Իշխան Սաղաթէլեանը ներկայացրեց «Հայրենիքի փրկութեան շարժման» ճանապարհային քարտէզը․ պէտք է բացառել Արցախի ամրագրումը Ադրբեջանի կազմում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը հրապարակեց «Հայրենիքի փրկութեան շարժման» ճանապարհային քարտէզը 17 կուսակցութիւնների խորհրդի նախաձեռնած հանրահաւաքի ժամանակ Ազատութեան հրապարակում՝ յայտնում է Yerkir.am-ը։

Ճգնաժամային վիճակից երկիրը դուրս բերելու քայլերը հետևեալն են․

«Զինադադարի հաստատման եռակողմ յայտարարութիւնը անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծուած պայմաններում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ անհրաժեշտութիւն։ Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպէս ժողովրդի թիկունքում կնքուած կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր։

Սակայն ամէն ինչ աւարտուած չէ․ անհրաժեշտ է դիւանագիտական ճանապարհով, բանակցութիւների միջոցով՝ ո՛չ թէ պատերազմի, փորձել ստեղծուած իրավիճակում մեր զիջումները հասցնել նուազագոյնի։

Առաջին հերթին պէտք է առաջիկայ բանակցութիւններում բացառել Արցախի ամրագրումը Ադրբեջանի կազմում և հասնել Արցախի անկախութեանը։

Դրա համար մեզ անհրաժեշտ է բանակցող․ այս ձախողած ստախօս անյաջողակ մարդը այլևս ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ Այս մարդը չի կարող հայ ժողովրդին ներկայացնել միջազգային բեմերում։ Ինքը այլևս ի վիճակի չէ բանակցութիւններ վարել, նրան զանգում և ասում են՝ ինչ անի։ Ինքը մեզանից խլել է մեր արժանապատուութիւնը, ինքնասիրութիւնը։ Նիկոլ Փաշինեանը պէտք է հեռանայ, նա խոչընդոտ է մեր նպատակների իրականցման ճանապարհին։

Նիկոլ Փաշինեանի հեռացմանը հասնելու օրինական ճանապարհները երկուսն են․ առաջինը՝ որ Նիկոլ Փաշինեանը հասկանար ու հրաժարական տար, այդ ճանապարհից ինքը հրաժարուել է, երկրորդ՝ անյապաղ ԱԺ-ն պէտք է հրաւիրի արտահերթ նիստ երկու օրակարգով՝ ռազմական դրութեան վերացում և Նիկոլ Փաշինեանի պաշտօնանկութիւն։

Նիկոլ Փաշինեանի հեռացումից յետոյ ԱԺ-ն պէտք է ընտրի վարչապետ՝ ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևաւորի Ազգային համաձայնութեան ժամանակաւոր կառավարութիւն։

Ազգային համաձայնութեան ժամանակաւոր կառավարութիւնը լուծելու է 3 խնդիր․

առաջին՝ հնարաւորինս վերատեսութեան ենթարկել զինադադրի յայտարարութեամբ նախատեսուած համաձայնութիւնները և նուազագոյնի հասցնել մեր կորուստները,

երկրորդ՝ արտահերթ քայլեր ձեռնարկել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղութեամբ, այսինքն, հետպատերազմեան այս ծանր հետևանքներով պէտք է զբաղուի և վերացնի, որովհետև այսօրվայ կառավարութիւնը՝ այս անմեղսունակների, անգրագէտների կառավարութիւնը սա ի վիճակի չէ անելու,

երրորդ՝ սեղմ ժամկէտներում կազմակերպի ազատ, արդար, հաւասար պայմաններով խորհրդարանական ընտրութիւններ, որի արդիւնքում մեր ժողովուրդը կը ձևաւորի նոր իշխանութիւն»։

Իշխան Սաղաթէլեանը յայտարարեց, որ սա է այն իրաւական ճանապարհը, որը մենք բոլորս՝ ուս-ուսի տուած պէտք է կազմակերպենք և հասնենք դրան։

Նա նշեց, որ Արցախը հայ ժողովրդի նորանկախ պատմութեան ամէնամեծ ձեռքբերումներից էր, Արցախը համայն հայ ժողովրդի ամէնամեծ հոգածութեան, հպարտութեան, արժանապատուութեան խորհրդանշանն ու աղբիւրն էր, բայց երկուսուկէս տարի առաջ ինչ-որ մարդկանց խմբակ, չարաշահելով ժողովրդի վստահութիւնը, եկաւ իշխանութեան և դրանք մարդիկ էին, որոնք իրենց անցեալով, կենսագրութեամբ, գործունէութեամբ որևէ կապ չունէին Արցախի ազատագրական պայքարի և մեր ազգային համակարգի հետ։

«Անցնող երկուսուկէս տարուայ ընթացքում ՀՀ իշխանութիւնը զաւթած խմբակը ամէն ինչ արեց մեր ազգային դիմադրողականութիւնը թուլացնելու համար՝ պառակտելով հայ ժողովրդին, պայքարելով մեր եկեղեցու, մեր պատմութեան, մեր ազգային արժէքների դէմ, դրանով հետևողականօրէն թուլացնելով մեր ազգային դիմադրողականութիւնը»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Նա նշեց, որ այս իշխանութիւնը նաև քայքայիչ գործունէութիւն իրականացրեց բանակում․ ապրիլեան յանձնաժողովը դրա վառ ապացույցն էր։

«Նա հետևողականօրէն պառակտեց և վարկաբեկեց բանակի գեներալիտետին, զինուորներին։ Այդ գործը վստահուած էր «Անդրանիկ Քոչարեան» անունով ծերունի աւազակին, ով հետևողականօրէն վարկաբեկեց Հայաստանի բանակը»,-ասաց Իշխան Սաղաթէլեանը։

Նա ընդգծեց, որ երկրի վարչապետը արցախեան հարցի հետ կապուած չի ունեցել որևէ հայեցակարգ։ Անցնող երկուսուկէս տարուայ ընթացքում իրար հակասող, անհասկանալի բազմաթիւ յայտարարութիւններ է արել․ նախ՝ ասել է, որ Արցախը պէտք է լինի բանակցութիւնների սեղանի շուրջ, այնուհետև ասել է՝ ժողովուրդը պէտք է որոշի, դրանից յետոյ ասել է՝ պէտք է մէջտեղ բերենք հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար, իսկ դրանից յետոյ՝ Արցախը Հայաստան է և վերջ։

«Այս մարդը անհասկանալի է եղել և չի ունեցել հարցի լուծման հայեցակարգ, փճացրել է մեր յարաբերութիւնները մեր ռազմավարական դաշնակից երկրների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։ Իր գործողութիւնների արդիւնքում  բերեց, հասցրեց պատերազմի։ Իսկ պատերազմի ողջ ժամանակահատուածում իր անգործութեամբ և դաւաճանական քայլերով մեզ՝ հայ ժողովրդին, կանգնեցրեց այս դժբախտութեան և փաստի առաջ»,-ասաց Սաղաթէլեանը։

Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինեանը այս օրերին մեղադրում է բոլորին՝ բանակին, ժողովրդին, այնինչ բոլորն իրենց գործն արել են, բացի մէկ մարդուց․ «Այս ամէնի մեղաւորը մէկ մարդ է, որի անունն է «Նիկոլ Փաշինեան»»։

Նա որպէս փաստ արձանագրեց, որ Նիկոլ Փաշինեանը ստացել է 12 հազար քկմ. Արցախ և այսօր յաջորդ իշխանութիւններին է ժառանգելու 2,5 հազար քկմ.։

«Եւ սրա ամբողջ պատասխանատուութիւնը կրում է Նիկոլ Փաշինեանը»,-յայտարարեց նա։

Դժբախտաբար, այս մարդը այսքանից յետոյ նորից խելքի չի եկել։

«Ժողովուրդ, սա անէծք է հայ ժողովրդի գլխին, սա պատիժ է մեր բոլորի գլխին, Նիկոլ Փաշինեանը պէտք է հեռանայ»,-յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.