Գինու նիւթական եւ հոգեւոր ընկալումը՝ Աւագ Յարութիւնեանի մեկնութեամբ
«Ներքեւում մենք ենք, վերեւում՝ մեր նախնիների հոգիները, իսկ արանքում՝ առաջին կում գինին». չինացի փիլիսոփայ Կոնֆուցիոսի խօսքերն են: Ասել է թէ, եթէ երկրորդ կումն ըմպես, գինին կը դարձնես նիւթական արժէք, որը չի դառնայ այն կամուրջը, որով դու շփւում ես քո նախնիների հետ»:
Մի՞թէ, իսկ ի՞նչ է գինին, եթէ ոչ՝ նիւթական արժէք… Յայտնի գինեգործ, Հայ գինեգործների միութեան նախագահ Աւագ Յարութիւնեանն այլ պատասխան ունի: Եւ ոչ միայն: Նա իր գործունէութեամբ փորձում է փոխել գինու մասին ընկալումը՝ ցոյց տալով մի ճանապարհ՝ լոյսի ճանապարհ, որը շատերին Հայաստան կը բերի.
– Սովորաբար մենք գինի ընկալում ենք որպէս նիւթական արժէք, ասում ենք՝ Նոյն իջաւ Արարատի գագաթից, տնկեց խաղողի առաջին վազը եւ այլն, եւ այլն…
Կամ՝ Հայաստանը գինու առաջին երկիրն է, մի գեղեցիկ վայր՝ իր չնաշխարհիկ բնութեամբ, պայմաններով, որոնք թոյլ են տալիս մարդկանց հետաքրքրել ու ասել՝ ահաւասի՜կ, հրաշք մի երկիր, որտեղ կան բոլոր պայմանները գինի ստեղծելու համար:
Բացարձակ ճշմարտութիւն է, որովհետեւ Աստուածաշնչում հենց այնպէս ոչինչ չի գրւում:
Բացի այդ, խաղողի տեղածին սորտերը, որոնք այսօր մենք ունենք, ու էլի շատ տեսակներ ապացուցում են, որ դա բացարձակ ճշմարտութիւն է: Հայաստանի բնութեան կտրտուածութիւնը, տարանջատուածութիւնը, լանդշաֆտի եւ խաղողի սորտերի բազմազանութիւնը ստեղծում են գրեթէ իտէալական պայմաններ, որ Հայաստանում ծաղկի գինեգործութիւնը:
Այս ամէնին է նուիրուած իմ գործունէութեան մի մասը: Այսինքն, յայտնաբերել եզակի, գեղեցիկ, փոքրիկ տարածքներ եւ ցոյց տալ աշխարհին, որ երկրագնդի վրայ կայ Հայաստան անունով մի հրաշք անկիւն, անկրկնելի մի երկիր, որտեղ դու կարող ես ստեղծել քո գինին, քո պիզնեսը եւ այդ ամէնի շնորհիւ ստեղծել քո անմահութիւնը: Չէ՞ որ մարդիկ զբաղւում են գինու պիզնեսով՝ անմահութիւն որոնելու համար:
Սա իմ աշխատանքի՝ որպէս գիտաշխատող, բազում գիտական յօդուածների, մենագրութիւնների, վաւերագրական ֆիլմերի հեղինակ եւ այլն, նիւթական ընկալման տիրոյթն է:
Գինու հոգեւոր մեկնութիւնը
Բայց ինչպէս ցանկացած տղամարդ, որը մի պահ խենթանում է եւ հեռանում իրականութիւնից, կամ չգտնելով այդ իրականութեան մէջ այն, ինչ որ ինքն է որոնում, փորձեցի գտնել գինու մէկ այլ յատկութիւն, որն աւելի շատ է կը ձգէր մարդկանց դէպի Հայաստան, որը կը դարձնէր մեր երկիրը գինեկենտրոն, աշխարհայեացքի պահպանման եւ տարածման օճախ:
10 տարուց աւելի կամ մի քիչ պակաս զբաղւում եմ գինու հոգեւոր մեկնութեամբ:
… Երբ դեռ մարդկութիւնը չէր զբաղւում երկրագործութեամբ, եւ որսն էր նրա շարունակութեան հիմնական գրաւականն ու երաշխիքը, որսի արիւնը լինելութեան ամենագլխաւոր խորհրդանիշն էր. կար արիւն, կար որս, կար ուտելիք եւ կար կեանք:
Այս ամբողջ իրականութեան մէջ մեծ դերակատարում ունէին շամանները եւ կախարդները, որոնք դժուար պահերին կանչում, խնդրում էին վերին ուժերին, որ գան եւ օգնեն որս գտնել, տարածք պահել, միւս ցեղերից պաշտպանուել եւ այլն:
Սակայն եկաւ մի պահ, երբ նրանք կարիք ունէին մենակ չգնալու «այնտեղ»: Նրանք ցանկանում էին, որպէսզի սովորական ցեղակիցներն էլ տեսնէին «այն» աշխարհները: Եւ նրանք գտան նարկոտիկ խոտերը, որոնք տանում էին մարդկանց այն աշխարհներ, որպէսզի շփուեն վերին ուժերի հետ եւ վերադառնան: Նարկոտիկ խոտերի փնտռտուքի մէջ նրանք գտան խաղողը՝ գինու նարկոտիկ յատկութեան շնորհիւ:
Այսինքն, գինու առաջին մեկնութիւնը, առաջին ընկալումն այն աշխարհներ տեսնելն էր եւ այդ աշխարհների ուժը զգալն էր:
Կամաց-կամաց մարդիկ կապուեցին խաղողի հետ, որովհետեւ խաղողը սկսեց տնտեսական նշանակութիւն ունենալ, եւ նրանք սկսեցին զբաղուել երկրագործութեամբ: Արդէն հողն էր կերակրում մարդկանց: Եւ… հարկաւոր էր գտնել հողի «արիւնը»: Եւ նրանք գտան խաղողը՝ որպէս հողի արիւն, բառի ուղղակի եւ ալեգորիկ իմաստով: Մարդիկ տեսան, որ խաղողի արմատները 15-20 մեթր ձգւում են հողի մէջ, խաղողի վազը բարձրանում է 30,40-60 մեթր վերեւ: Նրանք խաղողի մէջ տեսան 3 աշխարհները՝ անդր, այս եւ վերին, միացնող կամուրջը:
Սա այն ժամանակ տեղի ունեցաւ, երբ մարդիկ սկսեցին արժեւորել իրենց հանգուցեալներին: Իսկ ե՞րբ են մարդիկ արժեւորում հանգուցեալին, երբ արժեւորում են կեանքը: Մարդիկ հասկացան, որ կեանքը ո´չ միայն վերին ուժերից է կախուած, այլեւ իրենցից:
Երբ մարդիկ սկսեցին արժեւորել իրենց կեանքը, արժեւորեցին նաեւ իրենց մարմինը կեանքից յետոյ: Երբ թաղուեցին հողի մէջ՝ ծնուեց անդրաշխարհի փիլիսոփայութիւնը: Մարմնի, հանգուցեալի խնամքը ծնեց անդրաշխարհի փիլիսոփայութիւնը՝ որպէս այլընտրանք՝ չար ուժերի փիլիսոփայութեան դէմ. հողի մէջ ոչ միայն չար ուժեր են, այլեւ քո հանգուցեալի մարմինը:
Եւ այսպէս, գինու հոգեւոր ընկալումը դարձաւ այն կամուրջը, որը միմեանց կապեց 3 աշխարհները:
Այդ շրջանում էր, որ Հայաստանում երկու մեծ յայտնագործութիւն կատարուեց: Թաղում՝ գինու մէջ (Արենու քարանձաւ) եւ սրբագործուած բեղմնաւորում խաղողի մէջ (Ագարակի հնձաններ):
Այսինքն, մարդիկ հազարաւոր քիլոմեթրեր էին կտրում, որպէսզի իրենց երեխային ստեղծեն այստեղ՝ Հայաստանում: Մարդիկ գալիս էին հազարաւոր քիլոմեթրեր, որպէսզի մեռնեն գինու մէջ: Այսինքն, Հայաստանը դիտուեց այս աշխարհ գալու եւ այս աշխարհից հեռանալու լաւագոյն վայր: Հայաստանը դիտուեց որպէս դրախտային մի երկիր, որը երաշխիք էր տալիս լինելու այն աշխարհում աւելի ապահով, աւելի երջանիկ, աւելի ուժեղ:
Եւ … առ լոյս գնալու ճանապարհը
Երբեւէ տեսե՞լ էք գինի չդարձած մաճառը՝ պղտոր, փրփրուն, եռացող, որը մի քանի շաբաթ յետոյ մաքրւում է, պարզւում, զուլալւում:
Այսինքն, ինչ էլ լինի քեզ հետ, որտեղ էլ լինես, ինչ էլ որ անես, կը գայ մի պահ, երբ դու կը լինես պարզ եւ լոյս՝ ինչպէս գինին: Այսինքն, գինին վերցրեց իր վրայ առ լոյսը գնալու առաքելութիւնը: Գինին դարձաւ լոյսի խորհրդանիշ:
… Յետոյ առաջացան կրօնները եւ վերցրին այս գաղափարախօսութիւնը: Քրիստոնէութեան մէջ, օրինակ, որպէս գերագոյն արժէք հանդէս եկաւ Աստծոյ որդին: Որպէս կեանքի եւ ոչ կեանքի ներդաշնակութեան հիմնական սկզբունք կամ առարկայ դարձաւ նրա արիւնը: Քրիստոսի արիւնը դարձաւ մեծագոյն, գերիշխող արժէք քրիստոնէութեան մէջ՝ գինի առ լոյս: Այսինքն, ես եմ լոյսի ճանապարհը, ես եմ լոյսը եւ այդ լոյսը գինին է:
Հայաստանը դարձաւ առ լոյս գնալու ճանապարհ, իսկ գինին՝ առ լոյս տանելու ճանապարհը: Ահա սա եմ ես այսօր փորձում աշխարհին ցոյց տալ եւ ասել՝ Հայաստանը լոյսի աղբիւրն է:
Ինչո՞ւ եմ զբաղւում գինու արտադրութեամբ
– Առաջին հայեացքից կարող է թուալ, որ շատ սովորական պիզնես է, բայց գինու պիզնեսը էականօրէն տարբերում է մնացած բոլոր պիզնեսներից այնքանով, որ խաղողը՝ որպէս պիզնեսի առարկայ, տարբերւում է մնացածներից:
Խաղողը սպունգի պէս ներծծում է տուեալ երկրի լանդշաֆտը, պատմութիւնը, մարդուն, այսինքն, գինու մէջ դու տեսնում ես քո ամբողջ անցեալը ե՛ւ որպէս անձ, ե՛ւ որպէս հասարակութեան անդամ: Գինին, որը ձեւաւորւում է դարերով, ունի պատմական յիշողութիւնը եւ այդ յիշողութիւնը սերունդներին փոխանցելու յատկութիւն:
Սա է պատճառը որ շատերը գինու մէջ փորձում են գտնել իրենց անմահութիւնը, փորձում են իրենց կեանքը շարունակել գինու մէջ. տնկել այգի, կառուցել գործարան, ստեղծել բրենդ եւ փոխանցել սերունդներին: Երբ դու ճիշդ ես անում այդ քայլերը, նիւթական առումով ստանում ես որակեալ ապրանք, ապարանք, որը նաեւ ունի յիշողութիւն եւ ի զօրու է տարածքի, այգու, լանդշաֆտի, բանուորի, գիւղացու պատմութիւնը փոխանցել սերունդներին: Մի բան, որի մէջ միահիւսուած են ե՛ւ հոգեւորը, ե՛ւ նիւթականը:
Ամենազարմանալին այն է, որ այդ ամէնը չի կրկնւում կողքի հողակտորի վրայ: Հետեւաբար, դու փոխանցում ես յաջորդ սերունդներին ո´չ միայն քո անմահութիւնը, այլեւ այդ միջավայրի իւրայատկութիւնը եւ հրաշքը: Սա է գինու պիզնեսի ողջ հմայքը:
Ի՞նչ է պատմում Աւագ Յարութիւնեանի արտադրած գինին
– Մեր ընկերութիւնը կոչւում է «Մարան»: Այն մեր մեծ տատիկի անունն է: Նա Խոյի վերջին իշխաններից մէկի դուստրն էր, որը 1828-ին եկաւ ու Վայոց ձորի Եղեգիս (ներկայումս՝ Արտաբոյնք) գիւղում հիմնեց խաղողի այգիներ՝ իր անունով: Տարօրինակ երեւոյթ, քանի որ այդ ժամանակաշրջանում արդէն Հայաստանում այգիները անուանում էին տղամարդկանց անուններով՝ ի տարբերութիւն վաղ ժամանակների: Ուրարտական ժամանկաշրջանում, օրինակ, խաղողի այգիները կանանց անուններով էին կոչւում: Որպէսզի քրմերը օծէին արքաներին, նրանք երկու բան պէտք է անէին՝ գլխաւոր տաճարը կառուցէին կամ հիմնովին նորոգէին եւ խաղողի այգիներ տնկէին սահմանամերձ տարածքներում, որոնք կոչում էին իրենց մօր, քրոջ, կնոջ կամ աղջկայ անունով: Փիլիսոփայութիւնը հետեւեալում էր. եթէ դու չես կարող թշնամու ոտնձգութիւններից պաշտպանել այգին, որը կրում է քո հարազատի անունը, ապա դու չես կարող պահել երկիրը:
Բայց չգիտես՝ ինչու, մեր գիւղում, մեր տարածքում այդ այգիները կոչուեցին Մարանի այգի, մեր ազգը՝ Մարանենց ցեղ: Սակայն 1928 թուականին մեր այգիներն ազգայնականացուեցին:
Անցան տարիներ, եւ 1991 թուականից ստեղծեցինք նոր այգիներ եւ հիմա գինի ենք արտադրում: Փոքրիկ, ընտանեկան ձեռնարկութիւն է, տարեկան 40-50 հազար շիշ գինի ենք պատրաստում եւ արտահանում Ֆրանսիա, Ռուսաստան, Չեխիա, Լեհաստան:
Այսպիսով, ես իմ գործունէութեամբ, իմ աշխատանքով փորձում եմ քայլել առ լոյս տանող ճանապարհով եւ ցոյց տալ աշխարհին այդ ուղին: Գինով ողողուած ու մաքրագործուած մի լուսէ ճանապարհ, որը սկսւում եւ աւարտւում է Հայաստանում…
Լուսինէ Աբրահամեան