Իշխան Սաղաթէլեան. «Յայտարարում Ենք Պայքարի Նոր Փուլ` Ամօթի Պատին Գամելով Եւ Հեռացնելով Հայրենիքը Վաճառած Դաւաճաններին»

10 յունուարին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժումի համակարգող Իշխան Սաղաթէլեան կատարեց հետեւեալ յայտարարութիւնը.

«Վերջին օրերին ստացել եմ բազմաթիւ նամակներ, որոնց բովանդակութիւնն ընդհանրութեան մէջ հետեւեալն է` մարդիկ վրդովուած հարցնում են, թէ ինչո՞ւ վճռական քայլերի չենք դիմում, արդեօ՞ք համակերպուել ենք Նիկոլի իշխանութեանը, արդեօ՞ք պայքարը մարել է եւ այլն:

Նոյնիսկ մեղադրանքներ կան այն մասին, իբր մենք համագործակցում ենք Նիկոլի հետ եւ յատուկ ծայրայեղ գործողութիւններ չենք իրականացնում, որ դաւաճանների իշխանութիւնն աւարտին հասցնի իր սեւ գործը:

Բոլոր այս հարցադրումներին ու մեղադրանքներին ուզում եմ շատ պարզ պատասխանել` Հայրենիքի փրկութեան շարժումն իր ձեւաւորման առաջին իսկ պահից ջանք չի խնայել դաւաճանի իշխանութիւնը րոպէ առաջ հեռացնելու համար: Այս ողջ ընթացքում մենք առաջնորդուել ենք հէնց այդ տրամաբանութեամբ: Այո՛, մենք ունեցել ենք ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ բացթողումներ: Բայց շատ վստահ կարող եմ պնդել, որ Հայրենիքի փրկութեան շարժման մշակած մօտեցումներն ու հռչակած նպատակները դարձել են համազգային օրակարգի հիմնական մաս:

Ես, ի հարկէ, հասկանում եմ, որ ստեղծուած իրավիճակից դուրս գալու ելքը չափազանց ակնյայտ եւ միանշանակ է` դաւաճանը պէտք է հեռացուի: Բայց նաեւ պարզ է, որ այդ համընդհանուր նպատակին հասնելու համար ե՛ւ ժամանակ, ե՛ւ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ:

Վստահ եմ` մօտ ապագայում մեր հայրենակիցների աւելի մեծ մաս է գալու այդ եզրայանգման եւ միանալու Հայրենիքի փրկութեան շարժմանը:

Սիրելի՛ հայրենակիցներ, բոլոր ձեռքբերումներով եւ բացթողումներով հանդերձ, եկէք փաստենք, որ շատ կարեւոր խնդիրներ արդէն լուծուած են. դաւաճան Նիկոլը Հայաստանում այլեւս իշխանութիւն չունի: Նա չի կարող ազատ տեղաշարժուել մեր երկրում: Նա չի կարող աշխատել քաղաքական իրական ուժերի հետ, չի կարող եկեղեցի մտնել, չի կարող մտաւորականների հետ շփուել եւ այլն, եւ այլն:

Եւ սա մեր հետեւողական պայքարի արդիւնքն է:

Նիկոլը persona non grata է ողջ Հայաստանում եւ հայկական աշխարհում: Նիկոլի ձեռքն այսուհետեւ սեղմում է միայն թշնամին, եւ հէնց թշնամու օգնութեամբ է նա շարունակում զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտօնը: Բայց դա խիստ ժամանակաւոր է: Նիկոլին մեր երկրում մշտապէս ուղեկցելու է դաւաճանի իր վաստակած կնիքը: Արդէն իսկ այսօր երկիրն ու մեզ նա տեսնում է դաւաճանին ծառայող վահանների ետեւից: Վաղը նա այդ ամէնը տեսնելու է ճաղերի ետեւից: Կարող էք դրանում ոչ մի վայրկեան չկասկածել:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք պէտք է պատրաստ լինենք ամէնօրեայ յամառ ու աննահանջ պայքարի:

Առաջիկայ օրերին Հայրենիքի փրկութեան շարժումը կը շարունակի «բացատրական աշխատանքներ» տանել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութեան` Նիկոլին ծառայող պատգամաւորների, նրա խումբի այլ անդամների հետ: Եւ այս աշխատանքի պարունակում խնդրանք ունեմ դաւաճանին հեռացնելու հարցով մտահոգ մեր բոլոր համաքաղաքացիներին` ձեր բողոքն ու զայրոյթը փոխանցէք նրանց: Բացատրէք, որ դաւաճանի հետ լինելն ու նրան պաշտպանելը նոյնպէս դաւաճանութիւն է: Աշխատէք ձեր հարեւանների, մտերիմների ու հարազատների հետ, բացատրէք նրանց, որ Հայաստանը փրկութեան միայն մէկ ուղի ունի` դաւաճանի հեռացումը: Առանց դրա չի լինելու ո՛չ անվտանգութիւն, ո՛չ բարեկեցութիւն եւ ո՛չ էլ ապագայ:

Ուստի, յայտարարում ենք պայքարի նոր փուլ: Համատեղելով բոլորիս ջանքերը` նոր թափով շարունակելու ենք բողոքի ցոյցերը, անհնազանդութեան զանգուածային ցոյցերը եւ զանազան այլ միջոցառումները` ամօթի պատին գամելով եւ հեռացնելով Հայրենիքը վաճառած դաւաճաններին եւ նրանց կողմնակիցներին:

Հեշտ չի լինելու: Դա դժուար ուղի է: Բայց մենք պէտք է հասկանանք, որ մեծ արհաւիրքների յաղթահարումը մեծ ջանքեր է պահանջում:

Ուրեմն ի գործ, սիրելի՛ հայրենակիցներ: Հիասթափուել չկայ, յոգնել չկայ: Գործի մեծ մասն արդէն արուած է: Մնացածն էլ գլուխ կը բերենք եւ կ՛անցնենք էլ աւելի դժուար, բայց շատ կարեւոր աշխատանքի` Հայրենիքի վերակառուցմանն ու անվտանգութեան ապահովմանը: Աստծով»:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.