ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի սեպտեմբերի 8-ից 30-ը կատարած հիմնական աշխատանքների ամփոփագիր
– ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կեդրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը սեպտեմբերի 13-ին ընդունեց Միացեալ Թագաւորութեան Լորտերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ, պարոնուհի Քարոլայն Գոքսի գլխաւորած պատուիրակութեանը։
– Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւնների մեծ մասը վերջերս արտացոլուել էին «ԱՄՆ ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտի» քննարկումների ընթացքում՝ Գոնկրէսի հայկական հարցերով խմբի կողմից առաջադրւած թիւով ութ օրէնսդրական փոփոխութիւնների միջոցով։ Այդ օրէնսդրական փոփոխութիւնների ընդունման ուղղութեամբ էլ Հայ Դատի յանձնախումբը կեդրոնացրել էր աշխատանքներն անցնող սեպտեմբերին։
– ՀՅԴ Հայ Դատի Գանատայի յանձնախումբը 2021թ․ սեպտեմբերի 21-ին յատուկ հաղորդագրութիւն է հրապարակել, որով, ի շարս այլոց, գանատական կառավարութիւնից պահանջել է Երեւանում դեսպանութիւն հիմնել՝ նկատելով, որ Գանատան «Մեծ եօթնեակի» միակ երկիրն է, որ Երեւանում դեսպանութիւն չունի։ Ըստ յանձնախմբի՝ այդ հանգամանքն էականօրէն կաշկանդել է ինչպէս Հայաստանի զարգացմանը եւ ժողովրդավարական գործընթացներին նպաստելու՝ Գանատայի յանձնառութիւնը, այնպէս էլ վերջինիս դիւանագիտական ներկայութիւնը տարածաշրջանում, յատկապէս 44-օրեայ պատերազմի ընթացքում։
– Աւստրալիական պետական SBS հեռուստաալիքը, պաշտօնապէս ներողութիւն է խնդրել երկրի հայ համայնքից՝ Արցախի վերաբերեալ թիւր տեղեկատուութիւնների հանրայնացման համար։ Մասնաւորապէս շաբաթներ առաջ լրատուական գործակալութիւնը հրապարակում էր արել, որոնցում Արցախի ականապատ տարածքների վերաբերեալ ներկայացուել էր սխալ տեղեկատուութիւն եւ մեղադրանքներ էին ուղղուել հայկական կողմի հասցէին։ ՀՅԴ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը, աւստրալահայ համայնքի անունից բողոքի ալիք բարձրացրեց, ինչից յետոյ գործակալութեան պաշտօնեաները ներողութիւն խնդրեցին հայ համայնքից։
– Սեպտեմբերի վերջին շաբաթուայ ընթացքում աշխատանքային այցով Կիպրոսում էր գտնւում ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը։ Քաղաքական հանդիպումներ է ունեցել Կիպրոսի քաղաքական շրջանակների հետ։