Հայաստանն ու հայութիւնը Շաղիկի կեանքի իմաստն էին, որոնց դատին երդուել էր ծառայել

ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի խմբագիր Արտաշէս Շահբազեանի խօսքը Շաղիկ Մարուխեանի հրաժեշտի արարողութեան ժամանակ.

Տագնապալի, ճակատագրական օրեր ենք ապրում, երբ կարծես դժբախտութիւնները հետապնդում են մեզ և կեանքի հետ պայքարում աւելի յաճախ մահն ու անարդարութիւնն են յաղթող դուրս գալիս: Կորստի ողբերգութիւնը կրկնակի ցաւոտ է, երբ մեզանից հեռանում է մարդը, ով դեռ անցնելիք ճանապարհ ունէր, և այդ ճանապարհին ունէր բազում անելիքներ, ծրագրեր, երազանքներ, ինչպէս և այդ ամէնը իրագործելու կամք ու կարողութիւն:

Երազանքներն ու ծրագրերը Շաղիկ Մարուխեանին, մեր սիրելի Շաղիկին բերել էին մի օր Հայասատան, ինչպէս իր հայրն ու մայրն էին ժամանակին փափաքել գալու ու ապրելու հայրենիքում, որը մի օր իր Դաշնակցական պապը հարկադրուած էր եղել լքելու: Շաղիկը չներգաղթեց այլ վերադարձաւ հայրենիք` իր ճակատագիրը վերամիացնելու համար Հայաստանի բարդ ճակատագրին: Դեռ շատ երիտասարդ էր Շաղիկը, երբ եկաւ ու հաստատվեց հայրենիքում, սակայն վերադարձաւ որպէս որոշակի կենսափորձ ունեցող, կայացած անհատականութիւն:

Այդ կենսափորձն ու ինքնուրոյնութիւնը կոփել էր Փարիզում ապրած տարիներին` ուսումնառութեան հետ ներգրաւուած լինելով ՀՅԴ կազմակերպական կեանքում, որպէս տեղի կուսակցական միջավայրի երիտասարդներից մէկը: Եւ վերադառնալով մշտապէս եռանդով ներգրաւուեց գործերի մէջ, ստանձնեց կարևոր պատասխանատուութիւններ, դարձաւ Դաշնակցութեան Հայաստանի կազմակերպութեան «Երկիր» պաշտօնաթերթի խմբագիրը, ընտրուեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտէի անդամ, յետոյ նաև կուսակցութեան Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ղեկավարեց Հրայր Մարուխեան հիմնադրամի գործունէութիւնը, եղաւ ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչութեան աշխատանքների առանցքում, ինչպէս և կուսակցական ու ոչ կուսակցական այլ գործերի մէջ:

Կարող ենք համոզումով հաստատել, որ Դաշնակցութեան մէջ վառ հետք թողած իր նշանաւոր հայրիկից, ՀՅԴ Բիւրոյի երկարամեայ անդամ ու ներկայացուցիչ Հրայր Մարուխեանից, ժառանգել էր մեծ սէրը առ հայրենիքը, մտահոգութիւնը հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ և գաղափարական նուիրումը երկու այդ մեծ արժէքներին: Ժառանգել էր ձգտումը մաս կազմելու դրանց, ապրելու դրանցով ու յանուն այդ ամենակարևոր արժէքների:

Իրապէս էլ ձուլեց իր ճակատագիրը ժողովրդի, շրջապատի, իր ընկերների ճակատագրի հետ, ապրեց նրանց ուրախութիւններով ու դառնութիւններով և բոլորիս հետ կրեց ոչ դիւրին կեանքի դժուարութիւնները, տառապեց այն մեծ ցաւով, որի մէջ այսօր տապակւում է իր հայրենիքը և հայ ժողովուրդը: Վշտացաւ ու արցունքոտուեց ընկերների, հայրենիքի կրած կորուստներով, և երևի այդ ցաւի մէջ մոռացաւ սեփական ցաւն ամոքելու մասին: Շաղիկ Մարուխեանը կայացած դաշնակցական գործիչ էր, որը եղել էր և կարող էր լինել զանազան պատասխանատու գործերի մէջ ու ամենուր իր յանձնառութեանը կը ծառայէր սրտի, մտքի ողջ նուիրումով և պատասխանատուութեամբ:

Իր տեսակին հաւատարիմ, իր հայրենասիրութիւնը բազմոցին մեկնուած հայրենիքի դարդերի շուրջ փիլիսոփայողի հայրենասիրութիւնը չէր, նա այն գործուն անհատն ու քաղաքացին էր ով իրավիճակի փոփոխութեանը ձգտում է չհաշտուելով, կռուելով առկայ իրականութեան հետ, ոչ թէ դիտորդի այլ մասնակցի հոգեբանութեամբ զգալով և սեփականը համարելով մերձաւորի ու ընդհանուրի ցաւը: Այս օրերին յատկապէս սոցիալական ցանցերում սփռուած բազմաթիւ ցաւակցական տողերի մէջ կարելի է տեսնել, թէ որքան մարդ Շաղիկի մասին խօսում է որպէս իր մտերիմ ընկերոջ: Այդպէս է որովհետև Շաղիկն ապրում էր բոլորի հետ, ինչպէս իր հարազատների հետ, Հայաստանն ու հայութիւնը իր կեանքի իր էութեան իմաստն էին, որոնց դատին երդուել էր ծառայել:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անունից փոխանցում եմ խորին ցաւակցութիւններ Շաղիկ Մարուխեանի ընկերներին և մտերիմներին ու, իհարկէ, առաջին հերթին հարազատներին` Շաղիկի սիրելի մայրիկին` տիկին Անահիտին, սիրելի դուստր Անահիտին, սիրելի քրոջը` Ալենուշին և միւս հարազատներին: Շաղիկի ապրած կեանքը ծառայութիւն էր հայրենիքին և կուսակցութեանը: Շաղիկը հեռացաւ մեզանից, բայց գնաց միանալու իր համար նոյնքան հարազատ ու սիրելի մարդկանց: Բարի ճանապարհ իրեն դէպի հաւերժական օթևան, Աստծոյ օրհնութիւնն ու ողորմածութիւնն իրեն և վառ ու անմոռաց յիշատակ, որ մնում է իրենից մեզ`ապրողներիս:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.