ՀԱՄՇԷՆՆ ՈՒ ՀԱՄՇԷՆԱՀԱՅԵՐԸ. ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄՇԷՆՑԻ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐԸ
ՀԱՄՇԷՆՆ ՈՒ ՀԱՄՇԷՆԱՀԱՅԵՐԸ. ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄՇԷՆՑԻ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐԸ
Հարցազրոյցը վարեց՝ Մելինէ Անումեան
Վերջին տարիներին Համշէնի առեղծուածն սկսել է աւելի շատ յուզել համայն աշխարհի հայութեանը: Ովքե՞ր են նրանք` մեր ազգակից համշէնահայերը: Ինչպէ՞ս են հէնց իրենք սահմանում համշէնական ինքնութիւնը: Ի՞նչ խնդիրների են հանդիպում Թուրքիայում եւ ի՞նչ լուծումներ առաջարկում դրանց համար: Ինչպէ՞ս փրկել Համշէնի բարբառը անհետանալու վտանգից: Ի՞նչ գործունէութիւն է ծաւալում նորաստեղծ համշէնական «Հատիկ» միութիւնը: Ինչո՞ւ են բազմաթիւ համշէնցիներ յարում ձախակողմեան շարժումներին: Արդեօ՞ք համշէնցիները շփումներ եւ կապեր ունեն աշխարհի հայութեան եւ Թուրքիայի սահմաններից դուրս բնակւող համշէնահայերի հետ: Հարցազրոյցը կայացել է համացանցի միջոցով:
Այս բոլոր հարցերի շուրջ զրուցեցինք Թուրքիայում ապրող 3 համշէնահայ մտաւորականների հետ:
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔԸ «Հատիկ» միութեան փոխնախագահն է, նաեւ` համայն աշխարհում համշէներէնով թողարկուած առաջին ալպոմի հեղինակ երգիչներից մէկը:
ՋԵՄԻԼ ԱՔՍՈՒՆ քաղաքական պատճառներով 8 տարի անցկացրել է բանտում:
ԱՍԼԱՆ ՋԱՆՋԸՆ 2005-2009 թթ. զբաղեցրել է Խոպայի քաղաքապետարանի Հասարակայնութէան հետ կապերի բաժնի տնօրէնի պաշտօնը: Ի դէպ` հէնց այդ ժամանակաշրջանում է առաջին անգամ Խոպայի քաղաքապետ ընտրուել մի համշէնահայ` Եըլմազ Թոփալօղլուն:
Մելինէ Անումեան– Խնդրեմ ներկայացէք: Ո՞վ էք: Որտե՞ղ էք ծնուել: Հիմա որտե՞ղ էք ապրում: Որտե՞ղ էք աշխատում: Ի՞նչ գործունէութիւն էք ծաւալում:
Հիքմեթ Աքչիչեք
Հիքմեթ Աքչիչեք- Անունս Հիքմեթ Աքչիչեք է: Ծնուել եմ 1963 թ., Թուրքիայի` Վրաստանին սահմանակից Խոպա գաւառում, Համշէնահայ ընտանիքի զաւակ եմ: Համշէնցի եմ, մայրենի լեզուս համշէներէնն է: Եղբայրս եւ ազգականներս ներկայում ապրում են Խոպայում: Տարրական կրթութիւնս ստանալուց յետոյ հեռացել եմ ծննդվայրիցս` կրթութիւնս շարունակելու նպատակով: Համալսարանական կրթութիւն ստացել եմ Սթամպուլում, ուր եւ բնակւում եմ 1981 թ. ի վեր: Ամէն տարի 1-2 անգամ Խոպա եմ գնում:
Ամուսնացած եմ, ունեմ երկու աղջիկ: Կինս համշէնցի չէ, եւ երեխաներս համշէներէն չգիտեն: Աշխատում եմ մի մասնաւոր ընկերութիւնում` որպէս ֆինանսների ղեկավար:
2005 թ. Խոպայի Համշէնական մեղեդիները ժողովելով` իմ ընկերների հետ «Վովա» (Համշէնի բարբառով նշանակում է «Ո՞վ է» Մ.Ա.) անուամբ մի երաժշտական ալպոմ ենք թողարկել, որը համայն աշխարհում Համշէներէնով պատրաստուած առաջին երաժշտական ալպոմն է: Ներկայում զբաղուած եմ երկրորդ ալպոմի պատրաստման աշխատանքներով:
Ջեմիլ Աքսու– Աւարտել եմ Սթամպուլի Բիլգի համալսարանի փիլիսոփայութեան բաժնի մագիստրատուրան: Արդվին նահանգի Խոպայում ապրող համշէնցիներից եմ: 2008 թ. մի խումբ ընկերների հետ միասին սկսեցի հրատարակել «Բիրյաշամ» ամսագիրը: Հանդէսը որոշ ժամանակ անց փակուեց, բայց ես շարունակում եմ տարբեր թեմաներով ուսումնասիրութիւններ անել: 2013 թ. հրատարակուեց իմ յօդուածը` Արդվինի հայերի վերաբերեալ («Թարիհ վէ թոփլում», թիւ 16): Համշէնցիների մասին մի յօդուածս էլ տպագրուեց «Թոփլումսալ թարիհ» հանդէսում (2013 թ. Օգոստոս):
Ասլան Ջանջը– Անունս Ասլան Ջանջը է: Ծնուել եմ 1964 թ. Յունիսի 3-ին Արդվին նահանգի Խոպա գաւառի Քեմալփաշա գաւառակի Չամուրլու (Չանչախանա/Չօնչախան/Չօնչաղօն- Մ.Ա.) գիւղում: 1988 թ. աւարտել եմ Սթամպուլի համալսարանի Տնտեսագիտութեան ֆակուլտետի միջազգային յարաբերութիւնների բաժինը: Աշխատում եմ Խոպայի քաղաքապետարանում:
Մելինէ Անումեան– Ինչպէ՞ս կարող էք սահմանել համշէնական ինքնութիւնը: Ո՞վ է համշէնցին, համշէնահայերի քանի՞ խմբեր կան, եւ ո՞ր վայրերում են բնակւում այդ խմբերը:
Հիքմեթ Աքչիչեք– Մենք` Թուրքիայում ապրող համշէնցիներս, համշէնցի լինելն ընկալում ենք որպէս մեր հարեւան լազերից, վրացիներից, յոյներից եւ քրդերից առանձնացող մի մշակույթ, առանձին ժողովուրդ, առանձին էթնիկ ինքնութիւն: Սակայն, չնայած այդ ընկալմանը, թրքաբնակ համշէնցիների մեծ մասը համշէնականութիւնը իւրացրել է որպէս ներքին ինքնութիւն, իսկ իրեն էթնիկ առումով համարում է թուրք ազգի մի մասը:
Համշէնցիները գիտականօրէն բաժանւում են 3 խմբի:
Արեւելեան Համշէնցիներ. Արդվինի Խոպա եւ Բորչկա գաւառում ապրող համշէնցիները: Սիւն խմբի որոշիչ տարրը, խումբ, որի մէջ ընդգրկուած եմ նաեւ ես, համշէներենի մայրենի լեզու լինելն է եւ ներկայում առօրեայ կեանքում կիրառուելը: Թէեւ վերջին 10-15 տարում համշէներէնով խօսողների թիւը նուազում է, այնուամենայնիւ Խոպայում ծնուած ու մեծացած համշէնցիները կարողանում են համշէներէն խօսել եւ հասկանալ:
Խոպայի համշէնցիների մի մասը 1778-1779 թթ. ռուս-թրքական պատերազմի ժամանակաշրջանում արտագաղթէլ է Դյուզջէի եւ Ադաբազարի կողմերը, իսկ Վրաստան-Թուրքիա սահմանի` Պաթումի կողմերում մնացած մի մասն էլ 1944 թ. աքսորուել է Ղազախստան եւ Ուզբեկստան: Այս խմբի մի հատուածը ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ գաղթել է Ռուսաստանի Կրասնոտարից մինչեւ Մոսկուա ձգուող որոշ շրջաններ:
Արեւմտեան Համշէնցիներ. սրանք համշէնցիների մայր հայրենիքը եղող Ռիզէի Հեմշին, Չամլըհեմշին գաւառներում եւ Իքիզդերէ, Չայելի, Փազար, Արդիշէն, Ֆընդըքլը գաւառների ներքին լեռնային հատուածներում ապրող համշէնցիներն են: Ըստ պատմական տեղեկութիւնների եւ աւանդութէան` այս համշէնցիները Օսմանեան պետութէան կողմից Տրապիզոնի նուաճումից յետոյ համեմատաբար վաղ շրջանում իսլամացած եւ այդ պատճառով էլ իրենց հայրենի հողում մնացած մարդիկ են: Արեւմտեան համշէնցիները Համշէներէն չգիտեն. նրանք խօսում են միայն իրենց յատուկ առոգանութէամբ թրքերէնով, որում սպրդել են նաեւ համշէներէն/հայերէն բառեր, որոնց պատկառելի մասը տեղանուններ են:
Թրքաբնակ բոլոր համշէնցիները մահմետական են եւ սուննի ուղղութեան հետեւորդ:
Հիւսիսային Համշէնցիներ. սոյն խումբը կազմում են այն համշէնցիները, ովքեր օսմանցիների կողմից 1461 թ. Տրապիզոնի գրաւումից յետոյ այս շրջանում ենթադրաբար գործադրուած կրօնափոխութեան ճնշումների հետեւանքով, առանց դաւանափոխ լինելու, գաղթէլ են Տրապիզոն-Օրդու-Սամսոն շրջաններ, իսկ աւելի ուշ էլ` 1850 թ. սկսած եւ 1915 թ. տեղահանութեան/ցեղասպանութեան ժամանակ հարկադրուած են եղել գաղթէլ Աբխազիա եւ Ռուսաստանի Սոչի քաղաքը: Որքանով որ տեղեակ եմ իմ ընթերցած աղբիւրների եւ վերջին տարիներին ունեցածս շփումների շնորհիւ, այս խումբը քրիստոնեայ է, խօսում է համշէներէն եւ իրեն համարում հայ ազգի մի մասնիկը: Թէեւ սկզբում այս խմբի մեծ մասն Աբխազիայում է բնակուել, սակայն վերջին տարիներին աբխազաբնակ համշէնցիների թիւը լրջօրէն նուազել է եւ առաւելապէս ցրուել Ռուսաստանի Կրասնոտարի երկրամասի որոշ քաղաքներում:
Ջեմիլ Աքսու– Արեւելասեւծովեան շրջանի տեղացի ժողովուրդներից եղող համշէնցիները ներկայացնում են մի ինքնութիւն, որն ունի թէ՚ տարածքային եւ թէ՚ էթնիկ առանձնայատկութիւններ: Արեւելասեւծովեան շրջանի Տրապիզոն, Ռիզէ եւ Արդվին նահանգների բազմաթիւ գաւառներում, նաեւ այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Էրզրումը, Իզմիթը եւ Դիւզջէն, առկայ են իրենց համշէնցի անուանողների բնակավայրեր: Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում արուած արձանագրութիւններում ներկայիս Հեմշինից, Չամլըհեմշինից եւ Քաչքարլարից անդին անդին գտնուող Իսպիր եւ Եուսուֆելիին ենթակայ որոշ բնակավայրեր նշուած են որպէս Համշէնի շրջան: Բացի այդ` Ռուսաստանի Սոչի, Կրասնոտար քաղաքներում, Ղազախստանում, Ուզբեկստանում եւ Կիրգիզիայում Խորհրդային Միութեան ժամանակաշրջանում տուեալ վայրեր աքսորուածների եւ իրենց համշէնցի անուանողների բնակավայրեր կան: Ռուսաստանի Մոսկուա քաղաքում եւս բնակւում են համշէնցիներ. Մոսկուայում գոյութիւն ունի «Համշէնցիներ» անունը կրող մի հասարակական կազմակերպութիւն: Ընդհանուր առմամբ, թէեւ յիշեալ բնակավայրերի վերաբերեալ առկայ են զանազան տեղեկութիւններ եւ փաստաթղթէր, որոշ տպագիր աղբիւրներում (գիրք, ամսագիր եւայլն) ու համացանցում, սակայն, գոյութիւն չունեն համշէնցիների եւ Համշէնի շրջանից արտագաղթի գործընթացների պատճառների, տարեթուերի եւ հետեւանքների մասին համապարփակ գիտական ուսումնասիրութիւններ: Համշէնցիներից քրիստոնեայ են միայն Ռուսաստանի Կրասնոտար, Սոչի եւ Մոսկուա քաղաքներում ապրողները:
