Արցախի ազգային պետական առաջին վիճակախաղի տոմսերէն սպառած է 250 000 տոմս


 

 

Արցախի ազգային պետական առաջին վիճակախաղի շրջանառութեան մեջ դրուած 300 000 տոմսերէն սպառած է 250 000-ը: «Վիճակախաղի շահումային ֆոնտը կազմել է 200 միլիոն դրամ, իսկ Ազգային պետական վիճակախաղի տոմսերի իրացումից ստացուած մնացած շահոյթը` շուրջ 300 միլիոնը կ՝ուղղուի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան համայնքների, ենթակառուցուածքների զարգացման, հայրենադարձութեան, ռազմավարական հեռահար այլ ծրագրերին»,- «Արմենփրէս»-ի հետ զրոյցի ընթացքին յայտնեց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբէկեանը:

 Վիճակախաղի խաղարկութիւնը կը սկսի դեկտեմբեր 28-ին:

 Վիճակախաղէն գոյացած շահին մեծ բաժինը պիտի տրամադրուի Հադրութի, Քաշաթաղի եւ Քարվաճառի վերաբնակեցման ծրագիրներուն։ «Վերաբնակեցման հարցը զինադադարից յետոյ Արցախում, Հայաստանում եւ սփիւռքում քննարկուող ամենակարեւոր թեմաներից է: Տարիներ շարունակ հարցն այդպէս էլ չի իջնում ամպիոնից», կը նշէ Արթուր Աղաբէկեանը:

«Եթէ մենք առայժմ չունենք ծովից ծովից Հայաստան, ապա գետից գետ Արցախի գաղափարի իրականացումը մեր ձեռքերում է: Ընդամենը պէտք է Արաքսից Թարթառ հատուածով ընկած տարածքը վերաբնակեցնել ու կեանքով լցնել: Հադրութից մինչեւ Արաքս 70 քլմ. երկարութեամբ բերրի հողեր են ձգւում, աղբիւրներ կան: Այդ հողերը պէտք է օգտագործուեն յանուն ժողովրդի: Նախորդ տարի Արցախից Հայաստան է ներկրուել 20 000 թոն հացահատիկ: Ճիշդ եւ համակարգուած աշխատանքի դէպքում այդ թիւը կարող է հարիւրապատկուել, մինչդեռ այսօր բնութիւնից ստացուած հնարաւորութիւնը վատնում ենք: Ինչո՞ւ ձմռանը լոլիկն ու վարունգը ներկրել Թուրքիայից, երբ կարող ենք Արցախում աճեցնել. չէ՞ որ Արաքսի ափին ամենացածր ջերմաստիճանը զերոն է»,- կը յայտնէ Աղաբէկեան։


Leave a Comment

You must be logged in to post a comment.