Համախոհութեան հասնելու ճանապարհային քարտէզի առաջարկ․ Հայրենիքի փրկութեան շարժման հաղորդագրութիւնը

Հայրենիքի փկութեան շարժումը ֆէյսպուքեան իր պաշտօնական էջում յայտարարութիւն է տարածել, որը ներակայացնում ենք ստորև․

Յունուարի 26-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկութեան շարժման խորհրդի նիստ, որը վարել է Վազգէն Մանուկեանը։

Քննարկուել են Շարժման անցնող շրջանի գործունէութիւնը, քայլերի արդիւնաւէտութիւնը, կարևորուել է Շարժման համահայկական բնոյթը, մարզերում հանդիպումներն առաւել ինտենսիւ դարձնելու անհրաժեշտութիւնը: Քննարկուել են փետրուարի 18-ին կազմակերպուելիք համապետական հանրահաւաքի կազմակերպչական հարցերը։

Անդրադառնալով Ն. Փաշինեանի կողմից առաջ քաշուած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների գաղափարին՝ խորհուրդը նպատակայարմար է գտել առանձին յայտարարութեամբ վերահաստատել իր դիրքորոշումն ու մօտեցումները, որը ներկայացւում է ստորև.

Համախոհութեան հասնելու ճանապարհային քարտէզի առաջարկ

Համայն հայութիւնը կանգնած է լրջագոյն մարտահրաէերների, իսկ մեր պետականութիւնը՝ գոյաբանական սպառնալիքի դէմ յանդիման։ Ակնյայտ է, որ բոլոր առումներով ձախողումներ արձանագրած և երկիրը կործանման եզրին հասցրած իշխանութեան հետ յոյս կապել չի կարելի։ Հնարաւորինս սեղմ ժամկէտներում իշխանութեան փոփոխութիւնը և ժողովրդի կողմից նոր որակի իշխանութեան ձևաւորումը հնարաւոր է միայն ազատ, արդար և մրցակցային ընտրութիւնների միջոցով։

Միանշանակ է, որ քաղաքական և իրաւական պատասխանատուութիւնից խուսափելու՝ օրուայ իշխանութիւնների միակ ճանապարհը ընտրութիւնները կեղծելու միջոցով վերարտադրուելու յոյսն է։ Միանշանակ է նաև, որ պետական համակարգի կազմաքանդման գործընթացի կանխման, առկայ բարոյահոգեբանական ճգնաժամի յաղթահարման, յետպատերազմեան վտանգաւոր զարգացումները չէզոքացնելու մարտահրաւէրներն անհրաժեշտաբար ենթադրում են բեկումնային և անյապաղ փոփոխութիւններ մինչև արտահերթ ընտրութիւնների անցկացումը։

Ելնելով վերնշեալ հաստատումներից՝ Հայրենիքի փրկութեան շարժումը անհրաժեշտ է համարում.

  1. Հրաժարականի կամ պաշտօնանկութեան միջոցով հասնել պարտութեան խորհրդանիշ՝ Ն. Փաշինեանի հեռացմանը վարչապետի պաշտօնից:
  2. Ձևաւորել Ազգային համաձայնութեան անցումային կառավարութիւն, որի առաջնահերթ խնդիրները պէտք է լինեն.

ա) կայունացնել վիճակը, լուծել երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և յետպատերազմական իրաւիճակի հետ կապուած ներքին ու արտաքին հրատապ խնդիրները,

բ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու համար:

 

Երկիրը ճգնաժամից դուրս բերելու և վստահելի ընտրութիւնների անցկացումը երաշխաւորելու առումով սկզբունքային նշանակութիւն ունի այն, որ անցումային կառավարութեան վարչապետի թեկնածուն ունենայ կառավարման անհրաժեշտ փորձառութիւն և չառաջադրի իր թեկնածութիւնը ընտրութիւններին:

Գործող վարչապետի գլխաւորութեամբ կամ գործող իշխանութիւնների կողմից ընտրութիւնների անցկացման ցանկացած փորձ ի սկզբանէ կասկածի տակ է դնելու ընտրութիւնների լեգիտիմութիւնը և յղի է ապակայունացման և ներքաղաքական բախումների վտանգներով։

Հայրենիքի փրկութեան շարժումն առաջարկում է բոլոր դերակատար քաղաքական ուժերին նշեալ ճանապարհային քարտէզի հիման վրայ հասնել փոխհամաձայնութեան։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Leave a Comment

You must be logged in to post a comment.