Գանատահայ 21-ամեայ Վազգէնը ժամանել է Հայաստան՝ արցախցի քոյրերին ու եղբայրներին նեցուկ լինելու

Գանատահայ Վազգէն Գարագաշեանն այս  օրերին գտնւում է Հայաստանում։ Նա եկել է Հայաստան՝ արցախի քոյրերին ու եղբայրներին աջակցելու, նրանց սատարելու և նրանց կողքին լինելու։ Մինչև Հայաստան  ժամանելը 21- ամեայ Վազգէնը յունուարի 15-ից դրամահաւաք է կազմակերպել՝ օն լայն՝  յատուկ  կայքէջի միջոցով   կայքի յղումը՝ 

https://www.gofundme.com/f/artsakh-outreach-aid-initiative?sharetype=teams&member=8069396&utm_medium=social&utm_source=facebook&utm_campaign=p_na%20share-sheet&rcid=5feec4bb4122494c85b10df820bb74a1&fbclid=IwAR11boV1qfTHNe_7Gmi7YkNd1Po5f69Ns2TklAf6lR0Sve3008fRnJfDVj4

Վազգէնի  կազմակերպած դրամահաւաքի  միջոցով արդէն իսկ $7000 գանատական տոլար է հաւաքուել ընդ որում, այդ գումարը   ժամ առ ժամ աճում է, քանի որ  կան բազմաթիւ մարդիկ, որոնք իրենց հնարաւորութեան չափով իրենց ֆինանսական ներդրումն են ունենում մեր հայրենակիցներին օգնելու  գործում։

 «Երբ Արցախում պատերազմը սկսուեց,  իմ մէջ կրակ արթնացրեց։ Այնուհետև ես կապուեցի կնքահօրս՝  «Նարեկացի արուեստի միութեան» հիմնադիր նախագահ Նարեկ Յարութիւնեանի հետև նա ինձ ասաց, որ «Նարեկացի արուեստի միութիւն»ը  արցախցի ընտանիքներին օժանդակութիւն  ցուցաբերելու ծրագիր է  նախաձեռնել։  Նա  ասաց՝ օգնութեան, ապրանքների կարիք կայ, դրանից յետոյ ես ասացի՝ կու գամ Հայաստան։ Կնքահայրս ինձ ասաց՝ դրամահաւաք կազմակերպիր, և Գանատայից եղան  մարդիկ, որոնք նեցուկ եղան մեզ։ Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք  միացան դրամահաւաքին։ Շատ շնորհակալ եմ նաև ընտանիքիս, որոնք  ևս աջակցութիւն ցուցաբերեցին», — «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում պատմում է Վազգէն Գարագաշեանը։

 Նա  Երևան հասցնելուց յետոյ կամաւորական աշխատանքի է անցել «Նարեկացի արուեստի միութիւն»ում , որտեղ ամէն օր գալիս են բազմաթիւ արցախահայեր և ստանում օժանդակութիւն՝ տարբեր կենցաղային ապրանքներ, որոնք  հիմա առաջին անհրաժեշտութեան պարագաներ են համարւում՝  ելեկտրական տաքացուցիչներ, թէյնիկներ, սրբիչներ․․․

 «Նարեկացի արուեստի միութիւնը  արցախահայերին օգնելու, սատարելու  սրտաբուխ ծրագիրը  մեկնարկել է դեռ պատերազմի առաջին իսկ օրերից՝ նկատելով, որ կան արցախցիներ, որոնք պատերազմի արհաւիրքից մազապուրծ՝ գալիս էին  Հայաստան և աջակցութեան կարիք ունէին։

 Այս օրերին արցախցիների հոսքը «Նարեկացի արուեստի միութիւն»  շարունակւում է, իսկ Վազգէնն աշխատակիցներին օգնում է դասաւորել իրերը, դրանք բաժանել  արցախցի քոյրերին ու եղբայրներին ու աջակցել հնարաւոր բոլոր միջոցներով։

 Վազգէնն ընդգծում է՝ արցախցիների հետ շփուելիս  այնպիսի զգացողութիւններ է ունեցել, որոնք, երևի բառերով նկարագրել հնարաւոր չէ։ Յատկապէս արցախցի փոքրիկների հետ շփումը ուժ է տալիս  հային։

 «Կան փոքրիկներ, որոնք պատերազմ են տեսել, այնպիսի բաներ են տեսել, որոնք բառերով հնարաւոր չէ նկարագրել։  10-12 տարեկան արցախցի երեխաներ կան, որոնք պատերազմի ցաւը տեսել են, բայց այստեղ են, դեռ ժպտում ենվազվզում, նրանք դեռ տոկուն են․․․  Ես այդ ամէնը տեսնելով՝ յուզուել էի։ Ես այսչափ տոկուն երեխաներ չեմ տեսել։ Ես հպարտ եմ, որ իրենց կողքին եմ։  Պէտք է շեշտեմ՝ ոչ միայն մենք ենք իրենց օգտակար դառնում, այլև իրենք՝ մեզ։  Նրանք մեզ սովորեցնում են ուժեղ լինել», —  ասում է Վազգէնը։

 Նա Արցախն առաջին անգամ տեսել է 16 տարեկանում։ Երազում է, որ կրկին կը տեսնի Արցախը այնպէս, ինչպէս տեսաւ առաջին անգամ։

 «Երազում եմ, որ մի օր կրկին կը տեսնեմ ազատ, անկախ ու անուշիկ Արցախս», —  նշում է  Վազգէնը, որի ձայնում միանգամից վառւում են  հայ մարդու՝ Արցախն ազատ տեսնելու՝ յոյսի  ու փափագի լուսէ  ելևէջները։

ՅԱՍՄԻԿ ԲԱԼէԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.