Խարանողները կամ երրորդ պառակտման ալիքը
Վահան Իշխանեան
Բանաստեղծ Մարինէ Պետրոսեանը ֆպ էջում յայտարարում է.
«Կան դէպքեր, երբ միջին գոյները վերանում են, մնում են սեւն ու սպիտակը։ Քոչարեանինը հենց տենց դէպք ա։ Եթէ դու պաշտպանում ես Քոչարեանին, ուրեմն Հայաստանի դէմ ես»։ Ինչո՞ւ: Մարինէն բացատրում է. «Քոչարեանը կրակել ա հրապարակում հաւաքուած հանրութեան վրայ։ Հանրա-պետութեան վրայ»։ Իսկապէ՞ս կրակել է։ Մարինէն կրօնական քարոզչի պէս պնդում է իր «ճշմարտութիւնը». «Կարծեմ պարզ ճշմարտութիւն էր ասածս։ Բայց պարզ ճշմարտութիւնը պէտք ա մի հատ ֆիքսել, որ շարժուենք առաջ, փնտռելով յաջորդ՝ գուցէ ոչ էդքան պարզ ճշմարտութիւնները։ Եւ միասին ու հրապարակային գծենք դէպի ապագան տանող մեր ճանապարհը»։
Իսկ ուրիշ կրակոցներ չե՞ն եղել, իսկ ուրիշ ղեկավարներ չե՞ն կրակել ու սպանել, այլ պարզ «ճշմարտութիւններ» չկա՞ն, որ ֆիքսէք, առաջ շարժուէք։ Եթէ Մարինէ Պետրոսեանը իր քաղաքական ներգրաւուածութեան մէջ վստահ է, թէ Քոչարեանը կրակել է ժողովրդի վրայ, ու որ նրան պաշտպանողը Հայաստանի դէմ է, ապա հարց՝ իսկ Երկաթգծի տնօրէն Համբարձում Ղանտիլեանի, նրա վարորդ Յակոբ Յունանեանի եւ կեներալ Ժորա Իսահակեանի, Աշտարակի գործկոմի նախագահ Յովհաննէս Սուքիասեանի եւ նրա վարորդ Վարուժան Աբրահամեանի, ապա երիտասարդներ Արթուր Յովհաննիսեանի եւ Կարէն Ռաֆայէլեանի վրայ կրակողին պաշտպանողը նոյնպէ՞ս Հայաստանի դէմ է, թէ՞ նրանք ժողովուրդ չեն, եւ ժողովուրդը միայն ԼՏՊ-ի գրգռած ամբոխն է։
Թուարկուած մարդկանց սպանել են ՀՀՇ-ի նախագահ ու այն ժամանակ Ներքին գործերի նախարար Վանօ Սիրադեղեանի պատուէրով։ Սա էլ Մարտի 1-ի գործ չի, որ մինչեւ հիմա պարզուած չլինէր, թէ ովքեր են սպանել տասը հոգուն, «Վանոյի գործի» քիլլերները բանտում են, Վանօ Սիրադեղեանն էլ փախել է դատավարութիւնից։ Թարսի պէս ո՞նց ասեն՝ սարքած է, որ Սիրադեղեանի գործը բացուած էր այն ժամանակ, երբ վարչապետ էր նրա ընկեր ու ՀՀՇ-ի սիրելի Վազգէն Սարգսեանը։ Բայց մէկ է, լեւոնական շրջանակները բանդագուշանքի վերածուող ճիչերով խօսակցութիւնը կը փակեն, նրանց զէնքը՝ կուչկայով էնքան կը ճչան, մինչեւ մարդկանց ականջները սղոցուի, գլուխներ արդուկեն․ ինչքան գլուխը ինքնուրոյն մտածելու պակաս ունի, էնքան շուտ կ’արդուկուի։ Ու 20 տարի է՝ գլուխներ են, որ իրար յետեւից արդուկուել են, արդուկողի ֆորման ստացել, նրանց լեզուն առել ու բազմացրել «դաւաճանի» որսի դուրս եկած որսորդներին։ Այդպէս է, ինչպէս գողը ամենաբարձրն է գոռում՝ բռնէք գողին, էնքան յաճախ է գոռում ու էնքան բարձր, որ ուրիշներն էլ գողին միացած սկսում են փնտռել մէկ ուրիշին։
