Կինը կեանքի հիմն է, կեանքի աղբիւրը

Անահիտ Չորպաճեան

Գեղագէտ-մանկավարժ

2001 թ.-ից, երբ հնգամեայ ընդմիջումից յետոյ հայկական մեր պետական տօնացոյցում, վերականգնուեց մարտի 8-ի գեղեցիկ տօնը, որպէս կանանց տօն ձեւաւորուեց մի նոր, աննախադէպ տօնական աւանդոյթ, որը ժողովուրդը կոչեց կանանց միամսեակ. այն տեւում է Մարտի 8-ից մինչեւ Ապրիլի 7-ը: Եթէ Հայաստանում չվերականգնուէր Մարտի 8-ը, չէր լինի նաեւ մեր սքանչելի կանանց մեծարման միամսեակը, մայրութեան եւ գեղեցկութեան տօնը:

Գանատայում «Fête des mères»ը, մայրերի տօնը, նշւում է Մայիս ամսին:

Միմեանց որքան են նման մայրերը, աշխարհի բոլոր մայրերը, իրենց անքուն գիշերներով ու բազում հոգսերով, նման են նաեւ իրենց հրճուանքով ու մայրական անափ հպարտութեամբ: Գրողներն ու արուեստագէտները միշտ էլ սնուել են յաւերժութեան երկու աղբիւրներից՝ մայր-բնութիւնից եւ մայր-կնոջից: Մեր կեանքի շիկացած պահերին, մենք դիմում ենք մայր-բնութեանը, մենք ոգեշնչւում ենք մայր հայրենիքի գաղափարով, մենք երազում ենք մայրական հոգատար ու բարի ձեռքեր: Զօրեղ է մայր-բնութիւնը, սակայն մայր-կինը ամենահրաշագործն ու անփոխարինելին է: Որքան բազմազան լինեն կնոջ գեղեցկութեան դրսեւորումները, նրա առաւելագոյն գեղեցկութիւնը՝ մայրութեան մէջ է:

… Խոնարհւում եմ ես քո առաջ,

Մայր, սրբութիւն, ամենասուրբ,

Մայր, նրբութիւն ամենասուրբ,

Դու արեւից զօրեղ արեւ

Այս ջերմաշունչ արեւի տակ…:

Դարերէ ի վեր, մեր մայրապաշտ հայ ժողովուրդն էլ ամենանուիրական հասկացութիւնները բնորոշել է «մայր» բառով: Ասում ենք մայր հայրենիք, մայր ժողովուրդ, մայրենի լեզու, մայրաքաղաք: Բազմազան երգեր, հարիւրաւոր բանաստեղծութիւններ, վէպեր, կտաւներ են ձօնուել մօրը: Եւ երբ հաւատով լեցուն աղօթում ենք տիրամօր պատկերի առջեւ, նրա աչքերի մէջ նախեւառաջ մայրական կարեկցանք ու սփոփանք ենք փնտռում, յուսալի խօսք: Եւ այն, որ մօրը նուիրուած բանաստեղծութիւնները յուզառատ են ու բացառապէս քնարական, հասկնալի է ինքնստինքեան:

… Մօր սրտի պէս, սիրող սիրտ

Չեմ հաւատում, որ լինի,

Անբիծ հայեացք ու ժպիտ,

Չեմ հաւատում, որ լինի…

Մեր մայրերը գալիս են յաւերժից ու գնում դէպի յաւերժութիւն. մօր թեման գրականութեան յաւերժական նիւթն է: Սովորաբար, երբ մեր կողքին է մայրը, յաճախ ենք մոռանում նրան, այսպէս մարդ կարող է մոռանալ միայն ինքնիրեն: Բաւական է կարճատեւ անջատումը, կամ ամենաանսպասելին, յաւերժ հրաժեշտը, նոր միայն զգում ես այն ահաւոր անդունդը, որ միայն մայրը կարող էր լցնել, եւ ուրիշ ոչ ոք. եւ ինչո՞ւ չկայ մի բացառութիւն, որ մայրը մնայ…

Եւ ծնւում են կարօտի, թախծի տողեր.

… Մայրը չի մեռնում, այլ նա մոմի պէս

Այրւո՜ւմ ու հալւո՜ւմ, հալւո՜ւմ, փոքրանում

Ու մի օր անտես, անհաւատալի, հոգու թեւերով

Ելնում է երկինք…

Կորիւն Առաքելեան

Հայ կինն է այն մշտավառ կրակը, որն արթուն է պահում հայրենիքից դուրս հասակ առնող մեր մանուկների հայկականութիւնը, հայ կինն է այսօրուայ եւ վաղուայ պատանիների ու աղջիկների համար մայրենիի առաջին ուսուցիչն ու իմաստուն դաստիարակը, աւանդոյթ փոխանցողն ու պահապանը. հայ ընտանիք, հայ եկեղեցի, հայ մշակոյթ: Մեր պատմութեան ընթացքում, հայ կինը միշտ էլ իր դերակատարումն է ունեցել: Կանանց բազմաթիւ կառոյցների շարքում իրենց մեծագոյն նուիրումն ու ներդրումն են ունեցել եւ ունեն: Յիշատակենք կանանց ամենամեծ, ամենահզօր կառոյցը՝ ՀՕՄ-ը, այն ստեղծուել է 1910-ին, եւ կոչուել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Կարմիր Խաչ: Մէկ հազարամեակ է արդէն, որ կառոյցը գթառատ մայր է եւ հոգատար քոյր իր ժողովրդի համար, որի կողքին է բոլոր փորձութիւնների պահերին:

Երբ սիրում ենք, ուրեմն՝ կանք

Իւրաքանչիւր կին մի պատմութիւն է, որը նման չէ մէկ ուրիշի պատմութեանը, ապրում են իրենց ստեղծած գունագեղ աշխարհում, ուր կայ յոյս, հաւատ եւ ամենակարեւորը՝ սէր: Երե՛ք աղբիւր ունեն մարդու հակումները՝ հոգին, բանականութիւնն ու մարմինը: Հոգու հակումները ծնում են բարեկամութիւն, մարմնի հակումները ծնում են ցանկութիւն, խելքի հակումները ծնում են յարգանք: Երեք հակումների միացումը ծնում է ՍԷՐ: Սէրը աստուածային շնորհ է, այն ընծայում է երջանկութիւն, հորիզոններ յաղթահարելու ամենազօրութիւն. սէրը նաեւ տառապանք է, ընդվզում աշխարհի, մարդու, ինքն իր դէմ… Սէրն է դէպի գեղեցիկը տանող ճանապարհը: Դարեր շարունակ, սէրը եղել է արուեստագէտների ոգեշնչման աղբիւրը.

Ի սկզբանէ, երբ այս հողագնդի,

Ծովերի մէջ Աստուած մայրցամաքներ դրեց,

Այդ նոյն Աստուածն իմ մէջ

Սէրը տեղադրեց…

Ալիսիա Կիրակոսեան

Բացարձակ (աքսիոմա) ճշմարտութիւն կարելի է համարել այն, որ իրօք երջանիկ ընտանիքի գրաւականը սէրն է: Կնոջ երջանկութիւնն առաջին հերթին սիրուած լինելու մէջ է: Անկախ նրա մասնագիտութիւնից, նոյնիսկ՝ մակարդակից, կեանքի պայմաններից, ապրելակերպից, նա երջանիկ է, եթէ սիրուած է: Երջանկութեան համար կնոջ նուիրումը սահման չունի: Կինը գործում է ինչպէս՝ սիրտը: Նա ուզում է ամէն ինչ, կամ՝ ոչինչ: Իսկ դա սիրուած լինելն է, երջանկութեան չափանիշը: Կինը շատ է տիեզերական, շատ է անհատական: Նրա մէջ ե՛ւ մայր կայ, ե՛ւ սիրուհի, ե՛ւ աստուած: Արար աշխարհում թո՛ղ մօր անհատի պաշտամունք լինի, յիշենք ձեռքերը, աչքերը բարի եւ սիրտը նրա: Կին, որ ե՛ւ սիրում է, ե՛ւ ծնում, ե՛ւ մայր է, կարո՛ղ է զէնքն իր ձեռքը վերցնել, եւ երանի թէ հայ կնոջ լաւագոյն զէնքը վարդերը լինէին:

Շնորհաւորում եմ մեր ժողովրդի ամենապայծառ, ամենագեղեցիկ կէսի, մեր սիրելի կանանց, մայրերին, տատիկներին:

Թո՛ղ Հայաստանի երկնակամարում միայն խաղաղութիւնը թեւածի, եւ թո՛ղ հայ մայրերի գեղեցիկ աչքերը թրջուեն միայն ուրախութեան եւ յաղթանակի բերկրանքից:

Խոնարհումս բոլոր մայրերին եւ կանանց.

Մաղթում եմ արեւշատութիւն եւ երջանկութիւն:

12/04/2018

Անահիտ Չորպաճեան

Գեղագէտ-մանկավարժ

Leave a Comment

You must be logged in to post a comment.