Սահման քաջաց՝ զէնն իւրեանց

Հայ-Ատրպէյճանական պետական սահմանը, որպէս այդպիսին, երբեք չի գծուել: 1918-ի մայիսից, անկախութիւն հռչակելուց յետոյ, երկու երկրների միջև բախումներ սկսեցին: Արհեստածին Ատրպէյճանը, իր ստեղծման առաջին օրուանից, ձգտելով նորայայտ ազգի համար կենսական տարածքներ ապահովել, իր ապօրինի պահանջներն էր ներկայացնում հայոց պատմական հողերի նկատմամբ, որոնք հայոց թագաւորութեան մաս են կազմել, երբ հայերս անկախ ենք եղել, և որտեղ հայերս շարունակել ենք ապրել, նոյնիսկ պետականութիւնը կորցնելուց յետոյ: Սահմանային բախումները և տարածքային վէճերը շարունակուեցին մինչև 1920-21 թթ., երբ երկու երկրներում նախ հաստատուեց սովետական իշխանութիւնը, իսկ յետոյ երկրները կորցրեցին իրենց անկախութիւնը: «Ժողովուրդների կամքով ստեղծուած միասնական և հզօր Սովետական Միութիւնում» հանրապետութիւնների միջև սահմանները պետական կոչել որևէ կերպ չէր կարելի: ՍՍԽՄ ձևաւորման պահին հանրապետութիւնների սահմանները որոշւում էին փաստացի ինքնիշխանութեան, էթնիկ, պատմական, աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հիմքերով: Վերջին հիմքը շաղախն էր, որը դատապարտում էր հանրապետութիւններին ապրել իրար հետ: Օրինակ՝ եթէ հայերը որոշէին դուրս գալ ՍՍՀՄ-ից, նրանք Արցախի հետ վարամիաւորման հնարաւորութիւնը: Նոյն սկզբունքով գծուեցին միջինասիական հանրապետութիւնների սահմանների որոշ տեղամասեր:
Սովետական Միութեան փլուզումից յետոյ նախկին եղբայրական հանրապետութիւնները «ժառանգեցին» իրենց սովետական սահմանները: Աշխարհը, կարծես թէ ապահարզանի այդ տարբերակին դէմ չէր: Լուրջ տարաձայնութիւններ, որոշ բացառութիւններով, կարծես թէ, չկային: Հայաստանի պարագան այլ էր: Ի տարբերութիւն այլ հանրապետութիւնների, մեր անկախութեան պայքարն արցախեան ազատամարտն էր: Մենք ոչ միայն պայքարում էինք անկախութեան վերականգնման, այլև միասնական հայրենիքում ապրելու հայերի անօտարելի և անժամանցելի իրաւունքների համար: Չմոռանանք, որ արցախեան պայքարի կարգախօսը միացումն էր՝ Միացում, ազգերի ազատ ինքնորոշման հիմքով: Արդէն յետոյ, 1991-ի օգոստոսեան յեղաշրջման ձախողումից յետոյ, արցախցիք (ԼՂԻՄ + Շահումեանի շրջան), տուեալ պահին գործող ՍՍՀՄ սահմանադրութեան տառին և ոգուն համաձայն, հռչակեցին իրենց անկախութիւնը և ինքնիշխան պետութեան ստեղծումը: Դա 1991-ին, բայց մինչև այդ, դեռևս 1988-ին սկիզբ առած խաղաղ պայքարը, շատ շուտով հրապարակներից տեղափոխուեց ռազմադաշտ: Զինեալ պայքար բռնկուեց Արցախում և հայ-Ատրպէյճանական «սահմանի» երկայնքով:
Ինչևէ, պատմական էքսկուրսը չի հանդիսանում սոյն ակնարկի բուն նպատակը: Սակայն այս էքսկուրսը կ’օգնի հասկանալ, թէ ինչու՞ Ատրպէյճանցիք հիմա և հենց Սև լճերի շրջանից յարձակում գործեցին Հայաստանի Հանրապետութեան վրայ: Ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում: Ատրպէյճանցիք ուզում են գծել հայ-Ատրպէյճանական սահմանը, որի մեկնարկային կէտ է հանդիսանալու նախկին սովետական հանրապետութիւնների միջև վարչական սահմանը: Յղում կատարելով նախկին սովետական քարտէզներին ու GPS համակարգին, նրանք զինուորական ներկայութիւն հաստատեցին Սիւնիքի մարզի արևելեան սահմաններին՝ Գորիսից հարաւ, մինչև Կապան քաղաքը, Եղվարդ ու Ճակատն գիւղերը: Հայաստանը դա կուլ տուեց:
Կապիտուլեանտը յայտարարեց, որ Ատրպէյճանական առաջխաղացումը «բանաւոր ըմբռնման» արդիւնք է: Յետոյ ի յայտ եկան արձանագրութիւններ, որոնք փաստեցին, որ կայ բանաւոր ըմբռնումը փաստաթղթի վերածած գրաւոր փաստաթուղթ:
Սրանով կարելի է բացատրել, թե ինչու Ատրպէյճանցիք ներխուժման համար ընտրեցին հենց Սև լիճը: Լճափի մի մասը, համաձայն նախկին Սովետական քարտէզների, պատկանում էր Ատրպէյճանական ՍՍՀ-ին: Եթէ Ատրպէյճանցիները «բանաւոր ըմբռնման արդիւնքում» դրօշ պարզեցին Շուռնուխում, ապա ինչու՞ չեն կարող նոյնն անել Սև լճի հիւսիսային ափին:
Ամենայն հաւանականութեամբ, «բանաւոր ըմբռնումը» վերաբերուել է սահմանազատման սկզբունքներին այլ ոչ թէ կոնկրետ բնակավայրերին: Զարմանալի չէ, որ ռուսական կողմը կոչ արեց յարգել նախկին պայմանաւորուածութիւնները, իսկ ամերիկացիք խօսեցին «վիճելի տարածքների» մասին: Իշխանական և իշխանամերձ ուժերը ետ չմնացին: Զօրակոչից խուսափած և սեփական մօր դէմ ցուցմունք տուած, «Լուսաւոր Հայաստանի» ցանկով պատգամաւոր ընտրուած Արման Բաբաջանեանը Հ1-ի եթերով խօսեց «չէզոք գօտու մասին»: «Կայսերը մօտ կանգնած» նախկին ՀՀՇական Անդրանիկ Քոչարեանն էլ, իր հերթին, յայտարարեց, որ սահմանային խնդիրները դեռ յստակեցուած չեն: Այս յայտարարութիւնները չեն կարող հարցեր ու մտահոգութիւններ չառաջացնել: Ի՞նչ պայմանաւորուածութիւններ, ի՞նչ վիճելի տարածք, ի՞նչ չէզոք գօտի, ի՞նչ սահմանային խնդիրներ: Նման հարցեր Հայաստանի քաղաքական օրակարգում չէին եղել, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտն էլ սահմանային խնդիրների մասին ոչ մի դրոյթ չի պարունակում… Ուրեմն էլ ի՞նչ փաստաթուղթ են ստորագրել կապիտուլեանտն ու իր Ատրպէյճանցի բարեկամը: էլ ի՞նչ անակնկալներ են մեզ սպասում:
Հարց է առաջանում, թէ ինչու Ատրպէյճանցիները որոշեցին հենց հիմա իրենց սանձարձակ քայլը կատարել՝ անտեսելով կապիտուլեանտի հերթական յոխորտանքը, թէ սահմանները կահաւորուած են, ընդ որում, այնքան լաւ, որ Ատրպէյճանցիների դա նոյնիսկ չեն տեսնում: Պատասխանն ակներև է. ընտրութիւններ: Ատրպէյճանցիք միամիտ չեն, հասկանում են, որ յունիսի 20-ից յետոյ Հայաստանում կարող է իրավիճակ փոխուել և ոչ իրենց օգտին: Նրանք շտապում են: Գիտակցում են, որ կապիտուլյատնից հեշտօրէն կարելի է զիջումներ կորզել, միւսներից՝ ոչ: Փաշինեանն իրեն դիրքաւորում է որպէս խաղաղարար, ով դադարեցրեց 44-օրյեայ պատերազմը, որպէսզի տասնեակ հազարաւոր զինուորներ շրջափակման