Որպէսզի հնչեցնեն իրենց արդարութեան ձայնը՝ դատապարտելով այդ ոճրագործութիւնը

…Պատմութեան մէջ առաջին անգամ ստիպուած ենք Հայոց ցեղասպանութեան սրբադասուած նահատակների յիշատակը ոգեկոչել առանց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր այցելելու՝ արտակարգ դրութեան պայմաններում: Դեռ նախօրէից՝ համայն հայութեան հայեացքը յառել է դէպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Մարուեցին լոյսերն ամէնուր, եւ իւրաքանչիւր հայ վառեց Յիշողութեան իր կանթեղը, հնչեցին Հայաստանեայց Առաքելական եկեղեցիների զանգերը: Այսօր էլ եկեղեցիներում մատուցուելու է Սուրբ Պատարագ: Այսօր աշխարհասփիւռ հայութիւնը մտովի է ուխտի գնալու Ծիծեռնակաբերդ՝ հաւատով, որ ոչինչ չի խանգարելու մեր ազգին՝ պատմական արդարութեան համար պայքարի ճանապարհին: Այս գաղափարի շուրջ զրուցել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների եւ Արխիւի տնօրէն Հոգեշնորհ Հայր Ասողիկ Աբեղայ Կարապետեանի հետ:

– Այո՛, ցաւօք սրտի, ինչպէս Ս. Յարութեան տօնը նշեցինք առտնին եկեղեցիներում՝ մեր բնակարաններում, այդպէս էլ Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օրը մեր հոգով ենք ուխտի ելնելու Ծիծեռնակաբերդ: Այսօր մեր բոլոր եկեղեցիներում մատուցուելու է Ս. Պատարագ, որից յետոյ կատարուելու է Բարեխօսական կարգ: 2015 թ. ի վեր, երբ սրբադասուեցին Հայոց Ցեղասպանութեան նահատակները, վասն Հաւատքի եւ Հայրենիքի մարտիրոսացած հայկազունները, Ազգիս Վեհափառ Հայրապետը տնօրինեց, որ այլեւս Ապրիլ 24-ին ողջ Հայաստանեայց Եկեղեցին հայցի մեր բիւրաւոր նահատակների բարեխօսութիւնն առ Աստուած: Մեզ համար այդ օրն արդէն տօն է՝ չկա՛յ սուգ եւ տխրութիւն, յաղթութիւն է եւ յարութեան յոյս, կեանքի ուխտ, որ վերածւում է պահանջատիրութեան՝ կառուցելով հզօր Պետութիւն եւ հաստատելով միացեալ Հայաստան, որտեղ կը գան եւ կայք կը հաստատեն աշխարհասփիւռ հայերը: Այդ օրը, ըստ ընկալեալ աւանդութեան, Հայոց Հայրապետը հոգեւորականների հետ Բարեխօսական կարգ կը կատարի նաեւ Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրում: Իսկ ժամը 12:00-ին կը հնչեն մեր բոլոր, բոլոր տաճարների զանգերը՝ որպէս աղերս առ Երկինք եւ հոգեւոր արթնութեան կոչ ողջերին:

Հոգեշնորհ Հայր Սուրբ, Ապրիլի 24-ին ամէնուր՝ Հայաստանում եւ Սփիւռքում հնչելու են եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայոց եկեղեցու այս մօտեցումը վերահաստատումն է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիւ կատարուած 100 զանգերի ղօղանջի նախաձեռնութեան գաղափարի, որի ժամանակ աշխարհին մէկ անգամ եւս ցոյց ենք տալու պատմական Յիշողութիւնը վառ պահելու մեր հաստատուն կամքը:

– Մենք դեռ սպասում ենք մեր Արդար Դատի լուծմանը: Աշխարհը տակաւին յամառում է, ժողովուրդներ ու պետութիւններ դեռեւս անհաղորդ են մեր հոգու ցաւին… Իսկ եկեղեցիների զանգերի ղօղանջները՝ աշխարհով մէկ հնչելով այս օրը, պէտք է շարժեն նաեւ ա՛յդ ժողովուրդների եւ պետութիւնների խիղճը, որպէսզի հնչեցնեն իրենց արդարութեան ձայնը՝ դատապարտելով այդ ոճրագործութիւնը: Մենք յիշում ենք եւ պահանջում ենք. միայն մեզ համար չենք պահանջում, այլ ողջ մարդկութեան, բոլոր ազգերի, որպէսզի այլեւս երբեք որեւէ ժողովուրդ չցեղասպանուի, որեւէ հայրենիք չմասնատուի ու չկորսուի, որեւէ մշակութային ժառանգութիւն չոչնչացուի… Լոկ յիշողութեան ու պահանջատիրութեան զանգեր չի հնչեցնում Հայոց Եկեղեցին, այլ այդ հզօր ղօղանջներով հայ մարդուն կոչում է հաւատարմութեան՝ հաստատուն մնալու իր ազգային ինքնութեան մէջ, պահպանելու մայրենին, դաւանելու իր քրիստոնէական հաւատքը, նախանձախնդրօրէն կրելու եւ ապրելու իր ազգային արժեհամակարգով եւ տէր լինլու իր Հայրենիքին: Ողջ աշխարհը պէտք է իմանայ, որ մենք արթուն ենք, մենք գիտակցում ենք մեր առաքելութիւնը եւ յանձնառու ենք այն կեանքի կոչելու, եւ այդ ճանապարհին, մեր յաւիտենական երթին մեզ ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել:

Այս օրերին աշխարհի բոլոր անկիւններում հոգեւոր արարողակարգերը կատարւում են դռնփակ: Եւ Ապրիլի 24-ին մատուցուելիք Սուրբ Պատարագը եւս անց է կացուելու՝ առանց հաւատաւոր զաւակների ֆիզիքական ներկայութեան: Ստեղծուած իրավիճակը ի՞նչ մտորումներ է ծնում հայ հոգեւորականի սրտում: Կարո՞ղ ենք ասել, որ այս դժուարին իրավիճակը ոչ թէ ընկճուելու, այլ մեր ներսում ինքնակազմակերպելու եւ յետագայում մեր ազգային կեանքում աւելի հաստատուն ու ամուր քայլերով առաջ գնալու եւս մի առիթ է:

– Այս իրավիճակը չէ, որ մեզ պէտք է մղի ինքնաքննութեան կամ ինքնակազմակերպութեան, կամ՝ կեանքի ու գործի վերարժեւորման: Մեր ողջ կեանքն այդպիսին պէտք է լինի, մենք մեր ամէն օրը պէտք է արժեւորենք եւ նպատակային ապրենք: Ազգային ինքնագիտակցութիւնը պէտք է լինի մեզանից իւրաքանչիւրի կեանքի առանցքը, ամէն բան պէտք է կշռել, չափել ու ձեւել Հայրենիքի եւ ազգի գերագոյն շահերով: Հոգ չէ, որ մենք փոքր մարդ ենք, պարզ քաղաքացի՝ մեզանից նոյնն է պահանջւում, ինչ ամենաբարձր պաշտօնեայից: Երկրի ընկերային կարգը եւ հոգեւոր մթնոլորտը խախտւում են ամենափոքր իսկ անձի անպատասխանատու քայլից, անարգալից վերաբերմունքից, անարգական խօսքից, անմաքուր խոհերից: Հայ քրիստոնեան միշտ քաջարի պէտք է լինի, ունենայ խաղաղ եւ զուարթ ներաշխարհ: Եւ ամէն ոք պէտք է յանձնառու լինի գօտեպնդելու իր հայրենակցին, հաւատակցին, մերձաւորին, ինչպէս պատգամում է մեզ Ս. Պօղոս առաքեալը. «Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. խրատեցէ՛ք ստահակներին, մխիթարեցէ՛ք սրտնեղածներին, պատսպարա՛ն եղէք տկարներին, համբերատա՛ր եղէք բոլորի հանդէպ: … Միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամուտ եղէք: Ուրա՛խ եղէք միշտ, անդադար աղօթեցէ՛ք» (Ա. Թեսաղ. Ե. 14-17): Մենք միշտ պէտք է նայենք Արարատին եւ գնանք դէպի մեծ Յաղթութիւն:

Գարեգին Նժդեհն ասել է. «Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է»: Եւ մեր ազգային եկեղեցու հայրերին մենք տեսել ենք մեր ազգայինազատագրական ճակատամարտերում, Արցախեան հերոսամարտում, Հայ Դատի եւ պահանջատիրութեան համար պայքարի դաշտում, Ապրիլեան պատերազմում: Ո՞րն է լինելու Հայ եկեղեցու որդեգրած ուղին՝ հոգեւոր մարտահրաւէրներով լի մեր նոր ժամանակներում: Ինչպէ՞ս ենք կարողանալու Հայ Առաքելական եկեղեցու գործուն մասնակցութեամբ հասնել մեր ազգի հզօրացմանն ու անժամանցելի պատմական իրաւունքների ամրագրմանը:

– Հայոց Եկեղեցու մէջ է անթեղուած հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցութիւնը: Հայոց Եկեղեցին զտելով՝ բիւրեղացրեց հայոց միտքը, հոգին, ինչի արդիւնքում հայ հանճարը ճառագեց ու արարեց մի այլ զօրութեամբ եւ հարազատութեամբ: Այն, որ միմիայն Հայոց Եկեղեցում է կենդանի նախնեաց լեզուն՝ այլեւս դրանով ամէն ինչ ասուած է: Մեր ազգային Եկեղեցին մեզ դարձնում է Արարչի՝ Է-ի սեփական ժողովուրդը, մեզ ամրացնում է ոգեպէս, մեզ զարդարում է զանազան առաքինութիւններով, մեզ ըմպել է տալիս արիութեան կենդանարար գինին եւ ուղղորդում ու առաջնորդում է խնամելու, կառուցելու եւ բարեշէն դարձնելու աստուածապարգեւ տնտեսութիւնը՝ Հայրենի երկիրը: Հայոց Եկեղեցին միշտ եղել է ազգային համերաշխութեան, սիրոյ, միասնութեան ու խաղաղութեան հաստիչը: Երէկ, այսօր եւ միշտ այս նոյն առաքելութիւնն է կեանքի կոչում մեր Եկեղեցին, եւ այսպէս է իր անզուգական նպաստը բերում Հայոց պետականաշինութեանը: Մեր ազգն անմահ է Հայոց Եկեղեցով, մեր Հայրենիքն անառիկ է Հայոց Եկեղեցով, մեր Պետութիւնը հզօր է Հայոց Եկեղեցով: Մեր երկրի ազատութեան ու անկախութեան պահպանման ու պաշտպանութեան, արտաքին ու ներքին մարտահրաւէրների յաղթահարման առումով կենսական է Հայոց Եկեղեցու անկախութիւնը, բացառիկութիւնը եւ զօրեղութիւնը: Մեր Հայրենի պետութիւնը պէտք է ամէն կերպ աջակցի իր ամենահաւատարիմ, ամենանուիրեալ ու ամենահարազատ ուխտակցին ու մարտակցին՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Հանապազօրեայ աղօթքներով, Քրիստոսին քարոզելով, բարոյական իր ամենաբարձր հեղինակութեամբ, հաւատագործութեամբ եւ հոգեւոր գանձեր արարելով՝ Հայոց Եկեղեցին շարունակելու է ազգակերտման իր դարաւոր ընթացքը: Միայն այսպէս Ազգս հայոց կարող է մնալ անմահ եւ պահպանել իր Հայրենիքը: Եւ ես հաւատում եմ, որ մեր հոգեմտաւոր կատարելագործման եւ ազգային առաքելութեան անշեղ իրականացման արդիւնքում ոչ միայն կը վերականգնենք մեր կորուստները, այլեւ աւելին կարարենք եւ Աստծոյ արքայութիւնն ազգովին կը ժառանգենք: Երանի՜ այն հային, ով մաս եւ բաժին կ’ունենայ այս ամէնի մէջ:

Զրուցեց Յասմիկ Պօղոսեանը

Ապրիլ 21

Leave a Comment

You must be logged in to post a comment.