Պարսից ծոցից դէպի Սև ծով՝ շրջանցելով Հայաստանը. Իրանը մտափոխուե՞լ է

Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը պայմանաւորուել են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու կազմակերպման շուրջ։ Ինչպէս այսօր՝ դեկտեմբերի 8-ին, յայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ յղում անելով իրանական ISNA լրատուական գործակալութեանը, այս մասին յայտնում է Իրանի ճանապարհների պահպանման կազմակերպութեան (RMTO) պաշտօնական ներկայացուցիչը։

«Ադրբեջանի և Վրաստանի հետ երկու հանդիպումից յետոյ (աւտոմոբիլային տրանսպորտի ստեղծման շուրջ) մենք նրանց առաջարկեցինք տարածաշրջանային մերձեցման նոր տարանցիկ միջանցք ստեղծելու նախաձեռնութիւն»,- ասել է Իրանի Միջազգային տարանցման և տրանսպորտի վարչութեան գլխաւոր տնօրէն Ջաւադ Հեդայաթին։ – Այս ծրագիրն առաջարկուել է ութ տարի առաջ, բայց քանի որ շատ երկրներ ներգրաւուած են եղել այս համաձայնագրում, այն դեռ չի իրականացուել, և կողմերը կոնսենսուսի չեն եկել»։

Նրա խօսքով՝ նոր երթուղու ստեղծումը կարող է Պարսից ծոցը կապել Սև ծովի հետ։

«Վրաստանը և Իրանը համաձայնագրի հիմնական կողմերն են, քանի որ Իրանը ելք ունի դէպի Պարսից ծոց, իսկ Վրաստանը երկու կարևոր առևտրային նավահանգիստներ ունի Սև ծովի արևելքում։ Միւս կողմից՝ Վրաստանը և Ադրբեջանը մեծ ջանքեր են գործադրել իրենց տրանսպորտային ենթակառուցուածքները բարելաւելու և զարգացնելու համար, ուստի մենք փորձել ենք ընդլայնել համագործակցութիւնը այս երկու երկրների հետ»,- ասել է Հեդայաթին:

Համաձայնագրի համաձայն՝ առաջիկայ չորս ամիսների ընթացքում Իրանից փորձնական բեռներ կ’ուղարկուեն Աստարայի շրջանի սահմանային կէտով Ադրբեջան, ինչպէս նաև Վրաստանի նաւահանգիստներով Բուլղարիա կամ Արևելեան Եւրոպայի այլ երկրներ առաքելու համար։

«Մենք փորձում ենք այս ծրագրի փորձնական փուլն իրականացնել մինչև այս տարեվերջ (ըստ իրանական օրացոյցի՝ մինչև 2022 թուականի մարտի 20-ը), որպէսզի հնարաւոր լինի բացայայտել խոչընդոտներն ու խնդիրները։ Այնուհետև երեք երկրների միջև վերջնական հանդիպմանը մեխանիզմ կստեղծուի՝ նուազեցնելու ծախսերն ու ժամանակը»,- պարզաբանել է իրանցի պաշտօնեան։

Իրանն այն երկրներից է, որն իր ռազմավարական դիրքի և յատուկ աշխարհագրութեան շնորհիւ ունի յատուկ կարգավիճակ առևտրային և տարանցիկ յարաբերութիւններում, քանի որ Իսլամական Հանրապետութեան տարածքով անցնում են մի քանի կարևոր միջազգային միջանցքներ. յիշեցնում է ISNA-ն։ Իրանի հարաւում Պարսից ծոցն է, որտեղ գտնւում են աշխարհի ամենամեծ նաւթարդիւնահանող երկրները։ Իրանի հիւսիսում Կասպից ծովն է, որը լաւագույն կամուրջն է Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև և կարող է կարևոր դեր խաղալ այդ երկրների միջև առևտրում:

Իրանը նախկինում այլ առաջնահերթութիւն էր սահմանել դէպի Սև ծով իր առևտրային ելքը կառուցելիս` Հայաստանի տարածքն օգտագործելը: Թեհրանի այս վերաբերմունքն իր ընդգծուած դրսեւորումը գտաւ այս տարուայ աշնանը, երբ տարածաշրջանում Բաքուի գործողութիւնների պատճառով Իրանի և Ադրբեջանի միջև հակամարտութիւն սկսուեց։

 

Հայաստանի ներկայիս իշխանութիւնների կողմից Գորիս-Կապան ճանապարհի մի մասի յանձնումը թշնամուն, որից յետոյ իրանցի վարորդները հարկադրաբար տուրք են վճարում նաև Ադրբեջանին, ինչպէս նաև նոր կառուցուած Տաթև-Աղուանի ճանապարհի անյարմարութիւնը պատճառ են դարձել, որ Իրանը հրաժարուի Հայաստանը, որպէս տարանցիկ երկիր, դիտարկելուց:

Leave a Comment

You must be logged in to post a comment.