Ֆաթիհ Աքինի Ֆիլմը՝ Հայկական Հարցի Մասին


ԱՀՄԵԹ ՀԱՔԱՆ

Վենետիկի հեղինակաւոր կինօփառատօնում Օգոստոսի 31ին կայացել է Գերմանիայում ծնուած, ազգութեամբ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի՝ Ցեղասպանութեան մասին նկարահանած «Հատում» («The Cut») ֆիլմի միջազգային պրե-միերան: Այս կապակցութեամբ թուրք յայտնի սիւնակագիր Ահմեթ Հաքանը սիւնակ է գրել՝ «Ֆաթիհ Աքինի ֆիլմը՝ Հայկական Հարցի Մասին» վերնագրով: Ֆիլմը դիտած Հաքանը վստահ է, որ այն պէտք է ցուցադրուի Թուրքիայում: Հաքանի յօդուածը թարգմանաբար ներկայացուած է ստորեւ.

Ես դիտել եմ Ֆաթիհ Աքինի «Հատում» ֆիլմը, եւ չկայ որեւէ պատճառ՝ ինչու այս ֆիլմը չպէտք է ցուցադրուի Թուրքիայում:
Այո՛, կան անհանգստութիւն առաջացնող դրուագներ՝ բռնաբարութիւն, կոտորած: Այո՛, թուրքերի կողմից իրականացուած վայրագութիւններն առկայ են:
Սակայն այս ֆիլմը նպատակ չունի պիտակաւորել կամ շահագործել այդ հարցերը: Այն չի փորձում ասել՝ «Տեսէ՛ք՝ ինչ ոճրագործ են այս թուրքերը»:
Ֆիլմում առկայ են նաեւ լաւ թուրքեր, կան նշաններ, որ կոտորածները պարբերական բնոյթ չեն կրել: Ֆիլմում յղումներ կան, որ ջարդերի ու վայրագութիւնների մեծ մասն իրականացուել է դասալիքների կողմից: Ֆիլմը նաեւ ցոյց է տալիս, թէ ինչպէս են թուրքերը արաբական հողերը լքելիս ենթարկուել յարձակումների: Ֆիլմի որոշ դրուագներ աղաղակում են այն մասին, որ դաժանութիւնն ու բռնութիւնը ազգութիւն չեն ճանաչում:
Ֆիլմն, անշուշտ, ունի թերութիւններ: Ամենամեծն այն է, որ ժապաւէնում չի ասւում եւ ոչ մի խօսք այն մասին, թէ ինչու ժամանակի Օսմանեան վարչակազմը սկսեց այդ անընդունելի գործողութիւնները հայերի դէմ:
Ֆիլմում ամէն ինչ սկսւում է 1915ին:
Ռեժիսոր Ֆաթիհ Աքինն այս թերութեան մասին ասաց. «Ես չեմ ստեղծել ֆիլմ ցեղասպանութեան մասին: Ես պատմում եմ մարդինցի մի դարբնի մասին, որը տեղեկացուած չէ քաղաքական անցուդարձից: Ես դէպքերին նայել եմ նրա տեսանկիւնից: Նրա համար ամէն ինչ սկսուել է 1915ից, դա է պատճառը, որ այդտեղից եմ սկսել»:
Ֆիլմի միայն առաջին 40 րոպէներն են ցոյց տալիս հայերի դէմ թուրքերի գործած բռնութիւնները: Մնացած մասը կենտրոնացած է մի մարդու վրայ, որը փնտռում է իր ընտանիքը, ուղեւորութիւն, որն սկսւում է Մերձաւոր Արեւելքում եւ տանում-հասցնում Կուբա ու Միացեալ Նահանգներ:
Կարող ենք ասել՝ այս ֆիլմն աւելի շատ «որոնող ֆիլմ է»:
Ֆիլմի անգլերէն անուանումն է «The Cut»: Այն կը թողարկուի Թուրքիայում՝ «Kesik» խորագրով:
Ալժիրական ծագում ունեցող ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը շատ լաւ մարմնաւորել է մարդինցի հայ դարբնին: Ֆիլմում գլխաւոր դերակատարներից է նաեւ ազգութեամբ հայ Գէորգ Մալիքեանը, որը ծնուել է Դիարբեքիրում: Ֆիլմի երաժշտութիւնն էլ շատ լաւն է: Ամբողջ ֆիլմի ընթացքում շատ են հնչում հայկական ռեքուիեմներ եւ օրօրոցայիններ:
Այս ֆիլմը շատ է տարբերւում Աքինի միւս աշխատանքներից: Այն ունի էպիկական ոճ, որը յուզում է քեզ, ստիպում մտածել: Նա փորձել է ստեղծել Ռոման Պոլանսկու «Դաշնակահար» ֆիլմի պէս ժապաւէն, սակայն, իմ կարծիքով, այդ փորձը ձախողուած է:
Ֆիլմի տեւողութիւնն է 2 ժամ 28 րոպէ: Այն թանկ ֆիլմ է՝ մօտ 15 մլն. դոլար արժողութեամբ, ինչը երեք անգամ աւելի թանկ է, քան ռեժիսորի վերջին ֆիլմը: Այդուհանդերձ, բեմադրութիւնը, հանդերձանքը կատարեալ են:
Ֆիլմում բոլոր հայերը խօսում են անգլերէն: Թուրքերը, ընդհակառակը, խօսում են թուրքերէն: Արաբներն էլ՝ արաբերէն, սակայն փաստը, որ հայերը խօսում են անգլերէն, նախապաշարմունք է ստեղծում ֆիլմի հէնց սկզբից: Ֆաթիհ Աքինն ասում է, որ հայերը ֆիլմում անգլերէն են խօսում տեխնիկական պատճառներով:
Փառատօնի հանդիսատեսին դուր եկաւ ֆիլմը: Աւարտից յետոյ մարդիկ երկար ծափահարում էին: Իմ կողքին նստած մի հայ կին ամբողջ ֆիլմի ընթացքում անդադար արտասւում էր:
Կինօքննադատներն, այդուհանդերձ, այնքան էլ չհաւանեցին ֆիլմը:
Հանդիսատեսներից մէկը Հրանդ Դինքի այրին՝ Ռաքէլ Դինքն էր: Ես հարցրի, թէ ինչ կարծիք ունի: Նա ասաց. «Այն յուզիչ էր: Ես լացել եմ ամբողջ ընթացքում: Ամէն ինչ գեղեցիկ է պատկերուել, դերասաններն էլ հրաշալի էին: Յուսով եմ՝ այս ֆիլմը մարդկանց մօտ ապրումակցում կ՛արթնացնի»:
«Գերմանական մամուլը գրում եւ եզրակացնում է, որ ֆիլմը չի ցուցադրուի Թուրքիայում, որ թուրքերը չեն թոյլատրի: Մենք չպէտք է հաստատենք այդ մեկնաբանութիւնները: Ֆիլմը պէտք է թողարկուի Թուրքիայում», ասաց Ֆաթիհ Աքինը:
Թուրքիայում ֆիլմի թողարկման մասին ռեժիսորը նաեւ ասաց. «Սա կինօ է… Թող մարդիկ այն դիտեն, նոր արձագանգեն: Նրանք, ովքեր այն չեն հաւանի կամ կ՛ընդդիմանան, թող խօսեն այդ մասին: Սակայն նախապաշարմունքը՝ առանց դիտելու, չպէտք է լինի միակ շարժիչ ուժը: Սա է իմ միակ ցանկութիւնը»:


Leave a Comment

You must be logged in to post a comment.