Եթէ Թուրքիան վերադարձնէ մեր հողերը, ինչպէ՞ս պէտք է լուծուի վերաբնակեցման հարցը – Հարցազրոյց Արա Պապեանի հետ
«Մի թիզ հող անգամ չեն զիջի, լինի անապատ, թե սառցապատ»
Հայաստանի Ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբ հասարակական կազմակերպութեան լրագրողներէն հարցազրոյց մը ունեցած է «Մոդուս-վիվենդի» քաղաքական վերլուծողական կեդրոնի ղեկավար քաղաքագէտ Արա Պապեանի հետ, գլշաւոր նիւթ ունենալով Թուրքիոյ կողմէ բռնագրաւուած հայկական հողերու հարցը։ Նշենք, որ Արա Պապեան 2000-2006 վարած է Գանատայի մօտ Հայաստանի հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնը։ Ստորեւ կը ներկայացնենք հարցազրոյցը։
Հարց.- Յաճախ խօսում ենք նախկին Օսմանեան կայսրութեան՝ մեզանից խլուած տարածքները վերադարձնելու հնարաւորութեան մասին: Եթէ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը եւ Հայաստանին ետ վերադարձնի մեզանից խլած հողերը, ինչպէ՞ս պէտք է լուծուի դրանց վերաբնակեցման հարցը, եթէ մարդիկ արտագաղթում են այժմեան Հայաստանից:
Արա Պապեան.- «Տարածքների հարցը ցեղասպանութեան հետ կապ չունի: Կարող է Թուրքիան ցեղասպանութիւնը ճանաչի, բայց ոչինչ ետ չվերադարձնի եւ կարող է հակառակը լինել՝ ցեղասպանութիւնը չճանաչի եւ հողերը վերադարձնի: Ցեղասպանութեան հարցն առանձին խնդիր է՝ աւելի շատ բարոյականութեան դաշտում ընկած, քան իրական իրաւունքի: Ինչ վերաբերում է բնակեցնել-չբնակեցնելուն, մեր իրաւունքն է, կ՚ուզենք կը բնակեցնենք, չենք ուզի՝ չենք բնակեցնի: Ի հարկէ, շատերն Հայաստանից արտագաղթում են, քանի որ երկիրն այնքան փոքր է, որ տնտեսական որեւէ գործունէութիւն չի դառնում շահութաբեր, քանի որ մեր երկիրը չունի սահման ծովի հետ, մեծ շուկայ, հազար ու մի տեսակի խնդիրներ կան: Եթէ մենք արտագաղթի հիմնական պատճառը տեսնում ենք պետութեան վատ կառավարման մէջ, ապա վատ կառավարման պարագայում մեծ երկիրը աւելի շատ հնարաւորութիւններ ունի, քան նման ձեւով կառավարուող փոքր երկիրը: Այսօր մեր բնակչութեան 2/3-ն ապրում է Արարատեան դաշտում, որը մի քանի հազար քառ. քլմ. է: Այս տարածքում ոչ մի ռազմավարական խորութիւն չկայ, այսինքն՝ պատերազմի դէպքում այն հարուածի տակ կը գտնուի»:
«Հողը ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունի: Նոյն Արեւմտեան Հայաստանը, մինչեւ վերջին 20-30 տարին կիսադատարկ էր: Բայց երբ մենք 1920-21 թուականներին թուրքերի հետ բանակցում էինք, երբ անգամ առաջարկ եղաւ, որ Անի քաղաքը վերադարձցնեն, որը մի քանի քառ. քլմ. տարածք է եւ Թուրքիայի համար ոչ մի նշանակութիւն չունէր, դա էլ չտուեցին: Շատ երկրներ հսկայական տարածքներ ունեն, որտեղ մարդ չի ապրում, բայց վստահեցնում եմ, որ որեւէ մէկը միւսին մի թիզ հող անգամ չի ուզենայ զիջել՝ լինի անապատ, թե սառցապատ»:
«Երբ ես Գանատայում էի, այնտեղ հարց առաջացաւ Դանիայի կապուած Կրենլանտայի մօտ գտնուող մի կղզու հարցով։ Դանիան եւ Գանատան ժողովրդավարական երկրներ են, բայց դա չխանգարեց, որ մի փոքր կղզու համար իրենք կատաղի պայքար մղէին, այն դէպքում, երբ նոյն Գանատան հսկայական անմարդաբնակ հողեր ունի: Դէ, թող Գանատան մի թիզ հող զիջի ուրիշին, ինչո՞ւ չի տալիս: Գանատայի ամերիկեան սահմանագծից 100-150 քլմ. եթէ բարձրանաս հիւսիս, դատարկ է: Այդ ամբողջ հիւսիսում, որը Եւրոպայից աւելի մեծ է, 100.000 մարդ չի ապրում»: