Համշէնի պատմութեան վաւերագիրը. Համշէնի պատմութեան վաւերագիրը
Յասմիկ Պօղոսեան
…Նրա նախնիները Պատմական Հայաստանից էին: Գաղթել էին Ալաշկերտից՝ իրենց գենետիկ յիշողութեան մէջ պահպանելով Հայրենիքի պատկերը: Հայրը՝ Սուրէն Սահակեանը լեզուաբան էր, բարբառագէտ. սրբազան մասունքի պէս հաւաքում էր բռնազաւթուած Էրգրի բանահիւսութիւնը՝ սերունդներին ի պահ: Եւ դուստրը՝ Լուսինէ Սահակեանը, մեծանալով մտաւորականի ընտանիքում, գնալու էր հօր հետքերով, բայց՝ իր ճանապարհով:
Լուսինէ Սահակեանն այսօր ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի թուրքագիտութեան ամպիոնի դոցենտ է, բանասիրական գիտութիւնների թեկնածու: 2008-ից ղեկավարում է Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի հայ-օսմանական առնչութիւնների կենտրոնը:
Եւ ահա տարիներ ի վեր՝ Լուսինէ Սահակեանը նուիրուած է պատմական Հայոց Համշէն գաւառի պատմութիւնը վեր հանելու գործին: Նա այն բացառիկ գիտնականն է, ով ամբողջական ներկայացրել է Հայոց Համշէնի իրական ու անջնջելի պատմութիւնը՝ նրանց քրիստոնէական անցեալով եւ օսմանցի թուրքերի կողմից իրականացուած բռնի իսլամացման ցեղասպան գործողութեամբ՝ յետագայ ողբերգութիւններով ու ներկայիս իրականութեամբ:
Լուսինէ Սահակեանի գրչին են պատկանում այնպիսի երեւելի գրքեր ու յօդուածներ, որոնք ոչ միայն մարգարիտներ են արդի հայ պատմագրութեան համար, այլեւ վեր են հանում Հայաստանի պատմական ժողովրդագրութիւնը եւ համշէնահայերի պատմութիւնը: Յիշատակման արժանի այդ գրքերն են. «Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գաւառների տեղանուններն ու ժողովրդագրութիւնը XVI դարի օսմանեան աշխարհագիր մատեաններում» (Երեւան, 2007թ.), «Turkification of the Toponyms in the Ottoman Empire and the Republic of Turkey» (անգլերէն, հայերէն, ռուսերէն), Montreal, Arod books, 2010, 2011, 2013, «Համշէնի մանրատեղանունները» (հայերէն, թուրքերէն ռուսերէն), «Les microtoponymes de Hamchen, Hamşen (Hemşin) Mikro Yer Ismileri» (Paris, Sigest, 2013):
Լուսինէ Սահակեանի այս արժէքաւոր գրքերը ծնունդ են նաեւ 2010-2013 թթ. Թուրքիայի Ռիզէի եւ Արդուինի նահանգների համշէնցիների բնակավայրերում իրականացրած դաշտային աշխատանքների: Նա իր ուսումնասիրութիւնների հիման վրայ պատրաստել է «Համշէնը անցեալի եւ ներկայի խաչմերուկներում» գիտահանրամատչելի վաւերագրական ֆիլմը՝ հայերէն, անգլերէն եւ ռուսերէն լեզուներով. այն բացայայտում է Պատմական Հայաստանի Համշէն գաւառի անցեալը, նրա յետագայ քաղաքական ճակատագիրը, երբ XVIII դարից Համշէնի նկատմամբ վարած բռնի իսլամացման քաղաքականութեան հետեւանքով փոխուեց համշէնցիների պատմութեան ընթացքը: Բայց նրանց սերունդների մի հատուածի ենթագիտակցութեան մէջ դեռ պահպանուել է իրենց հայ արմատի ու քրիստոնեայ նախնիների մասին