Դիպուկահար. Յատուկ պատրաստութիւն անցած մարտիկը

Բարձրակարգ, դիմացկուն, անվրէպ, անխոցելի, անտեսանելի. այսպիսի բառերով են յաճախ բնութագրում մարտական խնդիրը կրակով լուծող մասնագէտներին՝ դիպուկահարներին: Խոցել թիրախը որոշակի տարածութիւնից՝ գուցէ առաջին հայեացքից պարզ առաջադրանք թուայ, սակայն ամենեւին էլ այդպէս չէ: Դիպուկահարները յատուկ ընտրուած հրաձիգներ են, որոնք երկարատեւ ուսուցում են անցընում: Նրանց պատրաստութեան գործում մանրուքներ չկան. կարեւոր է ինչպէս զէնքի ընտրութիւնը, այնպէս էլ կօշիկի որակը:

Ընտրութիւն, պատրաստութիւն, մկրտութիւն

Ինչպէ՞ս են կոփւում հայկական բանակի դիպուկահարները, հոգեբանական եւ ֆիզիքական ի՞նչ արգելքներ են յաղթահարում այդ կոչմանն արժանանալու համար: Որոշեցինք պարզել տեղում եւ մեկնեցինք դիպուկահարների պատրաստութեան դպրոց: Ամէնից առաջ նշեմ, որ դպրոց ասուածը զօրամաս է: Այն, սակայն, առանձնայատուկ է, քանի որ պատասխանատու է ամբողջ բանակի դիպուկահարների պատրաստութեան համար: Հրամանատարը փոխգնդապետ Դուրեանն է: Ասում է՝ իրենց զօրամասում ոչ ոք պատահաբար չի յայտնւում:

– Ապագայ դիպուկահարների նախնական ընտրութիւնը կատարւում է մշտական տեղակայման վայրերում՝ հրաձգութիւնից լաւագոյն արդիւնք ցուցաբերած նորակոչիկների, ինչպէս նաեւ պայմանագրային զինծառայողների կազմից: Ի տարբերութիւն վերջիններիս, որ գործուղւում են դպրոց՝ վերապատրաստման, ունակութիւնների կատարելագործման կամ նոր զինատեսակներին տիրապետելու համար, ժամկէտայինները մասնագիտանում են զրոյից: Դիպուկահարներն ուսուցանւում են հաստիքային ստորաբաժանումների կազմում՝ ըստ զինատեսակների մասնագիտացուած հրահանգիչների անմիջական վերահսկողութեամբ:

Փոխգնդապետը ներկայացնում է մէկ կիսամեակ տեւողութեամբ դասընթացների երեք փուլերը: «Առաջինն ադապտացիոն շրջանն է. հնարաւոր է` զինծառայողը, ընդունուելով մեր դպրոց, դեռ խորութեամբ չի ընկալում, թէ ինչ է իրենից պահանջւում: Մէկ ամսուայ ընթացքում նա ձեռք է բերում տեսական գիտելիքներ զէնքի, մարտավարութեան վերաբերեալ, կատարում է կրակային առաջին վարժանքները: Սկսում է հասկանալ՝ խնդիրը կատարելու է հակառակորդի աչքերի մէջ նայելով, բարձր ռիսկի, վտանգներով յագեցած եւ անկանխատեսելի զարգացումներով լի պայմաններում: Ամէն մարդ չէ, որ կարող է իր մէջ ուժ գտնել յաղթահարելու նման լարուածութիւնը: Ուստի, դիպուկահարի համար առաջնային է հոգեկան կայունութիւնը, համբերատարութիւնը: Եթէ անհատական զրոյցների կամ վարժանքների ժամանակ պարզւում է, որ թեկնածուն բռնկուող է, հեշտութեամբ է զայրանում, «գերակտիվ է», անհամբեր կամ անվախ, ուրեմն, նա չի համապատասխանում: Վերադառնում է զօրամաս՝ այլ բնոյթի ծառայութիւն իրականացնելու», հրամանատարը հատ-հատ շեշտում է բառերը:

Իսկ եթէ, այնուամենայնիւ, զինծառայողը յաղթահարում է փորձաշրջանը, ապա երկրորդ փուլում դաշտային պարապմունքների միջոցով ամրապնդում է տեսական գիտելիքները: «Նա սովորում է խոցել փոքր նշանակէտերը, կրակում է մեծ հեռաւորութիւններից, վարժադաշտում տեղաշարժւում է ճիշդ այնպէս, ինչպէս մարտադաշտում՝ յաղթահարելով բազում անակնկալներ: Սահմանափակ տարածութիւնում ժամերով սպասում է թիրախին, ինչը եւս լուրջ փորձութիւն է: Եւ յաճախ այս ամէնը կատարում է գիշերային պայմաններում: Ամէնժամեայ ծանրաբեռնուածութիւն. սա է դիպուկահարների պատրաստման կարգախօսը», ասում է փոխգնդապետ Դուրեանը:

Վերջին՝ երրորդ փուլում, դիպուկահարը ստուգողական համալիր վարժութիւններ է կատարում: Սակայն անգամ գերազանց արդիւնքը երաշխիք չէ, թէ նա իւրացրել է ծրագիրը. «Ուսումնական փուլի աւարտից յետոյ դիպուկահարին ուղեկցում ենք առաջնագիծ, որպէսզի այն ամէնը, ինչը սովորել է դպրոցում, ցուցադրի իրական պայմաններում՝ հակառակորդի անմիջական ազդեցութեան գօտում: Դիպուկահարը պէտք է գիտակցի՝ ինքը հակառակորդի կողմից ամենամանրակրկիտ փնտռուող թիրախն է: Եւ վճռական ազդեցութիւն ունի մարտական գործողութիւնների ելքի վրայ, քանի որ տարբեր խորութիւններում լուծում է առանցքային խնդիրներ՝ առանց բանակային այլ ստորաբաժանումների ներգրաւուածութեան», շեշտում է զօրամասի հրամանատարը:

Հետաքրքրւում եմ՝ հետեւո՞ւմ են դպրոցի շրջանաւարտների ծառայութեան յետագայ ընթացքին: Փոխգնդապետը կատարուած առաջադրանքների օրինակներ է մատնանշում, բայց եւ զգուշացնում՝ դրանց բնոյթը խիստ գաղտնի է. «Դպրոցի գործունէութեան ութ տարիների ընթացքում հարիւրաւոր բարձրակարգ մասնագէտներ ենք պատրաստել: Նրանցից շատերը թէ՛ քառօրեայ ռազմագործողութիւնների ժամանակ, թէ՛ առանձին դէպքերում մարտական խնդիրը գերազանց են կատարել: Ի հարկէ, ուսումնասիրում ենք նաեւ թերութիւնները եւ փոփոխութիւններ կատարում մարտավարութիւնում»:

Բացի անհատական վարպետութիւնից, պակաս կարեւոր չեն նաեւ դիպուկահարի զինանոցի ընձեռած հնարաւորութիւնները: Փոխգնդապետ Դուրեանը վստահեցնում է. «Զինանոցն անընդհատ արդիականացւում է: Դիտարկման, յայտնաբերման, թիրախների նոյնականացման նորագոյն համակարգերը մեզ թոյլ են տալիս գործելու օրուայ ցանկացած ժամի, եղանակային տարբեր պայմաններում: Հայկական բանակի դիպուկահարները կիրառում են համաշխարհային չափորոշիչներով լաւագոյնի համարում ունեցող զինատեսակներ եւ կարող են խոցել թիրախը հակառակորդի պաշտպանութեան խորքում՝ մինչեւ 3000 մեթր հեռաւորութեան վրայ: Դիպուկահար հրացանների որոշ նմոյշներ էլ հայկական ռազմարդիւնաբերական ընկերութիւնները կատարելագործել են. բարելաւուել են դրանց մարտավարատեխնիկական բնութագրերը: Սակայն ամենալաւ զէնքն էլ ընդամէնը պարսատիկ է, եթէ այն կիրառողը բանիմաց չէ»:

Խոցում մատի մէկ հպումով

Հրաձգարանում պայմանագրային դիպուկահարներն են: Կրակային պատրաստութեան գործնական պարապմունք է: Հրաձգութիւնը կատարում են տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններից: Իւրաքանչիւր զինծառայող երեք փամփուշտ ունի՝ 400 մեթրի վրայ յայտնուող երեք թիրախները խոցելու համար: Վարժանքին կրակագծից հետեւում եմ յատուկ ականջակալներով: Սակայն, այնուամենայնիւ, ամէն կրակոցից յետոյ կկոցում եմ աչքերս: Հրահանգիչ Դաւթեանն ասում է. «Իսկ դիպուկահարին խստիւ արգելւում է կրակոցի ժամանակ փակել աչքը»: Յետոյ դիպուկ կրակելու մի քանի գաղտնիք է բացայայտում. «Մարտական խնդրի յաջող կատարումը հիմնականում կախուած է դիպուկահարի կրակային դիրքի ճիշդ ընտրութիւնից: Նա պէտք է զէնքի խզակոթը, նշանոցը, ձգանը յարմարեցնի իրեն: Երկար նշան բռնելը յակացուցուած է. աչքդ յոգնում է, նշանակէտն էլ կարող է անհետանալ: Դիպուկահարը մէկ րոպէ ունի՝ դիրք զբաղեցնելու եւ նշան բռնելու համար, եւ ընդամէնը երեք վայրկեան՝ կրակելու, որի ընթացքում չի թոյլատրւում շնչել կամ արտաշնչել»:

Արմանը երեք թիրախներից իւրաքանչիւրը խոցում է մատի մէկ հպումով: Ի հարկէ, պատահականութիւն չէ: Վեց տարի է՝ ծառայում է առաջնագծում. «Կարող ես լինել դիմացկուն, անզիջում, վարժուած, բայց, եթէ վճռական պահին երկմտեցիր, ուրեմն՝ կը վրիպես եւ կը տապալես գործողութիւնը: Հետեւաբար, ամենակարեւորը գիտակցումն է՝ յանուն ինչի՞ ես կրակում»:

Գոյութիւն ունի դիպուկահարների դասային որակաւորման կարգ՝ երրորդ, երկրորդ, առաջին, վարպետ: Մասնագիտական աճի ձգտումն է յատուկ նշանակութեան ստորաբաժանման զինծառայող Օլիային դիպուկահարների դպրոց բերել. «Պատահել է՝ մէկ օր դարանակալել եմ ձեան մէջ. չեմ քնել, չեմ սնուել, ջուր չեմ խմել: Կարողութիւններս զարգացնելու համար պատրաստ եմ յաղթահարել աւելի բարդ փորձութիւններ: Եւ լաւ է, որ մեզ այստեղ չեն խնայում»:

Եանան էլ փորձարկում է իր նոր զէնքը՝ «Օրսիս Տ-5000» դիպուկահար հրացանը. «Տրամաչափը 8.6 մմ է: Նախատեսուած է փոքր նշանակէտերի ուղղութեամբ գերճշգրիտ կրակ վարելու համար: Այս զինատեսակը իր չափորոշիչներով աշխարհի լաւագոյնների շարքում է: Կարծում եմ՝ շուտ կը վարպետանամ: Աւարտել եմ ֆիզիքայի ֆակուլտետը եւ հեռաւորութիւն, ժամանակ, արագութիւն մեծութիւններից լաւ եմ գլուխ հանում»:

Ինքնուրոյն ընտրել նշանակէտը, գնահատել դրա կարեւորութիւնը եւ խոցել մէկ կրակոցով. մեծ վարպետութիւն եւ համարձակութիւն պահանջող նման խնդիրներ Յովիկը շատ է կատարել. «Ժամկէտային ծառայութիւնս անցկացրել եմ որպէս դիպուկահար: Զօրացրուել եմ եւ որոշել ծառայութիւնս շարունակել պայմանագրային հիմունքներով: Արդէն չորս տարի է, ինչ ընդգրկուած եմ յատուկ նշանակութեան ստորաբաժանումում: Կարծում եմ՝ ինչքան էլ փորձառու լինես, միշտ սովորելու բան ունես: Դիպուկահարը պէտք է բոլոր զէնքերից էլ հաւասարապէս լաւ կրակի: Հիմա հրաձգութիւն կը վարեմ Arctic Warfare ընտանիքի դիպուկահար հրացանից»:

Ուսումնական մէկ այլ կէտում էլ դիպուկահար դառնալու առաջին փորձերն են կատարում ժամկէտային զինծառայողները: Նրանք ընդամէնը մէկ-երկու ամիս առաջ են զօրակոչուել: Կապիտան Դարբինեանը նկատում է. «Զօրամասերում ճիշդ ընտրութիւն է կատարուել: Մենք էլ այնպէս կը մարզենք, որ թշնամուն սաստելիս ձեռքները չդողան»: Յետոյ հրահանգում է. «Նշա՛ն բռնիր, կրա՛կ»: Եզակի արդիւնք է ցուցադրում հիւսիսարեւելեան զօրամասի զինուոր Դաւիթը՝ 50 հնարաւոր միաւորից վաստակելով 49, «Դիպուկահարների մասին շատ ֆիլմեր եմ դիտել եւ միշտ ցանկացել եմ հենց այդ մասնագիտութեամբ ծառայել: Զօրամասում ինքնաառաջադրուել եմ (ժպտում է), այնուհետեւ ԱԿ-74-ով խոցել բոլոր թիրախներն ու վաստակել այստեղ սովորելու իրաւունքը: Մէկ ամսուայ ընթացքում իւրացրել եմ «Դրագունով» դիպուկահար հրացանի հնարաւորութիւնները: Հիմա այն գործնականում եմ կիրառում եւ այնքան ոգեւորուած եմ, որ անգամ կիզիչ արեւը աչքիս չի երեւում: Անհամբեր սպասում եմ, թէ երբ պիտի վերադառնամ զօրամաս եւ ստանձնեմ պարտականութիւններս»:

Դիպուկահարի անխոցելիութեան երաշխիքները

Դիմացկունութիւնը, թերեւս, դիպուկահարի ամենակարեւոր յատկանիշներից է: Եւ զինծառայողներն այն մարզում են կանոնաւոր ֆիզիքական ակտիւութեամբ: Յաղթահարում են տարատեսակ արգելագօտիներ. վազում են երեք, հինգ, տասը քիլոմեթր, ապա սողեսող անցնում փշալարապատ տեղանքը, մագլցում են երկու մեթրանոց պատը, յետոյ նուաճում անմատչելի թուացող բարձրութիւններ, ցատկում խոր փոսի վրայով եւ այսպէս շարունակ: Դասակի հրամանատար Մովսիսեանն անընդհատ ուղղորդում է ապագայ դիպուկահարներին, յուշում, թէ ինչպէ՛ս ճիշդ կատարել այս կամ այն վարժութիւնը: Փորձառու հրահանգիչն ասում է. «Արգելագօտու յաղթահարումը դաստիարակում է «մարտական զայրոյթ», որն այնքան անհրաժեշտ է յատուկ նշանակութեան ստորաբաժանման զինծառայողին բարդ խնդիրներ կատարելիս»: Ապա վերաձեւակերպում է յայտնի ասոյթը. «Կրկնութիւնը մարտական պատրաստութեան մայրն է»: Եւ տղաները վարժութիւնները նորից են կատարում:

«Գտնել քօղարկուած զինծառայողներին». եթէ ուսումնական վաշտի հրամանատար, կապիտան Արիստակէսեանն անզիջում լինէր, ես ու մեր լուսանկարիչը մի ամբողջ օր կ’անցկացնէինք զօրավարժադաշտում՝ նրա այս առաջադրանքը կատարելու համար: Ինչ խօսք, կրակային դիրքի ընտրութեան եւ քօղարկման նրբութիւններն ապագայ դիպուկահարները գերազանց են ըմբռնել: Նկատել նրանց անգամ երեք քայլ հեռաւորութեան վրայ գրեթէ անհնար է: Օգտագործել են տեղանքի ընձեռած բոլոր հնարաւորութիւնները՝ խոտածածկոյթ, փլուածքներ, թփուտներ: «Իսկ եթէ քօղարկիչ տարրեր չկա՞ն», հարցնում եմ, Կապիտան Արիստակէսեանը բացատրում է. «Ուրեմն կրակային դիրքն ընտրում են այնպիսի տեղանքում, որտեղ բացակայում են յստակ կողմնորոշիչներ, ռելիէֆն էլ ոչնչով չի գրաւում հակառակորդի ուշադրութիւնը»:

Դիպուկահարները սովորաբար կահաւորում են հիմնական, պահեստային եւ կեղծ կրակային դիրքեր, որպէսզի հակառակորդի կողմից յայտնաբերուելու դէպքում փոխեն իրենց տեղը: Ուսումնական վաշտի հրամանատարը նշում է՝ եթէ դիպուկահարն ու հետախոյզ-դիտորդը յուսալի են քօղարկուած, ապա նրանց ապրելու հաւանականութիւնը 70 տոկոսով աւելանում է. «Դիպուկահարը պէտք է անտեսանելի լինի. նրա անխոցելիութիւնն ընկճում է հակառակորդին»:

Շուշան Ստեփանեան

«Հայ Զինուոր»

Leave a Comment

You must be logged in to post a comment.