Լիքը փաստեր յուշում են, որ Սիրադեղեանը սպանութիւնները միանձնեայ չի պատուիրել, կոլեգիալ է եղել, ահա թէ ինչու այն ժամանակ, երբ նրա վրա գործ յարուցեցին, ասաց՝ ես քաւութեան նոխազ չեմ դառնալու։ Ահա թէ ինչու Սիրադեղեանին սիրաշահելու համար 2008-ին Լեւոն Տէր Պետրոսեանը յայտարարեց՝ ինձ ընտրելով՝ ընտրում էք Վանօ Սիրադեղեանին։
Ի դէպ, քիլլերները պատահական մարդիկ չէին, ՀՀՇ-ի ներսում ստեղծուած աւազակախումբ էր, որոնց բոլորին Վանօ Սիրադեղեանը ոստիկանութիւն գործի էր ընդունել (տես՝ ոստիկանութիւնում աւազակախմբի ղեկավար Արմէն Տէր Սահակեանի խոստովանութիւնը)։
Մարինէ Պետրոսեանը, եթէ իրօք վստահ է, որ Հայաստանի առաջ գնալու համար պէտք է կրակողներին չպաշտպանել, ապա կը խարանէր նրանց, որ պաշտպանում են 1990-ից սկսած բոլոր կրակողներին։ Չէ, հակառակը, էն մի կրակողների նկատմամբ քնքոյշ զգացումներ ունի, նրանը միայն 2008-ի Մարտի մէկն է։ Ուրեմն, ոչ թէ Հայաստանի տարտին է, այլ գործող իշխանութեան, ոչ թէ Հայաստանի մասին է մտածում, այլ «Իմ քայլը» խմբաւորման, որին խոչընդոտ է դարձել Քոչարեանի գործը։ Բայց այդ խոչընդոտը իրենք են ստեղծել, եւ իրօք լուրջ խոչընդոտ. ի տարբերութիւն 90-ականների թուարկուած սպանութիւնների՝ Մարտի 1-ինը չի բացայայտուել, Քոչարեանին կրակելու համար չեն դատում, նրան սպանութիւն չի մեղսագրուած։ Եթէ դատական գործի ենթատեքստը նայենք, նրան դատում են այն բանի համար, որ 2008 թուին կանխել է իշխանութիւնը գրոհով զաւթելը, որ արտակարգ դրութիւն է մտցրել, իսկը քաղաքական դատ։
Ինչո՞ւ չեն բացայայտում Մարտի 1-ի տասը սպանութիւնները, չե՞ն կարողանում, չե՞ն ուզում, արդեօ՞ք ամէն սպանութեան տակ մի այնպիսի պատմութիւն կարող է բացայայտուել, որ ցուցարարների դէմ կը խօսի, թէ՞ չի հետաքրքրում, թէ՞ որ բացայայտեն, էլ չեն կարող գոռալ՝ «Ռոպերթ մարդասպան» (տես՝ «Մարտի մէկի գործը. հին կինօն քննչական փաթեթաւորմամբ կամ Հայաստանի կորսուած լրագրութիւնը» )։
Մարտի 1-ին էլ հենց նոյն, ՀՀՇ-ական հաշուարկուած ու ցինիկ ձեռագիրն աշխատեց՝ գրոհում, բախումներ ես հրահրում, արիւն հոսեցնում. իշխանութիւնը վերցնենք՝ լաւ, չվերցնենք՝ էլի լաւ, արիւնը կը գրենք իշխանութեան վրայ։ Մարդկային կեա՞նք, չէ, արեան հոտը քնաբեր յատկութիւն ունի հիմնադիրի համար։
Եւ կրկին 2008-ի ոգին վերակենդանացել է, դաւաճանների որսը կրկին սկսուած է, զրպարտութիւնները ճպճպացնում ու անցնում են որսի՝ ով Քոչարեանին պաշտպանում է, Հայաստանի դէմ է, ով մեզ հետ չի, դաւաճան է։