յիշողութիւնը: Բռնի իսլամացուած համշէնցիների սերունդների որոշ հատուածն էլ, ցաւօք, այնքան է հեռացել հայկական ինքնութիւնից, որ անգամ հարում են թուրքական ծայրայեղական խմբաւորումներին: 2012-ին այս ֆիլմի համար Հոլիուուտի «Արփա» միջազգային կինօփառատօնում արժանացել է «Արմին Վեգների» անուան Մարդասիրական գլխաւոր մրցանակին, եւ Լուսինէ Սահակեանը դարձել է առաջին հայ մասնակիցը, ում շնորհւում է այդ պարգեւը: Դասախօսութիւններով հանդէս է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում, Սփիւռքում՝ Աթէնք, Կոմոտինի, Պէյրութ, Թեհրան, Երուսաղէմ, Մոսկուա, Փարիզ, Թորոնթօ, Մոնթրէալ, Լոս-Անճըլըս, Փեթերսպուրկ, Սոչի, Տոնի-Ռոստով…
Այսօր Լուսինէ Սահակեանի գիտական ուսումնասիրութիւնները համալրուել է եւս մի կոթողային աշխատութեամբ՝ «Համշէնը հայկական ձեռագրերում», որը գիտական հանրութեանը ներկայացուեց ս.թ. Ապրիլին՝ Երեւանի պետական համալսարանում: Շնորհանդէսն ուղեկցուել է Պատմական Հայոց Համշէն գաւառի՝ դարերից եկեղ հոգին մարմնաւորող երգ-երաժշտութեամբ եւ պարերով, որոնք մատուցում էին աշխարհի տարբեր կողմերից, այդ թւում՝ արտերկրից եկած համշէնցի արուեստագէտները: Իսկ հայկական անցեալն անջնջելի է մնացել համշէնում եւ պատմական այդ վայրերում գրուած միջնադարեան ձեռագրերում:
«Համշէնը հայկական ձեռագրերում» մենագրութեան մէջ Լուսինէ Սահակեանն առաջին անգամ ի մի է բերել XIII-XVII դարերում Համշէնի գաւառոմ եւ հոգեւոր այլ կենտրոններում համշէնցի գրիչների ընդօրինակած ձեռագրերի յիշատակարանները: Այս աղբիւրներում տեղ գտած բացառիկ փաստերի ու վկայութիւնների քննութիւնը հնարաւորութիւն է ընձեռում որոշակի պատկերացում կազմել XIII-XVII դարերում գաւառի քաղաքական, հոգեւոր-մշակութային կեանքի, բնակչութեան զբաղմունքի, լեզուական վիճակի, ժողովրդական հաւատալիքների մասին:
«Համշէնը հայկական ձեռագրերում» մենագրութիւնը հայ միջնադարագիտութեան եզակի յուշարձան է, որի մասին Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանն իրաւամբ ասում է.
– Երկար տասնամեակներ թուրքական քարոզչամեքենան փորձել է հերքել համշէնի իւրայատուկ ինքնութիւնը: Նրանց է միացել նաեւ ատրպէյճանական բրոբականդան, որը քարոզում է, թէ Համշէնում որեւէ հայկական հետք չկայ եւ չի եղել: Այս գիրքը մեր գիտութեան պատասխանն է: Համշէնը եղել է քրիստոնէական կարեւոր օճախ, Հայ առաքելական եկեղեցու կարեւոր թեմերից մէկը՝ քրիստոնեայ հայ բնակչութեամբ:
Եւ սա այն բացառիկ գրքերից է, որ պէտք է թարգմանել օտար լեզուներով եւ դնել աշխարհի առաջ:
Համշէնի պատմութեան վաւերագիրը
…Անմոռանալի է «Համշէնը հայկական ձեռագրերում» մենագրութեան (363 էջ, 130 գունաւոր ներդիր եւ Համշէնի՝ 15-17-րդ դարերի քարտէզ) շնորհանդէսի ժամանակ ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանի այս յուշը.
