Հայ ժողովուրդի եւ հայ եկեղեցու պատմութիւնները անհնար է տարանջատել
Ստորեւ կը ներկայացնենք 20 Փետրուար 2019-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Աւետիս Ահարոնեան» սրահին մէջ տեղի ունեցած Գանատայի Հայոց Թեմի Ազգային Պատգամաւոր եւ ՀՅԴ Բիւրոյի նորընտիր ներկայացուցիչ տիար Յակոբ Տէր Խաչատուրեանին հետ զրոյց-հանդիպումին տիկին Արմինէ Մուքոյեանի արտասանած բացման խօսքը.
Հայոց եկեղեցու դարաւոր ուղին անբաժանելի է հայ ժողովրդի անցած մաքառումով հարուստ պատմութիւնից: Հայոց եկեղեցու գերակայ առաքելութիւնը եղել է եւ է հայի ինքնութեան անաղարտ պահպանումը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ գործունէութիւնը, միայն կրօնական կազմակերպութեան հարց չէ, այլ ունի համահայկական ընդգրկում եւ նշանակութիւն, ունի մշակութային, ազգապահպան նշանակութիւն:
Հայ եկեղեցու շնորհիւ հայը ապրեց հոգեւոր-բարոյական առաջընթաց, ունեցաւ մտաւոր զարթօնք, ստեղծեց բարձրարժէք մշակութային գործեր եւ դասուեց քաղաքակիրթ ազգերի շարքին:
Հայ ժողովրդի ու հայ եկեղեցու պատմութիւններն անհնար է տարանջատել «Երկուքին իրարմէ անջատումը կ’ոչնչացնէ երկուքն ալ», ասում է հայ աստուածաբան Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեանը: Ինչպէս կ’ասէր Գարեգին Ա. Կաթողիկոսը. «Ազգային միասնութիւն, ազգապահպանութիւն, ազգային մտածողութեան ձեւաւորում, հայրենիքի հզօրութիւն, Հայ Դատի պայքար եւ այլն, դարերի փորձով հիմնաւորուած եւ արմատաւորուած են հայ եկեղեցում»:
Պատմութեան ընթացքում հայ եկեղեցին մշտապէս կանգնած է եղել պետութեան ու ժողովրդի կողքին, առաւելապէս հայապահպանութեան եւ ինքնութեան հարցերում: Հայ եկեղեցին էր, որ համազգային շահի խոր գիտակցմամբ, ազգային, քաղաքական ու կրօնական միասնութեամբ, նպաստեց հայոց գրերի գիւտի ստեղծմանը, այն եղաւ ազգային մեծ նուաճում, հայ ժողովուրդը ստեղծեց մշակութային իր ոսկեդարը, ունեցաւ մտաւոր թռիչք եւ մշակութային զարթօնք:
Անժխտելի իրողութիւն է, որ հայ մշակոյթի երախտաւորները գերազանցապէս եղել են կրօնաւորներ, հայ մշակոյթի եւ հոգեւոր արժէքների ստեղծման գործում լուրջ ներդրումներ են ունեցել հարիւրաւոր հայ եկեղեցականներ ու հոգեւորականներ ոչ միայն որպէս կրօնական կամ եկեղեցական գործիչներ, այլ իրենց ազգանպաստ, հասարակական-քաղաքական, մշակութաստեղծ գործունէութեամբ ու մտածելակերպով: Այսպէս, օրինակ, Մեծն Ներսէս, Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Եղիշէ, Մ. Խորենացի, Գր. Նարեկացի, Յովհաննէս Իմաստասէր, Ն. Շնորհալի, Դաւիթ Անյաղթ, Անանիա Շիրակացի, Գր. Մագիստրոս, Ռաբունի, Գր. Տաթեւացի, Յովհ. Որոտնեցի, Երզնկացի, Մ. Գօշ, Վ. Այգեկցի, Ստ. Դաշտենցի, Հերացի, Ա. Ամասիացի:
Գիտակցելով եկեղեցու եւ հոգեւորականութեան կարեւորագոյն դերը հայ ժողովրդի կեանքում, Հայոց ցեղասպանութեան տարիներին երիտթուրքական վարչակարգի կողմից իրագործուեց ոչ միայն նիւթական եւ հոգեւոր մշակոյթի բացառիկ արժէքների ոչնչացում, այլեւ այդ արժէքները կրողների, ստեղծողների եւ տարածողների` հայ մտաւորականութեան եւ հոգեւորականութեան, զանգուածային ու կանխամտածուած բնաջնջումը: Խոշտանգուեցին եւ նահատակուեցին բազմաթիւ հոգեւորականներ:
Հայ հոգեւորականները եղան հայ ժողովուրդի օրհասական ճակատամարտերին, ազգային-ազատագրական շարժումներին գործուն մասնակիցներ:
Յիշատակելի է Ս. Սահակ Պարթեւի ջանքերը հայոց պետականութեան պահպանման գործում: Տպաւորիչ է Ներսէս Մեծ Կաթողիկոսի քայլը Ձիրաւի ճակատամարտին, Ղեւոնդ Երէցը՝ Աւարայրի դաշտում, հայոց պետականութեան կերտման գործում Ս. Յովհան Օձնեցու, Ս. Ներսէս Շնորհալու, Ներսէս Լամբրոնացու մեծ դերերը, Կաթողիկոս Յակոբ Ջուղայեցու գլխաւորութեամբ Անգեղակոթի գաղտնի ժողովը Հայաստանը ազատագրելու նպատակով, անմոռանալի է Եսայի Հասան-Ջալալեան Կաթողիկոսի դերը, ում շնորհիւ ազատագրւում է Արցախը եւ ստեղծւում հայկական անկախ իշխանութիւն: Ազատագրական պայքարով առանձնանում է նաեւ կաթողիկոս Ներսէս Աշտարակեցին, իսկ հայ ազգի ազատութեան համար պայքարող Խրիմեան Հայրիկը ասում է. «Ես գիտեմ, եւ դու գիտես, թէ սոսկ լալով ու ողբով եթէ շաղախենք մեր հայրենեաց հող` հայրենիք չի շինուիր» եւ շեշտում, որ աշխարհով մէկ սփռուած հայութիւնը պէտք է հաւաքուի հայրենիքում: Անմոռանալի է Գէորգ 5-րդ Սուրէնեանց Կաթողիկոսի դերը Սարդարապատի ճակատամարտում: Ինքնապաշտպանական պայքարներ են գլխաւորել եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ:
Հայ եկեղեցին իր նշանակալից դերակատարութիւնն ունեցաւ նաեւ արցախեան ազատամարտի տարիներին: Առաջին իսկ օրերից աջակից եւ զինակից եղան հայ ազատամարտիկներին՝ կրելով անդառնալի կորուստներ:
Այսպիսով, հայոց եկեղեցին եղաւ մեր ազգի ինքութեան եւ գոյութեան հիմնական երաշխաւորներից մէկը: Իր ստանձնած ազգային հաւաքական շահերի արտայայտչի ու պաշտպանի դերով հայոց եկեղեցին հայութեան կողմից ընդունուեց ոչ միայն որպէս կրօնական հաստատութիւն, այլ ազգայի՛ն հաստատութիւն:
Չկայ Հայ Առաքելական Եկեղեցի՝ առանց հայ ժողովրդի, չկայ հայ ժողովուրդ՝ առանց Հայ Առաքելական եկեղեցու:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որպէս համահայկական ընդգրկում ունեցող ազգային-քաղաքական կուսակցութիւն, ազգային միասնականութեան համար կարեւորելով եւ գնահատելով հայ եկեղեցու կենսական նշանակութիւնը, իր ծնունդից ցայսօր հաւատարիմ եւ ամբողջական զօրավիգ է եղել հայ եկեղեցուն, ընդունել ու քաջալերել՝ նրա պատմական դերը ազգային իրականութեան մէջ:
Նախանձախնդիր է եղել հայ եկեղեցու հոգեմտաւոր ու պատմամշակութային ազգային հարստութեան պահպանմանը, հետապնդել սրբավայրերի մէջ հայութեան իրաւունքների պաշտպանութեանը, հետամուտ եղել Արեւմտահայաստանի, Կիլիկիոյ եւ Թուրքիոյ հայ եկեղեցիների իրաւունքներին եւ այնտեղ մեր եկեղեցական եւ մշակութային կոթողների պահպանման խնդիրին:
Ինչպէս Դաշնակցութիւնը, նմանապէս եւ հայոց եկեղեցին մեր ազգի ինքնութեան եւ գոյութեան հիմնական երաշխաւորներից է եւ, վկայ է պատմութիւնը, որ հակառակ բոլոր դժուարութիւնների՝ անշեղօրէն շարունակելու են իրենց ազգապահպան առաքելութիւնը` ի նպաստ հայոց պետականութեան եւ հայ ժողովրդի:
Արմինէ Մուքոյեան