«Սիւնիքի հարցում ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան չլուծուած խնդիրներ ունի». Շիրազ Խաչատրեան

Կապանից դէպի Ճակատեն, ապա Շիկահող, Սրաշէն, Ներքին Հանդ, Ծաւ, Շիշկերտ գիւղեր տանող այլընտրանքային ճանապարհն ուղղակի լուծում է գիւղերն իրար կապելու խնդիր, ոչ աւելին: Այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց «Հենակէտ» վերլուծական կենտրոնի փորձագէտ Շիրազ Խաչատրեանը։

«Հասկանում եմ, որ դա ևս կենսական խնդիր է այս փուլում, բայց կարելի էր մի փոքր դժովարութիւններով, մի փոքր աւելի ծախսով Կապանից դէպի Ճակատեն այնպիսի ճանապարհ կառուցել, որ այն թշնամու կողմից անմիջական դիտարկման տիրոյթում չլինէր: Բայց այս իշխանութիւնները հեշտ, հապճեպ լուծումների կողմնակից են՝ չմտածելով երկարատև ռազմավարութեան մասին: Որքան յիշում եմ՝ Կապանից Ճակատեն և մնացած գիւղեր տանող ճանապարհը պէտք է անցնէր Կապան-Գեղանուշ հատուածով, որը հիմա էլ գրունտային ճանապարհ է, և թշնամու անմիջական դիտարկման տակ չէ:

Իսկ Կապանից Ծաւ գիւղ թշնամուց անզէն աչքով դիտարկուղ ճանապարհահատուածը Կապան-Ճակատեն ճանապարհն էր, և նորը կառուցել նախկին ճանապարհի զուգահեռ գծով՝ մի քանի հարիւր մետր հեռաւորութեամբ, ուղղակի անմտութիւն է: Մեզ պէտք են անվտանգ ապահով նոր ճանապարհներ։ Այսօր ապահով ճանապարհային հաղորդակցութիւնը ոչ միայն պէտք է մեր բնակչութեան, այլ նաև միջազգային փոխադրողների համար: Յիշում էք՝ մենք նման խնդիրներ ունեցանք Շուռնուխ-Որոտան-Քարահունջ մայրուղու հատուածում, ու հիմա, երբ զրոյից կառուցում ես ճանապարհ, առանց անվտանգային նուազագոյն խնդիրներ լուծելու, ապա ոչ միայն ծախսարդիւնաւէտութիւնդ է զրոյի վերածւում, այլ նաև բնակչութեանդ անվտանգութեան խնդիրն ես ռիսկի տակ դնում:

Կասէք, որ միայն այդ ճանապարհահատուածը չէ, որ թշնամու անմիջական դիտարկման տիրոյթում է, այլ Կապան-Սիւնիք գիւղ, Կարմրաքար-Շուռնուխ-Որոտան ճանապարհատուածները, Տաւուշում ևս բազմաթիւ հատուածներ կան: Բայց, երբ զրոյից ես կառուցում ճանապարհ, ունես տարբերակներ, պէտք է կառուցես այնպիսի անվտանգ հաղորդակցութիւն, որ կատարածդ ներդրումը և՛ կարճաժամկէտ, և՛ երկարաժամկէտ կտրուածքով լինի արդիւնաւէտ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ երբ ադրբեջանական զինուած ուժերի կողմից Գորիս-Կապան միջպետական մայրուղին փակուեց, իսկ Նիկոլ Փաշինեանն էլ, որպէս այլընտրանքային՝ առաջարկեց Կապան-Սիւնիք գիւղ-Տաթև կամ Տաթև-Աղուանի-Կապան գրունտային ճանապարհը, Շիրազ Խաչատրեանը մեզ հետ զրոյցում նշել էր, որ հնարաւոր լարուածութեան, բախումների ժամանակ դա չի կարող իր նպատակին ծառայել։

«Առաջին՝ Կապանից Սիւնիք գիւղ ճանապարհն ադրբեջանցիների անմիջական դիտարկման տիրոյթում է՝ ուղիղ գծով ընդամէնը մի քանի հարիւր մետր հեռաւորութեան վրայ, երկրորդ՝ կայ աւելի ապահով ճանապարհ՝ Տաթև-Վերին Խոտանան-Առաջաձոր-Կապան գրունտային ճանապարհը, որը, իմ կարծիքով, աւելի ապահով է։ Նոյնը վերաբերում է մայրուղու մէկ այլ խնդրայարոյց հատուածի՝ Որոտան բնակաւայրի ուղղութեանը։ Նշեմ, որ այդ ուղղութեամբ ևս այլընտրանքային ճանապարհ կայ՝ Որոտան-Շինուհայր-Տաթև, Որոտան-Գորիս հատուածները, որոնք գտնւում են շատ վատ վիճակում: Այս երկու ուղիները պէտք է պահել առաջնային լուծման խնդիրների շարքում»,- շեշտել էր նա:

Սակայն, ինչպէս վերևում նշեցինք, Նիկոլ Փաշինեանը գնում է հեշտ լուծումների ետևից:

Յիշեցնենք, որ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը ամենայն մանրամասնութեամբ ներկայացրել էր այլընտրանքային ճանապարհի վտանգաւորութիւնը:

«Այսպէս կոչուած, այլընտրանքային ճանապարհն էլ անմիջապէս ադրբեջանական տեղակայման տակով է` առանց անվտանգութեան երաշխիքների:

Ադրբեջանական զինուած տեղակայումներն այս հատուածներում ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, բայց նաև մեր ողջ երկրի համար, ողջ բնակչութեան կեանքի ու անվտանգութեան համար: Նրանք ունեն նաև այլ տեղակայումներ և ամբողջութեամբ խաթարել են մարդկանց բնականոն կեանքը»,- ֆեյսբուքեան իր էջում գրել էր Արման Թաթոյեանը:

Իսկ ինչ վերաբերում է մամուլում և սոցցանցերում շրջանառուղ տեղեկութեանը, թէ Սիւնիքի հատուածում ադրբեջանական զինուժի և տեխնիկայի կուտակումներ կան, ռազմական փորձագէտ Շիրազ Խաչատրեանը դրանք համարեց հակասական:

«Բայց հետևելով ադրբեջանական պաշտպանական գերատեսչութեան և լրատուական կայքերի լրահոսին, տեսնում ենք, որ և՛ Նախիջևանի հատուածում, և՛ Սանասարի ու Կովսականի շրջաններում ադրբեջանական զինուած ուժերի տարբեր ստորաբաժանումների կազմով պարբերաբար զօրավարժութիւններ են անցկացնում տեխնիկայի և անձնակազմի տարբեր թուաքանակով։ Դէ, զօրավարժութիւնների խաղարկման նպատակն էլ արդէն բոլորի համար է պարզ»,- ասաց ռազմական վերլուծաբանը:

Այս համատեքստում Շիրազ Խաչատրեանը մեր հարցին ի պատասխան՝ չբացառեց ադրբեջանական սադրանքների հաւանականութիւնը Սիւնիքում և դրա շուրջ:

«Սադրանքներ միշտ էլ հնարաւոր են, Սիւնիքի հարցում ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան միշտ էլ չլուծուած խնդիրներ ունի: Թիւրքական աշխարհի ստեղծման գլխաւոր խոչընդոտը մնում է Սիւնիքը: Սա ո՛չ հեքիաթ է, ո՛չ հորինուած գաղափար, այդ մասին միշտ խօսել է և՛ Էրդողանը, և՛ Ալիևը: Նրանք միշտ էլ խօսել են «պատմական Զանգեզուրի» վերադարձի մասին և նշել՝ «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին» յանգեցրել է թուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը, և այլն։ Այդ առումով արդէն պարզ է, թէ թշնամու կողմից ինչ հաւակնութիւններ կան Սիւնիքի հարցում։ Այլ հարց է, թէ ինչպիսի աշխարհաքաղաքական դասաւորումներ են տեղի ունենում տարածաշրջանում, և ինչ խնդիրներ են փորձում լուծել պետութիւնները։ Եթէ զարգացումներն ու իրավիճակը թուրք-ադրբեջանական տանդեմի համար հասնեն «նպաստաւոր» կէտի, նրանք կ’օգտագործեն այդ պահը»,- ընդգծեց փորձագէտը:

Ըստ նրա՝ այս փուլում նման նախադրեալներ դեռևս չկան։ Փոքր սադրանքներ այս կամ այն հատուածում, իհարկէ, կարող են լինել, սակայն լայնամասշտաբ գործողութիւնների հաւանականութիւն և՛ Արցախում, և ՛ Սիւնիքում քիչ հաւանական է:

«Տեսնում ենք նաև, որ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև քաղաքական ու դիւանագիտական մակարդակով «յարաբերութիւնների կարգաւորման» ինչ-որ փակ գործընթացներ են տեղի ունենում, դրանց ընթացքից էլ է շատ բան կախուած՝ սահմանային լարումներ կը լինե՞ն, թէ՞ ոչ»,- եզրափակեց «Հենակէտ» վերլուծական կենտրոնի փորձագէտ Շիրազ Խաչատրեանը։

 

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.