– Անհնարին է Համշէնին չսիրահարուել: Չնաշխարհիկ բնութիւն է…
Միանգամայն տեղին է Լուսինէ Սահակեանի մասին նրա գնահատականը՝ «Բանասէրի, թուրքագէտի եւ պատմաբանի որակները գումարուել են իրար՝ թոյլ տալով Լուսինէ Սահակեանին ստեղծել հայագիտական արժէքաւոր աշխատութիւն»:
Եւ ես բացառիկ առիթ ունեմ ներկայացնելու այդ մեծարժէք աշխատութիւնը՝ հեղինակի հետ զրոյցի միջոցով.
– Համշէնի գաւառը եղել է հայոց հոգեւոր եւ գրչութեան կենտրոններից մէկը, որտեղ XIII-XVII դարերում ստեղծուել են բարձրարժէք ձեռագրեր, որոնցից քսանը փրկուել է եւ գտնւում է Երեւանի Մաշտոցի անուան Մատենադարանում, Երուսաղէմի հայոց պատրիարքարանի, Վենետիկի եւ Վիէննայի Մխիթարեան միաբանութիւնների մատենադարաններում, Լոնտոնի Բրիտանական թանգարանում եւ Ֆիլատելֆիայի Ազատ գրադարանում, Փրինտոնի համալսարանի գրադարանում պահուող Ռոպերթ Գարրէտի եւ հայկական ձեռագրերի՝ Եւրոպայի մասնաւոր հաւաքածուներում: Այս մատեաններում գրուած յիշատակարանների մի մասը ժամանակին արժեւորել են Վիէննայի Մխիթարեան միաբանութեան անդամներ Հայր Յակոբոս Վրդ. Տաշեանը, Հայր Համազասպ Վրդ. Ոսկեանը եւ ակադ. Լեւոն Խաչիկեանը: Համշէնում օրինակուած մի քանի ձեռագրերի յիշատակարանների անդրադարձել է նաեւ Շիքակոյի համալսարանի փրոֆեսոր Ռ. Էտուարտսը: Սոյն ուսումնասիրութեան մէջ ես առաջին անգամ ի մի եմ բերել եւ պատմաբանասիրական քննութեան եմ ենթարկել Համշէնում ընդօրինակուած մեզ յայտնի բոլոր ձեռագրերի յիշատակարանները, որոնք վերոնշեալ ուսումնասիրողները ներկայացրել կամ քննել են մասամբ եւ հատուածաբար, եւ կամ ընդհանրապէս դուրս են մնացել նրանց ոշադրութիւնից: Ձեռք բերելով նշուած հաստատութիւններում պահուող ձեռագրերի յիշատակարանների եւ յիշատակագրութիւնների թուայնացուած պատճէնները՝ դրանք հրատարակում եմ՝ հաւատարիմ մնալով բնագրին եւ զուգահեռաբար փոխադրելով արեւելահայերէնի:
…Յիշատակարանները յաճախ պատմագրութեան նկատմամբ ունեն որոշ առաւելութիւններ, քանի որ դրանց հեղինակներն իրենց գրանցած դէպքերի ժամանակակիցն ու ականատեսն են: Այս աղբիւրները երբեմն ընդգրկում են այնպիսի հաւաստի մանրամասներ, որոնք տեղ չեն գտել պատմիչների երկերում,-ասում է նա:
Լուսինէ Սահակեանն ինքն է դարձել այն պատմիչը, ով հայեացք գցելով Համշէնի անցեալին՝ ամբողջացնում է Հայոց պետականութեան պատմութեան մաս կազմած եւ Հայոց եկեղեցու կարեւոր թեմերից մէկը հանդիսացած Հայոց Համշէն գաւառի պատմութիւնը՝ սկսած այստեղ հայերի ներկայութիւնը փաստող հնագոյն օտար սկզբնաղբիւրներից մինչեւ VIII դարում Շապուհ եւ Համամ Ամատունի իշխանների հիմնած Համշէնի հայկական իշխանութիւնը, միջնադարեան ծաղկուն հոգեւոր կենտրոնները… Նա այս հսկայածաւալ նիւթը համակարգել է ձեռագրարգէտին, աղբիւրագէտին, բանասէրին եւ պատմաբանին յատուկ խորաթափանցութեամբ:
– Տիկի՛ն Սահակեան, Դուք սոյն մենագրութեան մէջ Համշէնի հայկական, քրիստոնէական անցեալը ներկայացրել էք նոր լոյսի ներքոյ: Իսկ երբուանի՞ց էք սկսել Ձեր ուսումնասիրութիւնները մեր պատմութեան համար մոռացուած Հայոց Համշէն գաւառի պատմութեան վերաբերեալ,- դիմում եմ զրուցակցիս:
– Պատմական Հայոց Համշէն գաւառի վերաբերեալ իմ բացայայտումները սկսել եմ աւելի քան տասը տարի առաջ: Եւ դեռեւս աւելի վաղ, երբ ուսումնասիրում էի Բաբերդ, Սպեր, Դերջան գաւառների ժողովրդագրութիւնն ու տեղանունները, մշտապէս առնչւում էի յարակից Հայոց Համշէն գաւառին վերաբերող փաստերին: Սակայն, համակարգուած ու հիմնաւորապէս այս գաւառի պատմութեամբ, բարբառով ու մշակոյթով սկսեցի զբաղուել 2008-ից: Շարժառիթներից մէկն էլ Թուրքիայում լոյս ընծայուած՝ «Վո՞վ ա» (Ո՞վ է) երաժշտական համոյթի ձայներիզն էր, որում տեղ էին գտել իսլամացուած համշէնցիների կատարմամբ բացառիկ հայկական երգեր: Եւ թերեւս այդ երգերը դարձան այն ուղենիշը, որի հետքերով փորձեցի թափանցել Հայոց Համշէն գաւառի թէ՛ ներկայ իրավիճակի, եւ թէ՛ պատմական անցեալի խորքերը: Արդիւնքում ինձ համար եւ, կարծում եմ շատերի առաջ, բացեցի մի աշխարհ, որը լի է ինչպէս փառայեղ հերոսական էջերով, այնպէս էլ՝ ողբերգական դրուագներով: Իմ այս աշխատանքի համար խթան հանդիսացաւ տեղում՝ Համշէնի գաւառում (որն այսօր ընդգրկուած է Թուրքիայի Ռիզէի նահանգի լեռնագոգերում՝ վարչականօրէն բաժանուած լինելով Չամլըհէնշի, Հէմշին (Համշէն), Հազար Համշէն, Չայլէի, Իքիզտէրէ գաւառների) կատարած դաշտային աշխատանքները: Ահա այդ աշխատանքների ընթացքում ինձ յաջողուել է գրառել դեռեւս 18-րդ դարում իսլամացուած համշէնցիների ներկայիս սերունդների՝ թուրքերէն բարբառում այսօր էլ գործածական բազմաթիւ հայերէն բառեր, տեղանուններ, աղօթքներ, անձանուններ, անգամ՝ ամբողջական հայերէն նախադասութիւններ, որոնք, ի հարկէ, սերնդափոխութեան հետեւանքով դատապարտուած են մոռացութեան: Այս ուղղութեամբ ունեմ հրատարակուած յօդուածներ եւ մենագրութիւն: Բայց Համշէնի պատմութեան եւ մշակոյթի ուսումնասիրութեամբ առաւել համապարփակ սկսել եմ զբաղուել վերջին 3-4 տարիների ընթացքում: Եւ այսօր ընթերցողի եւ ուսումնասիրողների սեղանին եմ դրել «Համշէնը հայկական ձեռագրերում» մենագրութիւնը, որը, կարծում եմ, տալիս է շատ հարցերի հիմնաւոր եւ փաստարկուած պատասխաններ:
– Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է Համշէնի տեղն ու դերը մեր մշակոյթի պատմութեան մէջ:
– Համշէնի գաւառը XIII-XVII դարերում եղել է հայ ժողովրդի հոգեւոր եւ գրչութեան կենտրոններից մէկը, որտեղ բեղուն գործունէութիւն են ծաւալել հայ գրիչները: Համշէնի պատմութեան ուսումնասիրման համար անգնահատելի արժէք ունեն համշէնցի գրիչների յիշատակարանները, որոնք բացառիկ տեղեկութիւններ են հաղորդում գաւառի իշխանութեան, հոգեւոր, մշակութային եւ առօրեայ կեանքի մասին: համշէնցի գրիչները, որոնք միեւնույն ժամանակ հոգեւոր գործիչներ էին, պահպանել ու զարգացրել են հայ գրչութեան բազմադարեան արուեստը: Անգամ խառնակ եւ դժնդակ ժամանակներում, երբ համշէնի հայկական իշխանութեան անկումից յետոյ, այստեղ, մասնաւորապէս, Եղնովիտ գիւղի Խաչիկ հօր վանքում, շարունակուել է հայ գրչութիւնը, եւ համշէնցի գրիչներն անմասն չեն մնացել նախնեաց աւանդոյթները սերունդներին փոխանցելու հայապահպանութեան գործում: Հայ ձեռագիրն այնքան կարեւոր է եղել համշէնցու կեանքում, որ այն ստեղծելուն մասնակցել են բնակչութեան ամենատարբեր խաւերը: Արժէքաւոր այս յուշարձանները, պատմական կարեւոր իրողութիւններ բացայայտելով, նաեւ իրենց ուրոյն տեղն ունեն հայ գրքարուեստի ու մշակոյթի պատմութեան մէջ: Գրաւոր աղբիւրները բացառիկ նիւթ են մատուցում ձեռագրագիտութեանը, հայոց լեզուին, բարբառագիտութեանը, տեղանուանագիտութեանը, ազգագրութեանը, Համշէնի տարածաշրջանի պատմութեան ուսումնասիրութեանը: Ձեռագրերում ընդգրկուած նիւթերը մեծապէս պայմանաւորուած են եղել ընթերցող շրջանակի նախասիրութեամբ, եւ ժամանակի պահանջներին համապատասխան՝ ունենալով նաեւ յստակ գաղափարական ուղղուածութիւն:
…Յիշատակարաններում գրիչների կրօնափիլիսոփայական վերլուծութիւնները, կիրառած գրաբարը վկայում են, որ նրանք ունեցել են լաւ կրթութիւն, հոգեւոր հարուստ գիտելիքներ: Ակնյայտ են գրիչների մտահոգութիւնները գաւառում տեղի ունեցող անցուդարձերի վերաբերեալ: Յիշատակարաններում անթաքոյց ընդգծուած է նրանց հայրենասիրութիւնը: Կարապետ Երէցի, Յովհաննէս Մալազի եւ Կարապետ Ջուղայեցու օրինակած ձեռագրերում բազմիցս յիշուող ու խիստ ուշագրաւ տողերը, որոնք վերաբերում են Եղնովիտ գիւղի Խաչիկ հօր վանքում ամփոփուած Վարդանանց սրբերի նշխարներին, բացայայտում են գրիչների սէրն ու պարծանքը հայոց անցեալի եւ հերոսների հանդէպ: Ինչպէս գրում է Կարապետ Երէցը, այդ սուրբ մասունքներն այնտեղ էին հաւաքուած՝ ի պարծանք եւ ի պաշտպանութիւն Համշէնի գաւառի:
– Եւ ի փառս Համշէնի եւ ի հեճուկս պատմական ծանր ժամանակների՝ նրանք շարունակել են զարգացնել հոգեւոր կեանքը …
– Այո՛…Համշէնցի գրիչները միայն ձեռագրեր ընդօրինակողներ չեն եղել, այլեւ իրենց ստեղծած յիշատակարաններով այդ մատեանները լրացրել եւ հարստացրել են նոր արժէքներով: Յիշատակարաններում ամրագրուած փաստերից, պարզորոշ երեւում է նաեւ, որ համշէնցի գրիչները միայնակ եւ կտրուած չեն գործել, այլ սերտ կապեր են ունեցել Հռոմի, էջմիածնի, Հունուտի, Սպերի, Բաբերդի, Բերդագարակի, Խոտորջուրի, Կողոնիայի (Կիւմիւշխանէ), Բաղէշի, Դարանաղեաց եւ Երզնկայի գաւառների, Տրապիզոնի եւ Լեհաստանի հայոց հոգեւոր կենտրոնների հետ:
Այսպիսով, Համշէնի գաւառը XV-XVI դարերում եղել է հայ ժողովրդի հոգեւոր եւ գրչութեան կենտրոններից մէկը, որտեղ բեղուն գործունէութիւն են ծաւալել հայ գրիչները,- ասում է Լուսինէ Սահակեանը:
«Համշէնը հայկական ձեռագրերում» մենագրութեան էջերից դարերի հեռուից յառնում է Հայոց Համշէն գաւառը՝ իր վանքերով, ձեռագրատներով, մանրանկարչութեան՝ դեռ չուսումնասիրուած ուրոյն դպրոցով: Առաջին անգամ վեր հանուած փաստերը վկայում են, որ Համշէնի թեմը, լինելով ենթակայ Կ. Պոլսոյ պատրիարքութեանը, միաժամանակ Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա գլուխ Էջմիածնի՝ Ամենայն Հայոց Հայրապետութեան մաս է կազմել, ինչը հաստատում են նաեւ համշէնցի գրիչները:
Համշէնի՝ երբեմնի հոգեւոր փառքի ու պատմական ծանր իրադարձութիւնների մասին են մեզ պատմում գրիչներն ու հոգեւորականները. Ստեփանոս Քահանայ Համշինացի, Խաչատուր Աբեղայ, Աստուածատուր Աբեղայ, Սարկաւագ Քահանայ, Գրիգոր Երէց, Կարապետ Երէց, Յովհաննէս Մալազ Աբեղայ, Ներսէս սարկաւագ Համշինացի, Գրիգոր Համշէնցի, Յակոբ Համշէնցի, ռաբունապետ, քաջ հռետոր Յովհաննէս Համշէնցի, Մովսէս Համշէնցի Աբեղայ, Հայրապետ կրօնաւոր, Խաչերես Համշէնցի, Կարապետ Ջուղայեցի Վարդապետ (վերջինս Համշէնում հաստատուել է 1630-ական թթ.): Նրանք ապրել են XIII-XVII դարերում՝ սերունդներին թողնելով անգնահատելի գոհարներ՝ Մաշտոցներ, Սաղմոսարաններ, Ժամագրքեր, Աւետարաններ, Ախթարական բժշկարաններ, Շարակնոցներ…
«Համշէնը հայկական ձեռագրերում» աշխատութեան շնորհիւ սերունդներին են ներկայանում Համշէնում օրինակուած 21 ձեռագրերը՝ ընգրկելով շուրջ երեքդարեայ ժամանակաշրջան՝ 1443-1630-ական թթ.: Իսկ համշէնցի հոգեւորականների մասին ամենահին վկայութիւնը կարդում ենք 1243 թ.-ին Հռոմում ընդօրինակուած Աւետարանի յիշատակարանում, որի պատուիրատուն համշէնցի Ստեփանոս Քահանան էր։
Լուսինէ Սահակեանի մենագրութիւնը բացառիկ է նաեւ նրանով, որ նա կազմել եւ առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ է դրել Համշէնի XV-XVII դարերի քարտէզը՝ իր բնակավայրերով, բերդերով, գրչատներով, վանքերով… Ներկայացուած են նաեւ Համշէնում օրինակուած ձեռագրերի էջերից լուսապատճէններ (130 էջ), որոնք պատկերացում են տալիս Համշէնի մանրանկարչական դպրոցի մասին:
Սոյն աշխատութիւնը վկայութիւնն է այն բանի, որ Համշէնն ինքը մի կորած բանալի է, որով մենք բացելու ենք նոր դռներ՝ դէպի միջնադարեան Հայաստանի պատմութիւնն ու կեանքը: Եւ իւրաքանչիւր ձեռագիր, իւրաքանչիւր յիշատակարան բացում է Համշէնի պատմութեան մի նոր շերտ: Յիշատակման է արժանի այն փաստը, որ համշէնցի իշխանները, լինելով հոգեւոր բարձր նկարագրով օժտուած արժանապատիւ այրեր, հոգացել են մեր պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան համար, հովանաւորել են գրիչներին ու ծաղկողներին՝ կարեւորելով մեր մշակոյթի գանձերը սերունդներին փոխանցելու գործը:
– Համշէնի գրչութեան դպրոցն իր հոգեւոր բացառիկ նշանակութեամբ, իր հայապահպան բովանդակութեամբ մեր մշակոյթի արժէքաւոր դրսեւորումներից է,-ասում է Լուսինէ Սահակեանը:- Այն շարունակական կը լինէր, եթէ պատմութեան բիրտ հարուածները չփոխէին Համշէնի ու համշէնահայութեան ճակատագիրը, որն իրականացաւ բռնի իսլամացումով: Այս ուսումնասիրութեան ընթացքում ինձ յաջողուել է ի մի բերել Համշէնում գրուած քսանմէկ ձեռագրերի յիշատակարաններ: Չի բացառւում, որ կարող են գոյութիւն ունենալ այլ մատեաններ եւս, որոնց տեղն ու ճակատագիրը դեռ անհատ է: Վեր եմ հանել նաեւ Համշէնից դուրս՝ հայոց այլ հոգեւոր կենտրոններում, գործունէութիւն ծաւալած համշէնցի հոգեւորականների եւ գրիչների անունները։ Յատկապէս կ՚ուզենայի յիշատակել Յովհաննէս քաջ ռաբունապետ համշէնցուն, որը XV դարում հիմնել է երկու համալսարան, որտեղ կրթել է բազմաթիւ աշակերտների՝ նրանց փոխանցելով նախնեաց գիտելիքն ու հոգեւոր արժէքները։
Առիթից օգտուելով՝ կ՚ուզենայի շնորհակալութիւնս յայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնել են ձեռք բերելու քննութեան ենթարկուած ձեռագրերի լուսապատճէնները, ինչպէս նաեւ ինձ օգնել են արժէքաւոր խորհուրդներով: Երախտագիտութիւնս եմ յայտնում նաեւ բոլոր այն համշէնցիներին, որոնց օգնութեամբ առաւել մօտիկից ճանաչեցի Համշէն աշխարհը:
Լուսինէ Սահակեանի «Համշէնը հայկական ձեռագրերում» աշխատութիւնը ի չիք է դարձնում թուրքական շրջանակների (ինչպէս նաեւ նրանց տարաբնոյթ հակագիտական շահարկումներին միացած ատրպէյճանցիների) բոլոր ջանքերը՝ աղճատելու Համշէնի գաւառի պատմութիւնը: Եւ Համշէնի իրական պատմութեան վաւերագիրն ասում է.
– Իրականում, ինչպէս ցոյց են տալիս Համշէնում օրինակուած մատեանները ու համշէնցի գրիչների յիշատակարանները եւ այս ուսումնասիրութիւնը, գոյութիւն ունի պատմական անհերքելի իրողութիւն, որն անջնջելի է:
… «Համշէնը հայկական ձեռագրերում» մենագրութիւնը Լուսինէ Սահակեանի բացառիկ ներդրումն է հայագիտութեան անդաստանում՝ յար եւ նման միջնադարեան մագաղաթեայ մատեանի, որի գրեթէ իւրաքաչիւր էջում լուսանցազարդեր են՝ վերցուած Համշէնում օրինակուած ձեռագրերից… դրանք միահիւսուելով մենագրութեան հարուստ բովանդակութեանը՝ փոխանցում են Համշէնի հոգեւոր կենտրոնների ոգին ու մէկ անգամ եւս հաստատում պատմական անհերքելի ճշմարտութիւնը՝ Համշէնն իր երբեմնի քրիստոնէական անցեալով եղել է հայ մշակոյթի զարգացման կենտրոններից մէկը:
Եւ իր մենագրութիւնը Լուսինէ Սահակեանն աւարտում է համշէնցի գրիչներից մէկի՝ Սարկաւագ Քահանայի հետեւեալ խօսքով՝ «Տէր Աստուած, ողորմեա գրողաց, կարդացողաց եւ լսողաց, ամէն»:
Յասմիկ Պօղոսեան