ՀԱԿ-ականները բերանները զուգարան դարձրած Քոչարեանի ու նրա պաշտպանների հասցէին վերջին լուտանքներն են թափում։ Մէկը, որին կիրթ մարդ ես համարել, ամենակեղտոտ հայհոյանքներն է ցփնում, էն միւսը, որ մտաւորական էր թւում, կատաղած գազան է դարձել ու պատրաստ է յօշոտել քեզ։ Էնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ չհանդգնեն նրան մի փոքր պաշտպանել, օրինակ ասեն՝ բայց կարծես Մարտի մէկին ժողովուրդը էնքան էլ խաղաղ չէր, բայց կարծես վրան գործը սարքած է, բայց կարծես սպանողներին չեն յայտնաբերում, էն ի՞նչ էին խօսում ԱԱԾ, ՀՔԾ պետերն ու վարչապե՞տը հեռախօսով, դատաւորը ուզի չուզի սանկցիան տալո՞ւ է։ Ո՞նց թէ…. լուտանքներ չեմ մէջբերի։
Ու ինչքան գործը շարունակւում է, այնքան աւելի շատ մարդ է հասկանում, որ սարքուած է, էնքան փուճ գործ է, որ նոյնիսկ իրենց դատախազութեամբ ու դատարանով չեն կարողանում մի քիչ իրաւական տեսք տալ։ Բա ի՞նչ անեն, հես է, պարզւում է, որ 11 տարի իրենց փչած «Մարտի 1»ի սուտը պայթում է։ Ուրեմն, դատարանը հէչ, իրենք են դատելու, դատելու են նրանց, ովքեր տեսնում են պայթած փուչիկը, որի մէջ բացուելու են նոր հարցեր՝ թէ ինչպէս սպանուեցին այն տասը հոգին, ու ձեւաւորուելու է Մարտի 1-ի այլ պատկեր։ Փուչիկը թէկուզ պայթած վիճակում փրկել է պէտք, ու էնպէս են ահաբեկում, որ ստիպեն մարդիկ չմտածեն, չվերլուծեն ու նոյնիսկ իրենց տեսածին չհաւատան, իրենք իրենց խաբեն, ու որ լսեն՝ Քոչարեանը կրակեց խաղաղ ժողովրդի վրայ, սուսիկ֊-փուսիկ գլխով անեն։ Ի հարկէ, Մարինէ Պետրոսեանի բարեկրթութիւնը թոյլ չի տալիս հայհոյանքներով ու անէծքներով համեմել իր խօսքը, հետեւաբար միայն նրան արժի յղում անել, այսուհանդերձ նա էլ նոյն նպատակն է հետապնդում՝ տաբուավորել, դաւաճանի խարանով սպառնալ Քոչարեանին պաշտպանելն ու «յեղափոխական» արդարադատութեան մասին կասկած յայտնելը. Հայաստանի դէմ ես, ուրեմն դաւաճան ես։
Հայաստանում երեք անգամ է ատելութեան ու պառակտման այս նոյն մթնոլորտը եղել, երեքն էլ ՀՀՇ-ի հետ է առնչւում։ Մէկ 1990-ականներին էր. ով ՀՀՇ-ի հետ չէր, ազգի թշնամի էր։ 1990 թուի Գերագոյն Սովետի նախագահի ընտրութիւններում պատգամաւորներին սպառնում էին, որ եթէ ԼՏՊ-ին չընտրեն, երկիրը Ռումինիայի կը վերածեն (Ռումինիայում արիւնոտ յեղափոխութիւն եղաւ, եւ գնդակահարեցին Նիկոլա Չաուշեսկուին ու նրա կնոջը՝ Ելենային)։
