Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար
Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախում և Սփիւռքում ապրող իմ հայրենակիցներին
«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»:
Երբ նախապատրաստում էի գիրքս տպագրութեան աչքիս ընկաւ 2016թ. գրուած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» գրութիւնը, որը յատկապէս, այսօր խիստ արդիական է:
2016 թուականի հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Արցախում կայացաւ Հայաստանի և Արցախի հանրապետութիւնների 25-ամեակին նուիրուած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը: Ստեփանակերտում ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ աշխարհի 31 երկրից ժամանած շուրջ 140 մասնակիցները, որոնք Արցախում հանդիպումներ ունեցան երկրի Նախագահ Բակօ Սահակեանի, տարբեր պաշտօնեաների հետ, այցելեցին առաջնագիծ, ծանօթացան արցախցու խնդիրներին ու նուաճումներին, որոշեցին համահայկական լրատուամիջոցներով սկսել «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը:
Նպատակ ունենալով հնարաuոր բոլոր միջոցներով աջակից լինել Արցախին ու արցախցուն, նպաստել նրա տնտեսութեան զարգացմանը, մշակութային, հասարակական, կրթական կեանքի աշխուժացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բարձրաձայնման և դրա խաղաղ կարգաւորման ուղղուած միջազգային իրաւունքի իրացմանը:
Ուրախութեամբ պէտք է փաստեմ, որ կոչին արդէն արձագանգել են Սփիւռքի տարբեր համայնքներ․ Ռուսաստանում, Լիբանանում, Արգենտինայում, Ուրուգուայում, Գանատայում, Յունաստանում, Ֆրանսայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Սիրիայում, եւրոպական այլ երկրներում: Համահայկական շարժման կոչի պաստառով լուսանկարւում և ֆլեշմոբ են անում Սփիւռքի տարբեր համայնքների հայկական վարժարանների աշակերտներ՝ այս կերպ մասնակից դառնալով նախաձեռնութեանը:
«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» հարցադրումը իւրաքանչիւր հայի խորհելու և գործելու հնարաւորութիւն է տալիս: Արցախը իւրաքանչիւրիս անվտանգութեան յենարանն է, տարիներով փայփայուած յաղթանակած երազը, որն արդէն 25 տարի է՝ միասնաբար փորձում ենք իրականութիւն դարձնել: Քայլ առ քայլ՝ Հայաստանի և Սփիւռքի ներուժի համախմբմամբ, կերտում ենք Արցախի նորօրեայ պատմութիւնը, որի խաղաղութիւնն այնքա՜ն երերուն է և թշնամին օրեցօր հզօրանում է։ Ինչպէ՜ս էր փոթորկել իւրաքանչիւրիս հոգին Ապրիլեան քառօրեայ պատերազմը, ողջ Սփիւռքն էր այդ օրերին ոտքի կանգնել՝ Արցախին սատարելու պատրաստակամութեամբ:
Միասնութեան ալիքը, որն Արցախից ալեկոծուեց դեպի Սփիւռք, պէտք է յաւերժական ընթացք ունենայ:
«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժումն առիթ է, միջոց, մէկ անգամ ևս բոլորիս ուշադրութիւնը սևեռելու Արցախ աշխարհի վրայ՝ հայ զինուորի արեամբ սրբացած մեր Հայրենիքի, որտեղ պատերազմը մշտական ներկայութիւն է և դեռ չի աւարտուել և թուրքը ձեռնարկում է բոլոր քայլերը Արցախը կլանելու համար:
Կանգնելով Արցախի կողքին՝ մենք, իբրև անառիկ վահան, կանգնում ենք այն զինուորի թիկունքին, որը, յաճախ կեանքի գնով, պաշտպանում է իրեն վստահուած սահմանը, որտեղից սկսւում է իւրաքանչիւրիս Հայրենիքն ու խաղաղութիւնը մի ողջ ժողովրդի: Կանգնելով Արցախի կողքին՝ մենք բռնում ենք ձեռքն այն մանուկի, որի մանկութիւնը պատերազմի բույր ու գոյն ունի, որի աչքերում խաղաղութիւնը դեռ երազանք է:
Կանգնելով Արցախի կողքին՝ մենք սրբում ենք քրտինքն այն շինականի, որի ձեռքերից դեռ վառոդի հոտ է գալիս: Ով մի ձեռքում զէնք, միւսում՝ բրիչ, շէնացնում է այն հողը, որի ամեն մի թիզը ներկուած է հայի սուրբ արեամբ: Կանգնելով Արցախի կողքին՝ մենք կանգնում ենք այն հպարտ, յաղթանակած երկրի կողքին, որը միայն մի բան է ուզում՝ ապրել, արարել ու ծնել նոր հերոսներ, որոնք այլևս մարտադաշտում չէ, որ պէտք է հերոսանան:
