ՇՆԵՐԸ ՀԱՉՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՔԱՐԱՒԱՆԸ՝ ԳՆՈՒՄ…

ՀՅԴ-ն 70 տարի շարունակ եղել է անկախութեան խորհրդանիշերի պահապանը, նոյն Եռագոյն դրօշը, որի կողքին նա հպարտօրէն կանգնում է, այն երկիրը, որը նա ներկայացնում է, իր կրած զինանշանը եւ իր օրհներգը, որի հնչիւնների առջեւ աշխարհը ոտքի է կանգնում… Բոլոր արժէքներն ու խորհրդանիշերը, որոնք իւրաքանչիւր դաշնակցական եւ համակիր 70 տարի շարունակ սրբօրէն պահպանել է աքսորում: Դաշնակցութիւնը, նոյնիսկ ինքն իր վրայ է վերցրել ամբողջ աշխարհի հայութեան ֆիզիքական պաշտպանութիւնը, լինի դա Պուրճ Համուտի կամ Հալէպի փողոցներում, կամ էլ Շուշիի բարձրունքներում

Բ. Մանուկեան

Լցրէք մի գաւաթ սուրճ կամ թէյ, եւ եկէք միասին կարճ ուղեւորութիւն կատարենք յիշողութեան ուղեծիրում:

Ժամանակացոյց (Դեկտեմբեր 4, 2019 – Յունիս 10, 2020)

Դեկտեմբեր 4, 2019- Փաշինեանը անդրադառնալով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան երիտասարդական միութեան՝ կրթութեան, գիտութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի նախարարի հրաժարականի պահանջին, ցինիկ կերպով մէջբերելով «Չուք-չաք-չարաք-չաք» երգը՝ նշեց, որ լսում է Դաշնակցութեան «հեռացող գնացքի անիւների տրոփիւնը»:

Փետրուար 17, 2020- մինչ Փաշինեանի կառավարութիւնը զբաղուած էր Սահմանադրական բարեփոխումների հանրաքուէի քարոզարշաւով ՝ իրեն չենթարկուող դատաւորներին փոխարինելու համար, մնացած աշխարհը զբաղուած էր կորոնավիրուսի դէմ պայքարով: Դրանից առաջ, Փաշինեանի կառավարութիւնը օրէնք էր ընդունել Սահմանադրական դատարանի դատաւորներին ֆինանսական խրախուսանքներ տրամադրելու մասին (պաշտօնական կաշառք, որը նրանք մերժեցին): Սահմանադրական բարեփոխումների հանրաքուէի նպատակն էր իրեն ենթարկուող դատաւորներով փոխարինել այն դատաւորներին, որոնք մերժել էին պաշտօնական կաշառքը: Դա թոյլ կը տար կառավարութեանը վերահսկողութիւն սահմանել դատական համակարգի նկատմամաբ՝ ձեւաւորելով տոտալիտար ռեժիմ, որը ղեկավարւում էր մէկ քաղաքական ուժի կողմից, ինչպէս նաեւ՝ վերացնել գործադիր, օրէնսդիր եւ դատական ուժերի միջեւ հակակշիռն ու հաւասարակշռութիւնը՝ վերջնական հարուած հասցնելով Հայաստանում ժողովրդավարութեանը:

Մարտի 1, 2020 Covid-19-ի առաջին դէպքը Հայաստանում: Նոյն օրն իր ֆէյսպուքեան ուղիղ եթերի ընթացքում, Փաշինեանն անպատասխանատուօրէն յայտարարում է. «գորոնավիրուսն ում շունն է», ինչը նշանակում է, որ գորոնավիրուսը ոչինչ է, եւ անհանգստանալու բան չկայ:

Մարտի 10-12, 2020- Փաշինենաը Մեղրիում եւ Քաջարանում անցկացուող հանարքուէի քարոզարշաւի ընթացքում շարունակեց անկարեւոր ներկայացնել մահացու վիրուսի վտանգը, նշելով, որ առաջին վարակակրի կինն անըդհատ նրա կողքին է եղել եւ չի վարակուել, նրանք, ովքեր ուղարկւում են Ծաղկաձոր՝ կարանտինի, լաւ են զգում իրենց, չեն մեկուսացուել եւ շփւում են ուրիշների հետ, կամ շփման արդիւնքում ոչ ոք չի վարակուել եւ կարիք չկայ այս վիրուսին լուրջ ընդունելու, քանի որ այն նման է սովորական մրսածութեան, որը հնարաւոր է ախտահանել տնական օղու շփումով եւ հեռացնել պինցետներով:

Մարտի 14, , 2020- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն օգնութեան ձեռք մեկնելու առաջին փորձն է անում: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յանձնարարութեամբ, նրա մասնագիտական յանձնախմբերը ներկայացնում են մասնագիտական գնահատական եւ տարբեր ճակատներում Covid-19-ի դէմ պայքարի գործողութիւնների ամփոփ ծրագիր: Երկու օր անց, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հանդէս է գալիս յայտարարութեամբ, որում պատրաստակամութիւն է յայտնում կուսակցութեան համահայկական կառոյցի հետ միասին ներդնելու ողջ կազմակերպական եւ մասնագիտական կարողութիւնները՝ աջակցելու կառավարական բոլոր գերատեսչութիւններին, համավարակի դէմ պայքարի համար:

Մարտի 16, , 2020 – Փաշինեանի կառավարութիւնը արտակարգ դրութիւն է յայտարարում:

Մարտի 21, 2020 Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն օգնութեան ձեռք մեկնելու երկրորդ փորձն է անում: ՀՅԴ Բիւրոն հանդէս է գալիս յայտարարութեամբ՝ յայտնելով իր պատրաստակամութեան մասին՝ օգնելու ՀՀ կառավարութեանը համավարակի դէմ պայքարում, եւ կոչ է անում ՀՅԴ մեծ ընտանիքին՝ իրենց բոլոր հնարաւորութիւնները ներդնել մեր ժողովրդին օգնութիւն ցուցաբերելու համար, յատկապէս՝ Հայաստանում եւ Արցախում, յայտարարելով. «…կոչ ենք անում բոլորին մասնակցել համահայկական աջակցութեանը՝ ՀՀ կառավարութեան կողմից գործադրուող ջանքերին, կանխելու գորոնավիրուսը»: ՀՅԴ մեծ ընտանիքն ընդգրկում է կուսակցական ողջ կառոյցներն ու մարիմններն ամբողջ աշխարհում, Հայ Դատի գրասենեակները, տարբեր յանձնախմբերը, երիտասարդական կառոյցները եւ քոյր միութիւնները, ինչպիսիք են Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ), Համազգայինը, ՀՄԸՄ-ը եւ այլն:

Մարտի 23, 2020 Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն օգնութեան ձեռք մեկնելու երրորդ փորձն է անում: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը Փաշինեանի կառավարութեանը ներկայացնում է գործողութիւնների համապարփակ ծրագիր, որը բաղկացած է 48 կէտից եւ տարբեր միջոցառումներից՝ բոլոր հարթակներում համավարակի դէմ պայքարին օգնելու համար:

Ապրիլի 9, 2020 ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնները սկսում են «Օգնենք մեր հայրենակիցներին» ծրագիրը, որի միջոցով անդամները համավարակի հետեւանքով տուժած հազարաւոր կարիքաւոր ընտանիքների բաժանում են սնունդ եւ առաջին անհրաժեշտութեան իրեր: Այս նոյն ջանքերը իրականացուեցին գրեթէ բոլոր երկրներում, որտեղ ՀՅԴ-ն ունի կազմակերպչական ներկայութիւն՝ այս ճգնաժամի ընթացքում օգնելով տասնեակ հազարաւոր ընտանիքների:

Փաշինեանի կառավարութիւնն անտեսեց եւ մերժեց ՀՅԴ առաջարկները՝ աջակցելու, օգնելու եւ համակարգելու ջանքերը: Մինչդեռ գորոնավիրուսը շարունակում էր տարածուել, վարակուածների թիւը ամէն օր աճում էր՝ կաթուածահար անելով ազգը, եւ կառավարութիւնը շարունակում էր անխուսափելիօրէն ձախողել, իսկ տապալումը դառնում էր ակնյայտ:

ՀՅԴ-ն կառավարութեանը պատասխանատուութեան կանչելու եւ Ազգային ժողովի յատուկ նիստ հրաւիրելու կոչ արեց, որպէսզի լուծուեն այս մահացու համավարակի հետ կապուած հարցերը: Բազմաթիւ ընդդիմադիր ուժեր միացան ՀՅԴ-ին` իրենց մտահոգութիւնները բարձրաձայնելով Փաշինեանի կառավարման անկարողութեան մասին, եւ ոմանք նոյնիսկ պահանջեցին նրա հրաժարականը` ստեղծելով ժողովրդական աջակցութեան ալիքներ:Այս գործընթացը շարունակում էր ընդլայնուել՝ ընդդիմութեան զանազան խմբերի մտահոգութիւնների եւ քննադատութիւնների մեծ արձագանգով:

Յունիսի 10-ին, 2020- Փաշինենաը հրապարակաւ սպառնաց ՀՅԴ-ին՝ ասելով, որ ընդդիմադիր կուսակցութիւնները փորում են իրենց գերեզմանները, եւ որ ՀՅԴ-ի նման ընդդիմադիր կուսակցութիւնները նետուելու են «Հայաստանի պատմութեան աղբարկղ»:

Յունիսի 14, 2020, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը տարածեց հետեւեալ յայտարարութիւնը, անդրադառնալով նախորդ օրերին երկրին մէջ տիրող քաղաքական մթնոլորտին եւ Հայաստանի իշխանութիւններին կոչ ուղղեց` վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ շեշտելով՝ «Հակառակ դէպքում, այս ճանապարհն անխուսափելիօրէն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը եւ անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատուութիւնը կրում է օրուայ իշխանութիւնը»:

Յիշեցում Փաշինեանին

Փաշինեանին հարկ է յիշեցնել, որ իրենից առաջ շատերն են երազել այն օրուայ մասին, երբ ՀՅԴ-ն մի օր թաղուելու է պատմութեան էջերում: Բազմաթիւ հսկաներ, ինչպիսիք են Օսմանեան կայսրութիւնը եւ Սովետական Միութիւնը, մինչ սեփական մղումներով անձինք, ինչպիսիք են նրա գաղափարական կնքահայր Լեւոն Տէր-Պետրոսեանի նման մողէզները, փորձել եւ ձախողուել են անցեալում, եւ տեսէք, թէ ինչ է պատահել նրանց հետ:

Փաշինեանին անհրաժեշտ է գիտակցել, որ հայրենիքում եւ Սփիւռքում հայ ժողովուրդը կոյր ապուշների հաւաքականութիւն չէ, եւ կարող է հասկանալ իր արդարացումներն ու ստերը, նրանք նման չեն ուղեղները լուացած մի քանի զոմբիի, որոնք երկրպագում են նրա քայլած գետնին, կամ այն տիկնիկներին, որոնք վեր ու վար են ցատկում նրա աչքի առջեւ՝ սպասելով, որ իրենց թելերը քաշուեն:

Փաշինեանին անհրաժեշտ է գիտակցել, որ հայ ժողովուրդը աւելի քան 4100 տարեկան է եւ այն քաղաքակրթութեան մի մասն է, որը թուագրւում է 11-12 հազար տարի: Նոյնիսկ եթէ մենք ցանկանաք ծածկել մեր աչքերն ու փակել ականջները, մեր երակներում Հայկ նահապետի արիւնն է հոսում: Մենք տեսնում եւ գիտակցում ենք, թէ ինչ է կատարւում… Մենք մերժում ենք ստերը… Մենք տեսնում ենք ապացոյցները… Մենք յիշում ենք եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ:

Ի հարկէ, կառավարութիւնը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է որոշակի նուաճումներ, բայց, ցաւօք, աղէտալի անյաջողութիւնները գերազանցում են աննշան նուաճումները: Կառավարութեան տարբեր ոլորտների ինստիտուցիոնալացման ձախողումը, կոռուպցիան եւ ստերը, անհանդուրժողականութիւնն ու բռնութիւնը, ազգային եւ աւանդական արժէքների ոչնչացումը, օրէնքի ընտրովի կիրառումը, «էլիտայի» անպատժելիութիւնը, կառավարութեան անդամներին յատկացուող միլիոնաւոր տոլարների պարգեւավճարները, ազգը ղեկավարելու եւ միջազգային ասպարէզում մեր իրաւունքները պաշտպանելու անկարողութիւնը, մեզ յետ են տարել գրեթէ երեք տասնամեակ: Պարզապէս այն փաստը, որ Փաշինեանը փոխել է բազմաթիւ ոստիկանապետերի եւ Ազգային անվտանգութեան ծառայութեան ղեկավարների, ապացուցում է, որ նա պաշտօնը ստանձնելուց ի վեր, հսկայական անկայունութիւն է ստեղծել, մնացած բոլոր խնդիրների կողքին:

Փաշինենաը՝ Լևոնի հայելին

Ցաւալին այն է, որ Փաշինեանը գրեթէ նոյնութեամբ կրկնում է այն, ինչ տարիներ առաջ արեց իր գաղափարական կնքնահայրը՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը:

Ներքին ճակատում նա վերարտադրում է Վանօ Սիրադեղեանի մարտավարութիւնը`վախ եւ անբարեխղճութիւն սերմանելով եւ ֆիզիքական բռնութիւն խրախուսելով:

Յունիսի 10-ին, իր մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինեանը յայտարարեց, որ իւրաքանչիւր ոք, ով քննադատում է կառավարութեանը՝ համավարակի կամ որեւէ այլ պատճառով պէտք է դիտուի որպէս ազգի դաւաճան: Նա ասաց, որ սա պատերազմական իրավիճակ է, եւ ընդդիմադիր ուժերը «քաղաքական գորոնավիրուս» են, որոնց դէմ պայքարելու են պատերազմի կանոնների համաձայն: Բոլորը՝ երեխաներից մինչեւ մեծահասակներ, գիտեն, որ պատերազմական խաղերի ժամանակ պէտք է սպաննել կամ ոչնչացնել հակառակորդին, որպէսզի յաղթես պատերազմում:

Այսպիսով, Փաշինեանը, կարծես, միտումնաւոր կերպով հրահրում է բռնութիւն եւ սերմանում է քաղաքացիական պատերազմ: Ինչո՞ւ: Արդեօ՞ք ցանկանում է հանրութեան ուշադրութիւնը շեղել ինչ-որ բանից: Արդեօ՞ք կ’օգնի դա իրականացնել ինչ-որ անյայտ օրակարգ: Ինչո՞ւ է Փաշինեանը նման խուճապի մէջ: Ո՞վ է շահելու նման քաոսից: Ինչո՞ւ նա մերժեց Դաշնակցութեան օգնութեան առաջարկը, երբ գտնւում էր յուսահատ վիճակում եւ դրա կարիքն ունէր, իսկ մարդիկ մահանում էին տասնեակներով: Ինչո՞ւ է վախենում ՀՅԴ-ից, որ ցանկանում է ոչնչացնել նրան: Մի՛ գուցէ ՀՅԴ-ն իր «զէրոյ քաղաքական ազդեցութեամբ», ինչպէս ասում է նա, խոչընդոտ է, որը պէտք է վերացուի:

Արցախեան ճակատում Փաշինեանին յաջողուեց տապալել այն ձեռքբերումները, որոնք հայկական կողմը կարողացել էր գրանցել վերջին երկու-երեք տասնամեակների ընթացքում, մեզ յետ տանելով այնտեղ, որտեղ կանգնած էինք 1992 թուականի Մարտին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստւում էր հանդիպել Հայաստանի եւ Ատրպէյճանի, ինչպէս նաեւ Արցախի հայկական եւ ատրպէյճանական համայնքների ներկայացուցիչների հետ՝ խաղաղութեան բանակցութիւններ վարելու համար:

Հանդիպումը երբեք չկայացաւ, գործընթացը սկսուեց, բայց ԱՌԱՆՑ «Արցախում ատրպէյճանական համայնքի ներկայացուցիչների», քանի որ չկայ այդպիսի բան: Այս տարուայ Փետրուարի 15-ին Միւնխէնում Ալիեւի հետ «խաղաղ բանակցութիւնների» աւարտից յետոյ տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ, Փաշինեանը անամօթաբար եւ հպարտօրէն ասաց. «Ես յայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ատրպէյճանի ժողովուրդների համար: Ինչու է սա միկրոյեղափոխութիւն: Որովհետեւ ես առաջին հայ առաջնորդն եմ, որ ասում եմ, որ ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի նաեւ Ատրպէյճանի ժողովրդի համար: Եւ ահա այս յեղափոխութիւնից անցել է մէկ տարուց աւելի… Ես Ատրպէյճանի եւ Հայաստանի ղեկավարներից միակն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Սա շատ կարեւոր միկրոյեղափոխութիւն է»:

Իսկապէ՞ս: «Ես…ես…ես…իմը…իմը…իմը…»: Փաշինեանին թւում է, թէ աշխարհը պտտւում է իր շուրջ, եւ արեւը ծագում ու մայր է մտնում իր համար: Ազգային ժողովի ամպիոնից հնչած իր տխրահռչակ ելոյթում, վարչապետ ընտրուելուց յետոյ, որտեղ նա ասաց. «Արցախի ճակատագիրը, արցախցիների ճակատագիրը մէկ մարդու, միայն մէկ մարդու ձեռքում է, եւ այդ մարդը ես եմ»: Սա հակասում է նրա՝ որպէս խորհրդարանական «Ելք» ընդդիմադիր խմբակցութեան անդամի, նոյն ամպիոնից աւելի վաղ յայտարարութեանը, որ «Արցախի ճակատագիրը, արցախցիների ճակատագիրը պէտք է որոշի ոչ ոք՝ Արցախի ժողովուրդից բացի»: Հետաքրքիր է, որ այդ ժամանակ ոչ մի խօսակցութիւն չեղաւ միայնակ որոշումներ կայացնելու կամ Ատրպէյճանի ժողովրդին գայթակղելու մասին…

«Հին» Հայաստանի Հայ-Թուրքական Հաշտեցման դավաճանները «Նոր» Հայաստանի Խաղաղութեան Քարոզիչները

Եւ ինչպիսի «պատահականութիւն» է այն, որ մի քանի ամիս անց Միւնխէնում Ալիեւի հետ Փաշինեանի խաղաղ բանակցութիւններից մի քանի ամիս անց, յանկարծ «խաղաղութեան» շարժումը թռչում եւ թեւածում է Հայոց Ցեղասպանութեան թանգարանի տնօրէնի եւ թանգարանի խորհրդի անդամի որդու ֆէյսպուքեան էջում, ով նոյնպէս Փաշինեանի խորհրդականներից մէկն է եղել: Զարմանալի չէ, որ «խաղաղութեան» այս շարժումը տարիներ շարունակ վարակել էր այն փոխկապակցուած հասարակական կազմակերպութիւններին, որոնք սնւում էին նոյն աղբիւրներից: Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի նախաշեմին, թանգարանը կարգախօսներից հանեց «պահանջ» բառը: Կարծես ներողամտութիւնն հանդիսանում էր այս «խաղաղ» շարժման մի մասը, եւ հետագայում «Հայոց Ցեղասպանութիւն» կապակցութիւնը փոխարինեց «Մեծ Եղեռն»-ով: Ինչպէս եւ սպասւում էր այս «նոր» Հայաստանում, արագօրէն աշխատանքից ազատուեցին թանգարանի այն աշխատակիցները, որոնք բողոքեցին եւ պնդում էին ճիշտ եւ աւանդական կարգախօսը կիրառել, ներառեալ «պահանջ» եւ «ցեղասպանութիւն» բառերի:

Ներկայացումը շարունակուեց, երբ Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը յայտարարեց, որ Միացեալ Նահանգները կը դադարեցնի Արցախում ականազերծման ջանքերի ֆինանսաւորումը, եւ, փոխարէնը, կը ֆինանսաւորի այնպիսի ծրագրեր, որոնք «պատրաստում են բնակչութեանը խաղաղութեան համար»:

Ի՞նչն է սխալ դրանում: Սխա՞լ է արդեօք խաղաղութիւնը: Թէ խաղաղութիւնը չի կարող սխալ լինել: Ո՞ր մայրը կը ցանկանայ գնալ քնելու՝ աղօթելով որդու՝ պատերազմից վերադառնալու համար: Ի հարկէ ոչ մէկը:

Խաղաղութիւնը լաւ բան է: Ծնողները չեն ցանկանում իրենց երեխաներին ուղարկել պատերազմի: Բայց այն ծրագրերը, որը նկատի ունի տիկին դեսպանը «ժողովրդին խաղաղութեան պատրաստելու համար», ենթադրում է միլիոնաւոր տոլրաների ֆինանսաւորում Հայաստանում որոշ հասարակական կազմակերպութիւնների համար, որոնք պէտք է զբաղուեն հասարակական միտք ձեւաւորելու ի նպաստ այնպիսի լուծումների, որոնք ենթադրում են հակամարտութեան «խաղաղ» կարգաւորում՝ յօգուտ Ադրբեջանի, այլ ոչ թէ Հայաստանի եւ Արցախի, ինչպիսիք են մատրիտեան սկզբունքները:

Առողջապահութեան Նախարարութիւնը՝ Փաշինեանի գլխաւոր մրցակիցը խայտառակութիւնների ոլորտում

Արեւելեան եւ արեւմտեան հարեւանների հետ ձախողած քաղաքականութիւնից շարժուենք դէպի հիւսիս, ուր Մայիսի 22-ին, առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանի շնորհիւ, հսկայական սկանտալ ծագեց Հայաստանի եւ Վրաստանի կառավարութիւնների միջեւ: Արսէն Թորոսեանը փորձ արեց նուազագոյնի հասցնել Հայաստանի ձախողումը գորոնավիրուսային վարակի կտրուկ աճը կանխելու գործում: Նա Վրաստանին մեղադրեց վարակի հետ կապուած իրական թիւերը ծածկելու մէջ, նշելով, որ այդ երկրի ղեկավարները մանիպուլացիայի են ենթարկել այն թիւերը, որոնք արտացոլում են վարակակիրների եւ մահուան դէպքերի իրական պատկերը: Այս յայտարարութիւնը երկու երկրների միջեւ դիւանագիտական տհաճ միջադէպի պատճառ դարձաւ: Վրաստանի պետական պաշտօնեաները, ներառեալ հանրային առողջութեան ոլորտում ներգրաւուածները, Թորոսեանից պահանջեցին ներողութիւն խնդրել կեղծ յայտարարութիւնների եւ անտրամաբանական վերաբերմունքի համար: Նախարարութեան խօսնակը, ի վերջոյ, ստիպուած եղաւ ներողութիւն խնդրել ստեղծուած թիւրիմացութեան համար: Քիչ անց, Նոր Նորքի կլինիկայից Սոչի տեղափոխուելու համար, հիւանդի փաստաթղթում նպատակակէտը նշուած էր Շուշի, Ատրպէյճան: Այս փաստաթուղթը յայտնուեց համացանցում՝ ընդվզման եւ բողոքի մեծ ալիք առաջացնելով ժողովրդի մօտ, որոնք սկսեցին պախարակել նախարարութեան եւս մէկ փնթի եւ անխնամ աշխատանքը:

Նախարարութեան խօսնակը, ի վերջոյ, ներողութիւն խնդրեց՝ յայտարարելով տեխնիկական սխալի մասին, այնուհետեւ, քանի որ մարդիկ շարունակում էին բարձրաձայնել իրենց դժգոհութիւնը, խօսնակը հանդէս եկաւ երկրորդ յայտարարութեամբ՝ ասելով, որ բոլորը պէտք է հանգստանան, քանի որ արդէն ներողութիւն են խնդրել:

Եւ, վերջապէս, ոչ պակաս կարեւոր, վերջին երեք տասնամեակների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականութեան ամենամեծ ձախողումներից մէկը Եւրախորհրդարանի կողմից ընդամենը մի քանի օր առաջ ընդունուած յայտարարութիւնն էր, որը դատապարտում էր Հայաստանի եւ Արցախի միջեւ երրորդ մայրուղու կառուցումը:

Համատեղ յայտարարութիւնը արուել է ԵԽ-ի զեկուցողների, Ատրպէյճանի՝ Ժելենա Զաւկոյի, Հայաստանի՝ Տրայան Բասեսկուի եւ Ատրպէյճանի, Վրաստանի եւ Հայաստանի ԵԽ խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի համանախագահ Մարիա Կալիւրանդի կողմից, ով ասաց. «Այս նոր ճանապարհային ենթակառուցուածքը կապելու է Կապանը, Հայաստանում, Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում, անցնելով Ղուբադլի եւ Ջաբրայիլ շրջաններով, որոնք նոյնպէս օկուպացուած են: Որպէս սկզբունք, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցութեանը, կապին եւ մարդկանց հետ շփումներին Արեւելեան հարեւանութեան տարածքում… Դա խորհրդանշականօրէն կարող է նպաստել ապօրինի օկուպացուած Լեռնային Ղարաբաղի եւ յարակից շրջանների շահագործմանը»:

Յայտարարութան մէջ, նրանք շարունակում են իրենց աջակցութիւնը յայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ 2009-ի հիմնական սկզբունքներին, որից յետոյ եզրակացնում են. «… Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ատրպէյճանի իշխանութիւններին՝ կատարեն իրենց յանձնառութիւնը բարեխղճօրէն, բանակցություններ վարել Ատրպէյճանի միջազգայնօրէն ճանաչուած սահմաններում հակամարտութեան խաղաղ կարգաւորման շուրջ»:

Լիբանանահայութիւնը՝ Փաշինեանի ալցհայմերի հիւանդութեան զոհ

Ես չեմ խօսում անցած 2 տարուայ ընթացքում արտաքին քաղաքականութեան ոլորտի այլ բացթողումների մասին: Իմ գրառումը վերաբերում է բացառապէս անցեալ 3-4 ամիսների կամ նոյնիսկ անցած մի քանի օրերին: Աւելին, հետաքրքրական է, թէ ուր է Փաշինեանի կամ նուազագոյնը Արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնը՝ կապուած վերջին օրերին Լիբանանում, թուրքերի կողմից հրահրուած հակահայ սադրանքների վերաբերեալ: Ոչ մի զօրակցութեան յայտարարութիւն Լիբանանի մեր հայրենակիցներին: Առնուազն մէկ շաբաթ է անցել, իսկ Փաշինեանը եւ նրա կառավարութիւնը լռում են: Կարո՞ղ է պատահել, որ նա մոռացել է, որ համայն հայութեան վարչապետն է, եւ ոչ միայն երեւանցի եւ իջեւանցի «քայլողներինը»: Մի գուցէ՞ չի ցանկանում տրորել իր այն ընկերների պոչերը, որոնք «խաղաղութեան» եւ «համերաշխութեան» երգն են երգում:

Ի վերջոյ, դա Լիբանանի հայ համայնքն է, որի մասին մենք խօոսում ենք: Մի համայնք, որը եղել է Սփիւռքի սիրտը, որտեղ տասնամեակներ շարունակ խարսխուել են մեր հայրենիքի անկախութեան եւ ազատութեան իէտալները: Համայնք, որը, չնայած իր սեփական դժուարութիւններին, քաղաքացիական պատերազմին եւ չվերջացող քաղաքական եւ տնտեսական ճգնաժամին, մշտապէս կանգնած է եղել Հայաստանի կողքին ե՛ւ նիւթապէս, ե՛ւ բարոյապէս: Համայնք, որը մեր ազգին նուիրել է մտաւորականների, ուցուցիչների, համայնքի ղեկավարների եւ Հայ Դատի նուիրեալ զինուորների սերունդներ:

Կարո՞ղ է պատահել, որ Փաշինեանն այնքան զբաղուած է եղել «գրիպի նմանուող աննշան եւ անկարեւոր վիրուսի» դէմ պայքարով, որ նա «մոռացել է» լիբանանահայ համայնքի նուիրեալ կամաւորներին, որոնք միանում էին ազատամարտիկների ջոկատներին, եւ իրենց արեան գնով ազատագրում էին մեր հայրենիքի բռնագրաւուած հողերը (մինչդեռ ինքը՝ Փաշինեանը հեռու մարտադաշտից, վայելում էր երեւանեան փողոցներն իր սիրելի ուսուցիչ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ): Երեւի մոռացել է, թէ լիբանանահայութիւնը ինչպէս էր պայքարում Արցախի անկախութեան համար: Այդ նոյն Արցախի, որի ճակատագիրը, Փաշինեանի կարծիքով, պէտք է ընդունելի լինի նաեւ Ատրպէյճանի ժողովրդի կողմից: Կարո՞ղ է պատահել, որ Փաշինեանը «մոռանում» է Լիբանանի հայ համայնքի զոհաբերութիւնները սիրիացի եւ իրաքցի փախստականներին ընդունելու համար: Կարո՞ղ է պատահել, որ Փաշինեանը նաեւ «մոռանում» է, թէ որքան կարեւոր է Լիբանանի հայ համայնքի դերակատարութիւնը աշխարհից պատասխանատուութիւն եւ գործողութիւններ պահանջելու հարցում, լինի դա Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Հայաստանի անկախութեան կամ Արցախի ինքնիշխանութեան վերաբերեալ:

Մի գուցէ՞ է Փաշինեանը «մոռանցել» է, որ որպէս կառավարութեան ղեկավար ունի որոշակի պարտականութիւններ: կրկին ինքս ինձ հարց եմ տալիս Փաշինեանի «մոռացկոտութեան» մասին, քանի որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ, երբ հերթական ասուլիսի ժամանակ հարց տրուեց համավարակի վերաբերեալ նրա հակասական յայտարարութիւնների մասին, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ յայտարարում էր, թէ գորոնավիրուսը ում շունն է, նա սառնասրտօրէն ասաց, թէ ինքը բնաւ էլ չի յիշում, որ նման արտայայտութիւն է կատարել՝ աներեսաբար հերքելով դա:

Միւս կողմից էլ մտածում եմ, թէ այս բացթողումները ում վրայ է փորձելու բարդել:

Միայն կրթութեան ոլորտում կան բազմաթիւ խնդիրներ, ինչպիսիք են Լանզարոտէի կոնվենցիան, մինչեւ 9 տարեկան երեխաների համար սեռական դաստիարակութեան ուսումնական ծրագիրը, հայոց պատմութեան, լեզուի եւ մշակութային ուսումնասիրութիւնների վերացումը բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ուսումնական ծրագրերից: Նշեցի ընդամենը մի քանիսը…

Փաշինեանի կառավարութեանը չի յաջողուել իրականացնել այն ամէնը, ինչ նա խոստացել է, եւ այն ամէնը, ինչ ժողովուրդը պահանջել է՝ ընտրելով նրան, որոնք ներառում են նաեւ տնտեսութեան անկում, շրջակայ միջավայրի հետ կապուած խնդիրներ, ներառեալ Ամուլսարը, ի թիւս այլոց, աւանդական ազգային արժէքների ոչնչացում, շարունակական եւ կոպիտ կոռուպցիա եւ կոռումպացուած օլիկարխներին արդարադատութեան առջեւ կանգնեցնելու եւ պատասխանատուութեան ենթարկելու անկարողութիւն, որեւէ իրական սոցիալական արդարութեան բացակայութիւն եւ կառավարման ինստիտուտը յեղափոխելու ցանկութեան բացակայութիւն:

2018-ին ժողովուրդը դուրս եկաւ փողոց, քանի որ յոգնել էր օգտագործուելուց եւ բռնութիւնից: Յոգնել էր ստից եւ չարաշահումից: Ժողովուրդը, հիասթափուած էր տեսնելով, իր հայրենի հողերը, իր բնական պաշարները վաճառւում են դրսեցիներին, որոնց հիմնական շահառուներն էին Տէր-Պետրոսեան, Քոչարեանը, Սարգսեանը, կամ նրանց թայֆաները:

Ժողովուրդն ըմբոստացաւ Սերժի դէմ, որովհետեւ յոգնել էր նրա իշխանութեան ժամանակ գագթնակէտին հասած տնտեսական մենաշնորհներից, եւ երկրի թալանից: Փաշինեանը պէտք է լինէր փրկիչը, բայց նա չկարողացաւ կատարել իր որեւէ խոստում, փոխարէնը՝ վերջին երկու տարիների ընթացքում,նա փորձել է թոզ փչել բոլորի աչքերին, որպէսզի թաքցնի իր անզօրութիւնը՝ բոլորին մեղադրելով իր թերութիւնների համար: Նա պէտք է համախմբէր ժողովրդին խաղաղութեան եւ ներդաշնակութեան շուրջ, բայց, փոխարէնը, երկիրը բաժանեց սեւերի եւ սպիտակների, մեզ եւ նրանց, մեզ հետ կամ մեր դէմ՝ յուսալով շեղել, պառակտել եւ վերահսկել: Նա պէտք է արդար եւ անաչառ լինէր, բայց, փոխարէնը, «արդարութիւնը» հետաքննութեան եւ մեղադրանքների տեսքով յարուցուեց իւրաքանչիւրի դէմ, ով իր հետ համաձայն չէ:

Նա, կարծես, հիանալի հետեւել է նշանաւոր գրողների ցուցումներին, ինչպիսիք են Ջին Շարփը, թէ ինչպէս յաջողութեամբ տապալել կառավարութիւնները 198 ոչ բռնի գործողութիւնների միջոցով, կամ Բենջամին Քարթէր Հեթին՝ ժողովրդավարութեան մահուան եւ բռնապետի վերելքի մասին:

Բայց Փաշինեանին բաց է թողել մի շատ կարեւոր մանրամասնութիւն. իր կարդացած գրքերի եւ ձեռնարկների հեղինակներից ոչ մէկը ստիպուած չէր գործ ունենալ ՀՅԴ-ի հետ: Հայ ժողովրդից ծնուած 130-ամեայ քաղաքական կուսակցութիւն, որը ապրում եւ գոյատեւում է Հայ ժողովրդի համար: Համաշխարհային կուսակցութիւն, որին ոմանք կարող են սիրել կամ ատել, միւսները կարող են համաձայնուել կամ չհամաձայնուել նրա գաղափարախօսութեանը, բայց ոչ ոք չի կարող ժխտել նրա կարեւորութիւնը Սփիւռքում, Հայաստանում կամ Արցախում հայ ժողովրդի պատմութեան եւ գոյատեւման գործում:

Փաշինեանին Յիշեցում՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը աղբի կոյտերի մէջ նետողը», դեռ չի ծնուել մօր արգանդից

Կասկածից վեր է, որ ՀՅԴ-ն այսօր աշխարհի տարբեր երկրներում ունի այնպիսի անդամներ, որոնք սրբեր չեն, կամ շեղուել են կուսակցութեան գաղափարներից: Բայց ՀՅԴ-ն ունի մի համակարգ, որը պատշաճ ընթացքով, ըստ իր կանոնագրի, ապահովում է արդարութեան պահպանումը:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն հայ ժողովրդի կենեդիկ գոտի մի մասնիկն է: Այն կուսակցութիւնն է, որը ծառայում է, եւ շարունակում է ծառայել հայ ժողովրդին: Հարիւրաւոր «առաջնորդներ» եւ քաղաքական խմբեր ու խմբակցութիւններ եկել ու գնացել են, բայց ՀՅԴ-ն մնացել է կայուն կանգնած՝ պայքարելով հայ ժողովրդի համար:

Անկախ նրանից, թէ Գահիրէում, կամ Աւստրալիայում, Թեհրանում, Հալէպում, կամ Պէյրութում, Փարիզում կամ Ուրուգուէյում, Մոսկուայում կամ Երեւանում, Ստեփանակերտում կամ Գիւմրիում, Պռոշեանում կամ Արցախի Ծաղկաշատում, Մոնթրէալում կամ Պուէնոս Այրէսում, Պոստոնում, Սան Ֆրանսիսկոյում կամ Լոս Անճելըսում… ուր էլ որ հայկական համայնք տեսնէք, կը տեսնէք ՀՅԴ-ին եւ նրա մեծ ընտանիքին, որ կառուցել են դպրոցներ, եկեղեցիներ, ՀՕՄ-ի միջոցով օգնելով համայնքի կարիքաւորներին, Համազգայինի միջոցով կենդանի պահելով հայ մշակոյթը, ՀՄԸՄ-ի միջոցով երրիտասարդութեանը մարզական եւ սկաուտական դաստիրակութիւն տալով, Հայ Դատի գրասենեկաների եւ յանձնախմբերի միջոցով պայքարելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Հայաստանի եւ Արցախի անկախութեան համար, եւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան շնորհիւ կրթելով եւ դաստիարակելով երիտասարդութեանը, իբրեւ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի նուիրեալներ:

Փաշինեանը պէտք է հասկանայ, որ ՀՅԴ-ն 70 տարի շարունակ եղել է անկախութեան խորհրդանիշերի պահապանը, նոյն Եռագոյն դրօշը, որի կողքին նա հպարտօրէն կանգնում է, այն երկիրը, որը նա ներկայացնում է, իր կրած զինանշանը եւ իր օրհներգը, որի հնչիւնների առջեւ աշխարհը ոտքի է կանգնում… Բոլոր արժէքներն ու խորհրդանիշերը, որոնք իւրաքանչիւր դաշնակցական եւ համակիր 70 տարի շարունակ սրբօրէն պահպանել է աքսորում: Դաշնակցութիւնը, նոյնիսկ ինքն իր վրայ է վերցրել ամբողջ աշխարհի հայութեան ֆիզիքական պաշտպանութիւնը, լինի դա Պուրճ Համուտի կամ Հալէպի փողոցներում, կամ էլ Շուշիի բարձրունքներում: Եւ այս բոլորը, նախքան այն որ Փաշինեան գոյութիւն ունենար: Ո՞ւր էր այն ժամանակ Փաշինեանը, թերեւս փորձում էր գանձ փնտրել հարեւանների բակի աղբանոցում, կամ սովորում էր փողոցային քաղաքականութիւն, իր ուսցուցչի՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ ՀՀՇ-ի հովանու ներքոյ, որին պատմութիւնը հետագայում ճանաչեց որպէս ազգի դաւաճանի:

Փաշինեանը պէտք է սթափուի ոչ թէ յանուն ազգի, այլ յանուն իր չորս հրեշտակ զաւակների, որպէսզի նրանք ապագայում կարողանան գլուխները բարձր շրջել քաղաքում, առանց ամաչելու իրենց հօր արարքների համար: Եւ տեսնեն, որ ժողովուրդը նրանց մատնացոյց է անում, ասելով՝ տեսէ՛ք նրանց հայրն էր հերոսը, այլ ոչ թէ հակառակը՝ ասելով, որ տեսէ՛ք սրանց հայրն ազգը կործանող՝ խելառ, դաւաճանն էր:

Ինչպէս

«Զգոյշ եղի՛ր, թէ ինչ ես մտածում, քանզի մտքերդ դառնում են խօսքեր.
Ուշադիր եղի՛ր, թէ ինչ ես խօսում, քանզի խօսքերդ դառնում են գործողութիւններ.
Ուշադիր եղի՛ր գործողութիւններիդ, քանզի դրանք դառնում են սովորութիւններ.
Հետեւի՛ր սովորութիւններիդ, քանզի դրանք կերտում են ինքնութիւնդ.
Ուշադիր եղի՛ր ինքնութեանդ, քանզի դա դառնում է ճակատագիրդ»:

Խօսքը էժան է: Անհաջողութիւնների համար արդարացումներ գտնելը հեշտ է: Մտքերը մանիպուլացիայի ենթարկելը, մարդկանց խաբելը, անգամ սեփական ստերին հաւատալը, ակնյայտօրէն, շատ հեշտ է: Դաւաճանել սեփական սկզբունքներին, հնազանդուել այն ամէնին, ինչը հանրաճանաչ է եւ հեշտ, մոռանալով, թէ ով ես եղել, դառնալ հետեւորդ, խամաճիկ որը ղեկավարւում է ուրիշների կողմից, կորցնել սեփական ինքնութիւնը, գայթակղուելով շրջապատող նիւթապաշտութեամբ: Այս բոլորը շատ հեշտ է: Տեւում է ընդամմենը մի քանի վայրկեան:

Միւս կողմից, հաւատարիմ մնալ սեփական իտէալներին եւ մնալ սկզբունքային, մէկ դարից աւելի նուիրաբերել ազգի կերտմանը եւ ազգային ինքնութեան պահպանմանը, ամէն ինչ զոհաբերել, ներառեալ կեանքը Հայ Դատի եւ հայ ազգի համար, հեշտ չէ: Բայց Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դա անում է արդէն 130 տարի եւ կը շարունակի դա անել եւս 130 տարի, եւ այնքան ժամանակ, որքան կը պահանջի, մինչեւ հայ ժողովուրդը վերադառնայ իր ազատագրւած հողերը Երզնկայից մինչեւ Գետաշէն եւ Շահումեան, Տրապիզոնից մինչեւ Վան եւ Նախիջեւան՝ ապրելով ազատ, ինքնուրոյն, մէկ դրօշի ներքոյ համախմբուած, եւ կառավարուելով ժողովրդի կողմից ընտրուած կառավարութեան կողմից, որը կ’աշխատի ժողովրդի համար, ժողովրդի հետ ձեռք-ձեռքի, որպէսզի երկիրը դարձնի աւելի լաւ տեղ՝ ապրելու համար:

Փաշինեանը պէտք է սովորի տարբերակել դաշնակցութեան եւ դաշնակցականների միջեւ, ճիշտ այնպէս, ինչպէս Դաշնակցութիւնը գիտի, թէ ինչպէս կարելի է տարբերակել պետականութիւնը իշխանութիւններից: Կառավարութիւններն ու իշխանութիւնները անցողիկ են, բայց պետութիւնն ու ժողովուրդը մնայուն են: Ես առաջարկում եմ, որ ամէն անգամ, երբ նա ուզում է մեկնաբանութիւն անել Դաշնակցութեան մասին, միշտ պէտք է յիշի հին հայկական ասացուածքը.

«Շները հաչում են, իսկ կարաւանը՝ գնում »…

ARFD.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.