Հայ ազգը բանակ է դարձել. բազմահազար կամաւորներ ցանկանում  են ռազմաճակատ մեկնել, թիկունքում սատարում են Արցախում կռուող քաջերին

Յասմիկ Բալեյեան 

Հայ ազգը բանակ է դարձել. բազմահազար կամաւորներ ցանկանում  են ռազմաճակատ մեկնել, թիկունքում սատարում են Արցախում կռուող քաջերին

Այս պահի դրութեամբ Արցախում շարունակում են ընթանալ մարտական գործողութիւնները: Ադրբեջանական կողմն անդադար ձեռնարկում է յարձակման փորձեր՝ կիրառելով հրետանային և հրաձգային զինատեսակներ, անօդաչու  թռչող սարքեր։ Պաշտպանութեան բանակը յաջողութեամբ կատարում է իր առջև դրուած խնդիրները։

Յիշեցնենք՝  մարտական գործողութիւնների ընթացքում Ադրբեջանի զինուած ուժերը կրակ են վարել նաև Հայաստանի Զինուած ուժերի Վարդենիսի զօրամասի ուղղութեամբ, օդուժ են կիրառել դիրքերի ուղղութեամբ։ Հրետակոծվել են նաև Վարդենիսի գիւղերը, Շատվան և Մեծ Մասրիկ գիւղերը։ Հոկտեմբերի 1-ին՝ ուշ երեկոյեան հակառակորդի չորս անօդաչու թռչող սարք յայտնուեց նաև Հայաստանում՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Հայաստանի ՀՕՊ ուժերը արդէն իսկ ոչնչացրել են դրանք։

Յիշեցնենք՝ Ադրբեջանն Արցախի ուղղութեամբ լայնածաւալ յարձակում է սկսել սեպտեմբերի 27-ի վաղ առաւօտից և մինչև այժմ Թուրքիայի գործօն  աջակցութեամբ շարունակում է ոտնահարել միջազգային մարդասիրական իրաւունքի բազմաթիւ դրոյթներ․ միջազգային մամուլն արդէն ապացուցել է՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցութեամբ իսլամիստներ է ուղարկել ռազմի դաշտ՝ հայերի դէմ կռուելու համար։ Այս մասին յայտարարել է նաև Ֆրանսիայի նախագահ Մաքրոնը՝ դատապարտելով միջազգային իրաւունքին խստօրէն հակասող այս երևոյթը։

Թշնամին ռազմական գործողութիւնների մեկնարկից մինչև այս պահը թիրախաւորում է նաև քաղաքացիական կեդրոններն ու խաղաղ բնակչութեանը։ Գեղարքունիքում սպաննուել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11: Հայրենիքը պաշտպանելիս, ռազմական գործողութիւնների ընթացքում զոհուել է 158 զինծառայող, ունենք 200-ից աւելի վիրաւոր։

Հակառակորդն ունի աւելի քան 1280 զոհ, որից, աւելի քան 2700 վիրաւոր։

Հայաստանում ու Արցախում յայտարարուած է ռազմական դրութիւն։ Հայաստանում զինուորական կոմիսարիատների դիմաց հերթեր են գոյացել, պարզապէս անվտանգութեան նկատառումներով այդ կադրերը չեն զետեղուել մեր թուաշարքում և տեսանիւթերում։ Բազմաթիւ քաղաքացիներ նոյնիսկ չեն սպասում, որպէսզի իրենց ծանուցագիր ուղարկուի, փոխարէնը՝ միանգամից գալիս են զինուորական զինկոմիսարիատի առջև կանգնում՝ ցանկանալով կամաւորագրուել ու արագօրէն մեկնել ռազմաճակատ՝ հայրենիքը պաշտպանելու։

26-ամեայ Յարութիւնը  զինկոմիսարիատի առջև կանգնած քաջերից մէկն է։ Մեր թղթակցի հետ զրոյցում նա ուրախութեամբ նշեց՝ մասնագէտները անհրաժեշտ բոլոր գրանցումները կատարել են, շուտով ինքն էլ կը մեկնի ռազմաճակատ՝ միանալու միւս քաջերին։

«Ես ռազմական մեծ փորձ ունեմ։ 13 տարեկանից սկսած՝ մուտք եմ գործել այդ ոլորտ․ նախ սովորել եմ Մոնթէ Մելքոնեանի անուան ռազմական վարժարանում, ապա Ռուսաստանում, բացի այդ՝ ծառայել եմ Մեհրապի սահմանամերձ զօրամասում։ Տրամադրուած ենք մարտական։ Մեր հայրենիքի, հողի, ջրի, հարազատների, ծնողների համար բոլորս էլ պարտաւոր ենք մեկնել առաջին գիծ։ Միանշանակ, մենք յաղթելու ենք։ Ուրիշ տարբերակ չունենք», — նշեց Յարութիւնը։

Յարութիւնի ծնողներն ու կինն էլ նշեցին՝ հպարտ են, որ նա մեկնում է ռազմի դաշտ՝ պաշտպանելու մեր սուրբ հայրենիքի սահմանները։

«Մենք չենք յուզուել, լաց չենք եղել, հիմա էլ ժպիտով ճանապարհելու ենք Յարութիւնին, որովհետև նրա ու մեր միւս  մարտիկների կռիւն արդար է, մենք պայքարում ենք մեր երկրի անվտանգութեան, ապրելու իրաւունքի համար։ Իսկ արդարը յաղթանակելու է։ Ժպիտով ճանապարհում ենք իրեն, ժպիտով էլ ընդունելու ենք, քանի որ նա յաղթանակած է վերադառնալու։ Մենք յաղթելու ենք, ես վստահ եմ», — հպարտօրէն ասաց Յարութիւնի կինը։

Գէորգը ևս զինուորական կոմիսարիատի առջև սպասողներից էր։ Նա նշեց՝ ոչ մի վայրկեան չի վարանել՝ զինուորական կոմիսարիատ գալու ճանապարհին։ Նրա խօսքով՝ ապրելու համար պէտք  է պայքարել, իսկ հայորդիները պայքարից երբէք չեն վախեցել։ Այս անգամ ևս պայքարելու են, և պայքարը պսակուելու է յաղթանակով։

Քաջերին ռազմաճակատ ճանապարհելու եկած ծնողներից մէկ էլ ասաց՝ երկու որդի ունի, պատրաստ է, որ երկուսն էլ ռազմաճակատ մեկնեն։

«Հիմա որդիներիցս մէկին հպարտօրէն ճանապարհում ենք ռազմի դաշտ, և եթէ հարկ լինի, շուտով միւսին էլ կը ճանապարհենք։ Երկու տղայ ունեմ, սպասում եմ յաղթանակի, այսինքն՝ բոլոր հայ տղաներն էլ իմն են, նրանք յաղթելու են», — նշեց տիկին Նարինէն։

Այս օրերին բազմաթիւ հայ կանայք ու աղջիկներ ցանկանում են մեկնել ռազմի դաշտ՝ միանալու մեր քաջերին, նրանց ինչ-որ կերպ աջակցելու։ «Առիւծն առիւծ է՝ եղնի էգ, թէ որձ»․ մեր էպոսից վերցուած այս փոքրիկ հատուածը, թերևս, լաւագոյնս նկարագրում է հայ կնոջ քաջ ու անկոտրում  ոգին։

Միլիցիայի յատուկ նշանակութեան ջոկատների վետերանների խորհրդի անդամ, փոխգնդապետ Մարինէ Այրումեանը փաստում է՝ բազմաթիւ աղջիկների տուեալներ արդէն հաւաքագրուել են։

«Նրանք այնքան քաջ են ու պատրաստակամ, որ, երբ էլ անհրաժեշտ լինի, երբ էլ զանգենք, միանգամից կը գան այդտեղ ու կը մեկնեն ռազմի դաշտ», — ասաց Մարինէ Այրումեանը։

Կամաւորագրուել  ցանկացող աղջիկներից ոմանք դեռ նոր-նոր են չափահաս դարձել, բայց այնքան քաջ են, որ չեն վարանի հենց հիմա էլ ինքնաշարժ նստել ու մեկնել ռազմի դաշտ։

19-ամեայ Կրեթան քաջ հայուհիներից մէկն է։ Ասում է՝ ընտանիքի անդամները հպարտութեամբ են ընդունել իր որոշումը, ապա աւելացնում՝ ուզում է գնալ ռազմաճակատ և ինչով հնարաւոր է՝ օգնել մեր զինուորներին։

Քաջ հայուհի Հեղինէն էլ յամառօրէն ուզում է օր առաջ մեկնել Արցախ։ Նա երկու անչափահաս երեխայ ունի։ Արդէն որոշել է՝ նրանց թողնելու է իր ծնողների խնամքին, գնալու է ռազմաճակատ, յաղթանակած վերադառնալու է և գրկելու նրանց։

«Միանշանակ, յաղթելու ենք», — զրոյցի վերջում հպարտօրէն ասում է Հեղինէն։

Ռազմաճակատում կռուող քաջերի թիկունքն ամուր պահող մեր միւս հայրենակիցներն էլ անմասն չեն մնում հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին։

Մայրաքաղաքում ու մարզերում քաղաքացիներն իրենց նախաձեռնութեամբ և Պաշտպանութեան նախարարութեան համակարգմամբ առաւօտից երեկոյ հաւաքում են անհրաժեշտ պարագաներ՝ ռազմաճակատ ուղարկելու համար։ Անհրաժեշտ սնունդ ու պարագաներ են հաւաքւում նաև ապաստարաններում գտնուող մեր համաքաղաքացիների համար։ Մեր հայրենակիցներից իւրաքանչիւրը ցանկանում է իր ներդրումն ունենալ հայրենիքի համար պայքարի գործում։

Հայրենիքում ու սփիւռքում ապրող հայերը դարձել են բռունցք․ իւրաքանչիւրն իր ուժերի ներածին չափով աջակցում է հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին։ Ամբողջ հայ ազգը, Հայաստան-Արցախ-Սփիւռք  եռամիասնութիւնը վերահաստատում է Գարեգին Նժդեհի խօսքերը․ «Երբ ազգը բանակ է դառնում, նրան հնարաւոր չէ ծնկի բերել»։

Մենք յաղթելու ենք։

Leave a Comment

You must be logged in to post a comment.