Պայքարելու ենք թէ՛ քաղաքական, թէ՛ իրական կորոնավիրուս տարածողների դէմ. ՀՅԴ արձագանգը՝ Փաշինեանին
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, արձագանգելով Նիկոլ Փաշինեանի՝ ՀՅԴ-ի հասցէին այսօր հնչեցուցած արտայայտութիւններուն և գնահատականներուն, այսօր յայտարարեց. «Ցաւօք, ստիպուած ենք արձանագրել, որ հերթական անգամ, ի պատասխան քաղաքական խօսքի և հարցադրումների, Նիկոլ Փաշինեանի կողմից հնչեցւում են փողոցային բառապաշարով գնահատականներ և արտայայտութիւններ:
Այո՛, Դաշնակցութեան մօտեցումների և սկզբունքների մէջ բան չի փոխուել:
Մենք շարունակելու ենք պայքարել թէ՛ քաղաքական, թէ՛ իրական կորոնավիրուս տարածողների դէմ:
Ինչ վերաբերում է քաղաքական աղբանոցում յայտնուելուն, ապա ակնյայտ է, որ այս հարցում խորապէս մտահոգուելու պատճառ ունի հենց օրուայ իշխանութիւնը»:
Յիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, պարետատան նիստէն ետք պատասխանելով Yerkir.am-ի առցանց ուղարկած այն հարցին, թէ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը համարում է, որ կորոնավիրուսի դէմ պայքարում կառավարութեան քայլերը կա՛մ անարդիւնաւէտ են, կա՛մ ուշացած, յաճախ՝ նաեւ սխալ եւ պահանջում է, որ ԱԺ-ն յատուկ նիստ գումարի, որտեղ կառավարութեան հետ կը քննարկի ճգնաժամից դուրս գալու լուծումներ եւ պատասխանատուութեան կը կանչի ձախողած բոլոր պաշտօնատար անձանց՝ սկսած թիւ մէկ պատասխանատու վարչապետից։ Ձեր քաղաքական թիմը արդեօ՞ք պատրաստ է յանուն ժողովրդի առողջութեան այսպիսի քայլ անել եւ դուք՝ անձամբ, պատրա՞ստ եք մասնակցել այդ օրակարգով նիստի։ Վարչապետը մասնաւորապես նշել էր.
«Դաշնակցութեան համար մեծ հաշուով ոչ մի բան չի փոխուել, որովհետև Դաշնակցութեան ներկայացուցիչները այդ նոյն հռետորիկայով և կառավարութեան հրաժարականի ենթատեքստով խօսում էին 2018 թ-ի ամրանը, երբ ընդամէնը 1-2 ամիս էր անցել կառավարութեան ձևաւորումից։
Այնպիսի տպաւորութիւն կայ, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածւում, որն, ի տարբերութիւն առողջապահական կորոնավիրուսի, իմ կարծիքով, կը բերի այդպիսի՝ բացիլի յատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահուան․ դա իմ համոզմունքն է և կը տեսնէք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջութեամբ դուրս կը մղուեն Հայաստանի քաղաքական, հասարակական կեանքից, որովհետև իրենք այս օրերին իրենց գործունէութեամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»։