Յաղթեցին, ամբողջ իշխանութիւնը զաւթեցին, բայց դա չխանգարեց, որ արիւն թափեն, ու գնաց պատուիրուած սպանութիւնների շարքը։ Միւսը՝ 2007-2008-ին, էլի ԼՏՊ-ի նախընտրական արշաւին, Մարտի 1-ից առաջ ասում էին՝ ով մեզ հետ չի, տականք է, դաւաճան է, վասակեան է․ էնքան լարեցին մթնոլորտը, մինչեւ արիւն թափուեց, իսկ յետոյ էլ արիւնն առան ու՝ ըհը, ժողովրդի վրայ կրակել են, ով պաշտպանի Քոչարեանին, Հայաստանի դէմ է։
Ու նրանք, ովքեր թերթով ու փողոցում «դաւաճան» էին ճչում չմիացողների վրայ, իրենց առաջնորդների պէս երբեք պատասխանատուութիւն չզգացին Մարտի 1-ին թափուած արեան համար։
Իսկ երրորդն էլ հիմա է՝ «յետյեղափոխական» երկրում, որ պարզուեց ՀՀՇ-ի շրջանակներն ու նոր սերունդն են իշխանութեան եկել՝ փողոցային Մարտի կեներալները, կոյս Հռիփսիմէի սիրոյ կերպարանք ստանալով, որ իշխանութիւնը առնեն ու իրենց ատելութեան սեւ գործը սկսեն: Անհանդուրժողականութեան ախտը էնքան երիտասարդացաւ, որ դպրոցականները ներգրաւուեցին «քիլլեր» ու «ցմահ» պաստառներով Քոչարեանի դատավարութեան երկրորդ օրը։
Իսկ Մայիսի 13-ին սկսուեց դատը, որ հենց սկզբից բախման բերեց. Հակ-ական աքթիւիստ Վարդգէս Գասպարին ցուցապաստառ էր պարզել «Հոկտեմբերի 27 Մարտի 1» ու գոռում էր՝ «Ռոպիկ մարդասպան» Քոչարեանի հարազատների, բարեկամների, աջակիցների առաջ։ Ի՞նչ անէին, ինչ-որ մէկը շիշ է նետել, Գասպարիի աչքի տակը այտուցուել է։
Տարիներ շարունակ Քոչարեանը դատի էր տալիս զրպարտութեան դէմ, բայց այսօր, Քոչարեանի թշնամիները իշխանութեան են ու իրենց խօսքերով սադրում են զրպարտողների աճ, Օգոստոսի 14-ին յեղափոխականների ու հակ-ականների խումբը խափանեց Քոչարեանի ասուլիսը գոռալով «Ռոպերթ մարդասպան», վարչապետ Նիկոլ Փաշինեանն էլ Փարիզում էր յայտարարել թէ «կարելի է մարդկանց սպանութիւնը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Եւ հիմա նրանց յարող շրջանակները գիտեն, ինչքան էլ գոռան «Ռոպերթ մարդասպան», պատասխանատուութեան չեն ենթարկուելու, Քոչարեանին զրպարտելու եւ ատելութեան խօսքի անպատասխանատու հասարակութիւն է ստեղծուել։ Եթէ դատական կարգով նրանց պատասխանատուութեան չեն կարող կանչել, ի՞նչ էր մնում անել։ Ուրեմն, Գասպարիի աչքի տակի այտուցի պատճառը նրանք չե՞ն, ովքեր ստեղծել են ատելութեան ու անպատասխանատու խօսքի այս մթնոլորտը, ովքեր ասում են՝ ով պաշտպանի Քոչարեանին, Հայաստանի դէմ է։
Ինչքան էլ նոր իշխանութիւնը լեգիտիմ լինի, 70 տոկոս ձայն ստացած լինի, ինչքան էլ Ազգային ժողովը, ոստիկանութիւն, դատախազութիւն ու դատարան գրպանը լինի, մէկ է, դիմացինները հաւի ճտեր չեն, որ նրանց ինչ ուզեն ասեն եւ հետները ինչ ուզեն անեն։
