Իսլամական Խալիֆաթն Ու Հայաստանը
ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱԼՈՅԵԱՆ
Յունիսի 29ին սկսուեց մուսուլմանների Ռամադան սրբազան տօնը: Նոյն օրը «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութիւն» ծայրայեղ իսլամիստական խմբաւորումը յայտարարութիւն տարածեց Սիրիայի եւ Իրաքի՝ իրենց կողմից գրաւուած տարածքներում իսլամական խալիֆաթ կամ Իսլամական պետութիւն ստեղծելու մասին: Իսլամիստական ահաբեկչական խմբաւորման առաջնորդ, իսկ այժմ խալիֆ Աբու Բակր ալ Բաղդադը կոչ էր անում գրոհայիններին շարունակել ջիհադն անհաւատների դէմ: Գրոհային կառոյցի ղեկավարները յայտարարեցին նաեւ իրենց խմբաւորման նոր անուանումը. այն է՝ «Իսլամական պետութիւն»:
Իրաքից Հայաստան ընդամէնը 300 կմ. է, հետեւաբար, մեր հարեւանութեամբ իսլամիստական խալիֆաթի առկայութիւնը մտորելու տեղիք է տալիս, յատկապէս, եթէ հաշուի առնենք, որ նորաստեղծ խալիֆաթն ընդլայնում է իր սահմաններն ու նաւթային բիզնես ծաւալում, ինչի հաշուին աւելանում է ոչ միայն նրա անդամների թիւը, այլեւ ազդեցութիւնը տարածաշրջանում:
Խմբաւորումը նոյնիսկ քարտէսներ է հրապարակել, որտեղ ներկայացուած են իսլամիստների նկրտումները: Ծայրայեղական այս կառոյցը մտադիր է վերականգնելու երբեմնի Արաբական խալիֆաթն իր սահմաններով: Իսլամական խալիֆաթն իր այսօրուայ սահմաններով հիւսիսից սահմանակից է Թուրքիային, Իրաքեան Քրդստանին, Սիրիայի հիւսիսային շրջաններին:
Յիշեցնեմ, որ Սիրիայում այս կառոյցը ամենաարագ գործող, թուաքանակը շատացնող ու ամենադաժան խմբաւորումներից մէկն է: Առանձնայատուկ հետաքրքրութիւն է առաջացնում խմբաւորման դաշտային հրամանատար Աբու Ումար ալ Շիշանին: Մինչ նրա անձին անդրադառնալը նշեմ, որ ռուսական բաւականին յայտնի մի կայքում վերջինիս մասին ասւում էր, որ Արցախեան պատերազմի մասնակից է, որտեղ էլ վիրաւորուել է ոտքից: Այնինչ, արաբագէտ Սարգիս Գրիգորեանը մեզ հետ զրոյցում նշեց, որ «Իսլամական պետութիւն» խմբաւորման դաշտային հրամանատար Աբու Ումար ալ Շիշանին՝ նոյն ինքը Թարքան Բատրիաշվիլին, Վրաստանի Պանքիսի կիրճի գիւղերից է, ազգութեամբ կիստ է (չեչենական էթնօ խումբ): Վերջինս երեսուն տարեկան էլ դեռ չկայ, հետեւաբար, նա չէր կարող մասնակցած լինել Արցախեան պատերազմին: Սակայն մասնակցել է ռուս-վրացական պատերազմին, եղել է հետախոյզ, պլանաւորել (ծրագրել-Խմբ.) եւ իրագործել ռազմական բնոյթի գործողութիւններ, որոնք հիմա մեծ յաջողութեամբ կիրառում է Սիրիայում եւ Իրաքում:
Իսլամական խալիֆաթի առկայութիւնը մեր կողքին անհանգստանալու մի քանի առիթ է տալիս: Միջին Արեւելքում արիւնոտ արաբական գարնան հետեւանքով առանց այն էլ աղքատ մուսուլման բնակչութիւնը յայտնուել է ծայրաստիճան աղքատ վիճակում, ու արդէն իսկ նաւթային վաճառքն իրենց ձեռքում կենտրոնացրած ահաբեկչական խմբաւորումներն առաւել գայթակղիչ կը դառնան, ուստի նրանց շարքերը կը շարունակեն մեծանալ, իսկ թէ դրա հետեւանքները որքան ահաւոր կը լինեն, մնում է միայն գուշակել…
