Իսկ Ժամանակը Սպառւում Է
- (0)
«Դրօշակ»-ի Առաջնորդող
Սոյն թուականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի եւ Եւրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի մասնակցութեամբ Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ տեղի ունեցած բանակցութիւնները, ինչպէս եւ դրանց հետեւանքով ստորագրուած յայտարարութիւնը շրջադարձային քայլ էին` դուրս բերելու հայ-ազրպէյճանական բանակցային գործընթացը ռուսական միջնորդական ծիրից եւ տեղափոխելու արեւմտեան վերահսկողութեան դաշտ: Այս ուղղութեամբ նախնական քայլ կարելի է համարել, ընդունուած յայտարարութեան համաձայն, Եւրոպական միութեան քաղաքացիական առաքելութեան հրաւիրումը հայ-ազրպէյճանական սահման: Այլ խնդիր է, թէ առաւելագոյնը երկամսեայ գործունէութեան իրաւասութիւն ունեցող «առաքելութիւնը» որքանով կարող է օգտակար լինել շփման գծի լարուածութեան թուլացման համար, եթէ, ըստ յայտարարութեան, «առաքելութեան նպատակը լինի վստահութեան կառուցումը եւ իր զեկոյցների միջոցով սահմանային յանձնաժողովներին աջակցելը»: Ընդ որում, դարձեալ ըստ յայտարարութեան, Ազրպէյճանը համաձայնել է համագործակցել նշեալ առաքելութեան հետ այնքանով, որքանով որ առնչութիւն կ՛ունենայ, կարծես սահմանային խնդիրները վերաբերում են միայն Հայաստանին: Հայկական կողմի համար նսեմացուցիչ այս ձեւակերպումը Ազրպէյճանին թոյլ կը տայ ինքնուրոյն որոշել, պարզ ասած, բանի տեղ դնե՞լ այդ յանձնաժողովին, թէ՞ ոչ: Միւս կողմից` ռուսների հնարաւոր դժգոհութեանը նա կը կարողանայ պատասխանել, թէ դա հայկական կողմի նախաձեռնութիւնն է: Իսկ որ Ազրպէյճանը Թուրքիայի ուղղորդմամբ թքել է բոլոր տեսակի բանակցութիւններից ու փաստաթղթերից բխող պարտաւորութիւնների վրայ, եւ դրանք բոլորը հայկական կողմի համար են պարտադրանք, ապացուցում են ոչ միայն նրա բոլոր գործողութիւնները 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրուած յայտարարութիւնից յետոյ, այլեւ` կրկին հայկական սահմանների ու դիրքերի գնդակոծումները, երբ թանաքը դեռ չէր չորացել Փրակայում ստորագրուած փաստաթղթի վրայ, կողմերը դեռ չէին հասցրել տուն վերադառնալ Աստանայում տեղի ունեցած բանակցութիւններից:
Փրակայում ազրպէյճանական կողմը, յիշեալ յայտարարութեան առաջին պահանջի համաձայն, հասաւ նրան, որ «Հայաստանն ու Ազրպէյճանը հաստատեցին իրենց յանձնառութիւնը ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնցով երկու կողմերն էլ ճանաչել են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը»: Հայ եւ օտար քաղաքական ու քաղաքագիտական հանրոյթը արդէն տուել է այդ բանաձեւման գնահատականը, ըստ որի, հայկական կողմը դրանով Արցախը ճանաչել է Ազրպէյճանի կազմում: Ի հարկէ Ալիեւն այնքան միամիտ չէ, որ բաւարարուի այսքանով, այլ փորձելու է ամրագրել տուեալ պայմանաւորուածութիւնը` դրանից բխող մանրամասներով, որպէսզի հայոց ազգային որեւէ իշխանութիւն ապագայում իրաւական հնարաւորութիւններ չունենայ բարձրացնելու Արցախի անկախ կարգավիճակի հարցը:
Հոկտեմբերի 10-ին https://eadaily.com/ru/news/ ռուսական առցանց լրատուամիջոցին տուած հարցազրոյցում ազրպէյճանցի քաղաքագէտ Իլկար Վելիզատեն ասել է. «… Այն, որ կողմերը ճանաչում են միմեանց սահմանները` ելնելով 1991 թ. Ալմայ Աթայի հռչակագրից, շատ կարեւոր է: Բայց խաղաղութեան պայմանագրում պէտք չէ տեղ լինի հին օրակարգին վերադառնալու համար, եւ այդ պայմանագրում պէտք է յստակ ամրագրուած լինեն կողմերի իրաւասութիւնները: Հայաստանը պէտք է հասկանայ եւ ընդունի, որ Ղարաբաղի հայերին վերաբերող հարցերը Հայաստանի իրաւասութիւնը չեն, եւ ապագայում, եթէ Հայաստանը ճանաչի Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, ապա պէտք է ճանաչի նաեւ Ղարաբաղը Ազրպէյճանի կազմում` այդպիսով առաջնորդուելով միմեանց գործերին չմիջամտելու սկզբունքով: Պէտք չէ բարձրացնի Ղարաբաղի հայերին առնչուող հարցերը: Դա նոյնպէս պէտք է տեղ գտնի խաղաղութեան պայմանագրի բնագրում: Եթէ խաղաղութեան պայմանագրում լինեն ինչ-որ սողանցքներ եւ չբարձրաձայնուած հարցեր, ապա դրանք հետագայում իւրաքանչիւր կողմ կարող է օգտագործել իր շահերի համար, եւ դա անթոյլատրելի է: Դրա համար էլ խաղաղութեան պայմանագիրը պէտք է փակի այսօրուայ համար մնացած բոլոր հարցերը»1:
Եւ ահա հոկտեմբերի 12-ին Ազրպէյճանի արտաքին գործոց նախարար Պայրամովի անունից տարածուեց այն լուրը, որ Ազրպէյճանը Հայաստանին է փոխանցել խաղաղութեան պայմանագրի ընդլայնուած տարրերը: Ըստ Պայրամովի, դրանք լրացնում են աւելի վաղ ներկայացուած հինգ հիմնական սկզբունքները, որոնք պէտք է Պաքուի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագրի եւ յարաբերութիւնների կարգաւորման հիմք դառնան: «ազրպէյճանական կողմը հայկական կողմին ներկայացրել է ընդլայնուած տարրերը: Հայկական կողմը խնդրել է ժամանակ տրամադրել այդ տարրերին ծանօթանալու համար»: Ի դէպ, այս նոյն ժամանակահատուածում Ազրպէյճանն ամրապնդում է իր դիրքերն ու ռազմականօրէն հզօրացնում Հայաստանի Հանրապետութիւնից գրաւեալ տարածքները, ինչը վկայում է, որ նա չի պատրաստւում իր կամքով լքելու դրանք: Ի պատասխան սրա` հայկական կողմը տարբեր ատեաններում հարցը լուծելու խնդրանք ու բողոք է ներկայացնում` գործնականում ոչ մի ձեւով ցոյց չտալով, թէ իր ուժերով պատրաստւում է լուծելու երկրի տարածքային ամբողջականութեան ապահովման ու անվտանգութեան հարցը, ինչի պատասխանատուութիւնը ստանձնել է` ստանձելով երկրի կառավարումը:
Այսպիսով, ակնյայտ է, որ քանի դեռ ռուսները լրջօրէն խրուած են Ուքրանիայի դէմ պատերազմի մէջ, թուրք-ազրպէյճանական զոյգը ձգտում է վերջնականապէս փակելու Արցախի հարցը եւ Հայաստանից պոկելու առաւելագոյնը` միջանցքի կամ միջանցքների ներառմամբ:
Արեւմուտքը շտապում է Հայաստանի ու Արցախի հաշուին հասնելու խնդրի լուծմանը` ստանձնելով կովկասեան գործերը տնօրինելու իրաւունքը եւ տարածաշրջանից դուրս մղելով Ռուսաստանին, իսկ Հայաստանի իշխանութիւնը շտապում է… իրականացնելու արեւմտեան հովանաւորների ցանկութիւնները, ինչը, ըստ էութեան, փորձում է անել իր ղեկավարման չորս տարիների ընթացքում: Իրազեկ աղբիւրների համաձայն, Հայաստանի ղեկավարութիւնը Արեւմուտքին խոստացել է նաեւ հրաժարուել ՀԱՊԿ-ին անդամակցութիւնից, ինչպէս եւ խզելով պայմանագիրը` Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմական 102-րդ խարիսխը: Զոհաբերելով ազգային շահերը` Հայաստանի իշխանութիւնը այդպիսով կ՛ամրապնդի Արեւմուտքի բարեհաճութիւնը` երկրի ներսում անօրինական ու բռնի մեթոտներով պահպանելու իշխանութիւնը եւ մի օր էլ ստանալու ապաստանի իրաւունք:
Ռուսաստանի մօտեցումը մնում է սառեցնելը կամ երկարաձգելը գործընթացները, ամէն կերպ կանխելը հակամարտութեան թեւակոխումը պատերազմական փուլ, քանի դեռ չի կարող իր ունեցած քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլ գործիքակազմերով դրանք լիարժէքօրէն ուղղորդել եւ հանգուցալուծել իր միջնորդական տրամաբանութեան համաձայն: Միաժամանակ նրա համար հեշտ չէ զսպել ազրպէյճանցիների ու թուրքերի գործողութիւնները, երբ Հայաստանն ինքը հակառուսական խաղերի մէջ է եւ ձգտում է վերջինիս փոխարինել արեւմտեան տէրութիւններով: Ըստ էութեան, Փաշինեանի իշխանութիւնը Արեւմուտքի ձեռքին գործիք դառնալով, Հայաստանը վերածում է Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատի: Այս պայմաններում Ռուսաստանը հաշուի է նստում ուժեղ Ազրպէյճանի ու Թուրքիայի հետ, որոնց հետ իր քաղաքական, տնտեսական, հաղորդակցական եւ այլ խնդիրները արեւմտեան պատժամիջոցների խստացման այս փուլում շատ աւելի մեծ նշանակութիւն են ստացել: Խրուելով ճակատագրական նշանակութիւն ձեռք բերած պատերազմի մէջ` Ռուսաստանն ակնյայտօրէն չի մոռանում, այլ չափազանց խանդով է վերաբերւում իրեն թիկունքից հարուածելու, խաղից դուրս թողնելու քայլերին, որոնց մէջ կարծես միասնական են թէ՛ Արեւմուտքը, թէ՛ Ազրպէյճանն ու Թուրքիան եւ թէ՛ Հայաստանը:
Ռուսաստանի արտգործնախարարութեան մամուլի եւ տեղեկատուութեան բաժանմունքի տնօրէն Մարիա Զախարովան հոկտեմբերի 10-ի ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է. «Ցաւօք, այստեղ մենք տեսնում ենք Եւրամիութեան հերթական փորձը` որեւէ կերպ միջամտելու Ազրպէյճանի եւ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորմանը, դուրս մղելու մեր երկրի միջնորդական ջանքերը: Պաքուի եւ Երեւանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղութեան եւ երկարաժամկէտ կայունութեան հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ազրպէյճանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ յայտարարութիւնների լիարժէք իրականացումն է»2:
Ռեկնում լրատուական գործակալութեան վերլուծաբան Սթանիսլաւ Թարասովը գրում է. «Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնները շատերի համար անսպասելի շրջադարձ են ունենում. մեծ հետաքրքրութիւն է նկատւում Ֆրանսայի եւ Միացեալ Նահանգների կողմից: Ընդ որում, սկսել են աւելի յստակ երեւալ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականութեան ուրուագծերը, որի ոտքերի առաջ, մի փորձագէտի խօսքերով, «Սկսել են նետել կոտրուած ապակի, որի վրայով քայլելը վտանգաւոր է»: Աւելի՛ն. գրեթէ կասկած չի յարուցում կովկասեան տարածաշրջան մերձաւորարեւելեան անկայունութեան հնարաւոր տեղափոխման հարցը: Ուստի աշխարհաքաղաքական փոփոխութիւնների տինամիքան տարածաշրջանում Մոսկուայի օրակարգ է բերում ազդեցութեան ոլորտների վերաբաշխման խնդիրը: Գլխաւորը հիմա չուշանալն է»3:
Հոկտեմբերի 13-ին Աստանայում անցկացուած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Փուտինը Ալիեւին եւ Փաշինեանին հրաւիրեց հանդիպման Ռուսաստանում: Այս հրաւէրի բովանդակութիւնը հոկտեմբերի 14-ին հետեւեալ կերպ է մեկնաբանել ռուս յայտնի քաղաքագէտ Սերգէյ Մարքետոնովը. «Մոսկուան ամէն կերպ հասկացնում է, որ հեռավար դիւանագիտութեան չի անցել, հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած նրա ջանքերը, ՌԴ-ի պատկերացման համաձայն, շարունակուելու են»4:
Ռուսաստանը, ի հարկէ, հայ-ազրպէյճանական եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործում հետապնդում է իր շահերը, որոնք չեն նոյնականանում Հայաստանի շահերի ու պատկերացումների հետ, սակայն երբ Արեւմուտքը, այլեւս անտեսելով Արցախի կարգավիճակի խնդիրը, դարձեալ փորձում է յօգուտ Ազրպէյճանի լուծել հայ-ազրպէյճանական կնճիռը, Հայաստանն ի՞նչ հաշուարկով է նոյնպէս ձգտում Ռուսաստանին դուրս մղելու գործընթացից, որն առնուազն մեծ ընդհանրութիւններ ունի ռուսական շահերի հետ, ինչպէս եւ որոշակի հակակշռման վիճակ կարող է ստեղծել բանակցութիւններում` հայկական կողմին ընձեռելով սեփական շահերն առաջ մղելու հնարաւորութիւն:
Երբ, օրինակ, Փաշինեանը Արեւմուտքում բերանը ջուր է առնում Արցախի հարցում, արեւմտեան առաջնորդները, որոնք բազմիցս յայտարարել էին կարգավիճակի յստակեցման անհրաժեշտութեան մասին, շրջանցում են խնդիրը եւ, բնականաբար, այս հանգամանքը Աստանայում Ալիեւին հնարաւորութիւն է տալիս յայտարարելու, թէ Ղարաբաղի հարցն իր ներքին գործն է, եւ ոչ մէկի հետ ինքը չի պատրաստւում այն քննարկելու: Եւ, ի դէպ, Ազրպէյճանն է սկսել հայկական կողմին մեղադրել հարցը տարբեր միջնորդների դաշտ տեղափոխելու փորձերի մէջ, ինչի հետ իրենք իբր թէ համաձայն չեն: Արեւելքից Արեւմուտք եւ այս արանքում թուրք-ազրպէյճանական դաշտում խաղեր տալու Նիկոլ Փաշինեանի եւ իր խմբակի ճիգերը ոչ թէ քաղաքականութիւն են, այլ գաւառական խորամանկութիւն, որը կարող է թերեւս ընդունուել նիկոլապաշտ ամբոխի կողմից եւ ոչ թէ՛ աշխարհի բախտը տնօրինող առաջնորդների:
Տեղին է այստեղ անդրադառնալը նաեւ այն փաստին, որ Փրակայում տեղի ունեցած Փաշինեան-էրտողան հանդիպումից յետոյ Թուրքիայի նախագահը լրագրողներին յայտարարել է, թէ Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրներ չի տեսնում, իսկ Աստանայում Փաշինեանը դարձեալ ասել է, որ միջանցքների մասին որոշում չկայ: Այս անգամ ո՞ւմ է փորձում ֆռռացնել Հայաստանի ոչ բարով առաջնորդը` ռուսների՞ն, թուրքերի՞ն, թէ՞ հայերին` իւրաքանչիւրին տարբեր բան ասելով: Ակնյայտ է, որ այս ամէնը սպառնալիքներ է ստեղծում պատերազմի շեմին գտնուող Հայաստանի համար թէ՛ Ազրպէյճանի, թէ՛ Թուրքիայի եւ թէ՛ նոյնիսկ Ռուսաստանի կողմից, որն անգամ իր եղբայր ուքրանացիներին չխնայեց, երբ նրանք փորձեցին թշնամուն բերել Ռուսաստանի դարպասների մօտ:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը չի փորձում իր համար ռազմաքաղաքական լուրջ խնդիրներ լուծել Իրանի հետ, որն ամէն օր ամենաբարձր մակարդակներով յայտարարում է Հայաստանի անվտանգութեան եւ ամբողջականութեան հետ կապուած իր կարմիր գծերի մասին: Ինչո՞ւ են անտեսւում Հնդկաստանի, Չինաստանի եւ այլ երկրների հետ փոխյարաբերութիւններն աշխուժացնելու փորձերը, որոնք ուժեղանալու, խուսանաւելու յաւելեալ հնարաւորութիւններ կը ստեղծեն Հայաստանի համար: Նիկոլ ղեկավարը, չձգտելով ուժեղացնելու սեփական բանակը, անհեռանկար ճիգեր է գործադրում Հայաստանի համար անվտանգութեան երաշխիքներ ապահովելու արտաքին ուժերից: Արտաքին թշնամիներից պաշտպանուելու համար բանակն ուժեղացնելու փոխարէն` նա շռայլօրէն գումարներ է ծախսում ոստիկանութեան վայրենի պատժիչ մեքենան հզօրացնելու համար, որն իրեն պէտք է պաշտպանի սեփական ժողովրդից, որի գիտակից ու հայրենասէր հատուածն ի վերջոյ իրենից հաշիւ է պահանջելու Արցախն ու հայոց պետականութիւնը կործանման եզրին հասցնելու համար: Վերը շարադրուած իրողութիւնները եւս մէկ անգամ հաստատում են այն փաստը, որ Նիկոլ Փաշինեանի գերնպատակը իշխանութիւնն է, յանուն որի պահպանման` նա թշնամիների ու տարածաշրջանով շահագրգիռ ուժերի առջեւ աճուրդի է դրել իր հայրենիքն ու հայրենի պետութիւնը:
Այս պայմաններում անհրաժեշտութիւն է առողջ եւ գործուն ներուժի կենտրոնացումն ու հայրենիքի փրկութեան վճռական պայքարի ազդարարումը: Այլընտրանքը պետականութեան կործանումն ու թուրքական հպատակութիւնն է, դէպի ուր տանում է մեզ կոյր ու ատելութեամբ թունաւորուած ամբոխի բախտախնդիր առաջնորդը: Իսկ ժամանակը սպառւում է:
Յղումներ
- https://eadaily.com/ru/news/2022/10/10/posrednicheskie-torgi-po-karabahu-baku-trebuet-erevan-manipuliruet-intervyu (մուտք` 15.10.2022).
- https://yerkir.am/hy/article/2022/10/12/1185 (մուտք` 15.10.2022).
- https://regnum.ru/news/polit/3718827.html (մուտք` 15.10.2022).
- https://armeniasputnik.am/20221014/mvoskvan-arcakhi-harcvov-heravar-divanagitutjan-chi-ancel-markedvonvov-49787744.html (մուտք` 15.10.2022).