ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանի հետ
ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը Փետրուարի 12-ին հիւրընկալուել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան (ԻԻՀ) դեսպան Սէյէտ Քազէմ Սաճճատին:
ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերեալ կուսակցութեան մօտեցումների մասին։ Նշուել է, որ «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքը Դաշնակցութեան համար եղել եւ մնում է Հայաստանի հզօրացման եւ Արցախի հարցի լուծման առանցքը եւ այս մեկնակէտից են բխում կուսակցութեան հիմնական մօտեցումները:
Հանդիպման ընթացքում հանգամանալի քննարկուել է հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների ներկայ վիճակի, զարգացման հնարաւորութիւնների եւ հեռանկարների հետ կապուած հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարուել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարեւորուել է պարբերական շփումների անհրաժեշտութիւնը։
ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակ
12.02.2019