«վերացնել Փաշինեանի համակիրների (մեծ մասը կեղծ օգտատէրերի) վիրաւորանքները այլ կարծիք ունեցողների հասցէին»
Հայաստանի Հանրապետութեան փաստաբաններու Պալատի նախագահ Արա Զոհրապեան դիմատետրի իր էջին մէջ կատարած է հետեւեալ գրառումը.
«Հակայեղափոխութեան» վերաբերեալ Նախորդ գրառումս, լրատուամիջոցի մանիպուլացիոն վերնագրի եւ այլ պատճառներով, ներկայացուել է, որպէս «հակայեղափոխական գրառում»: Յետագայ շահարկումները բացառելու նպատակով հրապարակաւ ներկայացնում եմ դիրքորոշումս՝
- Նիկոլ Փաշինեանի անձին վերաբերւում եմ յարգանքով՝ հաշուի առնելով նաեւ նրա կենսագրութիւնը, ինչպէս նաեւ ընտանիք ինստիտուտին, կրօնին, երկրի բնական պաշարների պահպանութեանն ուղղուած Ն. Փաշինեանի մօտեցումները:
- Որպէս քաղաքացի անհանգստացած եմ Նիկոլ Փաշինյանի թիմում գտնվող որոշ անձանց արկածախնդիր կեցվածքից եւ նույն որակի խորհուրդներից:
- Որպէս փաստաբան անհանգստացած եմ փաստաբանների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքից, նրանց նկատմամբ թոյլ տրուող վիրաւորանքներից եւ այլ բնոյթի ճնշումներից:
- Որպէս քաղաքացի անհանգստացած եմ այլակարծութեանը վիրաւորանքներով, սպառնալիքներով եւ հայհոյանքներով արձագանգելու դրուածքից:
- Ես եւ շատ հայրենակիցներ, յոյսով ենք, որ սիրոյ եւ համերաշխութեան կարգախօսի ներքոյ իրօք կը կառուցուի աւելի լաւ երկիր, քան երէկ էր:
- Ես եւ շատ հայրենակիցներ մեր երկրի զարգացումը տեսնում ենք ԸՆՏԱՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ եւ ԲԱՆԱԿ կարեւոր ինստիտուտների պահպանման պայմաններում:
Անցումային արդարադատութեան վերաբերեալ դիրքորոշումս բացառապէս իմ անձնական կարծիքն է եւ հրապարակային ներկայացրել էի, որպէսզի Նիկոլ Փաշինեանի թիմը այս տեսակէտից էլ խնդիրը դիտարկի (եթէ յարմար կը գտնի այլ կարծիք քննարկել): Բոլորս լաւ գիտենք, որ յաւերժ երկրային իշխանութիւններ չկան, ամէն ինչ փոփոխական է: Բայց չպէտք է այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ յաջորդ իշխանութիւնն էլ փորձի այսօրուայ իշխանութեան ժամանակ տեղի ունեցածը հիմնովին քանդի եւ փորձի նորը կառուցել:
Այո, պէտք է վերացնել նախորդ ժամանակահատուածում տեղի ունեցած անօրինականութիւնները, բայց դա պէտք է անել իրաւական ճանապարհով: Մեր երկիրը չի կարող իրեն այլ շռայլութիւն թոյլ տալ: Չմոռանանք նաեւ ներդրողների մասին, որոնց համար բացի շատ այլ հանգամանքներից, հետաքրքրում է նաեւ կայունութիւնը:
Այնպէս, որ ես, որպէս ՀՀ քաղաքացի, ելնելով նաեւ իմ եւ միւսների երեխաների համար լաւ ապագայ ապահովելու շարժառիթից, Նիկոլ Փաշինեանի բոլոր լաւ նախաձեռնութիւններին օժանդակելու եմ, իսկ վնասակար նախաձեռնութիւններին փորձելու եմ բարեկամական քննադատութեամբ անդրադառնալ:
Այս փուլում, կարծում եմ պէտք է փորձել վերացնել Նիկոլ Փաշինեանի համակիրների (մեծ մասը կեղծ օգտատէրերի) հայհոյանքների եւ վիրաւորանքների դրուածքը այլ կարծիք ունեցողների հասցէին: Տիեզերական փոխադարձութեան օրէնքի համաձայն, ամէն ինչ վերադառնում է: Նախորդ իշխանութիւնը հնձեց իր ցանածը, իսկ այսօրուայ իշխանութիւնը վաղը հնձելու է իր այսօրուայ ցանածը: Այդ իսկ պատճառով աւելի լաւ է հայհոյանքի փոխարէն սէր ցանել, իսկ վիրաւորանքի փոխարէն՝ համերաշխութիւն:
Յ.Գ. Նախորդ իշխանութիւնների ժամանակ էլ իշխանութիւնների բացասական գործողութիւնները հրապարակայնօրէն քննադատել եմ, այդ թւում՝ փաստաբաններին արդարադատութեան նախարարութիւնում գրանցելու կառավարութեան փորձը, կուտակային պարտադիր կենսաթոշակի օրէնսդրական նախաձեռնութեանը, Ընտանիքում բռնութիւնը կանխարգելելու հետ կապուած օրէնսդրական նախաձեռնութեանը, փաստաբաններին դատական կարգով տուգանելու օրէնսդրական նախաձեռնութեանը: