Սօս Սարգսեանի Վերջին Հրաժեշտի Արարողութիւնը


ԵՐԵՒԱՆ, «Երկիր Մեդիա», «Արմէնփրէս».– 29 Սեպտեմբերին հայ ժողովուրդը վերջին հրաժեշտ տուաւ թատրոնի եւ շարժապատկերի նահապետին՝ ժողովուրդի սիրելի դերասան Սօս Սարգսեանին: Կորուստը ձեւով մը կրկին

մտերմութիւն ստեղծեց բոլորին միջեւ: Արդարեւ, Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնին մէջ տեղի ունեցած արարողութեան ներկայ էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան՝ Առաջին տիկին Ռիթա Սարգսեանի ուղեկցութեամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան, Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեան, նախարարներ, Ազգային ժողովի պատգամաւորներ, բարձրաստիճան այլ պաշտօնեաներ, ինչպէս նաեւ մեծաթիւ հայորդիներ:
Հրաժեշտին ներկայ գտնուողները կ՛արտասուէին, կը յիշէին ու կը հպարտանային։ Սօս Սարգսեանի շարունակ հնչող ձայնը բոլորին հաւատի կոչ կ՛ուղղէր: Ժողովուրդը հրաժեշտ տուաւ իր սիրելի Նահապետին՝ իր սրտին մէջ վառ պահելով Սօս Սարգսեանի յիշատակը:
Վարչապետ Տիգրան Սարգսեան՝ խօսելով դերասանին մասին, յայտնած է. «Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ցանակացած հայ ընտանիք այսօր խորը վիշտ է ապրում, որովհետեւ իսկապէս կեանքից հեռացել է մի մարդ, որը վայելում էր մեր ժողովրդի սէրը, անթաքոյց սէրը, եւ այսօր էլ մենք տեսնում ենք, որ հազարաւոր մարդիկ գալիս են իրենց յարգանքի տուրքը բերելու Սօս Սարգսեանի յիշատակին: Ոչ միայն դերասան էր Սօս Սարգսեանը, որին սիրում էինք մենք նրան յայտնի ֆիլմերից, նա նաեւ ազգային մարդ էր: Նա պետականութիւն սիրող, պետականութեան համար մեծ ճանապարհ անցած մարդ էր: 88 թուականի շարժման ակունքներում կանգնած մարդ էր, միշտ բոլոր դժուարութիւններում կիսում էր ժողովրդի հետ այդ դժուարութիւնները եւ իր կենսագրութեամբ է վայելել մեր ժողովրդի սէրը ու յարգանքը»:
«Կան անհատներ, որոնք կարծես թէ քեզ հետ միասին են ծնւում, այսինքն՝ աչքերդ բացում ես եւ ճանաչում նրանց: Թւում է, թէ նրանք քո ծնողն են, ուսուցիչը, դաստիարակը. ուղեկցում են քեզ ամբողջ կեանքիդ ընթացքում: Սօս Սարգսեանն այդ անհատներից էր. նա մշտապէս եղել է մեր կեանքում՝ իր ֆիլմերով, իր իմաստուն խօսքերով, խրատներով, իր բացառիկ հայի կերպարով: Դժուարութիւնն այն է, որ

նա մեր կողքին չէ: Այժմ խորհուրդ հարցնելիս պիտի մտածես՝ ո՞ւմ հարցնես, իմաստուն խօսք լսելիս պէտք է որոնես մի անհատի: Նման մարդիկ մեր հասարակութիւնում պակասել են, եւ դա շատ ցաւալի», լրագրողներու հետ զրոյցին ընթացքին նշեց Հայաստանի մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեան:
«Ես կարծես որբացած լինեմ. թատերական հօրս եմ կորցրել: Մենք կորցրինք մեր վերջին մոհիկանին, մեր կինոյի եւ թատրոնի մեծ վարպետին: Վերջին տարիներին ես արտերկրում էի ապրում եւ կարծես դուրս էի մեր թատերական ընտանիքից: Յիշում եմ, որ 2000 թուականին Սօս Սարգսեանն իմ մասին խօսելիս ասաց՝ «Վարդանը մեր զաւակն է», եւ ես ինձ որդեգրուած զգացի: Նրա հետ ես վերագտայ հայ թատրոնը: Նա միշտ գալիս էր իմ ներկայացումներին եւ խօսում էր մարդկանց հետ: Ցաւօք, չկարողացաւ ներկայ գտնուել վերջին ներկայացմանը: Սօսի մահուանից յետոյ բոլորս ենք որբացել», նշած է դերասան Վարդան Պետրոսեանը:
«Սօս Սարգսեանի հետ ծանօթացել եմ 33 տարի առաջ, եւ տեսել եմ նրա հիասքանչ դերակատարումները: Ինձ համար նա հօրից թանկ էր: Նա հօրիցս աւելին է արել, փոխել է իմ կեանքը», յայտնած է Մոսկուայէն Հայաստան եկած լրագրող Ալեքսանտր Մինքինը:
Հրաժեշտի արարողութենէն ետք Սօս Սարգսեանի դագաղը ուսամբարձ տարուեցաւ Կոմիտասի անուան այգիի պանթէոն, ուր տեղի ունեցաւ թաղման կարգը:


Leave a Comment

You must be logged in to post a comment.