Հետևաբար, եկէ´ք այս շարժումը դարձնենք մի նոր վերելք, մի նոր սկիզբ, որի ղօղանջներն այլևս կ՚ազդարարեն մեր ազատ, անկախ ու ինքնիշխան Արցախ աշխարհի խաղաղ արշալոյսները: Եթէ յապաղենք այսօր, վաղն այլևս կարող է ուշ լինել: Ինչպէս Արցախի ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանն է ասել, որի կեանքի մի հանգրուանը նաև Լիբանանն է եղել. «Եթէ կորցնենք Արցախը, կը շրջենք հայ ժողովրդի պատմութեան վերջին էջը»: Եկէ´ք ոչ թէ «շրջենք» այդ էջը, այլ գրենք Արցախի ու հայ ժողովրդի պատմութեան նորօրեայ էջը՝ համայն հայութեան ձեռամբ:
«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» հարցը, ինչպէս ասել է Արցախի վաստակավոր ուսուցիչներից մէկը, ով Արցախում Մայրենի է դասաւանդում կրակոցների ձայների ներքոյ, «Զգօնութեան կոչ է՝ ուղղուած համայն հայութեանը և նպատակ ունի ապահովելու Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան համաչափ զարգացումը»:
Իսկ Արցախի դպրոցում սովորող մի աղջնակ՝ Լադա անունով, անդրադառնալով շարժմանը, գրել է. «Ես քո ամէն մի քարին նոր քար կը դնեմ, որպէսզի շէնացնեմ իմ երկիրը, քո փլատակները մոխիրների միջից նորից վեր կը յառնեն, ու նորից կը շէնանայ իմ երկիրը: Այսօր լաւ սովորելով ու լաւ մարդ դաստիարակուելով միայն՝ կարող եմ քեզ օգնել, մտածել քո վաղուայ օրուայ համար, հոգալ քո ցաւերը: Իմ սիրասո՛ւն Արցախ, շատ եմ երազում լինել քո արժանի զաւակը: Ես տառապում եմ քո տառապանքով, ուրախանում ու հպարտանում քո զաւակների սխրանքներով: Ապրելով սահմանին այսքան մոտ բնակավայրում` ես միշտ քեզ հետ եմ, իմ ու քո զինուորի կողքին: Ականատես լինելով Ապրիլեան պատերազմին` իմ մէջ մեծ ցանկութիւն առաջացաւ` այցելել մերօրեայ բոլոր նահատակ հերոսների շիրիմներին ու երախտիքի խօսք ասել նրանց, որ իրենց շնոհիւ ապրում ենք այստեղ՝ Արցախի մայր հողում»:
Կարդալով այս տողերը՝ մենք պէտք է զգօն լինենք այնքան, քանի դեռ թշնամին իր զէնքը դամոկլեան սրի պէս թափահարում է Արցախ աշխարհի երկնակամարում: Մենք պէտք է զգօն լինենք այնքան, քանի դեռ միջազգային հանրութիւնը չի ճանաչել արցախցու ազատ ապրելու և ինքնորոշուելու իրաւունքը: Մենք պէտք է զգօն լինենք, բոլոր հնարաւոր միջոցներով միշտ լինենք արցախցու կողքին այնքան, քանի դեռ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» հարցին չի հետևել Արցախի մեր հայրենակիցների պատասխանը.
«Ապրում ենք ազատ, անկախ ու ինքնիշխան Արցախում, որի ներկան ու ապագան կերտում է իր իսկ ժողովուրդը, որի սահմաններն անառիկ են, խաղաղ, որտեղ այլևս կրակոցներ չեն հնչում, որտեղ պատերազմն այլևս անցեալ է»:
Յ. Գ. Տեսէ՛ք, թէ ի՞նչ է անում թուրքիան, որը դիւանագիտական, քաղաքական, ռազմական, տնտեսական բոլոր միջոցներով ադրբեջանի կողքին է: Տեսէ՛ք Ռուսաստանի Դաշնութիւնը չընկրկելով Արևմուտքի պատժամիջոցների առջև, ինչպէս է օգնութեան ձեռք մեկնում Դոնբասում, Լուգանսկում…գտնուող իր հայրենակիցներին: Իսկ մենք կրակէ բոցերի մէջ գտնուող, թշնամու երախում յայտնուած Արցախին մենա՞կ ենք թողնելու և ու՞մ համար պարզ չէ, որ Արցախը ադրբեջանի վերահսկողութեանը թողնելով ճանապարհ ենք բացում նոր ցեղասպանութեան, հայրենազրկման և Արցախի դատարկման: Գտնուեցին մարդիկ, որ իշխանափոխութիւնից անմիջապէս յետոյ անգամ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» կարգախօսով պաստառներն անմիջապէս վայր բերեցին: Այսօր էլ դեռ լսւում են ձայներ, թէ ռեսուրս չունենք օգնելու, թէ Արցախն «ադրբեջանի մաս է» և հասարակութեանն ապակողմնորոշում են:
Միթէ՞ հնարաւոր չէ դիւանագիտական, քաղաքական ճանապարհով պաշտպանել մեր Հայրենիքը:
Միթէ՞ միջազգային իրաւունքը՝ «Ազգերի ինքնորոշման իրաւունքը» հայերիս համար չի գործում:
Ի գիտութիւն բոլորին,
մեր ռեսուրսը մեր առիւծասիրտ տղաներն են՝ հայ զինուորը , մեր բանակի սպաները, մեր դիւանագէտներն ու քաղաքական գործիչները, հզօր Հայկական Սփիւռքը, մեր մտաւոր ներուժը, մեր աշխատող ու արարող ժողովուրդը, մեր Հայրենիքի համար մարտնչող տեսակը, մեր չպարտուող և յաղթանակների ձգտող ոգին…
Եւ ականջալուր մեծն բանաստեղծի խօսքին՝
«Եկէք միանա˜նք,
Մեր այս փոքրի´կ, շա˜տ փոքրիկ երազանքը մեծ
մարմին ստանայ մեր միս ոսկորով,
և մարմնաւորուած մեր երազանքի բուժիչ բարութեամբ…
Եկէ՛ք, միանանք»։
Հրանուշ Յակոբեան
ՀՀ Սփիւռքի նախկին նախարար