«Հայոց Ցեղասպանութեան 100րդ Տարելիցին Ընդառաջ» Համաժողովի Յայտարարութիւնը


 

 

«Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին ընդառաջ» իրաւաբաններու համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցները վաւերացուցին հետեւեալ յայտարարութիւնը.

Կարեւորելով աշխարհասփիւռ հայ իրաւաբանների ներուժի ուղղորդման անհրաժեշտութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման ուղղութեամբ,
Արձագանգելով Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին ընդառաջ միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի կոչին,
Ողջունելով Ամենայն հայոց Գարեգին Բ. եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսների 2013 թուականի Ապրիլի 24ի համատեղ յայտարարութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման, հետեւանքների յաղթահարման, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալուածները եւ հոգեւոր-մշակութային արժէքները իրաւատիրոջը վերադարձնելու մասին,
Արժեւորելով ցեղասպանութիւնների հիմնախնդիրների վերաբերեալ հայ եւ օտարազգի իրաւաբանների մինչ օրս կատարած աշխատանքները,
Քննարկելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման հիմնախնդիրները միջազգային իրաւունքի շրջանակներում՝
Իրաւաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներս, դիմելով բոլոր հայ իրաւաբաններին, ցեղասպանութիւնների հիմնախնդիրներով զբաղուող միջազգային իրաւունքի օտարազգի մասնագէտներին՝
Յայտարարում ենք՝
1. Հայ իրաւաբանների առաջնահերթ խնդիրը համարում ենք ոչ թէ Ցեղասպանութեան ակնյայտ իրողութեան փաստումը, այլ՝ հետեւանքների յաղթահարման առումով իրաւական հիմնաւոր ու ամբողջական թղթածրարի պատրաստումը՝ համաժողովում ներկայացուած մօտեցումների, առկայ հետազօտութիւնների ու փաստաթղթերի, միջազգային իրաւունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրայ.
2. Իրաւական հիմնախնդիրների շրջանակներում համագործակցելու ենք Հայաստանի Հանրապետութեան նախագահի գլխաւորութեամբ գործող Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին ընդառաջ միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի եւ Սփիւռքում գործող յանձնախմբերի հետ.
3. Ստեղծելու ենք յատուկ յանձնախումբ՝ Հայոց Ցեղասպանութեան հիմնախնդիրների իրաւական թղթածրարն ամբողջականացնելու համար:

ԻՐԱՒԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ԻՐԱՒՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԻՐԱՒԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ


Leave a Comment

You must be logged in to post a comment.