ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՒ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ


 

         

 

  ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ թուականիս նոյեմբերի 8-10-ին, Երևանում, ՀՅԴ «Արամ Մանուկեան» Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողով։

            Խորհրդաժողովին մասնակցում էին 17 միութիւնների 25 ներկայացուցիչներ` Գանատայից, ԱՄՆ Արևելեան և Արևմտեան շրջաններից, Հարաւային Ամերիկայից, Հոլանտայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Հիւսիսային և Հարաւային Իրանից, Արցախից և Հայաստանից։ Նշելի է, որ սկայպի միջոցով խորհրդաժողովի աշխատանքներին մասնակից եղան ՀՅԴ Սուրիայի երիտասարդական և ուսանողական միութիւնները։ Խորհրդաժողովին  մասնակցում էին նաև ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակին կից Երիտասարդական խորհրդի անդամներ։

            Եռօրեայ նիստերի օրակարգում ընդգրկուած էին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւնների անցնող 18 ամիսների գործունէութեան զեկոյցը, ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի գործունէութեան զեկոյցը, «ՀՅԴ Երիտասարդականի հայեցակարգ և ռազմավարական նպատակներ» փաստաթղթի ներկայացումը, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի կապակցութեամբ համահայկական երիտասարդական մասշտաբով աշխատանքների կազմակերպման հարցը, Հայաստանում և Արցախում արտերկրի միութիւնների միջոցով պատանեկան ճամբարների կազմակերպման արդիւնաւէտութիւնը բարձրացնելու հարցը և յառաջիկայ երկու տարուայ գործունէութեան համար առաջարկների ներկայացումը։

            Խորհրդաժողովի մասնակիցներն ունկնդրեցին ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Դաւիթ Լոքեանի դասախօսութիւնը «Հայաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» նիւթի վերաբերեալ, որից յետոյ տեղի ունեցաւ հարց ու պատասխան և քննարկում։

            Եռօրեայ նիստերի ընթացքում հնչեցին բազմաթիւ տեսակէտներ և առաջարկներ։ Յատուկ շեշտ դրուեց Հայաստանում և Արցախում աշխատանքները ծաւալելու անհրաժեշտութեան, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը միահամուռ ջանքերով և մեծամասշտաբ կերպով նշելու հրամայականի և 100-ամեակը որպէս պայքարի նոր սկիզբ ընկալելու կարևորութեան, արտաքին-յարաբերական դաշտում աւելի ազդեցիկ ներկայութիւն ունենալու, միութիւնների կազմակերպական մակարդակը բարձրացնելու, քաղաքական և դաստիարակչական աշխատանքները խորացնելու վրայ։

            Ընդգծուեց նմանատիպ խորհրդաժողովների կարևորութիւնը մտքերի ու փորձառութիւնների փոխանակման, միմեանց դժուարութիւններից տեղեկանալու և իրար օժանդակելու և նոր ծրագրերի մշակման տեսանկիւնից։

            Խորհրդաժողովի փակման խօսքով հանդէս եկան ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը և Երիտասարդական խորհրդի անդամ ընկեր Մուրատ Թօփալեանը։

            Խորհրդաժողովն ընթացաւ ընկերական ջերմ մթնլորտում։

 

            ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ


Leave a Comment

You must be logged in to post a comment.