունեցող խնդիրների լուծմանը Սփիւռքի համակարգուած մասնակցութեան ապահովման համար:
Սփիւռքի կառոյցներն ու կազմակերպութիւններն ազգային եւ համաշխարհային մարտահրաւէրների հաշուառմամբ պէտք է վերատեսութեան ենթարկեն իրենց ծրագրերը, առաւել մեծ թուով հայեր, նորեկներ ներգրաւեն կառոյցների աշխատանքներում:
Հայկական կառոյցները Հայաստանի, Արցախի պետական եւ ոչ պետական հաստատութիւնների հետ միասին ծրագրաւորուած պէտք է՝
– Առաջադրեն նոր մօտեցումներ՝ վերանայելու Հայաստան- Սփիւռք ռազմավարութիւնը.
– Իրենց ջանքերը նպատակաուղղեն Սփիւռքի ուծացմանը դիմակայելու, լեզուամշակութային կորստի կանխմանը եւ Սփիւռքի նոր սերնդի մէջ հայկական ինքնութեան պահպանմանը.
– Յատուկ հոգածութեան արժանացնեն այն համայնքներին, որոնք դեռեւս ամբողջովին կազմակերպուած չեն.
– Օժանդակեն հայկական համայքների, համայնքային կառոյցների շուրջ հայութեան համախմբմանը:
Սփիւռքը, սփիւռքեան կազմակերպութիւնները մի իւրօրինակ կամուրջ են Հայաստանի եւ միջազգային հանրութեան միջեւ, ուստի եւ առաւելագոյնս պէտք է նպաստեն ժողովուրդների եւ քաղաքակրթութիւնների երկխօսութեանը, խորացնեն եւ զարգացնեն Հայաստան-Սփիւռք, Սփիւռքի տարբեր հատուածների միջեւ գործակցութիւնը, ինչպէս նաեւ ամրապնդեն տարբեր ժողովուրդներին պատկանող սփիւռքների հետ բարեկամական կապերը:
1.4.- Հայոց լեզուն՝ որպէս հայապահպանութեան կռուան
Մենք յանձնառու ենք՝ մայրենի լեզուն իր արեւելահայ եւ արեւմտահայ ճիւղերով՝ որպէս մեր լինելիութեան եւ գոյութեան գլխաւոր յենասիւներից մէկը, անաղարտ պահելու, իրապաշտ եւ տրամաբանական մօտեցումով մերձեցնելու, զարգացնելու եւ փոխանցելու սերունդներին:
Սփիւռքում հայապահպանութիւնը Հայաստանի Հանրապետութեան կենսական հիմնախնդիրներից է, որին տարբեր ձեւաչափերով օժանդակում է պետութիւնը՝ գործակցելով համահայկական կառոյցների, հայկական կազմակերպութիւնների հետ, անընդհատ կատարելագործելով եւ զարգացնելով գործակցութեան կառուցակարգերը:
Մեր ամէնօրեայ հոգածութեան առարկան պէտք է դառնան հայկական դպրոցներն ու մշակութային օջախները, մեր պատմական ժառանգութեան պահպանումը, հայ մտքի ստեղծագործ զարգացումը:
Մեր ջանքերը պէտք է նպատակաուղղենք հայ ընտանիքի ամրապնդմանը, աւանդոյթների եւ սովորոյթների, հայկական ա-նունների եւ ազգանունների պահպանմանը, հայ ընտանիքում, հայկական միջավայրում հայերէնի գործածութեան ապահովմանը:
Մեր գլխաւոր մտահոգութիւններից մէկն էլ այն պէտք է դառնայ, որ հայ երիտասարդը, հայրենիքի վերացական գաղափարից բացի, կարողանայ իրականում ճանաչել իր Մայր Հայրենիքը:
Մենք յստակ գիտակցում ենք, որ հայոց լեզուն եւ հայ ազգային ինքնագիտակցութիւնը մեր ժողովրդի յաւերժութեան անհրաժեշտ պայմաններն են, եւ դրանց պահպանումը Հայոց պետութեան եւ սփիւռքեան կառոյցների գերխնդիրն է:
1.5.- Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը
Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախում եւ Սփիւռքում համակողմանի աշխատանքներ են կատարւում Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի նախաշեմին՝ ձեւաւորելով հսկայածաւալ շարժում «Յիշում եմ եւ պահանջում…» կարգախօսով:
ՀՀ Նախագահի գլխաւորած Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի պետական յանձնաժողովի եւ 50ից աւելի տարածաշրջանային յանձնախմբերի ստեղծումը նոր որակ հաղորդեց Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում պետականօրէն մշակուած եւ իրագործուած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացմանն ուղղուած գործընթացներին:
Մեր երախտագիտութիւնն ենք յայտնում բոլոր պետութիւններին, հասարակական-քաղաքական գործիչներին, բարեգործներին, միսիոներներին, ովքեր Ցեղասպանութիւնից յետոյ ապահով տանիք եւ խաղաղ պայմաններ ստեղծեցին հայութեան համար, ովքեր քաղաքական խիզախութիւն ունեցան՝ ասելու ճշմարտութիւնը հայ ժողովրդի Ցեղասպանութեան մասին:
Առանձնակի շնորհակալ ենք նաեւ այն երկրներին ու միջազգային կազմակերպութիւններին, ովքեր ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանութիւնը՝ որպէս մարդկութեան դէմ ուղղուած սոսկալի ոճրագործութիւն եւ պահանջում են Թուրքիայից ազատուելու այդ ծանր բեռից, առերեսուելու իր պատմութեանը եւ ճանաչելու Հայոց Ցեղասպանութիւնը:
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով մարդու իրաւունքների մասին միջազգային իրաւունքի նորմերը եւ 1948 թուականին ՄԱԿի կողմից ընդունուած «Ցեղասպանութիւն յանցագործութիւնը կանխարգելու եւ պատժելու մասին» կոնվենցիան՝ պայքարելու է իւրաքանչիւր հայի անհատական, համայնքային եւ համազգային իրաւունքների վերականգնման համար:
Հաշուի առնելով, որ Հայոց Ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ ուղղուած միջազգային յանցագործութիւն է, որի ճանաչումն ու դատապարտումը չունի վաղեմութեան ժամկէտ, եւ մեր պայքարն ուղղուած է ոչ միայն պատմական արդարութեան վերականգնմանը, մի ամբողջ հայրենազրկուած ժողովրդի իրաւունքների ճանաչմանը, այլեւ այն բանին, որ՝
– Այլեւս երբեք եւ ոչ մի տեղ չկրկնուի, եւ ոչ մի ժողովուրդ ցեղասպանութեան չենթարկուի.
– Թուրքիան ճանաչի եւ զբաղուի հետեւանքների վերացման հարցերով՝ կրելով ոճիրի ողջ պատասխանատուութիւնը.
– Ցանկացած հայ՝ ծպտեալ կամ բռնի կրօնափոխուած, կարողանայ իրեն հայ յայտարարել՝ վերջ դնելով հոգեկան տառապանքներին:
Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, դատապարտումը եւ հետեւանքների վերացումը այսուհետ եւս մնալու է մեր քաղաքական պայքարի օրակարգում, եւ համազգային դատի վերջնական լուծմանը հասնելու ենք հայութեան բոլոր հատուածների միասնական ջանքերով՝ յիշելով եւ պահանջելով:
1.6.- Համախմբում Հայ եկեղեցու շուրջ
Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել է եւ մնում է հայոց ոգու եւ ազգային ինքնութեան հիմնասիւներից մէկը, հաւատքը եւ համամարդկային արժէքները սերնդէ սերունդ փոխանցողը, ազգանպաստ ու հայրենանուէր ձեռնարկների նախաձեռնողն ու իրագործողը:
Հայ եկեղեցին իր հոգեւոր եւ ազգային առաքելութեամբ դարերի ողջ ընթացքին անգնահատելի ներդրում է բերել նաեւ ազգապահպանութեան նուիրական գործին եւ անփոխարինելի դերակատարութիւն ունի մեր պետութեան եւ աշխարհում քրիստոնէութիւնը պետականօրէն առաջինը ընդունած մեր ազգի պատմութեան մէջ: Աշխարհասփիւռ դարձած հայ ժողովուրդը Հայ եկեղեցու շնորհիւ երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժէքների հետ, որոնք կազմում են հայոց ինքնութիւնը:
Մենք կարեւորում ենք հայ եկեղեցու ամրապնդումն ու յետագայ զօրացումը՝ յանուն հայ ոգու եւ ազգային ինքնութեան յարատեւման, հայ եկեղեցու շուրջ ազգի համախմբուածութիւնը:
1.7.- Արտակարգ իրավիճակներում յայտնուած հայերի անվտանգութիւնը
Աշխարհի տարբեր անկիւններում առկայ հակամարտութիւնները վտանգում են նաեւ հայ ժողովրդի զաւակներին եւ նոր մարտահրաւէր դառնում Հայաստանի Հանրապետութեան համար: Այսօր սիրիահայութիւնը ծանր օրեր է ապրում, եւ պատերազմի հետեւանքով արիւնաքամ է լինում մեր մայր գաղութը, որի անդամների կէսից աւելին փախստական է դարձել, իսկ միւս կէսը պատերազմական իրավիճակում ամէն օր կորուստներ է կրում:
Հայաստանում այսօր հաստատուել է աւելի քան հազարաւոր սիրիահայ, եւ մենք գոհունակութեամբ արձանագրում ենք, որ պետութիւնը ջանացել է ստեղծել պայմաններ նրանց մատչելի կրթութեան, առողջապահութեան, զբաղուածութեան ապահովման, վերապատրաստման ուղղութեամբ:
Սփիւռքի գրեթէ բոլոր համայնքներն իրենց նիւթական եւ բարոյական օգնութեամբ կանգնեցին սիրիահայերի, այդ թւում՝ քեսաբահայութեան կողքին:
Մենք վերահաստատում ենք, որ Հայոց պետութիւնն ու Սփիւռքը միասնաբար օգնութեան ձեռք պէտք է մեկնեն արտակարգ իրավիճակում յայտնուած իւրաքանչիւր հայորդու՝ օգնութեան ձեւաչափն ու կառուցակարգերը քննարկելով պետութեան եւ Հայ եկեղեցու հետ:
2.- Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախում եւ Սփիւռքում գործող զանգուածային լրատուութեան միջոցները՝ որպէս համահայկական տեղեկատուական հսկայածաւալ ցանց, ելնելով համազգային առաջնահերթութիւններից, այսուհետ եւս առաւել հետեւողական եւ ծրագրաւորուած աշխատանքներ պէտք է իրականացնեն Հայաստանի ձեռքբերումների, ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ միջազգային հանրութեան իրազեկուածութեան աստիճանի բարձրացման ուղղութեամբ, յստակ քայլեր ձեռնարկեն թուրք-ադրբեջանական կեղծարար, ապատեղեկատուական քարոզչամեքենայի դէմ եւ իրենց ուժերը համախմբեն նաեւ օտարալեզու զանգուածային լրատուամիջոցներում հայկական հիմնախնդիրներն արծարծելու, հայ դատի լուծմանը նպաստելու համար:
3.- Սոյն ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ հիմք է ծառայում, որպէսզի ՀՀ կառավարութիւնը՝ ի դէմս ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ այլ պետական գերատեսչութիւնների, համահայկական կառոյցներն ու հայկական կազմակերպութիւնները, յանձնառու լինեն՝ համապատասխան ձեռնարկներով եւ ծրագրերով իրականացնելու յայտարարութեան գաղափարները եւ նախանշած խնդիրները:
Մենք ուժեղ ենք միասին եւ միասնաբար ենք կերտելու մեր պատմութիւնն ու ապագան՝ յանուն հզօր եւ ապահով ՀԱՅԱՍՏԱՆԻ, յանուն անկախ ու յաղթանակած ԱՐՑԱԽԻ եւ կազմակերպուած ՍՓԻՒՌՔԻ:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ
5ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Երեւան-Սեպտեմբեր 20, 2014