Ըստ իս` համշէնականութիւնը խառնածին ինքնութիւն է: Սոյն ինքնութիւնը որքանով որ ընդգրկում է մի ժամանակ Ռիզէի Համշէնի շրջանում բնակուած, սակայն ժամանակի ընթացքում կա՚մ կրoնական եւ ինքնութեան փոփոխութիւնների ենթարկուած, կա՚մ էլ իր հայրենի երկրից արտագաղթել հարկադրուած համշէնահայերին, նոյնքան էլ վերաբերում է մի ամբողջ դարաշրջան տեւած գաղթերի միջոցով այս շրջան եկած կամ պետութեան կողմից այս կողմերում բնակեցուած, բայց իրենց ծագման վայրի մշակոյթների հետ միախառնուած, ուրիշ էթնիկ եւ կրօնական ծագում ունեցող, բայց այսօր Համշէնն իրենց «հայրենիքը», իրենց էլ` համշէնցի համարող անձանց: Հէնց այս տեսանկիւնից էլ բարդ է համշէնցու ինքնութեան սահմանումը: Օրինակ` այն դէպքում, երբ խոպացի համշէնցիները եւ նրանց ազգականները` Սթալինի ժամանակաշրջանում Պաթումից աքսորուած համշէնցիները խօսում են համշէներէն, աւելի ճիշդ` արեւմտահայերէն, ապա Չամլըհեմշինում, Հեմշինում եւ Թուրքիայի միւս նահանգներում ապրողները եւ իրենց համշէնցի անուանողներն այդ լեզուով չեն հաղորդակցւում եւ անգամ ասում են, որ բոլորովին չեն լսել դրա մասին, չգիտեն այն: Այնինչ լեզուն վերին աստիճանի կարեւոր գործօն է` որեւէ էթնիկ ինքնութէան սահմանման առումով:
Համշէնական ինքնութեան բնորոշման ժամանակ հանդիպող այլ դժուարութիւններ էլ կան: Մի ժամանակ` ոչ շատ հեռաւոր անցեալում` մինչեւ 20-րդ դարի սկիզբ, Օսմանեան պետութեան Տրապիզոնի նահանգի Հեմշին գաւառում ապրած հայերի` այլ վայրերի հայերի հետ յարաբերութիւնները եւս հանելուկային են: Համշէնահայերի կրօնափոխութեան գործընթացին վերաբերող փաստաթղթէրը, (մինչեւ 19-րդ դարի վերջերը), ցոյց են տալիս, որ դաւանափոխութիւնը գրեթէ աւարտուել է, իսկ հաւատափոխ լինել չցանկացողներն էլ գաղթել են այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Սթամպուլը եւ Ջանիքը: Սակայն որեւէ ապացոյց չկայ, որ այդ կրօնափոխութիւնը եղել է Օսմանեան պետութեան քաղաքականութիւնը: Քանի որ Համշէնի երկու կողմերում գտնուող եւ նշանաւոր հոգեւոր կեդրոններ Խոդաչուրում ու Տրապիզոնում ապրող հայերը եւ նրանց եկեղեցիները գործում էին մինչեւ 1915 թ. Ցեղասպանութիւնը, ապա տրամաբանական է թւում այդ ընթացքում Համշէնում եղած հայերի դաւանափոխութիւնը տեղացի աւատատէրերի եւ տնտեսական ճնշումներով պատճառաբանելը:
Միւս կողմից` դեռեւս անյայտ է նաեւ, թէ Հայոց մայր հայրենիքի եւ հայ զանգուածի հետ ինչ յարաբերութիւններ են ունեցել համշէնահայերը` Համշէնում բնակութիւն հաստատելուն հետեւած եւ դարեր տեւած գործընթացում: Գաղտնիք են մնացել նաեւ դարեր շարունակ համշէնաբնակ հայերի հոգեւոր կեդրոններ հանդիսացած եկեղեցիների պատմութիւնը եւ այդ եկեղեցիներում պահուող մատեանները:
Ուստի այսօր անհնար է դիւրին կերպով որոշել, թէ իրեն համշէնցի համարող մէկը հայկակա՞ն ծագում ունի, թէ՞ մէկն է նրանցից, ում պապը մի ժամանակ ապրել է Համշէնի գաւառում եւ այստեղից գաղթել այլ վայրեր: Նման համշէնցիների մէջ միակ բացառութիւնը կազմում են արեւմտահայերէնի բարբառներից մէկը համարուող համշէնահայերէնով խօսող համշէնցիները: Որեւէ լեզու, այն էլ` ճնշումների, Ցեղասպանութեան ենթարկուած մի ժողովորդի լեզուն անհնար է սովորել հայերի հետ դրացիական յարաբերութիւնների արդիւնքում, ինչպէս դա փորձում են պնդել թուրք ազգայնականները: Եւ եթէ անգամ սովորեն էլ, միեւնույն է` այն չի կարող վերածուել մայրենի լեզուի, յամենայնդէպս` այդչափ կարճ մի ժամանակահատուածում: Հետեւաբար համշէնահայերէնի առկայութիւնը եւ այն փաստը, որ այդ լեզուն դեռ կիրառւում է, համշէնցիների հայկական ծագումը ցոյց տուող ամէնաէական ապացոյցն է: Եւ, ըստ իս, համշէնահայերէնով հաղորդակցւող համշէնցիներն այն համշէնահայերն են, ովքեր դեռեւս լաւ պատկերացում չունեն, թէ պատմութեան ընթացքում ինչեր են եկել իրենց գլխին:
Ասլան Ջանջը
Ասլան Ջանջը– Համշէնցիները մի էթնիկ հանրութիւն են կազմում եւ բնակւում են Արդվին նահանգի Խոպա եւ Բորչկա գաւառներում, Ռիզէ նահանգի Չամլըհեմշին, Փազար, Ֆընդըքլը եւ Չայելի գաւառներում, ինչպէս նաեւ` Ադաբազարում: Բացի այդ` մահմետական եւ քրիստոնեայ համշէնցիներ կան նաեւ Ռուսաստանի Կրասնոտար, Սոչի քաղաքներում եւ Աբխազիայում: Թրքաբնակ համշէնցիները, բացառութեամբ Խոպայում, Բորչկայում եւ Ադաբազարում բնակւողների, չեն խօսում հայերէնի բարբառներից մէկը հանդիսացող համշէնահայերէնով:
Մելինէ Անումեան– Թուրքիայում ապրող համշէնցիները, որպէս էթնիկ խումբ, ի՞նչ խնդիրների են հանդիպում: Ըստ ձեզ` ինչպէ՞ս է հնարավւր լուծել այդ խնդիրները:
Հիքմեթ Աքչիչեք– Թուրքիայում զուտ համշէնցի լինելու պատճառով մասնաւոր խնդրից առաւել կարելի է արձանագրել շատ աւելի ընդգրկուն, ժողովրդավարութեան պակասով պայմանաւորուած խնդիրներ, երբ բոլոր ոչ թուրք լեզուների եւ մշակոյթների նկատմամբ գործադրւում է ուծացման, օտարացման, արհամարհանքի, ստորացման քաղաքականութիւն, եւ երբ, յատկապէս, ոչ մուսուլման հատուածները զուրկ են որոշ հնարաւորութիւններից եւ իրաւունքներից:
Համշէնցիների առումով հիմնական խնդիրը համշէներէնի հետզհետէ վերացումն է: Իսկ որեւէ լեզուի անհետացում պայմանաւորուած է ոչ միայն կիրառւող ասիմիլացիոն-ազգայնամոլ քաղաքականութեամբ, այլ նաեւ` կապիտալիզմի զարգացման պատճառով ի յայտ եկող ուրպանիացիայով եւ կլոպալիզացիայով: Մարդկանց մեծ մասի մօտ գոյութիւն չունի լեզուի, ինքնութեան, մշակոյթի պահպանման գիտակցութիւն:
Սոյն խնդիրների մի մասը կարելի է լուծել տուժած ժողովուրդների պահանջների եւ պայքարի միջոցով Թուրքիան զարգացած ժողովրդավար երկիր վերածելու շնորհիւ: Թէեւ շատ սահմանափակ, այնուամենայնիւ, այդ ուղղութեամբ արդէն իսկ առկայ են որոշ փոփոխութիւններ ու քայլեր (այնպիսի օրինական կարգաւորումներ, ինչպիսիք են թուրքերէնի հետ մէկտեղ որոշ լեզուների` դպրոցներում որպէս ընտրովի դաս ընդգրկելը, այդ լեզուներով հրապարակումներ եւ քաղաքական քարոզչութիւն տանելու հնարաւորութիւնը եւ այլն), սակայն դեռ երկար ճանապարհ ունենք գնալու այդ ուղղութեամբ: Իսկ դա հնարաւո՞ր է: Է~հ… Յոյս, մտադրութիւն, կամք եւ հաւանականութիւն…
Ջեմիլ Աքսու– Թուրքիայում բոլոր էթնիկ խմբերի հիմնական խնդիրը սեփական ինքնութեան, լեզուի եւ մշակոյթի պահպանումն է: Թուրքիայի Հանրապետութեան բոլոր հիմնադիրները Օսմանեան պետութեան պաշտօնեաներն էին, ովքեր գաղափարապէս կրթուել էին Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան շրջանակներում: Սոյն կադրերի հիմնական հաւատամքը բոլորին թուրք եւ սուննի մահմետական դարձնելն էր: Այդպիսով նրանք նպատակ ունէին ազգային միասնութիւն ապահովել: Այդ պատճառով էլ թուրք եւ մուսուլման չեղող բոլոր էթնիկ ու կրօնական խմբերը պետութեան թեթեւ ձեռքով ենթարկուեցին ուծացման: Այդ ուծացումը որքան էլ թէ՚ ներքին դիմադրութեան եւ թէ՚ փոփոխուող միջազգային իրադրութեան պայմաններից ելնելով` ընկրկած լինի, այնուհանդերձ շարունակում է լինել թուրքական պետութեան պաշտօնական քաղաքականութիւնը:
Համշէնցիների պարագայում կարելի է խօսել վերացման գործընթացից: Թէ՚ պետութեան ասիմիլացիոն քաղաքականութեան եւ թէ՚ տնտեսական ու սոցիալական պայմանների հետեւանքով համշէնահայերէնն ու համշէնական մշակոյթը մեծաւ մասամբ վերացուած են: Համշէնահայերէնի բառապաշարը վերին աստիճանի աղքատացել է: Սերունդների մէջ մի մեծ վիհ է առաջացել: Համշէնահայերէնը 1990-ականների կէսերից սկսած երաժշտութեան մէջ (Քազըմ Քոյունջու եւ այլ երգիչներ) եւ կինեմատոգրաֆիայում (Օզջան Ալպերի «Մոմի» եւ «Աշուն» ֆիլմերը) կիրառուելու շնորհիւ զարթօնք է ապրել` վրայի մահուան հողը թօթափելով: Սակայն դեռ մահուան մահճում է:
Թրքական կառավարութիւնը 2013 թ. կանաչ լոյս է վառել, որպէսզի բազմաթիւ լեզուներ, որպէս ընտրովի դաս, ուսուցանուեն դպրոցներում: Սակայն համշէնահայերէնը չի ընդգրկուել այդ լեզուների շարքում: Միւս կողմից էլ` խնդրահարոյց է նաեւ համշէնահայերէնի` հայերէնից առանձին լեզու ընդունելն ու սովորեցնելը: Համշէներէնը հայերէնի ճիւղերից մէկն է: Սակայն հնարաւոր չէ այդ լեզուն հայկական դպրոցներում ուսուցանել, համշէնցիներն էլ, քանի որ մահմետական լինելու պատճառով պետութեան կողմից թուրք են համարւում, չեն կարող յաճախել հայկական դպրոցներ: Ո՞վ գիտէ, միգուցէ քանի որ պետութիւնը համշէնցիներին հայ է համարում, Համշէներէնն էլ` հայերէն, ապա չի կարծում, թէ մեր լեզուն պետք է առանձին ուսուցանուի:
Սակայն այս հարցում մէկ այլ խնդիր էլ կայ. համշէնահայերէնին նուիրուած լեզուաբանական աշխատութիւններ առանձնապէս յայտնի չեն: Ես տեղեակ եմ, որ Հայաստանի որոշ լեզուաբաններ կարեւոր ուսումնասիրութիւններ են արել այս բնագաւառում, բայց մենք` Համշէնցիներս, չենք կարողանում հայերէն տառերը կարդալ ու գրել: Հետեւաբար անհրաժեշտ է բազմակողմանի թարգմանութեան եւ ուսուցման գործընթաց: Համշէնցի մտաւորականները պէտք է հայերէն սովորեն, հայերէնով թեքստերը թուրքերէն եւ համշէներէն թարգմանեն: Բացի այդ` հարկաւոր է այնպիսի ինստիտուտներ հիմնել, որոնք Համշէներէնի ուսուցման աշխատանքներ կը տանեն:
Ասլան Ջանջը- Թրքաբնակ Համշէնցիների` Համշէնահայերէն խօսել կարողացողների վերաբերեալ կարող եմ ասել հետեւեալը. համշէնցիների նոր սերունդները հետզհետէ աւելի քիչ են հաղորդակցւում այս լեզուով: Թուրքերէն բառեր աւելի յաճախ են սպրդում համշէնահայերէնի մէջ, թէեւ դրանց Համշէներէն տարբերակները գոյութիւն ունեն: Եթէ որեւէ միջոց չձեռնարկուի, համշէնահայերէնը հետզհետէ կը թուլանայ եւ, ի վերջոյ, գուցէ վերանայ: Սոյն վտանգը շատ մեծ է, քանի որ համշէներէնը գրաւոր լեզու չէ:
Մելինէ Անումեան– Շփումներ ունեցե՞լ էք Ռուսաստանի եւ Աբխազիայի համշէնցիների հետ:
Հիքմեթ Աքչիչեք– Համացանցով նամակագրական կապ ենք ունեցել Ռուսաստանում եւ Աբխազիայում ապրող համշէնցիների հետ, իսկ 2012 թ. ռուսաստանաբնակ համշէնցիների հրաւէրով «Վովա» երաժշտական խմբի հետ հնարաւորութիւն ունեցայ երկու համերգ տալ Մոսկուայում եւ Սոչիում: Այս համերգների կապակցութեամբ «Հատիկ» միութիւնից մի քանի ընկերներով Մոսկուա եւ Սոչի մեկնելով` առիթ ունեցանք ծանօթանալու այնտեղի մեր համշէնցի եղբայրների հետ: Մեր առաջին դէմ առ դէմ երկխօսութիւնը եղաւ հէնց այդ համերգների առթիւ մեր ունեցած շփման շնորհիւ:
Ջեմիլ Աքսու
Ջեմիլ Աքսու– Այնտեղի համշէնցիների հետ ուղղակի շփումներ չեմ ունեցել: Այնտեղի համշէնցիների մասին տեղեկացուած եմ` «Հատիկ»ի եւ Համշէնի մշակոյթի ու պատմութեան վերաբերեալ ուսումնասիրութիւններ անող ընկերներիս շնորհիւ:
Ասլան Ջանջը– Ես ժամանակ առ ժամանակ շփումներ ունենում եմ ռուսաստանաբնակ համշէնցիների հետ:
Մելինէ Անումեան– 2011 թ. Հոկտեմբեր ամսին Սթամպուլում հիմնուեց «Հատիկ» (Համշէնական մշակոյթի ուսումնասիրման եւ պահպանման կազմակերպութիւն) միութիւնը: Դուք անդամագրուա՞ծ էք այդ միութեանը: Ինչպիսի՞ գործունէութիւն է ծաւալում եւ ի՞նչ տեսակի աշխատանքներ է կատարում սոյն կազմակերպութիւնը: Ձեր կարծիքով այս միութիւնն ուրիշ ինչպիսի՞ միջոցառումներ կարող է իրականացնել` համշէնական մշակոյթը պահպանելու նպատակով:
Հիքմեթ Աքչիչեք– «Հատիկ» միութիւնը հիմնուել է 2011 թ. Յունիսին, իսկ 2011 թ. Հոկտեմբերին, իր կեդրոնը բացելով, սկսել փաստացի գործունէութիւնը: Ես միութեան 7 հիմնադիր անդամներից մէկն եմ եւ ստեղծումից ի վեր կատարում եմ գլխաւոր քարտուղարի պարտականութիւնները: «Հատիկ»ը հիմնուել է համշէնական լեզուի, մշակոյթի, պատմութեան ոլորտներում գիտական, մշակութային, արուեստի աշխատանքներ կատարելու եւ անդամների միջեւ սոցիալական համերաշխութիւն ամրապնդելու նպատակով: Դեռեւս չենք կարող ասել, թէ ազդեցիկ, յագեցած գործունէութիւն է ծաւալել, սակայն «Հատիկ»ի հիմնումը, որպէս առաջնային քայլ, ինքնին կարեւոր է: «Հատիկ»ի հիմնումով առաջին անգամ Թուրքիայում յատկապէս համշէներէն խօսող համշէնցիները միաւորուեցին մէկ կառոյցի մէջ եւ համշէնականութեան միջոցով դարձան մի գործունէութեան առարկայ: Մեր միութիւնում մինչ այժմ իրականացուել են տարբեր միջոցառումներ. ներկայացուել է մեր երաժշտութիւնն ու պարերը, մատուցուել են մեր աւանդական ուտեստներ, կազմակերպուել են համերգներ, ճաշկերոյթներ, նուագել են մեր գործիքներով` պարկապզուկով, կինեմատոգրաֆիայի ուղղութեամբ մեր գիտելիքները հարստացնելու նպատակով սեմինարներ կազմակերրպուել, զեկուցումներ` լեզուի եւ մշակոյթի թեմայով, հանդիպումներ` եայլաներում, զբօսանաւով զբօսանքներ, բացի այդ` որոշ ուսանողների կրթաթոշակի հնարաւորութիւն ենք ստեղծել: Երիտասարդ գիտնականների հետ իրականացւում է մի գիտական աշխատանք, որի ուսումնասիրութեան առարկան համշէներէնի քերականական կառուցուածքն է:
«Հատիկ»ը պետք է հիմք լինի համշէներէն լեզուով մշակութային, արուեստի, գիտական նախագծերի իրականացման, ստեղծագործութիւնների արարման եւայլնի համար, պէտք է այնպիսի ուսումնասիրութիւններ կատարի համշէնական մշակոյթի եւ լեզուի ուղղութեամբ, որոնք նախ` կ՛աւելացնեն համշէնցիների հետաքրքրութիւնն այս թեմաների նկատմամբ, պետք է անհրաժեշտ գործունէութիւն ծաւալի, հնարաւորութիւններ ստեղծի` որպէսզի համշէներէնը չվերանայ, խրախուսի այդ ուղղութեամբ կատարուող աշխատանքները:
Ջեմիլ Աքսու– Ես մասնակցել եմ «Հատիկ»ի հիմնադրման աշխատանքներին, կազմակերպութեան Խորհրդակցական խորհրդի անդամ եմ: Մենք «Հատիկ»ը ստեղծել ենք երկու նպատակով. առաջին` ինչպէս վերեւում էլ եմ համառօտ անդրադարձել այդ հարցին, ուսումնասիրութիւններ կատարել համշէնական մշակոյթի եւ լեզուի վերաբերեալ, աջակցել այս բնագաւառում աշխատող հետազօտողներին, երկրորդ` ապահովել, որ համշէնցիները ծանօթանան միմեանց հետ եւ միաւորուեն: Երկրորդ ուղղութեամբ կազմակերպութիւնը որոշ աշխատանքներ կատարել է: Թուրքիայում բնակուող համշէնցիների մեծ մասը տեղեակ է միութեան հիմնադրման մասին եւ հետեւում է նրա գործունեութեանը: Սակայն մենք, որպէս կազմակերպութիւն, մեր հիմնական նպատակի ուղղութեամբ դեռեւս աշխատանքներ չենք իրականացրել: Դրա հիմնական պատճառը ցրուածութիւնն ու թեքնիկական դժուարութիւններն են: Սակայն ես կարծում եմ, որ կարճ ժամանակամիջոցում աշխատանքներ կանենք նաեւ այս ուղղութեամբ:
Ասլան Ջանջը– Այո՚, ես անդամագրուած եմ «Հատիկ» միութեանը: Սակայն չեմ կարողանում մասնակցել «Հատիկ»ի` Սթամպուլում տեղի ունեցող միջոցառումներին, քանի որ բնակւում եմ Խոպայում: Կազմակերպութիւնը երբեմն զանազան հաւաքներ, ուղեւորութիւններ եւ մշակութային միջոցառումներ է իրականացնում անդամ եղող եւ չեղող համշէնցիների հետ: Միութեան նպատակը համշէնական մշակոյթի, լեզուի պահպանման ուղղութեամբ բազմազան գործունէութիւն ծաւալելն է:
Մելինէ Անումեան– UNESCO-ի հրապարակած «Վտանգի տակ գտնուող լեզուների ատլասը» ցոյց է տալիս, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Համշէներէնը տեղ է գտել «բացայայտ վտանգի տակ եղող» լեզուների դասի տակ: Ըստ ձեզ` ուրիշ ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել, որպէսզի համշէնահայերէնը չվերանայ, եւ պահպանուի համշէնական մշակոյթը:
Հիքմեթ Աքչիչեք– Ինչպէս վերեւում նշեցի, Համշէներէն լեզուով մշակոթային եւ գիտական ստեղծագործութիւններ ստեղծելը եւ նախագծեր իրականացնելը հիմնարար անհրաժեշտութիւն է: «Հատիկ»ն ինքն էլ կարող է Համշէներէնի վերաբերեալ աշխատանքներ կատարել, համշէներէնի ուսուցման համար ծրագրեր իրականացնել, դասընթացներ կազմակերպել: Բացի այդ` պէտք է միջին տեւողութեամբ անհրաժեշտ գիտական ներկառուցուածքային ուսումնասիրութիւններ անելով` ապահովել, որ համշէներէնը դասաւանդուի դպրոցներում:
Համշէներէնի պահպանման եւ զարգացման առումով մէկ այլ հնարաւորութիւն է նաեւ հայ գիտնականների, մշակոյթի եւ արուեստի գործիչների եւ, անգամ, Հայաստանի հետ երկխօսութեան զարգացումը: Կարող ենք արձանագրել, որ գիտութեան, մշակոյթի եւ արուեստի շրջանակների հետ, թէկուզ եւ սահմանափակ, այնուամենայնիւ, առկայ է երկխօսութիւն, սակայն Հայաստանի պետութեան հետ քաղաքական եւ պատմական պատճառներով մօտ ժամանակներում անհնար է թւում այնպիսի առնչութիւն, որպիսին նկատում ենք Վրաստանի պետութեան եւ թրքաբնակ վրացիների պարագայում:
Ջեմիլ Աքսու– Նախ եւ առաջ պէտք է համշէնահայերէնի բառարան կազմել եւ կենդանի Համշէներէնն արձանագրելով` փրկել նրան վերացումից: Համշէնական լեզուի եւ մշակոյթի վերաբերեալ աշխատանքները գիտական հէնքի վրայ դնելու համար հարկաւոր է մի անկախ կամ համալսարանին կից ինստիտուտ հիմնել: Բացի այդ` պէտք է տարբեր վայրերում եւ ժամանակներում հրատարակուած` համշէնահայերի վերաբերեալ յօդուածները, գրքերը եւ այլ փաստաթղթեր մէկտեղելով` դրանք հասանելի դարձնել բոլորին: Համշէնական լեզուն ու մշակոյթը պահպանելու եւ զարգացնելու համար անպայման պէտք է խրախուսել համշէներէնով գրականութեան եւ արուեստի գործերի ստեղծումը:
Ասլան Ջանջը– Այո՚, UNESCO-ի հրապարակած «Վտանգի տակ գտնուող լեզուների ատլասում» համշէներէնի վերաբերեալ առկայ է «բացայայտ վտանգի տակ գտնուող» նշումը: «Վտանգը կանխելու» համար կարելի է համշէներէն դասընթացներ կազմակերպել, համշէնահայերէնն ինչ-որ կերպ գրաւոր լեզուի վերածել, աւելի հասանելի դարձնել խօսքային եւ տեսողական միջոցներով: Կարելի է այս գործընթացում ապահովել համշէնահայ մտաւորականների մասնակցութիւնը եւ յատկապէ՛ս պետք է ապահովել:
Մելինէ Անումեան– Ինչպէս յայտնի է, բազմաթիւ համշէնահայեր, գլխաւորապէս խոպացի համշէնցիներն ընդգրկուած են ձախակողմեան շարժումներում: Որո՞նք են դրա պատճառները: Ուրիշ ո՞ր քաղաքական հոսանքներում են տեղ գտել համշէնցիները:
Հիքմեթ Աքչիչեք– Սոյն հարցի վերաբերեալ մինչ այժմ որեւէ գիտական ուսումնասիրութիւն եւ վերլուծութիւն չի կատարուել: Խոպայի համշէնցիների այդ հակումն առանձնապէս տարածուած չէ միւս համշէնցիների մէջ: Օրինակ` 1778-79 թթ. ռուս-թրքական պատերազմի ժամանակաշրջանում Խոպայից Ադաբազար եւ Դիւզջէ շրջաններ գաղթած համշէնցիների մօտ, ընդհակառակը, առաւել տարածուած են թրքական ազգայնամոլութիւնը եւ իսլամական քաղաքական միտումները: Ռիզէի շրջանի համշէնցիների մէջ եւս զգալիօրէն մեծ տեղ են զբաղեցնում թրքական ազգայնական տեսակէտները:
Այս հարցում իմ անձնական մեկնաբանութիւնը հետեւեալն է. Խոպայի համշէնցիների` ձախակողմեան հոսանքներին յարելու մէջ դեր է խաղացել նաեւ այն հանգամանքը, որ Համշէնի շրջանից համեմատաբար աւելի ուշ ժամանակաշրջանում (հաւանաբար մօտ 18-րդ դարում) Խոպա գաղթած համշէնցիները պայքար են մղել տեղացի լազերի դէմ` տնտեսական, սոցիալական եւ քաղաքական կեանքում հաստատուելու համար: Դեռեւս 50-60 տարի առաջ Խոպայի համշէնցիները առանձնապէս չէին կարողանում տեղ գրաւել Խոպայի սոցիալական եւ քաղաքական կեանքում: Այդ ձեւով նաեւ պետական հնարաւորութիւններն օգտագործելով` համշէնցիներին տեղական տնտեսական, քաղաքական կեանքից, տեղական կառավարումից դուրս պահելը (առանձին անդրադարձի նիւթ է նաեւ այն, թէ այդ ուղղութեամբ պետութեան կամքը եւս եղել է, թէ ոչ) տեղիք է տուել, որ Խոպայի համշէնցիների մէջ ձեւաւորուի ընդդիմադիր ինքնութիւն, որ նրանք լինեն տուժածի, արհամարհուածի, ճնշուածի կողքին, դէմ լինեն անիրաւացիութիւններին եւ անարդարութիւններին ու համակրանք տածեն իշխանութեանն ընդդիմադիր ձախակողմեան քաղաքական գաղափարների նկատմամբ եւ հանդէս գան որպէս այդ ուղղութեամբ պայքարող անձինք: Քանի որ Ռիզէյի համշէնցիները 780 թ. ի վեր նոյն տարածքում են ապրել (հէնց Ռիզէյում է գտնւում բուն Համշէնը` Համամաշենը- Մ.Ա.), այնտեղ նման խնդիր չկայ: Ինչ վերաբերում է Դիւզջէ եւ Ադաբազար շրջաններին, ապա համշէնցիներն այդ վայրերում նոյնպէս, միւսների համեմատ, տեղաբնակ ժողովուրդ են, որովհետեւ այս շրջաններ գաղթ է եղել Պալգաններից եւ Կովկասից:
Ջեմիլ Աքսու– Քաղաքականութեան մէջ համշէնցիների` ձախակողմեան շարժումների հանդէպ աւելի մեծ համակրանք տածելու պատճառները պայմանաւորուած են նրանց` պետութեան կողմից տնտեսական, սոցիալական եւ մշակութային առումներով արհամարհուելու, ճնշումների ենթարկուելու հանգամանքներով: Սակայն, ինչպէս բոլոր ընդհանրացումների դէպքում, այս ընդհանրացման ժամանակ եւս պէտք է վերապահում արուի: Այս ընդհանրացումից չենք կարող հետեւութիւն անել, թէ անխտիր բոլոր համշէնցիներն են ձախակողմեան: Ընդհակառակը` Սեւծովեան շրջանից այնպիսի վայրեր գաղթած համշէնցիները, ինչպիսիք են Դիւզջէն, Աքչաքոջան, Դիլօվասըն, կատաղի թուրք ազգայնամոլներ են, եւ նրանցից շատերն այնպիսի անձինք են, ովքեր մասնակցութիւն են ունեցել պետութեան կեղտոտ գործերին: Քաղաքականութեան մէջ նրանց ունեցած դերերը տարբեր են` պայմանաւորուած այնպիսի գործօններով, ինչպիսիք են նրանց ստացած կրթութիւնը, գործնական հնարաւորութիւնները, բնիկ թէ գաղթական լինելը:
Ասլան Ջանջը- Այո՛, բազմաթիւ Համշէնցիներ, գլխաւորապէս` Խոպայի համշէնահայերը տեղ են գտել ձախակողմեան շարժումներում եւ դեռ շարունակում են յարել դրանց: Անշուշտ այս երեւոյթը պայմանաւորուած է զանազան հանգամանքներով: Ինքս կարծում եմ, որ իրականում նրանք ձախակողմեան-մարքսիստական ուղեգիծ են որդեգրել պաշտօնական հանրութեան մէջ ընդունուած չլինելու եւ անընդհատ արհամարհուած վիճակում գտնուելու պատճառով:
Մելինէ Անումեան– Երբեւէ այցելե՞լ եք Հայաստան: Արդեօք շփումներ ունէ՞ք Հայաստանի եւ Սփիւռքի հայերի հետ:
Հիքմեթ Աքչիչեք– Հայաստան ենք եկել 2008 թ., Նարեկացի արուեստի միութեան կազմակերպութեամբ համերգ տալու նպատակով: 3 համերգ ենք տուել այնտեղ: Նոյն թուականին Երեւանում կայացել է նաեւ Համշէնին նուիրուած մի գիտաժողով, որին գիտնականներ են մասնակցել նաեւ Թուրքիայից: Այդ կապակցութեամբ ծաւալուած մեր երկխօսութիւնը շարունակւում է, իսկ բարեկամական կապերը` պահպանւում: Յետագայ տարիներին Հայաստանից ժամանած որոշ ընկերների հետ հանդիպման առիթներ ենք ունեցել Թուրքիայում, մեր որոշ գիտնական բարեկամներ հիւրընկալուել են մեզ մօտ, եւ նրանց հետ միասին մի քանի անգամ հնարաւորութիւն ենք ունեցել շրջելու Խոպայի եւ Համշէնի տարածքներում:
Թուրքիայում, յատկապէս «Ակօս» շաբաթաթերթում աշխատող որոշ հայ ընկերներ ունենք, սակայն երեւանեան համերգի շնորհիւ հաստատածս 1-2 կապերից բացի, ուրիշ որեւէ երկխօսութիւն չեմ ունեցել սփիւռքահայերի հետ:
Ջեմիլ Աքսու– Չնայած որ ընկերութիւն եմ անում Հայաստանի եւ Սփիւռքի բազմաթիւ հայերի հետ, սակայն, դժբախտաբար, բախտ չեմ ունեցել Հայաստան այցելելու:
Ասլան Ջանջը– Այո՛, մի քանի անգամ եկել եմ Հայաստան: Սփիւռքահայերի հետ եւս ծանօթանալու առիթ եմ ունեցել, երբ նրանք խմբով կամ անհատապէս այցելել են Թուրքիա:
Մելինէ Անումեան– 2013 թ. Սեպտեմբերի 30-ին Թուրքիայում իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան կառավարութիւնը հրապարակեց «Ժողովրդավարացման փաթեթը»: Եթէ փաթեթում տեղ յատկացուէր նաեւ համշէնցիներին, ապա ի՞նչ առաջարկութիւններով հանդէս կը գայիք դուք:
Հիքմեթ Աքչիչեք– Փաթեթում հնարաւորութիւն է տրւում, որ բացի թրքերէնից, նաեւ քրդերէնը կրթութեան լեզու դառնայ մասնաւոր դպրոցներում: Մինչ այդ էլ քրդերէնը պետական դպրոցներում ընդգրկուել էր որպէս ընտրովի դաս: Մայրենի լեզուի դասաւանդումը եւ մայրենի լեզուով կրթութիւնը կամայական կերպով սահմանափակելը հակառակ է մարդու իրաւունքներին: Մայրենի լեզուով կրթութիւնը եւ մայրենի լեզուի ուսուցումը մարդու հիմնարար իրաւունքն է:
Եթէ ես սպասում ունենայի կամ առաջարկ անէի փաթեթի առնչութեամբ, ապա դա կը լինէր դպրոցներում համշէներէնի ընդգրկումը, որը համշէնցիների համար կը լիներ պարտադիր, իսկ միւս աշակերտների համար` ընտրովի, ինչպէս նաեւ` այդ կրթութեան համար անհրաժեշտ ենթակառուցուածքի երաշխաւորումը պետութեան կողմից: Ինչ վերաբերում է այն հարցին, թէ արդեօք համշէներէնը պէ՞տք է լինի համշէնցիների ընդհանուր կրթութեան լեզուն, ապա սոյն խնդիրը մանկավարժութեան տեսանկիւնից առանձին քննուելու կարօտ մի հարց է, եւ անձամբ ինձ նման առաջարկն անիրական է թւում` Թուրքիայի առումով:
Ջեմիլ Աքսու– Այդ փաթեթում կարող էր հետեւեալ յօդուածը տեղ գտնել. Արդվինում գործում է Չորուհի (Ճորոխի- Մ.Ա.) համալսարանը, ես կ՚առաջարկէի, որ այդ համալսարանի ենթակայութեան տակ Խոպայում հիմնուէր համշէնական լեզուն ու մշակոյթն ուսումնասիրող որեւէ հաստատութիւն:
Ասլան Ջանջը– Ճիշդն ասած` Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան կառավարութեան կողմից 2013 թ. Սեպտեմբերի 30-ին հանրութեանը ներկայացուած «Ժողովրդավարացման փաթեթն» իրականում, հակառակ իր անուանը, հակաժողովրդավարական փաթեթ է: Ըստ էութէան խնդիրն այն է, որ ԱԶԿ կառավարութիւնը հասարակական ընդդիմութիւնը ճնշելու նպատակով է նման գործողութիւն ձեռնարկել: Հետեւաբար նման կառավարութեանը համշէնցիների եւ համշէնահայերի վերաբերեալ որեւէ առաջարկով հանդէս գալս զուր ջանք կը լինէր:
Մելինէ Անումեան– Ցանկանու՞մ էք որեւէ բան յաւելել:
Հիքմեթ Աքչիչեք- Թրքաբնակ համշէնցիների տեսակէտների, գաղափարների եւ զգացումների վերաբերեալ աւելի իրատեսական արդիւնքների հասնելու համար պէտք է տեղ յատկացնել նաեւ տարբեր քաղաքական գաղափարներ կրող եւ զանազան սոցիալ-մշակութային բնագաւառներ ներկայացնող անձանց տեսակէտներին: Դժբախտաբար հայ համայնքից սոյն խնդրի շուրջ ուսումնասիրութիւններ իրականացնող անձինք եւ հրատակարութիւններ անող հաստատութիւնները աւելի շատ կարողանում են շփուել կրթուած, ձախակողմեան, սոցիալիստ, լիպերալ կամ դեմոկրատ մարդկանց հետ. հակառակը մտածող անձանց հանդիպելու հնարաւորութիւնները խիստ սահմանափակ են: Օրիո՛րդ Մելինէ, ինչպէս որ դուք էլ էինք ինձ յայտնել, այս հարցազրոյցին մասնակից միւս անձինք եւս իմ ընկերներն են, ովքեր կրում են վերը նշածս յատկանիշները եւ, ընդհանուր առմամբ, մենք իրար նման մտածող մարդիկ ենք:
Ջեմիլ Աքսու– Համշէնական լեզուի եւ ինքնութէան պահպանումն ու զարգացումը միայն համշէնցիների պարտականութիւնը չէ, ովքեր այն կ՚ապահովեն իրենց աշխատանքներով: Հարկաւոր է հայաստանցի գիտնականների գլխաւորութեամբ այս ոլորտում համագործակցութիւն եւ մնայուն գործակցութիւններ զարգացնել` համայն աշխարհում համշէնցիների շուրջ ուսումնասիրութիւններ կատարողների միջեւ: Այդպիսով հնարաւոր կը լինի ցրուած վիճակում գտնուող տեղեկութիւններն ու վաւերագրերը մէկտեղել եւ մի արդիւնաւէտ գործընթաց ապահովել:
Ասլան Ջանջը– Շնորհակալ եմ` մտքերս արտայայտելու հնարաւորութիւն ընձեռելու համար:
«ՀՈՐԻԶՈՆ»