Քանոնահարուհի Մարիաննա Գէորգեանի Առաքելութիւնն Է Պահել Հայկական Քանոնի Աւանդական Դիմագիծը
Մարիաննա Գէորգեանը ընտրել է ազգային նուագարան քանոնը, որն առանձնանում է իր շքեղ ու դիւթիչ հնչողութեամբ: Բարձր գիտակցելով, որ արուեստը անձնազոհութիւն է, Մարիաննա իր առաքելութիւնն է համարում հայ ազգային երաժշտութեան` գանձերի, տաղերի, բարձր արժէքների տարածմանը ի նպաստ գործունէութիւնը:
Մշակոյթ ունեն բոլոր ազգերը, բայց արուեստ`ոչ: Արուեստը սահմաններ չունի, իսկ ազգային մշակոյթը ունի սահմաններ, ու պէտք չէ խառնել ուրիշ ազգերի մշակոյթներ` նորարարութեան ու նորամուծութեան համար: Մարիաննա Գէորգեանի արուեստին ծանօթ իւրաքանչիւր ոք կարող է փաստել, որ իր նուագի առաջին նոթայից սիրահարւում է քանոն նուագարանին: Մեծ արհեստավարժութեամբ ու գերբնական ներուժով այս տաղանդաւոր երաժիշտը գերում ու յուզում է բոլորին: Նուագում է հնագոյն ժամանակներից մեզ հասած 5-րդ դարի տաղերից, ժողովրդական, աշուղական, դասական մինչեւ մերօրեայ յօրինողներ ու օտար ազգերի ստեղծագործութիւններ: Նրան են վստահել մի շարք առաջնաներկայացումներ յօրինողներ` Վ. Աճեմեանը, Երուանդ Երկանեանը եւ այլք: Նոթաներ նուագելը երաժշտի կոչման հետ որեւէ առնչութիւն չունի, դա բոլորն էլ կարող են: Միեւնոյն ստեղծագործութիւնը կարող են նուագել տարբեր երաժիշտներ, բայց եզակիներին է յաջողւում առանձնանալ ու տպաւորուել մարդկանց սրտերում` կերտելով պատմութիւն:
Շատ մեծ տեղ տալով կրթութեանը` քանոնահարուհին ինքն էլ սովորել ու աւարտել է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը գերազանցութեամբ, անցնելով բոլոր աստիճանները` պսակաւոր արուեստից, մագիստրոսի աստիճան, ասպիրանտուրա: Հանրապետական ու միջազգային մրցոյթ-փառատօների առաջին կարգի մրցանակակիր, ոսկէ մետալակիր: Այս համեստ արուեստագէտուհու առաքելութիւնն է պահել հայկական քանոնի դիմագիծը եւ մաքրամաքուր կատարումներով ներկայանալ մերօրեայ մշակութային խառնաշփոթում: Հանդիսատեսի սէրն ու յարգանքը վայելող Մարիաննային են ձօնուել բազում բանաստեղծական շարքեր` մեր մեծանուն արուեստագէտների կողմից: Կտաւներ նուիրուել թէ՛ հայ եւ թէ՛ օտարերկրեայ յայտնի գեղանկարիչներից` իր եւ նուագարանի պատկերով, անգամ քանդակել են քանոնահարուհուն` իր իսկ սիրելի նուագարանով:
Բազմաթիւ մենահամերգներ նուագած քանոնահարուհին միշտ ընտրում է տարբեր վայրեր եւ, ըստ վայրի, համապատասխան համերգային նուագացանկ, համագործակցելով տարբեր երաժիշտների հետ: Առաջնորդւում է այն սկզբունքով, որ համերգային ծրագրում պարտադիր պէտք է հնչի Կոմիտաս :Ամէն մի մենահամերգ քանոնահարուհու սրտի մի անկիւնում ունի իր տեղն ու թողած հետքը:
Առանձնայատուկ ու կարեւոր քայլ է համարում վերջերս Արցախ աշխարհում կայացած մենահամերգը, որը բարեգործական է եղել: Դա մի հնարաւորութիւն էր արցախցու համար` վայելելու հայ մաքրամաքուր երաժշտութիւնը: Յաջորդիւ կայացել է Արզնու մենահամերգը, որտեղ հանդէս է եկել օտարազգի հանդիսատեսի մօտ եւ ներկայացրել ազգային մշակոյթն ու նուագարանը: Տարեմուտն էլ եզրափակել է ամենամարդասիրական նախաձեռնութեամբ` հայ մշակոյթը ներկայացնելով քրէակատարողական հիմնարկներում ու մանկապարտէզում:
Ինչքան էլ ժամանակաշրջանը փոխւում է` իր հետ բերելով մտածելակերպի եւ արժեհամակարգի փոփոխութիւն, միեւնոյնն է բարձր արուեստն ուժեղ է, հայի ծինը` առաւել եւս: Ամէն ինչ անցողիկ է, ժամանակաւոր, մնայուն է միայն դարերից եկած մաքուր ու անաղարտ մեր մշակոյթը, որը իմաստի ու արժէքի աշխարհ է` կոչուած ծառայելու մարդկութեանը: Քանոնահարուհի Մարիաննա Գեւորգեանը այն երաժիշտն է, ում նուագը սրտեր է յուզում, փոթորկում հոգիներ, գերում դիւթիչ ելեւէջներով, ապրեցնելով ստեղծագործութեան իւրաքանչիւր հնչիւնը: Նրա ոսկէ մատների սահուն ընթացքը եզրագծում է երկնային ու երկրային աշխարհի անսպառ խաղը: Ու հէնց այդ ժամ հնչեցրած նոթան կենդանանում ու երաժշտական պատկեր է դառնում` հիւսելով իւրաքանչիւրի հոգու ներդաշնակ հեքիաթը:
Գերհզօր ներքին ուժ է հարկաւոր գեղեցիկը գեղեցկացնելու, կատարեալը կատարելագործելու եւ իւրաքանչիւրին հասանելի դարձնելու այդ բարձր արուեստին: Այս քանոնահարուհու յորդալոյս կրակը ճառագելով` սրտից, աչքերից ու մատներից, փառաւորեցնում ու յաւերժացնում է: Քանոնը մի այլ հնչողութեամբ է հնչում, երբ այն յայտնւում է հէնց քանոնի տիրուհու ձեռքերում, դա է ուրոյն ձեռագրի ու ինքնատպութեան կերտուածքը:
ԳագԱթ