Քրիստափորի Կտակը
Մարդ,… որի կամքին հնազանդօրէն յանձնւում են միւս բոլոր կամքերը, ենթարկւում եւ դրա մէջ տեսնում իրենց բարօրութիւնը, այդպիսի մարդուն մենք ամենայն իրաւամբ կարող ենք համարել մեծերից մեծագոյնը: Նա իրականում գործնականօրէն մարմնաւորում է հերոսականութեան բոլոր բազմազան ձեւերը` հովուապետին, ուսուցչին, ընդհանրապէս ամէն տեսակի երկրային եւ հոգեւոր արժանիքները, որոնք որ մենք կարող ենք պատկերացնել մարդու մէջ, մարմնաւորում է, որպէսզի այդ կերպ իշխի մարդկանց վրայ, նրանց մշտապէս գործնական խրատներ տայ, ամէն օր եւ ամէն ժամ ցուցումներ տայ, թէ նրանք ինչ պէտք է անեն:
ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼ
Ներկայ դժուարին ժամանակներում, երբ բնականոն կեանքի հիմնաքարերը դանդաղօրէն հեռանում են մեզանից` իրենց տեղը զիջելով տագնապներով լի առօրէականութեանը, ազգի դիմադրողականութեան ամրապնդման խնդիրը ստիպում է վերյիշել անելանելի իրավիճակներում մեր քաղաքական կամքը դարբնած նուիրական հերոսների գործերը:
Ուստի այսօր, երբ մեր յիշողութիւնը վերաիմաստաւորում է անցեալում արձանագրուած հերոսականութեան առաւել վառ դրսեւորումները, նոր լուսարձակի կարիք է զգում նաեւ 115 տարի առաջ Պուլկարիայի Վիտոշ լերան լանջին ՀՅԴ առաջնորդ Քրիստափոր Միքայէլեանի նահատակութեան խորհուրդը: Քանզի ներկայումս այն նոր իմաստ է ձեռք բերել` ինչպէս հերոսների պաշտամունքի ու հերոսականութեան գիտական ընկալման, այնպէս էլ մեր շուրջն ընթացող բարդ ու հակասական զարգացումներին դիմակայելու խնդրի համատեքստում:
Մեզանում Քրիստափոր նուիրական անուան գործածումը սկիզբ է առել գրեթէ 2 հազար տարի առաջ Հայաստան եկած առաջին առաքեալների կողմից Գողթն գաւառի Գինդազ լերան ստորոտին Սուրբ Քրիստափոր եկեղեցու հիմնարկէքի պահից: Հետագայում դառնալով Վերին Ագուլիս գիւղաքաղաքի մայր եկեղեցին` սկզբնապէս փայտաշէն այդ շինութիւնը, բազմիցս աւերուելուց ու վերակառուցուելուց յետոյ` 17-րդ դարում, Նաղաշ Յովնաթանի կողմից զարդարուեց Գրիգոր Լուսաւորչի, Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի եւ հայոց այլ մեծերի պատկերներով: Յիսուսի աշակերտների ստեղծած Խրիստոֆորոս, այսինքն` նա, ով իր հոգում կրում է Քրիստոսին, նուիրական անունը ժառանգած Քրիստափոր Միքայէլեանը իր մանկութեան ու պատանեկութեան տարիներին հայոց պատմութեան այդ երեւելի դէմքերի մէջ է տեսել Մայր Հայաստանի պատկերը եւ հետագայ ողջ կեանքով ու նահատակութեամբ ծառայել նրա ազատագրութեան գործին:
Առաջին առաքեալների կողմից սրբացուած վայրում ծնուած եւ նրանց հիմնած Սուրբ տաճարի անուանումը ժառանգած ագուլիսցի պատանու հոգում ի սկզբանէ անթեղուած էին համամարդկային ու ազգային զոյգ առաքելութիւնները, որովհետեւ Ագուլիսը միայն հոգեւոր աւազան չէր Քրիստափորի համար, այլ նաեւ իր գերուած հայրենիքի մանրակերտը, որը Հայաստանի բազմաթիւ այլ ոստանների նման դաշտավայրը զաւթած «թուրքի ահից» քաշուել էր հայրենի լեռների ստորոտները: Նոր ժամանակներում Հայաստանի հոգեւոր ու ֆիզիքական խորհրդանիշերի դասական համադրութիւնը հանդիսացող միջավայրից պէտք է ծնունդ առնէր նրա անխորտակելի կամքի նոր մարմնաւորումը` Քրիստափոր Միքայէլեան մարդը:
Թէեւ պատմութիւնը հերոսի ուսուցիչն է, բայց ժամանակն է նրա ուղեցոյցը: Այդ պատճառով նոր ժամանակները, ժառանգելով անցեալի նուիրեալների անմնացորդ զոհողութիւնների վառ օրինակները, արդիական շունչ ու գունաւորում հաղորդեցին նրանց մեծ ու փոքր գործերին: Ուստի նախնադարի ցեղային առաջնորդների աստուածացուած կերպարների եւ վաղ միջնադարում հերոսացուած մարգարէների փոխարէն նոր ժամանակների հերոսը մարմնաւորեց «հերոսն իբրեւ առաջնորդ» յղացքը` այն դարձնելով 19-20-րդ դարերի յեղափոխականութեան ընկալման հիմքը, որովհետեւ բանականութեան դարը նոր որակներ էր ներբերել հերոսականութեան համաշխարհային շքերթի մէջ` բանական մտածողութեամբ ամրապնդելով հերոս-առաջնորդի գիտակցուած կամքը:
Հիմնուելով Լուսաւորութեան կանտեան բանաձեւի վրայ` «խիզախութիւն ունեցիր օգտուելու սեփական բանականութիւնից»` նոր ժամանակների հերոսը պատմութեան առարկայական ու ենթակայական գործօնների ներդաշնակ համադրութիւնն է դարձրել իր յաջողութեան գրաւականը: Թէեւ մեծ գործերը նրանից նաեւ մեծ զոհողութիւններ են պահանջել, բայց եւրոպական առաջաւոր ազգերի առաջնորդները միշտ էլ ունեցել են յաջողութեան հասնելու առարկայական հնարաւորութիւններ եւ, ինչու չէ, նաեւ անձնական անվտանգութեան նուազագոյն երաշխիքներ: Մինչդեռ հայ յեղափոխութեան աւազանում ծնուած նրա հերոս-առաջնորդը` Քրիստափոր Միքայէլեանը, մանկութեան տարիներից ցմրուր քամելով որբութեան դառնութիւնը, իր ողջ գիտակից կեանքում զուրկ է մնացել տարրական ապահովութիւնից ու սեփական անձի մասին հոգալու հնարաւորութիւնից:
Ուստի պատմաքաղաքական երեւոյթներն իրենց ժամանակի ու միջավայրի մէջ դիտարկելու պարագայում դժուար չէ եզրակացնել, որ Հայոց վերածնունդը չէր կարող ծնել մի նոր Քրոմվել կամ Նափոլէոն: Բայց իր գործի յաջողութեան համար անհրաժեշտ առարկայական պայմանների բացակայութիւնը ենթակայական գործօնի գերլարումով փոխհատուցելու կամքով ու անմնացորդ նուիրումով մեր Քրիստափորն աւելին էր իր դարաշրջանի ցանկացած հերոս-առաջնորդից, որովհետեւ հայոց խոնարհուած տաճարների հոգեւոր ուժն ու ժայռերի մէջ սեղմուած ագուլիսների «հին կռիւը» դարաշրջանի յեղափոխականութեան կենարար շնչին միաձուլած Քրիստափորի հոգում ի սկզբանէ առկայ էր ինքնազոհաբերման մեծ խորհուրդը:
Իսկ սեփական բանականութիւնից օգտուելու կանտեան խիզախութիւնը թոյլ էր տուել նրան խորութեամբ հասկանալ այն իրողութիւնը, որ թէեւ ազգ-պետութիւնների ձեւաւորման գործընթացի մէջ ներքաշուած հայութիւնն իր նախորդ ժառանգութեան պատճառով յայտնուել է տասնապատիկ աւելի մեծ արգելքների առջեւ, բայց նման խոչընդոտների «ռացիոնալացումը» վերջնական կորստի դուռ է բացում նրա համար:
Ուստի, ի տարբերութիւն խոհեմութիւն քարոզող հայ պահպանողականների ու լիպերալների եւ կամ էլ իրենց ընկերային տեսլականներն ազգային յեղափոխութեան այլընտրանքը համարող նարոդնիկ ու սոցիալ-դեմոկրատ գործիչների, Քրիստափորը համոզուած էր, որ ձուլուելու կամ ֆիզիքապէս բնաջնջուելու զոյգ սպառնալիքների միակ իրական այլընտրանքը գոյատեւման սեփական խարիսխն ունենալն է, ինչ գնով էլ դա լինի: Ու քանի որ այդ գինը վճարելու էին բոլորը` հերոս-առաջնորդը կոչուած էր օրինակ դառնալ նրանց համար:
Պատճառն ակնյայտ է. Քրիստափորի ժամանակը եւրոպական քաղաքակրթական տարածքին պատկանող ժողովուրդների համար կրկին պատմութեան գիրկը վերադառնալու այն վերջնահանգրուանն էր, որը բաց թողնելու պարագայում նրանք դառնալու էին սոսկ մարդկային հումք` աւելի զօրեղ հարեւանների համար: Քրիստափորի գործի մեծութիւնն այն է, որ նա` որպէս հերոս-առաջնորդ, ապացուցեց, որ, ի հեճուկս հազարամեայ կորուստների եւ ուժասպառութեան, հայերը նորից կարող են դառնալ քաղաքական ազգ` անկախ նրանից, թէ որքան թանկ է լինելու դրա համար վճարուելիք յաւելեալ արեան գինը: Այդ պատճառով իր մտքի թռիչքով նա կամրջեց միմեանցից մեծապէս հեռացած Հայաստան-հայրենիքի ազատագրութեան իդէալը եւ հայ ազգի ցրուածութեան ու կոտորակման դառն իրականութիւնը:
Քրիստափորի սերունդն ինքը չէր ստեղծել նման դաժան երկընտրանքը, ուստի կորուստների անխուսափելիութեան գիտակցումը նրան չէր կարող տանել ո՛չ դէպի յետ` միջնադարի կրօնական համայնքի փարախը, եւ ո՛չ էլ դէպի արեւելեան անապահով միջավայրում տնտեսա-մշակութային խաղաղ առաջադիմութեան անիմաստ փնտռտուքը: Իսկապէս, հետագայ ողջ պատմութիւնը ցոյց տուեց, որ ո՛չ առաջինը եւ ո՛չ էլ երկրորդը Օսմանեան կայսրութեան անպաշտպան համայնքներին չապահովագրեցին ֆիզիքական բնաջնջումից ու փոշիացումից:
Հերոսը հասկանում է ժամանակի հրամայականը, որքան էլ այն դաժան լինի իր եւ իր շրջապատի համար եւ ընդունում է նրանից բխող մարտահրաւէրը որպէս սեփական ճակատագիր: Այդ պատճառով ազգի հաւաքական կեցութեան վրայ կախուած գոյութենական մարտահրաւէրին դիմակայելու համար Քրիստափորը գործնական գետնի վրայ տեղափոխեց շուրջ մէկ հազարամեակ անլուծելի թուացող խնդրի լուծումը` պառակտուած ու մարտական փորձառութիւնից գրեթէ զրկուած հայերին յեղափոխական բանակի վերածելու խնդիրը: Եւ չնայած այդ բանակը դեռ կանոնաւոր զօրք չէր, բայց յաջորդ տասնամեակում` Առաջին աշխարհամարտի ու Ռուսական յեղափոխութեան անբարենպաստ պայմաններում այն չկոտրուեց ու չընկրկեց թշնամու գերակշռող ուժի առջեւ:
Եթէ Քրիստափորի ժամանակներում միայն Դումանի նման ընտրեալներն էին պատրաստ թշնամու բանակի դէմ անհաւասար կռուի, ապա իւրաքանչիւր սերնդի հասունացման հետ նրանց թիւն աւելանում էր ըմբոստ Դրոների, Դալի Ղազարների ու Նժդեհների նորանոր փաղանգներով, որոնք պետական կեցութեան պայմաններում թեւակոխեցին մարտական որակների բարելաւման նոր հանգրուան: Ուստի 20-րդ դարը, որի արշալոյսին զոհուեց մեր հերոս-առաջնորդը, դարձաւ հայ ազգի կորացած մէջքը շտկելու այն երկար տեսաշարը, որի վերջին արարը Ղարաբաղեան պատերազմում հրաշքներ գործած պաշտպանութեան բանակի յաղթարշաւն էր:
Ազգի քաղաքական հասունացման ու մարտական որակների բարելաւման յաջորդական հանգրուաններն անհնարին կը լինէին առանց Քրիստափորի ու նրա կուսակցութեան ցանած ազգային յեղափոխութեան սերմերի: Քանզի մեր հազարամեայ կորուստների ու կոտորակման դառը պատմութեան մէջ առաջին անգամ մարդակերտ Քրիստափորն էր, ով իր «սիրեցէ՛ք, սիրեցէ՛ք միմեանց» յիսուսեան պատգամի միջոցով կարողացաւ միաձուլել անհատապաշտ ու եսակենտրոն հայերի կամքը: Փորձառու հոգեբանի հմտութեամբ այս մեծագոյն հրաշքը կերտած մեր հերոս-առաջնորդը հայ իրականութեան յեղափոխման հիմքում դրեց մարդու վերափոխման հիմնախնդիրը, ինչը նոր իմաստ հաղորդեց ազգային յեղափոխութեանը, որովհետեւ ցանկացած նոր կեցութեան հիմքերը խախուտ են այնքան ժամանակ, քանի դեռ այն խարսխւում է հին գիտակցութեամբ առաջնորդուող մարդկանց վրայ: Այդ պատճառով Քրիստափորի ու նրա սերնդի համար ազատ մարդու ձեւաւորման հիմնախնդիրն էր գոյութեան կռւում յաջողութեան հասնելու գրաւականը:
Մեզանում այսօր էլ յեղափոխութիւնն ու իր արտաքին դրսեւորումները նոյնականացնող կոյր շքերթում մոռացութեան է տրւում նրա բուն նիւթը` մարդու խնդիրը, որովհետեւ մի կողմից յեղափոխականութեան ընկալումը սահմանափակւում է հայ ֆետայու կերպարով, իսկ միւս կողմից` պոլշեւիկեան կամ նոր ազատական ապազգային տեսլականների շրջագծով: Մինչդեռ Քրիստափոր Միքայէլեանով մարմնաւորուած` սեփական պատմութեան ու մշակոյթի թանկագին բեռը հպարտութեամբ կրող հայ յեղափոխականի կերպարը ներառում է ազգի ապագան կանխատեսող միտքը, «փոքր գործերի» գոյութիւնը հերքող ամէնօրեայ աշխատանքը, հերոսներ կերտող ուսուցչի հմտութիւնն ու թաքթը, կուսակցութեան ռազմավարութիւնը մարտավարութիւնից տարանջատող ռազմագիտութեան հեռատեսութիւնը եւ իր անհատական պատասխանատուութեան չափաբաժինը ոչ մէկի չզիջող անկեղծ զինուորի ինքնազոհութեան պատրաստակամութիւնը:
Ուստի հետագայ բոլոր «յեղափոխականների» հետ թռուցիկ համեմատութեան պարագայում անգամ դժուար չէ եզրակացնել, որ որպէս ՀՅԴ զինանշանի մէջ ներառուած այս բոլոր հիմնական խորհրդանիշների մարմնաւորում` Քրիստափորի սերունդը վեր է յեղափոխութեան իմաստի դարաշրջանային ընկալումներից, որովհետեւ նրա մէջ խտացած է բոլոր ժամանակներում Հայաստանի ու հայութեան համար իրենց կեանքը նուիրաբերած հերոսների առաքելութիւնը: Այդ պատճառով հայ ժողովրդի բոլոր սերունդների համար Քրիստափորը եղել ու մնում է հայ մեծագոյն յեղափոխականը, որը մշտական ներկայութիւն է Հայաստանի ու հայութեան ազատագրութեան մեծ երթում: Ուստի այսօր մեզ ուժ է տալիս այն իրողութեան գիտակցումը, որ եթէ 20-րդ դարասկզբի պետականազուրկ ու կոտորակուած հայութիւնը Քրիստափորի յարատեւ կռուի պատգամի միջոցով կարողացաւ վերածուել պետականութիւն ունեցող ազգի, ապա 21-րդ դարասկզբին շարունակուող ճիշդ նոյն կռւում նա ի վիճակի է լուծելու շատ աւելի բարդ խնդիրներ, որոնք ինքը` Քրիստափորը, կտակել է յաջորդ սերունդներին:
Հերոսները սովորաբար չեն հասցնում գրել սեփական կտակը, չնայած որ նրանց կեանքի եղերական աւարտը հասցնում են գուշակել հարազատներն ու սիրելիները: Ամենեւին էլ պատահական չէ, որ Քրիստափորի նահատակութիւնից դեռեւս 15 տարի առաջ` ՀՅԴ Հիմնադիր ժողովներից անմիջապէս յետոյ` 1890 թ. նոյեմբերի 24-ին, նրա ամենամտերիմ էակը` իր սիրած կինը, գուշակելով ամուսնու մարտիրոսագրութիւնը, իր ընկերուհուն գրած մի նամակում արել է հետեւեալ խոստովանութիւնը. «Քրիստափորի սէրը ինձ համար շատ մեծ բան է եւ ես չգիտեմ, թէ ինչպէս կ՛ապրէի առանց դրա: Բայց երկա՞ր է տեւելու արդեօք այս երջանկութիւնը: Չէ՞ որ դու գիտես, թէ ինչ ժամանակներ են հիմա, եթէ ոչ այսօր, ապա վաղը նա կը գնայ աշխատանքների շրջապտոյտի մէջ, մեծաթիւ զոհեր են լինելու, շատ կեանքեր են խորտակուելու, իսկ նա կը դիմանա՞յ արդեօք: Այդ մասին երազելն անգամ աւելորդ կարող է լինել, ու քանի որ այլ ելք չկայ, ապա հարկ է լինում հաշտուել այն մտքի հետ, որ ես էլ կը գնամ նրա յետեւից` ամէ՛ն տեղ, եւ ինձ հետ էլ կը կատարուի այն, ինչը նրա հետ է լինելու»: Միայն սիրող էակը կարող էր շուրջ մէկուկէս տասնամեակի հեռաւորութիւնից տեսանել իր սիրելիի կեանքի ողբերգական աւարտը: Եւ այն փաստը, որ Քրիստափորի նահատակութեան մասին այս յստակ գուշակութիւնը 15 տարի անց դարձաւ իրականութիւն, ինքնին վկայում է, որ նա 1905 թուականին չէ, որ բարձրացել է Վիտոշ լեռը` ճակատագրական ռումբի փորձարկման համար: Հոգեպէս Քրիստափորն այդ գագաթին էր առնուազն 1890 թուականից եւ մինչեւ իր կեանքի վերջին պահն այդպէս էլ չիջաւ նման բարձունքից:
Աւելին` Վիտոշի բարձունքին իրականացուող ռումբերի փորձարկումների օրերին` 1905 թ. սկզբներին, խիստ յոգնած ու նիհարած Քրիստափորն ինքը նոյնպէս գուշակել էր մօտեցող վախճանը: Ինչպէս ցոյց են տալիս օրերս հրապարակուած նրա անտիպ նամակները, ենթագիտակցօրէն զգալով այդ իրողութիւնը` նա փորձել է այնպիսի կարգադրութիւններ անել, որ իրենից յետոյ հայ ազատամարտը չշեղուի ճշմարիտ ուղուց: Այդ օրերին առաջին անգամ իր բացակայութեան պայմաններում տեղի ունեցած ՀՅԴ Խորհրդի 1905 թ. փետրուարեան նիստի մասնակիցներին նա գրել է մի ընդարձակ նամակ, որն այդպէս էլ սեւագիր է մնացել, իսկ վերջին էջը կորել է ընդմիշտ:
Նամակում Քրիստափորը տագնապով ահազանգում է, որ ՀՅԴ Խորհուրդը կարող է շեղուել Արեւմտեան Հայաստանի կամ, ինչպէս ինքն է բնորոշում, Մեծ Հայաստանի ազատագրութեան նպատակից, ուստիեւ հրահանգում ու պահանջում է չանել ճակատագրական սխալը: Սկսուել էր Ռուսական առաջին յեղափոխութիւնը, որն օրէցօր աւելի ու աւելի էր կլանում Անդրկովկասի հայ երիտասարդութեան եռանդը, իսկ Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան խնդիրը բախուել էր Սասունի ապստամբութեանը հետեւած յուսալքութեան մթնոլորտին: Ուստի նամակով սեփական տագնապն արտայայտելուն զուգահեռ` Քրիստափորին հարկաւոր էր նման ընթացքը կասեցնող մի վճռական քայլ, որը նորից ու նորից կ’ոգեւորէր պայքարող հայութեանը, ինչը նախապատրաստելու ճանապարհին էլ նա նահատակուեց Վիտոշի բարձունքին®