մէջ չյայտնուեն և չզոհուեն: Չէ, նա հազարաւորներին չզոհեց, նա տասնեակ հազարների փրկեց: Փրկիչը հիմա էլ կը փրկի: Իշխանութիւնները և իշխանական քարոզչամեքենան, որոնք որ մայիսի 12-ին, արծրունաբար, ժխտում էին Ատրպէյճանական ներխուժման փաստը, հիմա կոչ են անում պատրաստուել վատագոյնին: Երբ հպարտ ժողովուրդը պատրաստ կը լինի վատագոյնին, սպիտակ ձիու վրայ նստած կը յայտնուի կապիտուլեանտն ու հարցը խաղաղ կերպով կը լուծի. Կը սկսի սահմանազատման գործընթաց, որը հիմնուած կը լինի նախկին Սովետական Միութեան ներքին վարչա-տարածքային սահմանների վրայ: Նիկոլն ի՞նչ մեղք ունի, կոմունիստներն են սահմաններն այդպէս գծել: Ընտրութիւնների նախաշէմին կը յիշեն նաև ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրէնքը: Կապիտուլեանտը մեղք չունի, նա թոյլ չտուեց որ կռիւ բռնկուի, մեղաւոր են նախկինները:
Պէտք չէ մոռանալ նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին: Կապիտուլեանտը միշտ էլ կը կարողանայ համոզել, որ ոչ մի վատ բան չի լինի, եթէ Ատրպէյճանական մեքենաները երթևեկեն Հայաստանի մայրուղիներով, իսկ մենք Նախիջևանով հասնենք Մեղրի, կամ Ղազախով Թբիլիսի: Ի դէպ նշեմ, որ Սև լճի հատուածում Հայաստանի «լայնութիւնն» ամենափոքրն է՝ 40 կմ կարգի:
Ամփոփենք: Առանց լուրջ ջանքերի Ատրպէյճանցիները կարող են վերադառնալ նախկին սահմաններին: Հայաստանը դրանք կը ճանաչի, քանի որ կապիտույլանտը չի կարող դուրս գալ խաղաղարարի իր ամպլուայից: Ճանաչելով Սովետի թուին գծուած Ատրպէյճանի պետական սահմանները, Հայաստանը վերջնականապէս կը փակի Արցախի հարցը: Աւելին, Ատրպէյճանցիք կը կարողանան վերադառնալ Տավուշում և Արարատում գտնուող իրենց նախկին անկլավներին: Պատկերացրէք ի՞նչ կը լինի Տավուշի հետ, եթէ Ատրպէյճանցիք յայտնուեն Ազատամուտի մօտակայքում՝ փակելով դէպի Բերդ տանող ճանապարհը, իսկ Ոսկեպարում փակեն Նոյեմբերեան տանող ճանապարհը: Իհարկէ, կարող է հարց առաջանալ, թէ Ատրպէյճանցիք ինչու՞ հենց Տավուշի կողմից յարձակում չնախաձեռնեցին: Պատասխանը պարզ է. նախկինները կահաւորել էին հայ-Ատրպէյճանական շփման գծի տավուշեան հատուածը, իսկ կապիտուլեանտը Սիւնիքում ձևաւորուած նոր շփման գիծն անպաշտպան էր թողել: Աւելի կարևոր գործեր ունէր. ուժեղագնում էր իր սեփական պաշտպանութիւնը:
Միգուցէ Քյարքին վերադարձնելուն կապիտույլանտը չհամաձայնուի, փոխարէնն առաջարկելով… Այ հիմա հասկանալի է, թէ ինչու Ատրպէյճանցիք Հայաստան ներխուժեցին նաև Գեղարքունիքից: Չէ որ Ալիևը երբեք չի թաքցրել Սևանի ափ դուրս գալու իր մտադրութիւնը….
Լուծումը՞: Հայաստանը չպէտք է տրուի Ատրպէյճանական սադրանքին: Զիջելով Շուռնուխում հարուածի տակ յայտնուեց Սև լիճը: Զիջելով Սև լիճը, կը կորցնենք ամբողջ երկիրը:
Արթուր Խաչատրեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ

Leave a Comment

You must be logged in to post a comment.