Եւ դատարանի առաջ անպատասխանատու ամբոխ է կուտակւում «յանցագործ», «ցմահ», «մարդասպան» լոզունգներով ընդդէմ միւս կողմում «ազատութիւն Քոչարեանին» լոզունգով ամբաստանեալի պաշտպանների, թշնամութիւնը ծաւալւում է, գնալով աւելի անզուսպ դառնում, իսկ դատավարութիւնը նոր է սկսուել, ո՞ւր է հասնելու։ Նա, ով կոչուած է հասարակութեան համերաշխութիւնը ապահովել, եւ կարող է կանգնեցնել առճակատումը՝ վարչապետը, ատելութեան այն մի կողմն է առաջնորդում։
Այս երրորդ ալիքն էլ է արեա՞ն բերելու։
Ռոպերթ Քոչարեանը ունի մեղքեր, բայց նրա համար դժուար այս օրերին փոքրոգութիւն կը լինի նրա մեղքերից խօսել։ Ունի նաեւ ձեռքբերումներ՝ Արցախեան պատերազմի յաղթանակի եւ Արցախի հանրապետութեան ձեւաւորման մէջ նրա մեծ վաստակը։ Ապա ՀՀՇ-ական ռեժիմից քարուքանդ եղած ու աղքատացած երկիրը ժառանգելով՝ իրականացրեց այնպիսի բարեփոխումներ, որ աղքատութիւնը երկու անգամ, իսկ ծայրայեղ աղքատութիւնը 7 անգամ կրճատուեց, դադարեց արտագաղթը, երկրի պիւտճէն 8, ՀՆԱ-ն 6 անգամ աճեց, 2002-2008 թթ. տարեկան միջին տնտեսական աճը 12,5 տոկոս էր, ի վերջոյ միջազգային բանակցութիւններում ընդունուեց Արցախի ինքնորոշման իրաւունքը (Մատրիտեան սկզբունքներում, որը քարկոծում են նրանք, ովքեր պատրաստ էին առանց ինքնորոշումը ճանաչելու զիջել տարածքները)։
Դժգոհ են, որ որոշ մարդիկ շատ հարստացա՞ն, ինչո՞ւ են դժգոհ՝ իրենք են ընտրել կապիտալիզմը ԼՏՊ-ից մինչեւ Փաշինեան, որտեղ «ճիշդը» հարստանալն է, «սխալը» չհարստանալը, «ճիշդ» մարդը հարուստն է, «սխալը»՝ աղքատը։ Գոնէ Քոչարեանի օրօք Սովետից ժառանգած հաստոցը քոքից կտրել-ծախելով չէին հարստանում, ինչ-որ աշխատատեղ ու բարիք էր ստեղծւում, ներդրումներ էին արւում, ու հարկ էր մուծւում (միայն անասնագործութեան մէջ 2000-2007 թուերին հնա-ն աճել է 90 տոկոսով, 32 տոկոսով աճել է տաւարի գլխաքանակը, մինչեւ 2000 թիւ թռչնամիս ու ձու ներկրող երկրում դրանց արտադրութիւնը էնքան աճեց, որ արտադրածի 20 տոկոսը սկսեց արտահանուել, տես՝ Էդիկ Մինասեան «Հայոց նորագոյն պատմութեան քառորդ դարը»)։
Մարդու իրաւունքների վիճա՞կը, ո՞ր երկրի հետ համեմատ, եթէ նախորդ ռեժիմի, ապա Տէր Պետրոսեանին տապալելուց յետոյ ազատութիւնները շատ աւելի ընդլայնուեցին, եթէ կան անաչառ իրաւապաշտպաններ, թող խօսեն՝ թէ ի՛նչ փոխուեց բանտերում, բանակում, խօսքի ու խղճի ազատութեան ոլորտներում։ Կան իրաւապաշտպաններ, բայց, ցաւօք, դժուար թէ խօսեն, դիսկոմֆորտ է։ Բայց նրանց փոխարէն կը խօսեն փաստերն ու նրանք, որ ճնշուել են.