1905 թուականին մեր հերոս-առաջնորդի աճիւնը յանձնեցինք օտար հողին` սպասելով այն պահին, երբ կը գայ հայրենիքի ազատագրութեան ժամը, բայց Հայաստանի 1918-1920 թթ. անկախութիւնը կարճատեւ եղաւ, իսկ 1991 թ. վերանկախացումից յետոյ մեր ազատութեան մեծագոյն առաջնորդն այդպէս էլ իր տեղը չգտաւ հայրենի հողի վրայ, որովհետեւ նրա հարազատ Ագուլիսը շարունակում էր մնալ թշնամու կրնկի տակ: Սակայն չպէտք է մոռանալ, որ Քրիստափորը, այսինքն` նա, ով իր հոգում կրում է Քրիստոսին, մեզ կտակել է նաեւ իր սկսած սուրբ գործի իրականանալիութեան` նախախնամութեամբ սահմանուած անխուսափելիութիւնը:
Մեր հերոս-առաջնորդի մտքերն ու գաղափարներն անընդհատ ուղեկցել են մեզ վերջին հարիւրամեակի ընթացքում, ուստի բռնութեան ու անարդարութեան առջեւ երբեք չընկրկելու ու չկոտրուելու քրիստափորեան պատգամը մեզանում վերածուել է հակառակորդի հանդէպ հայոց ուժի որակական չափորոշիչների գերազանցութեանը սպասող մէկդարեայ մղձաւանջի, որի աւարտը մօտ է արդէն: Ներկայ աշխարհակարգում ուժի քանակական չափորոշիչների վրայ հիմնուող բռնապետութիւնները նահանջում են ազատ ազգերի գիտա-արհեստագիտական որակների առջեւ: Ազատ մարդու բանականութիւնն ու կամքը պատռում են այս կամ այն աւազակապետի կողմից գծուած քարտէզները` անկախ դրանք պաշտպանող զօրքերի քանակից: Երբ բռնութեան ու անարդարութեան խորտակման անխուսափելիութեան քրիստափորեան պատգամը ձեռք է բերում իրականանալիութեան ռէալ հնարաւորութիւններ, գալիս է մեր ժամանակը` ներքուստ յեղափոխուելով ու մաքրուելով մեր ազգային խնդիրների լուծումն արագացնելու պահը:
Անցած հարիւրամեակում, երբ ինքներս հետեւել ենք մեր հերոս-առաջնորդի պատգամներին, նրա պահապան հրեշտակները մեզ նոյնպէս դարձրել են նման առաջադրանքի իրականացման մասնակիցները: Մեր աչքի առջեւ տեղի ունեցած Շուշիի հրաշափառ յարութիւնը հէնց այդ խորքային իրողութեան գիտակցման արդիւնքն էր` Մեծ Հայաստանի քրիստափորեան երազանքի իրականացման սկիզբը: Եւ քանի որ հայոց ոգու ճախրանքի յաջորդ հանգրուանը Հայաստան աշխարհին Քրիստափոր պարգեւած Նախիջեւանի չքնաղ մարգարիտ Ագուլիսի վերածնունդն է դառնալու, Քրիստափորի կտակը ճիշդ ընթերցելու անհրաժեշտութիւնը մեր սերնդի համար ճակատագրական իմաստ է ստանում:
Յիսուսի առաջին առաքեալների կողմից Հայաստանում ներդրուած անխորտակելի կամքով ու Նոր ժամանակների լուսաւորականութեան աւազանում կոփուած բանականութեամբ ազգի դարաւոր անզօրութիւնն ուժի փոխակերպած Քրիստափորի կտակին հաւատարիմ լինելու պարագայում մենք բարոյական իրաւունք կը ստանանք վերածուելու նրա վէրքերով լի նշխարները մայր Արաքսի ափերից դէպի Գողթնի լեռները բարձրացնող հաւատաւոր աշակերտների երկիւղած թափօրի, որն իր մեծ զաւակի վերադարձին կարօտագին սպասող Վերին Ագուլիսի վերականգնուած ու վերաօծուած Սուրբ Քրիստափոր եկեղեցու բակում հայրենի հողին կը յանձնի նրան, ով իր հոգում կրում է Քրիստոսին:
«Վէմ»-ի Խմբագրական