«Ժողովրդագրական Ճգնաժամին Ընդառա՞ջ»

ԱՐՏԱԿ ՄԱՐԿՈՍԵԱՆ

Բնակչութեան բնական աճն այն կարեւոր բաղադրիչներից է, որն ապահովում է հասարակութեան բնականոն զարգացումը եւ հնարաւորութիւն է տալիս դրա հիման վրայ կատարել ռազմավարական կանխատեսումներ: Ոչ մի երկիր չի կարող ծրագրաւորել իր յետագայ սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ մշակութային զարգացումն առանց յստակ ժողովրդագրական քաղաքականութեան, որի նշանակութիւնը ժամանակակից աշխարհում գնալով աճում է:

Աշխարհի բազմաթիւ երկրներում գործում են ծնելիութեան խրախուսման բազմաթիւ ծրագրեր: ՀՀում եւս գոյութիւն ունի ծնելիութեան խրախուսման 2016-2018թթ. միջնաժամկէտ ծրագիր, որի բաղադրիչներից մէկն էլ երրորդ երեխայի ծննդեան դէպքում 1 մլն. դրամով խրախուսումն է: Գործում է նաեւ ծննդաբերական սերտիֆիկատների (վկայագիրներու-Խմբ.) տրամադրման քաղաքականութիւնը: Մշակուել է նաեւ նորաստեղծ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը, որը, սակայն, միջոցների սղութեան հետեւանքով դեռեւս չի գործում:

Ինչպէս ցոյց են տալիս խորհրդային տարիներին անցկացուած մարդահամարները, Հայաստանի բնակչութիւնը բնականոն աճ է գրանցել, որը տարեկան կտր-ուածքով կազմել է մօտ 1.5 տոկոս:

Այսպէս, անցեալ դարի 80ական թուականներին Խորհրդային Հայաստանի բնական աճի տեմպերը բաւականին բարձր էին, որի բարձրակէտը 1986թ. էր, երբ գրանցուեց 20րդ դարի Հայաստանի ժողովրդագրական դիտումների ամենաշատ ծնելիութեան ցուցանիշը՝ 81,192 երեխայ: Ըստ վիճակագրական տուեալների՝ 1985-1991թթ. Հայաստանում ծնուել էր 544,654 երեխայ:

Ծնելիութեան այս բարձր ցուցանիշը կտրուկ փոփոխւում է Հայաստանի անկախութեան առաջին տարիներից սկսած: Պատճառները սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացումն էր, Սպիտակի աղէտալի երկրաշարժը, շրջափակումը եւ Ղարաբաղի համար մղուող ազատագրական պատերազմը:

Եթէ 1992թ. Հայաստանում ծնուել է 70,581, 1997թ.՝ 43,929, ապա 2001թ. այդ թիւն իջաւ մինչեւ 32,065 երեխայի: Ընդհանուր առմամբ, ՀՀ անկախութեան առաջին տասնամեակում ծնուել է 464,457 երեխայ, մահացութիւնը կազմել է 247,064 մարդ, իսկ բնական աճը՝ 217,443 մարդ:

Պէտք է նշել, որ 1992-2001թթ. նախորդ տասնամեակի համեմատ բնական աճը կրճատուել էր 5.3 անգամ: Բնակչութեան բնական աճի դինամիկան, սկսած 1992թ.ից, անընդհատ նուազել է, որն արտագաղթի հետ աւելի է ազդել բնակչութեան թուաքանակի փոփոխութիւնների վրայ:

Ծննդաբերութեան տարէցտարի նուազման պատճառները ոչ միայն պէտք է փնտռել վերարտադրողական տարիքի մարդկանց զգալի հատուածի բացակայութեամբ, այլեւ այդ ժամանակահատուածում հանրապետութիւնում առկայ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի խորապատկերին:

Սպասւում էր, որ 2001թ. Հայաստանում իր ամենացածր կէտին հասած ծնելիութիւնն աճ պէտք է գրանցեր, քանի որ ակտիւ ամուսնական տարիք էին մուտք գործում 20րդ դարի 70ական թուականների վերջի եւ 80ականներին ծնուած սերունդը, որոնց թիւը զգալիօրէն գերազանցում էր 60-70ականների ծնուածների թուին:

Ըստ կանխատեսումների՝ տարեկան պէտք է ծնուէին առնուազն 50-60 հազար երեխաներ: Սակայն այդ կանխատեսումները լիովին չարդարացան: Եթէ 2002թ. Հայաստանում ծնուել էր 32,380 երեխայ, ապա 2010թ. այդ ցուցանիշը հասաւ 44,800ի, իսկ արդէն 2011թ.ից սկսեց նուազել: Չնայած 2002-2011թթ. գրանցուած ծնունդների թուաքանակի աճին, այն 1992-2001թթ. համեմատ կրճատուել էր 1.2, իսկ բնական աճի ցուցանիշը 1.8 անգամ: Պատճառն այն էր, արտագաղթի հետեւանքով հայ երեխաների մեծ մասը ծնուել էր արտերկրում, իսկ դա բաւականին պատկառելի թիւ է կազմում: Եւ եթէ 20րդ դարի առաջին տասնամեակում Հայաստանում գրանցուէր միջինը 50-60 հազար ծնունդ, ապա դա կարող էր որոշակի կայունութիւն հաղորդել ժողովրդագրական գործընթացներին, որը 2011թ. սկսած միայն հետընթաց է արձանագրում:

Սակայն այս իրողութեան բացակայութիւնը մօտակայ տասնամեակներում բացասաբար է ազդելու ժողովրդագրական գործընթացների վրայ: Հայկական ընտանիքը, որը 20րդ դարի 80ական թթ. միջինը բաղկացած էր 4.7 մարդուց, այսօր կազմում է ընդամէնը 3.3 մարդ: Վերջին տասնամեակում քիչ է այն ընտանիքների թիւը, որտեղ երեխաները քանակը անցնում է երեքից:

Խզուել է երեխաներ ունենալու յաջորդականութիւնը: Եթէ մինչ անկախութիւնը դա կազմում էր 2-3 տարի, ապա ներկայումս 4-7 տարի: Իսկ երրորդ եւ աւելի երեխաներին շատ քիչ ծնողներ են ներկայումս գնում: Եթէ 1997թ. ծնունդների ընդհանուր թուաքանակում 24.7 տոկոսը եղել են 3 եւ աւելի ծնուած երեխաները, ապա 2015թ. տուեալներով այդ ցուցանիշը նուազել է մինչեւ 19 տոկոսի:

Բարւոք չէ նաեւ բնական վերարտադրութեան վիճակը: Վերարտադրողական տարիքում գտնուող կանայք ունենում են միջինում 1.6 երեխայ, այն դէպքում, երբ պարզ վերարտադրութեան համար անհրաժեշտ է ունենալ 2.1 երեխայ:

Պէտք է նշել, որ ներկայումս Հայաստանը մուտք է գործել ժողովրդագրական գործընթացների նոր փուլ: Եւ արդէն իսկ զգացնել են տալու վերջին տասնամեակների անբարենպաստ միգրացիոն եւ ժողովրդագրական գործընթացները:

2011թ. Հայաստանում անցկացուած մարդահամարը ցոյց տուեց, որ էականօրէն վատթարացել են Հայաստանի բնակչութեան սեռատարիքային ցուցանիշները: Թէեւ 2001թ. համեմատ 2011թ. 0-4 տարեկանների խմբում մօտ 4 տոկոսի աճը խօսում էր ի նպաստ ծննդաբերութեան աւելացման, սակայն այդ ցուցանիշը 80 տոկոսով զիջում էր 1989 թուականին, որը խօսում է ժողովրդագրական խորը անկման մասին: 5-9 տարեկանների խմբում վիճակն աւելի անհանգստացնող էր: 2001-2011թթ. ընթացքում նրանց թիւը պակասել էր 80,542ով: Իսկ 10-14 տարեկանների մօտ այդ ցուցանիշն աւելի բարձր էր՝ 116,400 երեխայ: 15-19 տարեկանների թիւը նուազել էր 41,314ով:

Այս ժողովրդագրական իրավիճակը իսկապէս մտահոգիչ է, եւ մօտակայ տարիներին խնդիրներ է առաջ բերելու ինչպէս բանակի թուակազմի համալրման, այնպէս էլ հանրակրթական եւ բարձրագոյն ուսուցման համակարգում: Այսպէս, 2012թ. համեմատ 2019թ. բանակ զօրակոչուող երիտասարդների թիւը կը նուազի 30 տոկոսով, եւ դա այն դէպքում եթէ բացառենք արտագաղթը: Բարձրագոյն ուսումնական ոլորտում 2016թ. համեմատ 2017թ.ին դիմորդների թիւը նուազել է 1500ով եւ մօտակայ տարիներին այդ ցուցանիշը դեռեւս նուազելու է:

Ժողովրդագրական յաջորդ ցաւալի խնդիրն այն է, որ Հայաստանում կտրուկ աւելացել է 60 եւ աւելի տարիք ունեցող մարդկանց թիւը: Եթէ 1979թ. նրանք կազմել են բնակչութեան 7.9 տոկոսը, 1989թ.՝ 9.2, ապա ներկայումս նրանց թիւն արդէն իսկ գերազանցում է 15 տոկոսը: Եթէ Հայաստանից շարունակուող արտագաղթը չդադարի, եւ տեղի չունենայ ծնելիութեան ցուցանիշի աճ, ապա մօտակայ տասնամեակում 60 եւ աւելի տարիք ունեցող մարդկանց թիւը կը գերազանցի 20 տոկոսը, որը կը հասցնի նրան, որ Հայաստանը կ՛ունենայ «ծերացող» հասարակութիւն, որը յղի է տնտեսական եւ սոցիալական անդառնալի հետեւանքներով:

Իսկ դա կարող է տեղի ունենալ նաեւ այն հանգամանքով պայմանաւորուած, որ ներկայ ժողովրդագրական ժամանակահատուածում ամուսնական ակտիւ տարիք են մուտք գործում նախորդ դարի 90ական թուականներէն ծն-ուած սերունդը, որոնց թիւը մօտ 40 տոկոսով աւելի քիչ է, քան 1980ականներին ծնուածներինը: Դրա ապացոյցն է նաեւ այն, որ 2016թ.ին 2012թ. համեմատ Հայաստանում ծնունդների թիւը նուազել է 4.6 տոկոսով, մահերի թիւն աւելացել է 2, իսկ բնական աճն պակասել է 6 տոկոսով: Ծնելիութեան յետագայ նուազումը եւ մահերի թուի աւելացումը կարող է յանգեցնել նրան, որ արդէն իսկ 2025թ. մահերը Հայաստանում կը գերազանցեն ծնունդներին եւ բնական աճը կ՛ունենայ բացասական ցուցանիշներ: Այս հանգամանքը էլ աւելի կարող է խորացնել ժողովրդագրական բացասական վիճակը եւ արագացնել բնակչութեան թուաքանակի նուազումը:

 

ԱՐՏԱԿ ՄԱՐԿՈՍԵԱՆ՝ Պատմական գիտութիւնների թեկնածու, ժողովրդագէտ, Միջազգային եւ անվտանգութեան հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀ) ասոցացուած փորձագէտ

Leave a Comment

You must be logged in to post a comment.