«Պահանջատիրութիւնն այն հարթակն է, որտեղ միաւորւում են համայն հայութեան ձգտումները»
«Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում»:
Անատոլ Ֆրանս
…Հայոց ցեղասպանութիւնից անցել է մէկ դար: Մէկ դար առաջ հայ ժողովրդի՝ Օսմանեան կայսրութեան կողմից վաղօրօք ծրագրուած ցեղասպանութիւնն ու հայրենազրկումը, որը դառնալու էր նախերգանքը մարդկութեան դէմ գործադրուած յետագայ ոճիրների: Մենք կորցրեցինք Հայրենիք: Սակայն Հայոց ցեղասպանութեան նահատակների ու վերապրածների ժառանգները, սփռուելով աշխարհով մէկ, շարունակեցին վառ պահել պատմական Յիշողութիւնը եւ այսօր էլ պայքարում են հայութեան՝ երբեւէ հայրենիք վերադառնալու իրաւունքի համար: Իսկ պատմական արդարութեան համար պայքարի, մեր հաւաքական Յիշողութեան ջահակիրը վառ պահողն, անշուշտ, Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտն հիմնադրամն է:
Ի՞նչ ծրագրեր է պատրաստւում կեանքի կոչել թանգարանը: Եւ յատկապէս այս օրերին, մեր մոլորակին պատուհասած համավարակի պայմաններում ինչպէ՞ս ենք ներկայանալու աշխարհին՝ պատշաճ մակարդակով ոգեկոչելու Հայոց ցեղասպանութեան մեր սրբադասուած նահատակների յիշատակը՝ Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցի շրջանակում: Այս խնդիրները բացայայտելու համար զրուցել ենք Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ հիմնադրամի փոխտնօրէն, պատմական գիտութիւնների թեկնածու ԷԴԻՏԱ ԳԶՈՅԵԱՆԻ հետ:
– Յարգելի՛ Էդիտա, Հայագիտական այս կարեւորագոյն նշանակութեան կենտրոնը՝ Հայոց ցեղասպանութեան թանգարան–ինստիտուտը, կազմաւորուել է 1995 թուականի Մարտին՝ նուիրեալ պատմաբան, ցեղասպանագէտ Լաւրէնտի Բարսեղեանի ջանքերով՝ իր առջեւ գերնպատակ ունենալով հավաքել, մշակել, հրատարակել, պահպանել եւ ցուցադրել Թուրքիայի կառավարող շրջանների կողմից նախապատրաստուած եւ 1915–1923 թուականներին իրականացուած Հայոց ցեղասպանութեանը վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, գրականութիւն եւ, ի վերջոյ, դառնալ յիշողութեան պահպանման կենտրոն. յիշողութիւն, որն արդէն դուրս է եկել մեր ազգային շրջանակից: Որո՞նք են այսօրուայ հրամայականները:
– Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտն իր գործունէութեան 25 տարիների ընթացքում մեծ ժառանգութիւն է ստեղծել եւ կուտակել, եւ մենք մեր առջեւ նպատակ ենք դրել պահպանել այն, զարգացնել եւ արդիականացնել՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարաւորութիւնները, եւ, ի հարկէ, աւելացնել: Այդ նպատակով Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը վերջերս ներկայացրեց մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն աւելի խորացնել հաստատութեան գիտահետազօտական, գիտացուցադրական, հաւաքչական եւ այլ ուղղութիւններով իրականացուող գործառոյթները: Թանգարան-ինստիտուտն իր առջեւ նպատակ է դրել դառնալ 21-րդ դարի չափանիշներին համապատասխան միջազգային կենտրոն, ինչին էլ ուղղուած են ներկայացուած ծրագրերը: Դրանք բաւական յաւակնոտ են, սակայն մենք յոյս ունենք, որ կը կարողանանք աստիճանաբար կեանքի կոչել դրանք: Նշեմ, որ ծրագրերին կարող էք ծանօթանալ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի կայքում:
Ինչպէս Դուք ճիշտ նկատեցիք, այսօր թանգարան-ինստիտուտը ոչ միայն յիշողութեան պահպանման, այլեւ դրա փոխանցման կենտրոն է, որն, իրօք, ձեռք է բերել համամարդկային նշանակութիւն եւ կարեւորութիւն:
– Անցնող տարիների ընթացքում Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի շէնքն ընդարձակուել է: Իսկ աշխարհի արխիւներում դեռ հազարաւոր փաստաթղթեր կան, որոնք արտացոլում են Հայոց ցեղասպանութեան անժխտելի իրողութիւնը: Ի՞նչ ծրագրեր կան թանգարանը նոր փաստաթղթերով համալրելու, ինչպէս նաեւ դրանք արտերկրի Ձեր գործընկերների ու գիտական կենտրոնների հետ համատեղ հրատարակութեան պատրաստելու հետ կապուած:
– Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտն ունի բաւական հարուստ արխիւ, որտեղ պահւում են ինչպէս փաստաթղթեր, այնպէս էլ լուսանկարներ, իրեր եւ այլն: Որպէս նաեւ գիտական հաստատութիւն մենք մեծապէս կարեւորում ենք թանգարան-ինստիտուտի արխիւային ֆոնտը փաստաթղթերով հարստացնելու հարցը: Մեր գիտնականները, որոնք աշխատում են տարբեր արխիւներում, հնարաւորութեան դէպքում նաեւ պատճենահանում կամ լուսանկարում են Հայոց ցեղասպանութեանը վերաբերող նիւթերը եւ պատճէնները տրամադրում մեզ: Մենք արխիւային փաստաթղթեր ենք ստանում նաեւ մեր գործընկերներից: Անցեալ տարուայ ընթացքում երկու խոշոր նուիրատուութիւն ունեցանք: Բաւական մեծ թուով ելեկտրոնային պատճէններ մեզ տրամադրեց Յովհաննէս Լեփսիուսի տուն-արխիւը՝ վերջիններիս եւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի միջեւ կնքուած համաձայնագրի շրջանակներում: Փաստաթղթերի ճնշող մեծամասնութիւնը վերաբերում էին համիտեան շրջանի հայկական կոտորածներին եւ այդ ընթացքում սկիզբ առած որբախնամ/այրիախնամ գործունէութեանը:
Յաջորդ խոշոր նուիրատուութիւնը պերլինաբնակ ճարտարագէտ Եդուարդ Ֆիչիճեանին էր, ում նախաձեռնութեամբ իրականացուել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարութեան արխիւի նիւթերի թուայնացումը (36 փաթեթ միկրոֆիլմ՝ իւրաքանչիւրը 10x4x10 սմ ծաւալով), որոնք վերաբերում են 1911-1921 թթ. եւ անմիջապէս առնչւում են Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան պատմութեանը: Գերմանիայում ՀՀ դեսպանատան օգնութեամբ միկրոֆիլմերը տեղափոխուեցին Հայաստան եւ տրամադրուեցին Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին:
Մենք նաեւ բանակցութիւններ ենք վարում որոշ կազմակերպութիւնների եւ անհատների հետ՝ Հայոց ցեղասպանութեանը վերաբերող իրենց արխիւները կամ դրանց պատճէնները թանգարան-ինստիտուտին փոխանցելու համար:
Ինչ վերաբերում է հրատարակութեանը, ապա մենք նախատեսում ենք այս տարի հրատարակել Հայոց ցեղասպանութեան 1464 վերապրողի պատմութիւնները, որոնք Ազգերի լիկայի արխիւից են, եւ մենք թոյլտուութիւն ենք ստացել դրանք հրատարակելու:
– 2015-ի Յունուարին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում ընթերցուեց Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագիրը, որի 8-րդ կէտով կոչ է արւում «Թուրքիայի Հանրապետութեանը՝ ճանաչել եւ դատապարտել Օսմանեան կայսրութեան կողմից իրականացուած Հայոց ցեղասպանութիւնը եւ մարդկութեան դէմ իրագործուած այդ սոսկալի ոճրի զոհերի յիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսուել սեփական պատմութեան ու յիշողութեան հետ՝ հրաժարուելով կեղծարարութեան, անհերքելի իրողութեան ժխտման եւ յարաբերականացման քաղաքականութիւնից»: Որքանո՞վ էք հաւանական համարում, որ Թուրքիան երբեւէ կը հրաժարուի իր որդեգրած ժխտողական ու հակահայկական քաղաքականութիւնից: Ի՞նչ գաղափարներ պէտք է դրուեն Հայաստան-պետութեան քաղաքականութեան հիմքում, որպէսզի հասնենք պատմական արդարութեան հաստատմանը՝ որպէս անվտանգութեան երաշխիք:
– Անկասկած, Հայոց ցեղասպանութեան ճանաչումը անվտանգութեան երաշխիք է Հայաստանի Հանրապետութեան համար, ինչի համար էլ բոլորս պայքարում ենք յանուն ցեղասպանութեան ճանաչման եւ, առաջին հերթին, ճանաչման հենց իրագործող պետութեան՝ Թուրքիայի կողմից: Յոյս ունեմ, որ կը գայ այն օրը, երբ Թուրքիան կը հրաժարուի ժխտողական եւ հակահայկական քաղաքականութիւնից, եւ կարծում եմ, որ այդ գործընթացը տեղի է ունենալու հասարակութեան ներսից՝ անհատից. այսինքն՝ գործընթացը ներքեւից գնալու է դէպի վերեւ: Ցանկանում եմ յուսալ, որ մի օր թուրքական հասարակութիւնն ինքն է պահանջելու իր իշխանութիւններից առերեսուել սեփական պատմութեանն ու ընդունել Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը: Կլոպալիզացիայի եւ համացանցի ընձեռած հնարաւորութիւնների պայմաններում բաւական դժուար է թաքցնել ճշմարտութիւնը, յատկապէս, երբ այն սկսում է ի յայտ գալ հենց թուրքական հասարակութեան ներսում՝ ի դէմս իրենց հայկական ծագումը բացայայտող թուրք մարդկանց:
– Յիշենք նաեւ Հռչակագրի 11-րդ կէտը, որը «Դիտարկում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը որպէս կարեւոր հանգրուան պատմական արդարութեան համար մղուող պայքարը «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսով շարունակելու գործընթացում»: Հայոց ցեղասպանութեան թանգարան–ինստիտուտի՝ Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին նուիրուած կարգախօսը եւս դարձրել է այդ գաղափարը՝ ՅԻՇՈՒՄ ԵՄ ԵՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ: Սա չի՞ վերահաստատում այն կարեւորագոյն արժէքը, որ Հայոց պահանջատիրութեան հարցը պէտք է շարունակի միաւորել համայն հայութեանը՝ անկախ տարբեր ժամանակներում մեր պետութիւնը ղեկավարող քաղաքական թիմերից:
– Ես կարծում եմ, որ պահանջատիրութիւնն այն հարթակն է, որտեղ միաւորւում են համայն հայութեան ձգտումները: Դեռեւս շատ աւելի վաղ մինչեւ «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսի ի յայտ գալը՝ ցեղասպանութիւնից անմիջապէս յետոյ, հայերը հանդէս եկան պահանջատիրութեամբ, որին շարունակաբար ձգտում են մինչեւ այժմ՝ անկախ քաղաքական թիմերի փոփոխութիւններից: Յոյս ունեմ, որ ապագայում կը կարողանանք կոնկրէտ հայեցակարգ ունենալ այս կարեւոր հարցում եւ մեր պայքարն աւելի առարկայական դարձնել:
– Յարգելի՛ Էդիտա , Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցի առթիւ թանգարան-ինստիտուտը նախաձեռնել էր մի շարք միջազգային գիտաժողովներ, որոնք, փաստօրէն, տեղի չեն ունենալու մեր մոլորակին պատուհացած համաճարակի պատճառով: Հնարաւո՞ր է արդեօք այս կարեւոր իրադարձութիւնները կեանքի կոչել տեսակոնֆերանսի տեսքով եւ յետագայում գիտաժողովի նիւթերը հրատարակել:
– Այո´, մենք մի շարք միջոցառումներ էինք նախատեսել Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցի կապակցութեամբ, այդ թւում մի քանի գիտաժողով եւ ժամանակաւոր ցուցադրութիւն: Նախատեսուող գիտաժողովներից մէկը՝ «Կիլիկիան եւ կիլիկիահայութիւնը Հայոց ցեղասպանութեան տարիներին», նախատեսւում էր Ապրիլի կէսերին եւ նուիրուած էր լինելու Կիլիկիայում ինքնապաշտպանական մարտերի 100-ամեակին: Գիտաժողովը կազմակերպուելու էր Կիլիկիայի կաթողիկոսութեան հետ համատեղ: Մասնակիցներ ունէինք ինչպէս Հայաստանից, այնպէս էլ արտասահմանից՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ: Համավարակի պատճառով գիտաժողովը յետաձգել ենք անորոշ ժամանակով, սակայն առաջին իսկ հնարաւորութեան դէպքում կ’անենք, քանի որ ամէն ինչ գրեթէ պատրաստ է: Գիտաժողովի շրջանակներում նախատեսուող ժամանակաւոր ցուցադրութիւնը, սակայն, կը փորձենք ներկայացնել առցանց տարբերակով:
Յաջորդ գիտաժողովը լինելու էր Յունիսին եւ լինելու էր ցեղասպանութիւնների ժամանակ՝ երեխաների բռնի տեղափոխման թեմայով: Ինչպէս յայտնի է Հայոց ցեղասպանութիւնը ցեղասպանակա՛ն այս գործողութեան դասական օրինակ էր: Գիտաժողովը կազմակերպուելու էր Գանատայի Մարդու իրաւունքների թանգարանի (որի հետ ունենք համագործակցութեան յուշագիր), աւստրալական Դէակին համալսարանի եւ լեհական Պիլեցկի ինստիտուտի հետ համատեղ: Նախատեսում էինք նաեւ ժամանակաւոր ցուցադրութիւն, որի ժամանակ ներկայացուելու էր երեխաների բռնի տեղափոխման հայկական, գանատական, աւստրալական եւ լեհական դէպքերը: Գիտաժողովը նուիրուած էր լինելու ցեղասպանութիւն եզրոյթի ստեղծող Ռաֆայէլ Լեմքինի ծննդեան 120-ամեակին եւ Երեխաների իրաւունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ուժի մէջ մտնելու 30-ամեակին: Գիտաժողովի կազմակերպմանը աջակցելու պատրաստակամութիւն են յայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը, Կիւլպէնկեան հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ Գիտութեան կոմիտէն: Մասնակիցների աշխարհագրութիւնը բաւական մեծ է, մասնակիցներ ունենք համարեայ բոլոր մայրցամաքներից, որոնց շարքերում կան բաւական յայտնի ցեղասպանագէտներ: Այսօրուայ դրութեամբ գիտաժողովը եւ ցուցադրութիւնը տեղափոխել ենք Դեկտեմբեր: Համավարակի շարունակման պարագայում, միջոցառումները կը տեղափոխուեն յաջորդ տարի:
Այս տարուայ երրորդ գիտաժողովը նախատեսուած է Հոկտեմբեր ամսին: Այն Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) տարեկան գիտաժողովն է, որն այս անգամ անցկացուելու է Երեւանում: Յուսանք, որ համավարակը չի խանգարի այդ միջոցառման իրականացմանը:
– Պատմութեան մէջ առաջին անգամ՝ դարձեալ պայմանաւորուած համաճարակով, Ապրիլի 24-ի միջոցառումները մեծ մասշտապ չեն ընդգրկելու, ինչպէս Հայաստանում, այնպէս էլ՝ Սփիւռքում: Ի՞նչ պէտք է անի այդ օրը իւրաքանչիւր հայ՝ աշխարհին ցոյց տալու համար, որ Յիշողութիւնն ու Պատմութիւնը կենդանի են եւ պատշաճ կերպով ոգեկոչի մեր սրբադասուած նահատակների յիշատակը՝ անկախ յուշահամալիրում ֆիզիքական ներկայութիւնից:
– Ցաւօք, պատմութեան մէջ առաջին անգամ մարդիկ հնարաւորութիւն չեն ունենալու ֆիզիքապէս այցելել յուշահամալիր: Սակայն, վստահ եմ, որ այդ հանգամանքը չի խանգարի, որ իւրաքանչիւրն այդ օրը իր հոգով եւ մտքով լինի ցեղասպանութեան զոհերի հետ: Ինչպէս տեսնում ենք, աշխարհի տարբեր անկիւններում հայերը փորձում են տարբերակներ գտնել՝ Ապրիլի 24-ի ամէնամեայ միջոցառումները այլ՝ յիշարժան ձեւով յիշատակելու համար: Օրինակ, Ամերիկայում նախատեսւում է 1,5 միլիոն կերակուր բաժանել համավարակից աւելի շատ տուժած ամերիկացիներին՝ զուգահեռներ տանելով 105 տարի առաջ ցեղասպանութեան որբերին եւ վերապրողներին տրամադրուած ամերիկեան օգնութեան հետ: Համացանցով կոչեր են հնչում այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում հնչեցնել զանգերը եւ մոմավառութիւն անել: Ամերիկայի հայկական թանգարանը կոչ է անում կիսուել ցեղասպանութեան վերաբերեալ պատմութիւններով:
Դեռ Ապրիլի սկզբին Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը կոչ ուղղեց մեր հայրենակիցներին՝ ֆէյսպուքում կիսուել աշխարհի հետ ցեղասպանութեան զոհ կամ վերապրած իրենց նախնիների, հայկական մշակութային ժառանգութեան՝ դպրոցների, եկեղեցիների լուսանկարներով եւ պատմութիւններով՝ նպատակ ունենալով կենդանի պահել Հայոց ցեղասպանութեան մասին յիշողութիւնն ու պատմութիւնները, փոխանցել այն սերունդներին:
Վստահ եմ, որ կը լինեն նաեւ այլ նախաձեռնութիւններ:
– Այս օրերին աշխարհի թանգարանները տեղափոխուել են վիրտուալ հարթակ՝ փորձելով կենդանի պահել մշակութային կեանքը: Ի՞նչ ծրագրեր է իրականացնում Հայոց ցեղասպանութեան թանգարանն այս առումով: Եւ ինչպէ՞ս է ներկայանալու միջազգային հանրութեանը՝ յատկապէս Ապրիլի 24-ին:
– Ինչպէս ՀՀ շատ թանգարաններ, Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը եւս շատ արագ տեղափոխուեց վիրտուալ հարթակ: Տնօրինութեան կողմից առաջադրանք եղաւ բոլոր գիտաշխատողներին՝ իրենց հետազօտութիւնների վերաբերեալ նիւթեր նախապատրաստել թանգարան-ինստիտուտի կայքէջի եւ ֆէյսպուքեան էջի համար, որպէսզի մեր ընթերցողները հնարաւորութիւն ունենան առցանց հետեւել մեր գործունէութեանը, տեղեկատուութիւն ստանալ Հայոց ցեղասպանութեան տարբեր մանրամասնութիւնների մասին:
Թանգարան-ինստիտուտի աշխատակիցների կողմից նախաձեռնուեց «Պատմում են թանգարանի ցուցանմոյշները» շարքը, որի շրջանակներում ներկայացւում են թանգարանում պահուող ցուցանմոյշները՝ իրենց յարակից պատմութիւններով:
Առցանց ներկայացւում է նաեւ այժմ մեր թանգարանում գործող «Հայերի փրկութեան գործը Մերձաւոր Արեւելքում» ժամանակաւոր ցուցադրութիւնը:
Ապրիլի 24-ի համար նախատեսել ենք նոր ժամանակաւոր առցանց ցուցադրութեան բացում:
– Ականաւոր ցեղասպանագէտ, բանահաւաք Վերժինէ Սվազլեանը տասնամեակներ շարունակ հաւաքագրել ու ձայնագրել է Հայոց ցեղասպանութեան ականատես-վերապրողների կենդանի յուշերը՝ առաջին սերնդից, որոնք գտնւում են թանգարանում: Ի՞նչ տարբերակով է հնարաւոր այս կարեւորագոյն վաւերագրերը եւս ներկայացնել ցուցադրութեան՝ յատկապէս վիրտուալ տիրոյթում:
– Իսկապէս մեծ գործ է կատարել Վերժինէ Սվազլեանը՝ հաւաքագրելով եւ ձայնագրելով Հայոց ցեղասպանութեան ականատես-վերապրողների յուշերը, որոնք մենք՝ ուսումնասիրողներս, օգտագործում ենք մեր հետազօտութիւնների համար: Թանգարան-ինստիտուտը նախ նախաձեռնեց դրանց պահպանման եւ թուայնացման գործընթացը, որը դեռ ընթացքի մէջ է: Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը նաեւ նոր կիրառութիւն է նախատեսել այդ ձայնագրութիւնների համար՝ դրանք օգտագործելով կրթական նպատակներով: Թանգարան-ինստիտուտի Կրթական ծրագրերի բաժինն ուսումնասիրում է այդ ձայնագրութիւնները, առանձնացնում դրանք ըստ թեմաների, ապա ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ աւտոմատացման բրոպլեմների ինստիտուտի օգնութեամբ այդ ձայնագրութիւնները մշակւում են՝ աշակերտների համար կազմակերպուած յատուկ դասընթացներում օգտագործելու նպատակով: Այդ կենդանի յուշերը իւրայատուկ զգացողութիւններ ու կապ են առաջացնում աշակերտների մօտ, որոնց մեծամասնութիւնը, ցաւօք, չի հանդիպել Ցեղասպանութիւնը վերապրած իրենց նախնիներին: Ձայնագրութիւններն օգտագործւում են նաեւ ցուցադրութիւնների ժամանակ:
Թանգարան-ինստիտուտը նաեւ նախագիծ ունի մէկ միասնական շտեմարանի մէջ հաւաքագրել ցեղասպանութեան ականատեսների տեսա-ձայնայուշագրութիւնները եւ դրանք հասանելի դարձնել հետազօտողների եւ հետաքրքրուողների լայն շրջանակների համար: Սկսելու ենք թանգարան-ինստիտուտի ֆոնտերում առկայ նիւթերից:
– Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտն արդէն մեկնարկել է մի հետաքրքիր ծրագիր. մարդիկ իրենց՝ Ցեղասպանութիւնը վերապրած պապերի ու տատիկների նկարներն են տեղադրում եւ գրում ընտանիքների պատմութիւնները: Կարո՞ղ ենք ասել, որ սա նոր նիւթերի ի յայտ գալու իւրայատուկ հարթակ է դառնում:
– Իրականում նախաձեռնութիւնը մի քանի նպատակ է հետապնդում. նախ, ստեղծուած պայմաններում ոգեկոչել Ապրիլի 24-ը: Իսկ, երկրորդ, ինչպէս ճիշդ նկատեցիք, հաւաքել նոր նիւթեր՝ պատմութիւնների եւ լուսանկարների տեսքով: Եթէ նկատել էք, համացանցում արդէն կան նման պատմութիւններ եւ լուսանկարներ: Թւում է, թէ «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսի առաջին հատուածն աւելի առարկայական է դառնում:
– Այս տարի լրանում է Մկրտիչ Խրիմեան Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդեան 200-ամեակը՝ պատմական մեծ անհատականութիւն, ում անունն ու գործը անմիջականօրէն կապուեց Հայոց ցեղասպանութեան ողբերգութեան հետ: Պատմութիւնն ամրագրեց Պերլինի վեհաժողովից յետոյ նրա առաջ քաշած «Երկաթէ շերեփ» ունենալու գաղափարը։ Եւ այսօրուայ յարափոփոխ, քաղաքական մարտահրաւէրներով լի աշխարհում արդեօ՞ք արդիական չեն Խրիմեան Հայրիկի այս խօսքերը. «…Ժողովու՛րդ, ամենէն առաջ քո ազատութեան յոյսը քո վրայ դիր, քո խելքին եւ բազուկին ո՛ւժ տուր, մարդ ինքնիրմէն պէտք է աշխատի որ փրկուի»։
– Ի հարկէ, այդ խօսքերը եղել են եւ դեռ շարունակում են արդիական մնալ: Չնայած մենք շատ ենք սիրում մէջբերել «երկաթէ շերեփի» պատմութիւնը՝ որպէս պատմութիւնից դաս առնելու կոչ, սակայն մօտ 130 տարի անց դեռ չենք կարողացել իրականացնել կաթողիկոսի պատգամը: Յուսանք, երիտասարդ սերունդն աւելի աչալուրջ կը լինի այս խօսքերին եւ պահանջատէր՝ նաեւ սեփական անձից: Այդ ժամանակ կ’ունենանք հաւաքական ուժ՝ յանուն հայրենիքի, արդարութեան եւ ճշմարտութեան համար պայքարելու:
Զրուցեց՝ Յասմիկ Պօղոսեանը
Լուսանկարները՝ Գագիկ Պօղոսեանի արխիւից