Հայաստանին սահմանակից երկրները նոյնպէս մտահոգուելու առիթ են: Վրաստանը, որը ֆինանսական կախման մէջ է Ադրբեջանից ու Թուրքիայից եւ որտեղ թրքացման արագ գործընթաց է գնում, դժուար թէ զերծ մնայ Ադրբեջանին սպառնացող տեսլականից: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ահաբեկիչների համար տարանցիկ երկիր է դարձել, որ մի շարք ահաբեկչական խմբաւորումներ Բաքւում նոյնիսկ իրենց գրասենեակներն ունեն: Թուրքիայի՝ ահաբեկչութեան տարանցիկ երկիր լինելու, ահաբեկիչների ճամբարներ ու որոշ ահաբեկչական խմբաւորումներին ֆինանսական ու ռազմական աջակցութիւն ցոյց տալու մասին տեղեակ է ողջ միջազգային հանրութիւնը: Այս երեք երկրները կարող են դառնալ ծայրայեղ իսլամիստական խմբաւորումներին «ջիհադիստների» մատակարարման նոր կենտրոններ, ինչի օրինակներն արդէն իսկ ունենք:
Միւս հանգամանքը, որ մտահոգում է՝ Հայաստան-Ռուսաստան ասպեկտն (երեսը-Խմբ.) է: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է համարւում, ինչի մասին, չնայած, Ռուսաստանը սովորաբար մոռանում է (Ադրբեջանին պարբերաբար հզօրագոյն զինտեխնիկա վաճառելով եւ դա որպէս բիզնես որակելով): Իսկ յետխորհրդային երկրների իսլամիստական տրամադրութիւն ունեցող ահաբեկիչները, որպէս կանոն, հակառուս են եւ թշնամի են դիտարկում ռուսամէտ ցանկացած դրսեւորում: Ստացւում է, որ իսլամիստների հակառուսական տրամադրութիւնները կարող են օգտագործուել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի դէմ հնարաւոր ագրեսիայի (յարձակումի-Խմբ.) դէպքում, քանի որ Հայաստանը յայտնի է որպէս ռուսամէտ կողմնորոշում ունեցող պետութիւն:
Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին մատակարարել հզօրագոյն զինտեխնիկա՝ (ռազմա-կան սարքեր-Խմբ.) ոտնատակ տալով իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի շահերը: Փաստօրէն, ռուս-ադրբեջանական «եղբայրական» յարաբերութիւններն այնքան ամուր են փակել ռուսաստանեան իշխանութիւնների աչքերը, որ վերջիններս յոյս ունեն, որ արեւմտամէտ Թուրքիայի կախեալ եղբայրը՝ Ադրբեջանը, որոշակի հանգամանքներում նոյն ռուսական զէնքը չի տրամադրի չեչեն, ինգուշ, ղազախ, ուզբեկ ու այլ յետխորհրդային երկրների իսլամիստներին՝ Կովկասեան իսլամիստական պետութիւն ստեղծելու համար, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը կ՛ունենան շահերի իրենց փաթեթները: Կովկասեան իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին յետխորհրդային երկրների իսլամիստները վաղուց են երազում: Արդեօք ռուսական զէնքը չի՞ գործածուի նոյն Ռուսաստանի դէմ՝ ՌԴ ներկայիս քարտէսը փոխելու համար:
Մնում է յուսալ, որ նաւթային բիզնեսում իրենց ազդեցութիւնը մեծացնելու համար իսլամիստական ահաբեկչական խմբաւորումները կը սկսեն պայքարել միմեանց դէմ, իսկ Իրաքում, Սիրիայում ու Թուրքիայում քրդական գործօնը զսպիչ դեր կը խաղայ վերջիններիս ախորժակի համար:
ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱԼՈՅԵԱՆը լրագրող-վերլուծաբան է, ուսումնասիրում է տարածաշրջանային խնդիրներ եւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները: