Հայկականութեան նոր ճարտարապետութիւն կերտելու մասին

Ծ.Խ.- Տեսակէտերու փոխանակման, բազմակողմանի քննարկման եւ կարծիքներու բիւրեղացման համար կը հրատարակենք ստորեւ ներկայացուած յօդուածը, որուն մէջ տեղ գտած ընդհանրացումներն ու եզրայանգումները անպայմանօրէն չեն ներկայացներ խմբագրութեան տեսակէտը։

Հայկական ազգային օրակարգի առաջնային խնդիրներից մէկը շարունակում է մնալ սփիւռքի կամ, աւելի ճիշդ կը լինի ասել, համահայկականութեան նոր, համարձակ ու արդիւնաւէտ ճարտարապետութեան հարցը: Հայաստան–սփիւռք գործակցութեան ընկալումների ու տարուող քաղաքականութեան, օրակարգերի ձեւաւորման ու առաջմղման այն մոտելը, որն ունենք այսօր, ձեւաւորուել է նախորդ դարում եւ ոչ ամբողջութեամբ է համարժէք ժամանակի պահանջներին: Իսկ եթէ, անկեղծ, այն այսօր արդիւնաւէտութեան տեսանելի ճգնաժամ է ապրում: Իներցիայի թելադրանքով մենք շարունակում ենք հիմնականում անել այն, ինչ տասնամեակներ շարունակ արել ենք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփիւռքում, մինչդեռ էապէս փոխուել է աշխարհը, դրա զարգացման կշռոյթը, ալկորիթմները, բացի այդ` կենսական փոփոխութիւնների է ենթարկուել հայկական աշխարհը, միջավայրը, առաջնահերթութիւնները, ինչպէս նաեւ հայկական պետականութեան` որպէս հայութեան քաղաքական ամենակարեւոր նախագծի ներուժը, դերն ու կարիքները:

Մեզ անհրաժեշտ է համարձակ հայեացք` հիմքում ունենալով վստահութիւնը սեփական ուժերի հանդէպ եւ ժամանակի տուած հնարաւորութիւնների ու մարտահրաւէրների գերճշգրիտ ընկալումը: Մենք կարիք ունենք գիտակցելու, որ արդի ցանցային աշխարհի կշռոյթը եւ ժամանակը կարող են մեր օգտին աշխատել, եթէ կարողանանք միջոցներն արդիւնաւէտ օգտագործել: Միայն թէ չուշանանք: Աշխարհի հայկականութեանը պէտք է նոր երազանք, նոր թռիչք, նոր ճարտարապետութիւն, ընկալումների ու գործողութիւնների նոր բանաձեւ:

Անհեռանկարային է նման ծաւալային բեկումն ակնկալել «ներքեւից». անզէն աչքով էլ տեսանելի է` առանձին վերցրած անգամ ամենայաջողուած նախաձեռնութիւնները, հայեցակարգերը, գաղափարներն ու փորձերը, լինեն Հայաստանում թէ Սփիւռքում, շարունակում են մնալ սոսկ յաջողութեան ու ներշնչանքի եզակի կղզեակներ, որոնք, ժամանակի բերած փորձութիւններից հնանալով ու մաշուելով` այդպէս էլ չեն դառնում համազգային բանաձեւ, չեն գործարկում հայկականութեան «յարատեւութեան շարժիչը»: Ակնյայտ է, որ նման խիզախ ճարտարապետութեան նախաձեռնողի ու համակարգողի դերում պէտք է հանդէս գայ Հայաստանի Հանրապետութիւնը` որպէս համայն հայութեան քաղաքական խարիսխ, պետականութիւն, որ կոչուած է բացէիբաց սպասարկելու ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաեւ իր հայրենակիցների շահերը` անկախ նրանց բնակութեան վայրից:

Միայն նոր, խիզախ ճարտարապետութիւնը հնարաւորութիւն կը տայ շրջանցել միմեանցից ունեցած սպասումների ու հիասթափութեան պարբերական ալիքների պատճառով չբարձրաձայնուող այն որոշակի շփոթը, որը տեւական ժամանակ է թեւածում է Հայաստան–սփիւռք յարաբերութիւններում: Միշտ չէ, որ մենք Հայաստանում համակարգուած գիտենք, թէ որոշակիօրէն ինչ ենք ակնկալում սփիւռքից, բայցեւ յաճախ մեղադրում ենք ողջ սփիւռքին կամ առանձին վերցրած նրա այս կամ այն յայտնի ներկայացուցչին` ինչ–որ մի իրավիճակում ինչ–որ մի բան չանելու, մեր յոյսերը չարդարացնելու համար: Նոյնկերպ, սփիւռքը համակարգուած չգիտի, թէ առաջնահերթութիւնների ի՛նչ աղիւսակ ու ի՛նչ ակնկալիքներ ունի մեր պետականութիւնը, եւ ի՛նչ բանաձեւի շուրջ ու ինչպէս է հնարաւոր համադրել ջանքերը: Միւս կողմից, սփիւռքն` իր առանձին շերտերով, ունի իր յստակ ակնկալիքները Հայաստանից, որոնց մասին միշտ չէ, որ բարձրաձայնւում է:

Տեղեկատուական յեղափոխութեան ու տեխնոլոգիական գերակայութեան, ցանցային գերիշխանութեան մեր ժամանակներում Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ստանձնի հայկական աշխարհի հանգոյցի` hub-ի, կենտրոնակայանի առաքելութիւնը: Որպէս ընդհանուր ազգի քաղաքական մեկանախագիծ` Հայաստանի Հանրապետութիւնը կարող է եւ պէտք է դառնայ աշխարհում առաջին կլոպալ պետութիւնը, առաջին ցանցային պետութիւնը, առաջին առցանց պետութիւնը, երբ հայկական ինքնութիւն ունեցող իւրաքանչիւր մարդու համար, զգացմունքային հարթութիւնից դուրս ու դրանից էլ բարձր, Հայաստանը կը լինի իրենը` անկախ իր բնակութեան վայրից, իսկ ժամանակի թելադրած ընթացիկ գաղթականական տեղաշարժերը չեն խաթարի համաշխարհային այդ ցանցում իր ներգրաւուածութեանը, դերակատարութեանն ու ազգային յարացոյցին:

Հայկականութեան նոր ճարտարապետութիւնը պէտք է ենթադրի մեր հայրենակիցներին հիւրընկալած երկրներում հայութեան դիրքերի համակարգուած ուժեղացում` Հայաստանի Հանրապետութեան տեսանելի ու ոչ տեսանելի մասնակցութեամբ. ազգային դիմագիծը պահելով հանդերձ, այդ հասարակութիւններին մեր հայրենակիցների առաւելագոյն համարկում (որեւէ կերպ բացառելով կեթթոյացման վտանգը), նրա տնտեսական ու քաղաքական դիրքերի կազմակերպուած առաջմղում: Երազանքից կիրառական քաղաքական հարթութիւն է պէտք տեղափոխել մեր հայրենակիցների` իրենց բնակութեան վայրերում իշխանութեան ձեւաւորմանը մասնակցելու, իրենց ունեցած տնտեսական–քաղաքական դերն ամրապնդելու, իրենց մասնագիտացման ոլորտներում առաջ գնալուն սատարելը: Տուեալ երկրի հայ համայնքի շահերի առաջմղման թեզերն ու առաջարկութիւններն այլեւս պէտք է բարձր մակարդակի միջպետական հանդիպումների, միջպետական երկկողմ յարաբերութիւնների օրակարգերի մշտական ու պարտադիր մաս կազմեն:

Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է դառնայ ու պէտք է ընկալուի որպէս անվտանգութեան աներկբայ եւ երկաթեայ երաշխաւոր աշխարհի ցանկացած երկրում ապրող մեր հայրենակցի համար, նրա կողքին լինի բոլոր իրավիճակներում: Աշխարհի ցանկացած երկրում ապրող եւ հայկականութեան գլոբալ ցանցում ներգրաւուած մեր իւրաքանչիւր հայրենակից պէտք է վստահ լինի, որ Հայաստանի Հանրապետութիւնը իր ունեցած խնայողութիւնները պահելու ու անձեռնմխելիութիւնը երաշխաւորելու լաւագոյն վայրն է. մեր պետականութիւնը պէտք է դառնայ հայկական դրամագլխի անվտանգութեան ամենաարդիւնաւէտ երաշխաւորը: Նա պէտք է վստահ լինի, որ Հայաստանի Հանրապետութիւնը ոչ մի պարագայում, կեանքի ոչ մի իրավիճակում այլ պետութիւնների ու նրանց արդարադատութեան առաջ անպաշտպան չի թողնում իր հայրենակիցներին: Մեր պետականութիւնը աշխարհասփիւռ հայութեան համար պէտք է դադարի ընկալուել իբրեւ անշօշափելի, լոկ միայն հոգեւոր հայրենիք: Այն հայկականութեան համար պէտք է վերածուի ուժի, հպարտութեան ու անվտանգութեան կիրառական աղբիւրի: Որեւէ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է հաշուի առնի ամբողջ ազգի օրակարգն ու նրա հաւաքական շահը:

Հայկականութեան հաւաքական ուժը պէտք է դառնայ Հայաստանի Հանրապետութեան առաջընթացի, բարեկեցութեան ու արդիականացման առաջնային աղբիւրը: Ապագայի նման յարացոյցը պէտք է պատասխաններ փնտռի ու գտնի նաեւ մայր հայրենիքում առկայ կենսական հարցերից մէկի` ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Հայրենադարձութեան ու մայր հայրենիքում հայահաւաքի գաղափարը պէտք է ձեռք ձեռքի տուած քայլի աշխարհի տարբեր երկրներում հայութեան դիրքերի ու կարողութիւնների բազմապատկման ռազմավարութեան հետ: Ու սա հնարաւոր է:

Միքայէլ Մինասեան

Սուրբ Աթոռում, Փորթուգալում եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետութեան նախկին դեսպան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.