Կրօնագէտ, գիտութեան թեկնածու Կեանքի խօսք կրօնական կազմակերպութեան մամուլի քարտուղար Արմէն Լուսեանն է ասում , որ կրօնական կազմակերպութիւնների համար Տէր Պետրոսեանի իշխանութիւնն ամէնադաժանն էր, իսկ Ռոպերթ Քոչարեանի շրջանը ամենահանդուրժողը («Համայնք եւ երկիր. Հայաստանում խղճի ազատութեան ուսումնասիրութիւն», Հայաստանի հելսինկեան կոմիտէ, 1914 թ. 57 էջ)։ Ցմահ դատապարտուած Արսէն Արծրունին վկայում է, որ մինչեւ 2000 թուական բանտը դժոխք էր, կալանաւորներին ռեժիմով ծեծում էին, հիւանդ կալանաւորին չէին բուժում, թողնում էին մեռնի, որ 1999-ից յետոյ ամէն ինչ փոխուեց։ Նաեւ հանգուցեալ, ցմահ դատապարտուած Մանուկ Սեմերճեանը վկայում է, որ ցմահներին սպանելու յանձնարարութիւն էր տուել ԼՏՊ-ի զինակից, այն ժամանակ գաղութների վարչութեան պետ Մուշեղ Սաղաթէլեանը. «Տարբեր մահապարտների վկայութիւնների վրայ հիմնուելով, հսկիչների ու սպաների վկայութեամբ` Մուշեղ Սաղաթէլեանի ներքին կարգով կարգադրութիւնն է եղել՝ «վարի տուէք սրանց», եւ որ «իրավիճակը փոխուել է 2000 թ. գարնանից սկսած»:
Բանակում մահերը՝ Լեւոն Տէր Պետրոսեանի հրամանատարութեան տարիներին տարեկան 100-200-ից աւելի զինուոր էր սպանւում, 1996-ին՝ 260, 1997-ին՝ 217, 1998-ին՝ 196։ Միայն 1999-ից են թուերը երկնիշ դառնում, այդ տարի 93, 2000-ին՝ 86, 2001-ին՝ 72, 2002-ին՝ 45 զինուորի մահ։
ՀՀՇ-ական ռեժիմի տարիներին անընդհատ լրագրողներին ծեծելու մասին լուրեր էին պտտւում, բազմաթիւ թերթեր փակուեցին՝ «Երկիր», «Ազատամարտ» , կանանց նուիրուած «Առագաստ» թերթը, ինչ է թէ խմբագիրը դաշնակցական էր եւ այլն, «Ազատութիւն» ռատիոյի հեռարձակումը փակուեց, որոնց մի մասը միայն 1998-ից յետոյ վերաբացուեցին, բայց արդէն տկարացած։
ԱՄՆ-ի Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած polity index-ի կրաֆիկում երեւանում է ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վիճակը Հայաստանում անկախութեան 24 տարիներին՝ մինչեւ 2014թ.։ Հետազօտութիւնը ներառում է աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է, ամենաբռնատիրականը, որ ունի օրինակ Հիւսիսային Քորիան, միւս ծայրում +10-ն է, ամենաժողովրդավարականը, որտեղ Շուէյցարիան է։ Հայաստանը անկախանալուց կարճ ժամանակ անց՝ Տէր Պետրոսեանի նախագահութեան տարիներին կտրուկ անկում է ապրել ընկել է մինչեւ -6՝ հասել դէպի բռնապետութեան, եւ միայն նրա տապալումից ու Քոչարեանի իշխանութեան գալուց յետոյ 98-ից սկսած 9 կէտով բարձրացել է, բայց 5-ից չի անցել։
Եւ եւս մի ձեռքբերում. Քոչարեանը եթէ մի բան արել է Մարտի 1-ին, ապա այն, որ թոյլ չի տուել երկիրը աղքատացրած-աւերակ դարձրած, ոստիկանութիւնում մարդասպան աւազակախումբ պահող հորդան կրկին իշխանութիւնը գրաւի։